ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բարևի հեղափոխությունից» մինչև դիմակներով շոու-2

«Բարևի հեղափոխությունից»  մինչև դիմակներով շոու-2
21.01.2014 | 01:03

(սկիզբը` այստեղ)

Արդյո՞ք ամռանը քաղաքապետարանի նահանջը քաղաքացիական հասարակության հաղթանակն էր։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Հաղթանակ այն բանում, որ շարժումը հիրավի զանգվածային դարձավ, ինչը չես ապահովի ոչ մի Թվիթերով ու Ֆեյսբուքով։ Բայց կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մի տեսակ շատ արագ (ի վերջո) իշխանությունները հրաժարվեցին մտահղացումից։ Բացի այդ, պարզվեց, որ իրադարձությունները ֆոն էին։ Եթե չլիներ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը, հայ հասարակայնությունը հազիվ թե իմանար, որ «աղմուկի ներքո» իշխանությունները Ազգային ժողովում անցկացրել են Եվրամիության պարտադրած, այսպես կոչված, «Գենդերային օրենքը»։ Իմաստը բացահայտելու հետևից չենք ընկնի. հուսով ենք, որ ընթերցողն ինքն էլ վաղուց արդեն տեղյակ է, թե ինչ նկատի ունենք մենք։ Մյուս կարևոր առիթը` մտածելու, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ուղղված բողոքների դեպքում էլ մենք գործ ունեինք թատերականացված և, ինչը ևս կարևոր է, իշխանությունների կողմից կառավարվող «շոու» ոճի ներկայացումների հետ, մի տեսակ անաղմուկ «անցավ» վառելիքի, այդ թվում` բնական գազի գների հերթական բարձրացումը։ Ազգս լռեց թե՛ «Գենդերային օրենքի», թե՛ վառելիքի գների բարձրացման դեպքում։

Նկարագրվածը նույնիսկ ստվերում թողեց և՛ երկրի երկրորդ քաղաք Գյումրու նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ սկսված հետաքննությունը, և՛ Սյունիքում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական միջադեպը։ Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի Գորիսի տան մոտ տեղի ունեցած հրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքերից մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` ԶՈՒ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանր վիրավորվեց։ Վիրավորվել էր էլի մի քաղաքացի` Նիկոլայ Աբրահամյանը, որը, հայկական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, մարզպետի թիկնապահն էր։ Հունիսի 4-ին մարզպետի որդուն ու թիկնապահին` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, մեղադրանք առաջադրվեց։ Ընդ որում, մարզպետն ինքը քրեական գործով չէր անցնում, քանի որ նախաքննության ընթացքում, իբր, պարզվել է, որ երբ նրա տան մոտ փոխհրաձգություն էր, Սուրեն Խաչատրյանը խմած-քնած էր տան հեռավոր սենյակներից մեկում և ոչինչ չէր լսել։ Խաչատրյանը սոսկ հայտարարություն արեց մինչ հետաքննության ավարտը լիազորությունները վայր դնելու մասին, որն ընդունվեց նախագահ Ս. Սարգսյանի կողմից։ Սեպտեմբերի 7-ին նախաքննական մարմինը հաղորդեց Տ. Խաչատրյանի և Զ. Նիկողոսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և նրանց ազատեց կալանքից։ Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, քննության ընթացքում պարզվել է, որ «ամբաստանյալների գործողությունները անհրաժեշտ պաշտպանության նշաններ են կրում»։ Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե օրենքի խախտում չէ՞, արդյոք, Ս. Խաչատրյանի անունով գրանցված զենքի օգտագործումը նրա որդու և թիկնապահի կողմից, և որքան են անհրաժեշտ պաշտպանության նշաններ կրում նրանց կատարած 11 կրակոցները` ի պատասխան սպանված Ա. Բուդաղյանի մոտ ապօրինաբար գտնված Beretta ատրճանակից իբր կատարված երկու կրակոցի:

