Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Հողն անտերության չպետք է մատնվի

Հողն անտերության չպետք է մատնվի
07.02.2014 | 16:41

Մեզանում գրեթե օրենքի ուժ է ստացել մի երևույթ, որ երբ քաղաքացին դիմում է վերադասին որևէ հարցով, ապա, որպես կանոն, դիմումը հասցեատիրոջը չի հասնում, հաճախ չեն պատասխանում և եթե նույնիսկ պատասխանում են, ապա նախարարի փոխարեն դա անում է փոխնախարարի օգնականի քարտուղար-գործավարը («լավ» կլիներ պատասխանողը վարորդը լիներ` նա ավելի մոտ է կանգնած նախարարին): Հետևաբար ես որոշեցի դիմել Ձեզ թերթի միջոցով, հատկապես որ հարցն անձնական չէ և շատ ընթերցողների կհետաքրքրի:

Հարգարժան պարոն Սերգո Կարապետյան, նախապես տեղեկացնեմ Ձեզ, որ գյուղատնտեսությունից շատ հեռու եմ, պարզապես հանգիստս կորցրել եմ այն պահից ի վեր, երբ անցյալ տարվա վերջերին հեռուստատեսությամբ մի հաղորդման ականատեսը դարձա և, որպես հայ մարդ ու հանրապետության քաղաքացի, ցանկանում եմ կիսել Ձեզ հետ իմ մտահոգությունները, թեկուզ և սեփական խիղճս հանգստացնելու` քաղաքացուս պարտքը կատարած լինելու համար:
Տեսարանը, որ հեռարձակվում էր, ինձ անհավատալի թվաց: Շատ էի լսել Արարատյան դաշտավայրի բերրի հողերի, աճեցված գյուղմթերքի որակի, համի, հոտի, տեսքի ու օգտակարության վերաբերյալ գովեստի խոսքեր, հատկապես օտարերկրացիների կողմից և, ահա` ողջ էկրանով մեկ, որքան թույլատրում էր օպերատորի օբյեկտիվը, ծայրից ծայր ցուցադրվում էր մի անապատային տեսարան. բացի մի քանի մանր-մունր եղեգից ոչինչ չկար` ոչ բուսականություն, ոչ ծառ, հողամասի ողջ երկայնքով փորված էր մի մարդաբոյ խրամատ, մինչև երեք քառորդը` լցված մամռակալած ջրով (իսկական մալարիայի բույն), և այս բոլորը` Արարատյան դաշտում, Արարատի մարզում:
Հաղորդավարը դիմեց կողքին կանգնած մարդուն (չգիտեմ` գյուղատնտե՞ս էր, թե՞ պարզապես տեղաբնակ գյուղացի). «Ինչու՞ չեն մշակվում այս հողերը»: Լսվեց հետևյալ պատասխանը. «Ցորեն ցանում ենք` չի աճում, գարի` նույնպես»։ Եվ դրանով հաղորդումն ավարտվեց, հարցն ու պատասխանը վերջացան:
Ճիշտն ասած, նման բան ես լսել էի սրանից մի 20 տարի առաջ, երբ դիմեցի նախկին մարզիկ, հեծանվորդ Կարեն Սարկիսովին. «Ну, Карен, как жизнь молодая?», «Спасибо, Виул Завенович, и жизнь хороша, и жить хорошо» պատասխանեց ու անցավ մաքուր հայերենի. «Շատ լավ է, ապրում եմ հայրենիքում, տուն ունեմ, տեղ ունեմ, ընտանիք, սիրելի աշխատանք (Մասիսում մարզիչ էր աշխատում), տղաս ինձ մոտ է պարապում, սահմանապահների հետ ենք ծանոթացել, մեկ-մեկ Արաքսում ձուկ ենք բռնում, և՛ ուտում ենք, և՛ վաճառում, փա՜ռք Աստծո, պետական մոտոցիկլը կա, շուտով սեփական «Մոսկվիչ» եմ գնելու, մեծ, շատ մեծ հողամաս ունեմ, սակայն ժամանակը չի բավականացնում կանաչի-մանաչի ցանեմ, որոշեցի ծառեր տնկել` ծիրանի և դեղձի, բայց 1-1,5 տարի անց բոլորը չորացան, ասում են` գրունտային ջրերը շատ բարձր են, և արմատները փտում են»։ Կարենը Բաքվի հայրական տունը փոխել էր թուրքի տան հետ` Մասիսում և, ինչպես երևում է, լրիվ ինտեգրվել էր: Բայց այդ ժամանակ ես նրա խոսքերը լրջորեն չընդունեցի, մտածելով` սպորտը որտե՜ղ, հողագործությունը որտե՜ղ, կմեծանա ու կսովորի ծառերի խնամքը:
