ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               

Սցենարն այլ բնագիր ունի, քան իր տարընթերցումները եղան

Սցենարն այլ բնագիր ունի,  քան իր տարընթերցումները եղան
17.01.2014 | 00:38

Ինձ ճանաչողներն առանց խղճի մեծ խայթի կվկայեն, որ ինչ մեղադրանքներ էլ ինձ ներկայացվեն, անլրջության, անհիմն լավատեսության ու նույնքան անհիմն հոռետեսության մեջ ինձ մեղադրելն անիմաստ է: Այնուհանդերձ, դեկտեմբերի վերջից հունվարի կես հայ քաղաքական ու վերլուծական ասպարեզի դեգերումների վրա միայն ծիծաղս է գալիս: Անգամ ափսոսանք չկա վատնված ժամանակի ու իրադարձությունների գնահատման վրա գործադրված մտավոր ջանքերի ապարդյունության համար: Որքան էլ մոդայիկ է ցինիզմը, ցինիզմը դադարել է գործուն զենք լինել: Գուցե իմ վերաբերմունքն էլ հոգնած ցինիզմի ու ապարդյուն իրատեսության դրսևորում է, որից ոչինչ չի ծնվում, բայց ի՞նչ է ծնվում երկրորդ նախագահի անակնկալ պայծառատեսության ու տասներեքերորդ վարչապետի ուղղամտության հանրագումարում: Թվերի, փաստերի, միմյանց ներկայացված մեղադրանքների սարդոստայնից դուրս ի՞նչ են նրանք ասում շարքային հային: Որ վատ է ապրում հիմա, որովհետև վատ է ապրել առաջ` ըստ Տիգրան Սարգսյանի: Որ լավ է ապրել առաջ, բայց վատ է ապրում հիմա ու ընդհանրապես շատ վատ է ապրելու հետո` ըստ Ռոբերտ Քոչարյանի՞: Բնավ զարմանալի ու նույնիսկ զվարճալի չէ: Միմյանց հասցեագրված այդ մեղադրանքները ոչինչ չեն բացատրում, վիրտուալ պատասխաններն ավելի շատ հարցեր են թողնում, ու, ամենակարևորը, դույզն-ինչ հույս չեն ներշնչում, որ իրավիճակ է փոխվելու: Ո՞վ է մոռացել 1998-2008 թվականները: Արդյո՞ք անցել է այնքան ժամանակ, որ ցանկալին իրական ներկայացվի ու ընդունվի: Ինչի՞ վրա է Ռոբերտ Քոչարյանի հույսը: Նա շարունակում է պատասխանել միայն հարցերին, որ ինքն է իրեն առաջադրում, հարցեր, որոնք երևան են բերում նրա խիստ կասկածելի ու խիստ պայմանական հաջողությունները, պատրա՞ստ է Ռոբերտ Քոչարյանը պատասխանել այն հարցերին, որոնք ականների պես սփռված են նրա նախագահության տասնամյակի ափերին: Ինչո՞ւ 1999-ի հոկտեմբերի 27-ից առայսօր չգտնվեց «ուչաստկովին», որ բացահայտեր պետության ղեկավարների սպանությունը, խոստացավ այն ժամանակ «մի օր» խոսել, ե՞րբ է այդ օրը գալու: 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա իրադարձություններն իրավաչա՞փ էին, ո՞րն էր 2008-ի մարտի 1-ի սպանությունների բուն նպատակը, և ինչո՞ւ այդ ոճրագործությունը ևս մնաց անպատիժ: «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրով Հայաստանը վաճառքի հանելն ի՞ր, թե՞ Պուտինի նախաձեռնությունն էր: Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերով սկսված էներգետիկ համակարգի ռուսականացումը վճար էր իշխանության դիմա՞ց, թե՞ տնտեսական գործարք էր: Հայաստանի հայաթափումը ի՞ր, թե՞ Պուտինի ծրագիրն էր, որ հաջողությամբ շարունակվում է: Մեղրիի տարբերակը ո՞ւմ առաջարկն էր ու ինչպե՞ս կանխվեց: Նախագահի պաշտոնում իր ո՞ր ընտրությունն է եղել ընտրողների ձայներով, առաջի՞նը, երբ մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր, թե՞ երկրորդը, երբ մրցակիցը Ստեփան Դեմիրճյանն էր: Ինչո՞ւ իշխանության կամակատար դարձան իր ժամանակների ընդդիմադիր կուսակցությունների նախագահները, իսկ այն քաղաքական ուժերը, որ չվաճառվեցին, իր թեթև ձեռքով քաղաքական ասպարեզից դուրս մղվեցին` համարժեք տեղ չստանալով հասարակության մեջ իրենց ներգործության համեմատ: Ինչո՞ւ ստեղծվեց ԲՀԿ-ն: Գագիկ Ծառուկյանը քաղաքակա՞ն դեմք է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի պահեստային տարբերակն է, որ, հակառակ ծրագրերի, ո՛չ նախորդ խորհրդարանական ընտրություններում հաղթեց` ապահովելու հեռացող նախագահին վարչապետի պաշտոն, ոչ անցած` ապահովելու նրա հաղթական վերադարձը: Երկրորդ նախագահի սպիտակ ձի՞ն, թե՞ իշխանական դաշտի տրոյական ձին է ԲՀԿ-ն, որ հարկադրված է աջ ու ահյակ տարուբերվել այլընտրանքի իր քաղաքականապես անհեթեթ կարգավիճակում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը չի կողմնորոշվում` վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ: Գագիկ Ծառուկյանն էլ հարկադրված է բացահայտ` Սերժ Սարգսյանի, ոչ բացահայտ` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լինել:

Թեպետ Գագիկ Ծառուկյանի տնտեսական հզորությունը բնավ վտանգված չէ, որովհետև նրա ունեցվածքի դեմ որևէ քայլ պատերազմ է երկրորդ նախագահի հետ, որ երրորդ նախագահն իրեն թույլ չի տա տարբեր պատճառներով: Ո՞վ սկիզբ դրեց ընդդիմության դիմազրկմանը, վերասերմանն ու «կազմակերպված պետությանը», իրականում գործող նախագահին ծառայելու ավանդույթին, ձևական դարձնելով ժողովրդավարության ինստիտուտներն ու ժողովրդավարությունն ընդհանրապես բովանդակազրկելով, օրենքից վեր դասելով մի խումբ մարդկանց, ովքեր մերձավոր շրջապատ լինելու «պատիվն» ունեն: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, ով իրավունք ունի որևէ հաջորդ իշխանության մեղադրելու իր ձախողումները նախորդների գործունեությամբ պայմանավորելու մեջ, երբ իր իշխանության տարիներին ամեն ինչի մեղավորը «նախորդ հանցավոր ռեժիմն» էր: Ի՞նչ նախադրյալներ ունի Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդդիմություն դառնալու: Միայն այն, որ Գագիկ Ծառուկյանի համար ԲՀԿ-ն ընդդիմություն հայտարարելը անհնար սխրա՞նք է: Թե՞ այն, որ միայն այսօր է Ռոբերտ Քոչարյանը հասկացել, որ Տիգրան Սարգսյանն «անհույս» է: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կատարում էր իր հանձնարարականները, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարականները, և դա է ամբողջ պատճա՞ռը: Հյուսիսային պողոտան այլևս Երևանի կույր աղիքը չէ՞: Շինարարական բումը Հայաստանի տնտեսական երկնիշ աճի այն պատճառն էր, որ բարձրացրեց կենսամակարդակը երկրում ու կասեցրեց արտագա՞ղթը: Թե՞ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ուներ շարունակել ու բազմապատկել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք սկսված սխալները, իսկ Սերժ Սարգսյանն այդ «իրավունքը» չունի: Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որևէ գնահատական չունի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որ Հայաստանի համար հարցերի հարցն է իր հետևանքների ճակատագրականությամբ: Ինչո՞ւ նա ոչինչ չի ասում Հայաստան-Իրան հարաբերությունների ու ընդհանրապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորմամբ մեր տարածաշրջանի զարգացումների մասին, որ մեզ համար պակաս ճակատագրական չեն: «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքն ո՞վ է սկսել: Տասը տարի անց ժողովուրդը, փեշերը համբուրելով, ընդունեց Կարեն Դեմիրճյանին, ևս տասը տարի անց «Լևոն, նախագահ» կարգախոսով` Լևոն Տեր-Պետրոսյանին, և դա բավարար հիմք է վերադարձի հույսեր ներշնչելու Ռոբերտ Քոչարյանի՞ն:
Անխոս, Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչ միայն նախատեսված յոթ տոկոս տնտեսական աճը չապահովեց, այլև մեղավոր է այսօրվա վիճակի համար: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, անկախ իր սահմանադրական հայտարարագրից բխող իրավասություններից, եսակենտրոն է. երկրում ամեն ինչ որոշում է մեկ մարդ, և այդ մարդը նախագահն է: Խորհրդարանը` իր ՀՀԿ-ական մեծամասնությամբ, կառավարությունը` իր ՀՀԿ-ապատկան նախարարներով, այդ որոշումներն իրականացնողներ են ընդամենը: Իրավական և ոչ իրավական հիմքերով: Գրված ու չգրված օրենքների գործադրումով: Ապահով Հայաստանը միֆ է, ֆիկցիա, որ երբևէ կարող է իրականություն դառնալ, բայց ո՛չ մեր սերնդի, ո՛չ էլ մեզ հաջորդող սերնդի կյանքում: Իշխող կուսակցության և գործող իշխանության իրական վարկանիշն արտահայտում են