Հենց ամբողջ ասվածից ելնելով էլ մենք հարկադրված ենք հայտարարել. որոշ շրջանակներ 2013-ին հնարավոր ամեն ինչ արեցին, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը նմանվի «դիմակահանդեսի», այն բանին, ինչն առաջ ԱՊՀ այլ երկրներում հորջորջվում էր «գունավոր հեղափոխություն»։ Արդյոք Հայաստանի քաղաքական կյանքի «դիմակահանդեսացումը» որևէ առաջընթաց կբերի՞, թե՞ դա միտումնավոր խաղ է, ընդ որում` հենց իշխանությունների, որոնց շատ ավելի ձեռնտու են «դիմակահանդեսի մասնակիցները», քան իրական և, որ պակաս կարևոր չէ, վճռականորեն տրամադրված քաղաքական ընդդիմությունը։ Մնում է այս հարցի պատասխանը գտնեն ընթերցողներն իրենք։

Բայց 2013-ը նշանավորվեց նաև հայկական լրատվամիջոցներում ու սոցցանցերում մինչ այդ աննախադեպ հակառուսական արշավով, ընդ որում, հակառուսական տրամադրություններն ակտիվորեն պաշտպանում էին արևմտամետ քաղաքական ու հասարակական ուժերը։ Հակառուսականության հերթական սաստկացման առիթը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի խոշոր քանակությունների վաճառքի մասին հաղորդագրությունն էր։ Իսկ պատճառն այլ էր. մոտենում էր այն պահը, երբ Հայաստանը պետք է (նոյեմբեր, Վիլնյուս) ստորագրեր Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն ու խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ խիստ անմիարժեք պայմանագիրը։ Եվ ՌԴ-ի կողմից սկսեցին Երևան հոսել նախազգուշացումներ երկու երկրների միջև գործող մի շարք տնտեսական համաձայնագրերի ու ստանդարտների վերանայման անխուսափելիության մասին։ Արևմուտքն ու Երևանում նրա հովանավորյալները հիանալի հասկանում էին, որ դժվարին ընտրության պայմաններում իշխանությունները չեն համարձակվի «գետանցման ժամանակ փոխել ձիերը», մտահոգված լինելով Ս. Սարգսյանի և ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդման հարցով։ ՈՒ նորից շարունակում է հետապնդել այն զգացողությունը, որ հենց իշխանություններն են կուլիսներից կառավարում հակառուսական արշավը և դրա «պատասխանները»։ Թեև, հնարավոր է, մենք բարդացնում ենք. ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ և գրանցվեց դիտորդների կողմից։

Իհարկե, ռազմավարական գործընկերոջ, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի գծով դաշնակցի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի մասին համաձայնագիրը չէր կարող վրդովմունք չպատճառել Հայաստանին, որը, մեղմ ասած, հեռու է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուց։ Եվ դա հուզում է երկրի ինչպես արևմտամետ, այնպես էլ ռուսամետ շրջանակներին։ Չէ՞ որ դեռ թարմ են Արցախի անկախության պատերազմի իրադարձությունների մասին դառը հիշողությունները։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքն ավելի էր բորբոքվում երկրին մատակարարվող գազի գնի բարձրացման մասին հաղորդումներով (տարօրինակ կերպով ոչ ոք չէր նկատում, որ իշխանություններն այդ «աղմուկի ներքո» սպառողական բոլոր գների բարձրացման արշավ էին սկսել, սակայն «ինչ-որ մեկը» նույն սոցիալական ցանցերի ակտիվիստներին շատ օպերատիվորեն «հրահանգ իջեցրեց» մեղավոր համարել Ռուսաստանին...) հակառուսական տրամադրությունների հերթական ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի համար մեղավոր համարվող վարորդ, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարանի դահլիճ բերեցին կնոջ խալաթով։ Հայ հասարակության որոշ մասը դա համարեց հայերի արժանապատվության նվաստացում, և մի քանի օր հետո վիրավորված (կամ վիրավորված ձևացող) մարդիկ հավաքվեցին Ռուսաստանի դեսպանատան մոտ իրենց զայրույթն արտահայտելու այդ նվաստացուցիչ վերաբերմունքի առթիվ։ Ի՜նչ ասես չէին պահանջում։

Հակառուսական «ցուցանքը» նպատակ ուներ նաև տպավորություն ստեղծելու, թե իբր ամբողջ հայ հասարակությունը միարժեքորեն չի ընկալում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին նախագահ Ս. Սարգսյանի որոշումը։ Այդ միանգամայն խելամիտ քայլը շատերը վերստին համարում էին Մոսկվայի կողմից «ճնշման» փորձ, ինչը և ի վերջո հրահրեց բողոքի ակտ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի, որի ընթացքում Երևանի ոստիկանատներ տարվեցին նրա 110 մասնակիցներ։ Սակայն, ինչը ևս հարկ է նշել, դիտորդները նկատել էին, որ հակառուսական երթեր անող «ակտիվիստները» փաստորեն նույն մարդիկ են։ Եվ նրանցից շատերը ոչ թե սոսկ Արևմուտքի ձեռամբ սնվող հարյուրավոր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այլև անձինք, ովքեր ամենասերտ կերպով կապված են այն քաղաքական կուսակցությունների հետ, որոնք չեն թաքցնում իրենց ռուսատյացությունը և Հայաստանն ու հայ ազգը Արևմուտքին ամեն ինչում ենթարկելու կուրսը։ Ինչպես կարծում են մի շարք հայ փորձագետներ, Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի (գլխավորապես ԱՄՆ-ի), զիջում է, այսպես կոչված, «մեղմ ուժի» կիրառման ոլորտում, նկատի ունենալով նրա գործողությունները տեղեկատվական դաշտում։ Իսկ դա, նրանց կարծիքով, մի ավելորդ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանում դեռ չկա միասնական ըմբռնում այն բանի, թե ինչպես պետք է աշխատել նախկին խորհրդային տարածությունում կամ այն տարածաշրջաններում, որոնք Ռուսաստանում իներցիայով համարում են իրենց շահերի գոտիներ։ Բայց դա ճշմարտության մի մասն է միայն։ Իրողությունը շատ ավելի բարդ է։ Պարզապես Արևմուտքի «մեղմ ուժի» գործողությանն ու ազդեցությանը Հայաստանում ոչ ոք չի դիմակայում, ու բացի այդ էլ` արևմտյան նախաձեռնությունների տեղեկատվական ապահովումը առատորեն ֆինանսավորվում է։ Միանգամայն այլ էր և այլ է Ռուսաստանի և «մեղմ ուժի» ոլորտի նրա թույլ ֆինանսավորվող ակտերի առումով. այստեղ դիմակայության ճակատում հաճախ հանդես էին գալիս նաև Հայաստանի իշխանությունները։ Իսկ դա, ինչպես ասում են, հանգեցնում է ուժերի անհամաչափության։ Այդուամենայնիվ, ինչով էլ 2013 թ. հունվարին զարմացրին ամերիկյան Գելապի ինստիտուտի Երևանի բաժանմունքի մասնագետները, պարզվում է, որ, չնայած հակառուսականությանը, ըստ էության, թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ արևմտամետ կուսակցություններին ու ոչ կառավարական կազմակերպություններին, չնայած միլիոնավոր դոլարների առատությանը, որ ծախսվում է Արևմուտքի «շահերի բուծման» վրա, Հայաստանի քաղաքացիների մինչև 80 %-ը համոզված է, որ անհրաժեշտ է պահպանել ու ամրապնդել կապերը հենց Ռուսաստանի հետ։ Եվ ծնողների մինչև 90 %-ը համոզված է, որ իրենց երեխաները անպայման պետք է ռուսերեն իմանան։ Իսկ դեռ ընդամենը մի 2-3 տարի առաջ իրադրությունը միանգամայն այլ էր։

Այսպիսով, ներքաղաքական իմաստով Հայաստանը 2013 թ. պարզապես մի մեծ «դիմակահանդեսային հրապարակ» էր։ Ո՞Ւմ է ձեռնտու իրատեսական քաղաքականության և, համապատասխանաբար, հասունացած հրատապ խնդիրների իրական լուծման փոխարեն հասարակությանը կյանքից և, որ է՛լ ավելի կարևոր է, իսկական իրավունքներից ու ազատություններից շեղել արդեն հայտնի և մերկացված «արաբական գարունների», կիևյան «եվրոմայդանների» և այլ ոճի «շոուներով», «դիմակահանդեսներով» ու այլ «խեղկատակություններով»։ Մի կողմից` իշխանություններին։ Մյուս կողմից` գրպանի ընդդիմությանը, որը, ինչպես որ Գելապի ինստիտուտի սոցհարցումների պատվիրատուները, հիանալի իրազեկ է հայ քաղաքացիների իրական տրամադրություններին։ Եվ երրորդ` անկասկած, Արևմուտքին, քանի որ Արևմուտքն է ֆինանսավորում երևանյան այդ բոլոր «դիմակահանդեսները»։ Մեկ անգամ միայն այդ բարոյազուրկ այլանդակները, ովքեր ձեռնածում են Հայաստանի «դիմակահանդեսները», համարձակվեցին դիմելու ոչ թե «շոուի», այլ բացահայտ սադրանքի, 2013 թ. ապրիլի 2-ին սպանելով Հայաստանի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի համայնքի ղեկավար Հրաչյա Մուրադյանին։ ՀՅԴ անդամին, պատերազմի մասնակցին, պարզապես մի մարդու, որը հեղինակություն էր վայելում թե՛ հայրենի գյուղում, թե՛ ամբողջ մարզում։ Փա՜ռք Աստծո, խելամիտ մարդիկ ՀՅԴ բյուրոյի ղեկավարության միջոցով կարողացան «վենդետա» թույլ չտալ։ Ի դեպ, չնայած կասկածյալների ձերբակալությանը, իշխանությունները դատի և այդ հանցագործության հրապարակայնացման հարցում չեն շտապում։ Ինչի՞ վրա է հույսները։ Նրա, որ «հետաձգված» սադրանքը, այնուամենայնիվ, երբևէ «կպայթի՞»... Այսպիսով, Հայաստանի տխրահռչակ ներքաղաքական կայունության տակ դրված դանդաղ գործողության ականը նույնպես 2013-ին է դրվել։ Ի վերջո, զոհված Հ. Մուրադյանն ունի ոչ միայն ազգականներ, այլև ընկերներ, զինակիցներ, կուսակիցներ... ՈՒ առայժմ նրանք բոլորն էլ լռում են։

2. Դե, իսկ 2013 թ. սեպտեմբերի 3-ին ամենայն հավանականությամբ վերջակետ դրվեց հայոց իշխանությունների աշխարհաքաղաքական դեգերումներին։ Դա առհասարակ կարելի է անվանել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների «փոխայցելությունների» շրջան։ Նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա և Մաքսային միությանը, այնուհետև նրա հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ այնտեղ նրա արած հայտարարությունը նշանակում էին, որ Հայաստանն ընտրել է ինտեգրման եվրասիական վեկտորը։ Այդ հայտարարությունը, փաստորեն, վերջակետ դրեց ասոցացման համաձայնագրի և խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի շուրջ ԵՄ-ի հետ 3,5 տարի շարունակված բանակցություններին, որոնք ծրագրվում էր նախաստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայացած Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։ Իշխանություններն իրենց որոշումը հիմնավորում էին Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու ձգտումով, ինչպես նաև տնտեսական շահով, ինչը Հայաստանը կունենա ՄՄ-ին անդամակցության շնորհիվ։ Եվրոպացիները, ասենք ամերիկացիները նույնպես, Ռուսաստանին մեղադրում էին այդ հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, սակայն հայկական և ռուսական իշխանությունները հերքեցին դա։ Միևնույն ժամանակ իշխանությունները հայտարարում էին, թե պատրաստ են Եվրամիության հետ շարունակելու սերտ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով, որքան որ դա ընդունելի կլինի ԵՄ-ի համար և չի հակասի Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, և Վիլնյուսի «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում նախաստորագրել գոնե ասոցացման համաձայնագիրը` առանց խոր և համակողմանի ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի։ Սակայն եվրոպացիները դրան չգնացին։ Եվրամիության ներկայացուցիչներն իրենց որոշումը պատճառաբանեցին նրանով, թե առանց ԽՀԱԱԳ-ի ասոցացման համաձայնագիրը իմաստ չունի, ինչպես նաև հայտարարեցին, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և վերանայել Երևանի հետ ավելի վաղ պլանավորված բոլոր ծրագրերը, միաժամանակ էլ ավելի ուժեղացնել աշխատանքը Հայաստանի քաղաքացիական բնակչության հետ։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