Բոլորիս համար պարզ է, որ հանրապետությունը պատերազմական վիճակում է, մեր ոխերիմ հարևանները, շարունակելով շրջափակումը, ջանում են ծնկի բերել մեր ժողովրդին, որպեսզի բարոյապես ջարդվեն և արտագաղթեն երկրից, մյուս կողմից էլ, նրանց ջրաղացին ջուր են լցնում մեր մոնոպոլիստ օլիգարխ ներկրողները, ովքեր, պատճառաբանելով տրանսպորտային ծախսերը, սեփական ժողովրդին պարզապես թալանում են` ներկրածը վաճառելով ինքնարժեքից 2-3 անգամ թանկ:
Այս վիճակից դուրս գալու համար պետք է ձգտել ապահովել հանրապետության ինքնաբավությունը գյուղմթերքով, որտեղ հնարավոր է` ստանալ երկու բերք` մեկի փոխարեն, չթողնելով ոչ մի քառակուսի մետր պարապ հող մեր սակավահող երկրում: Մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ ոլորտում համատարած անտերություն է: Կներե՛ք, պարոն նախարար, եթե այդպես չէ իրականում, բայց և հանցագործություն է հողերի նման անապատացումը: Դպրոցում բուսաբանության դասերից իմացել եմ, որ կան բույսեր, օրինակ, ուղտափուշը, որը բոլորովին ջուր չի պահանջում, այն անապատային քարավանների հիմնական կերակուրն է մինչև օրս: Դրան հակառակ, կան բույսեր, որոնք ջրի մեծ պահանջարկ ունեն, ջրակալած տարածքներում շատ լավ է աճում եղեգը, որից պապուասները հիմնականում կառուցում են իրենց բնակարանները, դրանցից նաև գործում են հատակին փռվող գունավոր կարպետներ, իսկ եվրոպական և ասիական մի շարք երկրներում դրանցով ցանկապատում են տարբեր տարածքներ, բակեր ու հավաքատեղիներ։ Բարեբախտաբար, մենք պապուասներ չենք, և դա մեզ համար չէ: Դրանից բացի, հնդկեղեգը ևս օգտագործվում է ըստ արժանվույն, օրինակ` Ինդոնեզիայում, Ջակարտայում հնդկեղեգից արտադրվում է հյուրասենյակային բարձրորակ ու թանկարժեք կահույք, որը կիրառելի է թե՛ հյուրանոցներում ու հանգստավայերում, թե՛ տանը` կենցաղում։ Ցավոք, այս ոլորտի մասնագետ էլ չունենք: Եթե գարի, ցորեն չի աճում, կարելի է այլ մշակաբույսեր փորձել: Գուցե այդ տարածքում կազմակերպել դեկորատիվ ծառերի տնկարան, դրանք ներկայումս շատ մեծ պահանջարկ ունեն. այստեղ-այնտեղ կառուցվող մեծահարուստների դղյակների կանաչապատման, ծառուղիների գեղեցկացման համար եղևնին, հատկապես արծաթափայլը, անփոխարինելի կլինի: Երկար ժամանակ ապրելով արտերկրում` տեսել եմ, որ Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային լանջերն ամբողջովին պատված են եղևնիներով. այն ջուր շատ է սիրում, այնտեղ 2-3 օրը մեկ անձրև է տեղում, հաճախ` մի ամբողջ շաբաթ, և հողը միշտ թաց է, ջրառատ: Ռուսական կեչին ևս իրեն շատ լավ է զգում նույնիսկ ճահճակալած հողերում: Հնարավոր է նաև աճեցնել մեր «լացկան» ուռենին` քաղաքաշինության ոլորտում (խաղահրապարակների ու մայթերի կանաչապատման համար) դրանք շատ պահանջարկ ունեն:
Ճիշտ է, բոլորից հարմար է եղևնիների տնկարանի ստեղծումը, սակայն ոչ բոլոր ներդրողները կարող են գումարների վերադարձին սպասել 5-7 կամ 10 տարի, չէ՞ որ այն տարեկան աճում է 10 սմ:
Նման հողերում իրեն լավ կարդարացնի եգիպտացորենը, եթե ոչ հատիկային բերքի համար, ապա մատղաշ ցողունները` որպես անասնակեր սիլոսացնելով. սիլոսը կարելի է պատրաստել նույնիսկ կարկտահարված ցողուններից: Եթե որոշ ձրիակեր պորտաբույծներ, սկսնակ ֆերմերներին նախանձելով, հրկիզում են նրանց խոտի դեզերը, մեղքը բարդելով էլեկտրալարերի վրա (թե ո՞ր մի հիմարը խոտի տուկերը, որոնց 1 հատն արժե 2000 դրամ, կշարի էլեկտրական հոսանքի հարևանությամբ), ապա սիլոսը մեծ ցանկության դեպքում նույնիսկ հրո ճարակ դարձնել չեն կարողանա: Բացի այդ, ձմռանը, սիլոսով սնված կովերի կաթնատվությունը կբարձրանա մոտ 15-18%-ով:
Գիտեմ, որ Ձեր ղեկավարած նախարարությունում շատ կան ոլորտի գիտուն մասնագետներ, որոնք իրենց պատրաստի պատասխաններով կստվերեն իմ առաջարկները, բայց կա մի փաստ, որը ոչ մեկը չի կարող հերքել. բազմաթիվ ֆիլմերում ու հաղորդաշարերում տեսել ենք, թե ինչպես են վիետնամցի, կորեացի, բիրմացի, ինդոնեզացի ու չինացի գյուղացիները մինչև սրունքները ջրի մեջ բրնձի սածիլներ տնկում ջրով ողողված հողերում: Մեզ համար տակավին պարզ չէ այդ անապատացված հողերի կարգավիճակը (պետակա՞ն, համայնքայի՞ն, թե՞ կալվածատիրական սեփականություն է), բոլոր դեպքերում, հողն անտերության չպետք է մատնվի:
Եթե մեզ մոտ չկան բրինձի մասնագետներ, ապա պետք է ստեղծել պայմաններ` հիշյալ երկրներից մասնագետ-գյուղացիների հրավիրելու: Շատ պետք չէ, սկզբում` փորձաշրջանի համար, յուրաքանչյուր երկրից 2-3 ընտանիք: Անհրաժեշտ կլինի նրանց ապահովել փայտե տնակներով, յուրաքանչյուր ընտանիքին տրամադրել հողատարածք, անցկացնել էլեկտրականություն և խմելու ջրագիծ, մնացածը նրանք ինքնուրույն կանեն: Եթե հաջողությամբ պսակվի այս նախաձեռնությունը, ապա ինչպիսի՞ օգուտներ կստանա Հայաստանը:
Առաջին կարևորագույն ձեռքբերումը կլինի այն, որ սակավահող մեր հայրենիքը չօգտագործվող, անպետք ու լքված հողակտոր չի ունենա, նաև կձերբազատվենք մամռակալած ճահճաջրով պատված տարածքից, մորեխներից, գորտերից ու օձերից:
Երկրորդ` մենք կունենանք սեփական բրինձ` կազմակերպելով դրա արտադրությունը (տանելի գներով, ինքնարժեքով), կբարձրացնենք բնակչության պարենաապահովվածությունը:
Երրորդ` որոշ չափով կավելանա բնակչության թիվը, փոքր-ինչ հակազդելով արտագաղթին:
Չորրորդ` այդ ընտանիքների երեխաները հաճախելով հայ երեխաների հետ մանկապարտեզ, այնուհետև դպրոց, կյուրացնեն հայերենը, հետագայում դառնալով լավ թարգմանիչներ` ինչպես մեր երկրի, այնպես էլ իրենց երկրների դեսպանատներում աշխատելու համար:
Հինգերորդ` անխուսափելի կլինեն խառն ամուսնությունները, ինչը դրական ազդեցություն կունենա մեր հնագույն ազգի արյան թարմացման ու երիտասարդացման վրա:
Այդ ժողովուրդները հիմնականում հողը մշակում են ձեռքերով, առանց ծանր տեխնիկայի: Չինաստանում երեխաներ ունենալու արգելքի պարագայում` արագորեն կբազմանան, աշխատուժի պահանջարկ չի առաջանա, և եթե լինի էլ, նրանք համալրում կհրավիրեն իրենց ծանոթ-բարեկամներին: Քանի երկար ու ձիգ տարիներ ամերիկյան ռումբերի տարափի տակ նրանք արժանապատվորեն կռվում, դիմակայում ու չէին հանձնվում, վտանգի պահին մորթապաշտների պես չէին լքում իրենց հայրենիքը: Այս որակներով նրանք հաջողությամբ կարող են համալրել նաև մեր բանակը:


Վիուլ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