արտագնա աշխատանքի մեկնողների ու արտագաղթողների թվերը, աղքատության պատկերը, գնաճն ու սոցիալական բողոքի պատրաստ մարդկանց թվաքանակի անշեղ աճը: Միֆ ու ֆիկցիա էլ կմնա երկար։ Գործող իշխանության ընդունած օրենքներն ու որոշումները այլ հեռանկար խոստանում են միայն թղթերով, բայց ո՛չ իրական կյանքում: Կարո՞ղ է նախորդ նախագահն օգտագործել այս պարագան: Տեսականորեն` այո: Գործնականում` ոչ: Նախ, նա ոչ մի երաշխիք չի կարող տալ, որ իր վերադարձով իրավիճակ է փոխվելու: Երկրորդ` նախագահը բացարձակապես անկեղծ չէ իր մտահոգվածության մեջ, նա խոսում է սխալների մասին, երբ հարմար է իրեն, նա, ունենալով այդ հնարավորությունը, չի կանխում որևէ սխալ ու անցանկալի զարգացում: Բացի այդ, գործող իշխանությունն ունի արտաքին աջակցություն, արտահերթ ընտրության ուրվականը Հայաստանում պահանջարկված չէ ներսից, պարտադրված չէ դրսից: Մինչև հերթական խորհրդարանական ու նախագահական ընտրություններ քաղաքականության ժամացույցով անկանխատեսելի երկար ժամանակ կա` վճռորոշ քայլեր ձեռնարկելու համար: Հարափոփոխ աշխարհի իրադարձությունները Հայաստանը չեն շրջանցում: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով մի թեթև խտղտեց ՀՀԿ-ի նյարդերը, զգոնության ու զգաստության անհրաժեշտությունը հիշեցնելով, ևս մեկ անգամ հայտնի դարձրեց հայտնին` քանի՞ կողմնակից ունի ինքը, և քանի՞ կողմնակից ունի Սերժ Սարգսյանը կուսակցության մեջ ու խորհրդարանում: Նա, համոզիչ փաթեթավորմամբ, ընտրովի ճշմարտությունների դառը գավը հրամցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին տողատակում ևս մեկ անգամ վերջնական կողմնորոշման ու սեփական խաղն առաջ տանելու մտադրությունից հրաժարվելու կոչ արեց: Միաժամանակ հարկադրեց ՀՀԿ-ին պաշտպանելու իր վարչապետին, ինչը նրանք այդքան էլ սիրով ու հոժարակամ չէին անում: Բայց, ամենակարևորը, հիանալի հնարավորություն ընձեռեց Սերժ Սարգսյանին` վերադառնալ իր հաճելի հանգստից ու կատարել է՛լ ավելի հաճելի գործ` յուրաքանչյուրին ցույց տալ իր տեղը` ըստ արժանվույն: Սերժ Սարգսյանը համբերատար է ու հանդարտ, բայց բոլորովին էլ ոչ անտարբեր, առավել ևս, սեփական իշխանության կայունությանն ու շարունակականությանը: Սցենարը բոլորովին այլ բնագիր ունի, քան իր տարընթերցումները եղան: Ցավալի է, որ հայ քաղաքական ասպարեզում տեղապտույտ է` քաղաքական մտքի ընդհանրական ու անձնական գագաթնակետը մնում է նախորդների ու ներկաների սխալների վերհանումը, չկա այն անկասելի խթանը, որ դառնալու է այդ սխալների շտկման պարտադրանք: ՈՒ` դեռ ինչքա՞ն: Սա այն հարցն է, որ իսպառ ջնջում է ոչ միայն ծիծաղն ու քմծիծաղը, այլև ժպիտն իր բոլոր ժպտանմանություններով: Եվ սա այն հարցն է, որի պատասխանը որևէ կապ չունի Հայաստանի երեք նախագահների հետ. նրանք այլ հարթության մեջ են, ժողովուրդն ու պետությունը` այլ: Արտաքին քաղաքական զարգացումները` այլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ վաղվա հանրահավա՞քը: «Կազմակերպված պետության» ծիրում այդ հանրահավաքը լինելու է լավագույն մտադրությունների հայտարարագիր, որին հավատում են ճիշտ այնքան թվով մարդիկ, որքան պետք է լիակատար փոխըմբռնումի իմիտացիայի համար: Երեսունից հետո ես չեմ հավատում հեքիաթներին, հիսունից հետո` հեքիաթների մասին հեքիաթներին, իսկ անեկդոտներին չեմ կարողանում լուրջ վերաբերվել:

Դիտվել է՝ 1678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