«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինչպես մեր օրերում դառնալ դասական

Ինչպես մեր օրերում դառնալ դասական
24.05.2013 | 01:03

Դժվար, դժվար շաբաթ էր Հայաստանում` աննախադեպ իրադարձություններով ու անհաջորդ դեպքերով: Կառավարության չարչարանաց շաբաթը, երբ Ազգային ժողովում պաշտպանում էր իր գործունեության ծրագիրը, ավարտվեց կանխատեսելի արդյունքով: Ի սկզբանե ակնհայտ էր, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում ստանալու է վստահության քվե մեծամասնության ձեռամբ, իսկ բոլոր հնչած ու չհնչած ելույթներն ընդամենը արարողակարգային են ու հավուր պատշաճի` մի ծրագրի քննարկման շրջանակներում: Ցավոք: Որովհետև այդ ծրագիրը վերաբերում է բոլորիս: Բայց, այնուամենայնիվ, խորհրդարանական երկուշաբթին բոլորովին այլ իրադարձության էր նվիրված, քան կառավարության ծրագիրն է. երկարատև բացակայությունից հետո խորհրդարան էր վերադարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա իր խճողված ու գերհագեցած օրակարգում պատուհան էր գտել` Ազգային ժողով կարճատև պաշտոնական այցով ժամանելու համար: Այցը կայացավ, և, ի խորին հիասթափություն խորհրդարանական լրագրողների, Գագիկ Ծառուկյանը ոչ մի դաս չտվեց: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Գագիկ Ծառուկյանը գովազդի գումարներ խնայեց և ինքն իր PR-ը արեց` հայտարարելով, որ արդեն մեծ հարցազրույց է տվել ու պատասխանել բոլոր հարցերին: Բնականաբար, լրատվական դաշտը մի քանի ժամով ընկղմվեց հարցազրույցն ուսումնասիրելու սակրալ գործընթացի մեջ: Իսկ ի՞նչ էր ասում հարցազրույցը: Որ ԲՀԿ ղեկավարը հստակ պատասխանատվություն ունի իր պետության և իր ժողովրդի առաջ: Իհարկե, վիճելի է պետության ու ժողովրդի «իրենը» լինելը, այնուհանդերձ, փորձենք հասկանալ` ո՞րն է այդ պատասխանատվությունը, և ի՞նչ նպատակ ունի հարցազրույցն ընդհանրապես:
Ի սկզբանե արձանագրենք, որ Գագիկ Ծառուկյանը միանշանակ ճիշտ է, երբ խոստովանում է, որ ինքը դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չէ, բայց երբ չի էլ հավակնում այդպիսին դառնալ, ամբողջ հարցազրույցը ավելորդ է դառնում և հենց այդտեղ պետք էր վերջակետել, որովհետև եթե դու քաղաքական գործիչ չես ու չես հավակնում դառնալ, ուրեմն քաղաքականության մասին թող խոսեն նրանք, ովքեր եթե նույնիսկ քաղաքական գործիչ չեն, բայց հավակնում են դառնալ: Սա մեկ: Խոստովանությունները, սակայն, կամա-ակամա, շարունակվում են. Գագիկ Ծառուկյանը գաղափարական երկրորդ դրույթն է առաջադրում` պարզվում է` ոչ միայն ինքը քաղաքական գործիչ չէ, այլև Հայաստանի քաղաքական դաշտը չի տեղավորվում դասական պատկերացումների մեջ: Տեղին կլիներ հարցնել` որո՞նք են այդ դասական պատկերացումները, բայց հարցը կախվում է օդում, որովհետև հետևում է երրորդ հայտնագործությունը. «Որոշ քաղաքական ուժերի վարած հրապարակային քաղաքականությունն ու ստվերային պայմանավորվածությունները և պարտավորություններն այնպիսի հակասության մեջ են, որ քաղաքացին իրավացիորեն խոր հիասթափություն է ապրում քաղաքական բոլոր ուժերից և չի վստահում նրանց»: Ընդունեք, որ սա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է, որ կարող էր հատված լինել ԲՀԿ-ի պատմության մասին գրքից, եթե ԲՀԿ նախագահը հանձնարարեր ոչ թե հարցազրույց անել իր հետ, այլ գրել իր կուսակցության պատմությունը: Աշխարհում ընդունված պրակտիկա է` աշխատակազմերում կան համապատասխան մասնագետներ` սպիչռայթերներ, երկրի նախագահների, խորհրդարանների նախագահների, վարչապետների, կուսակցապետերի ելույթները, հայտարարությունները գրելու համար: Նրանք ևս հրապարակային անձինք են և իրենց աշխատանքը գաղտնիք չեն դարձնում: Դա բնավ խոտելի չէ: Նրանց աշխատանքի արդյունավետությունը մեկ չափանիշ ունի միայն` առավելագույնս համապատասխանություն այն անձի իմիջին, բառապաշարին, կերպարին ու մենթալիտետին, ում անունից գրվում են ելույթները: Հայաստանում, բնական է, որ միջազգային փորձը յուրահատուկ դրսևորում պիտի ստանար` ոչ քաղաքական գործիչներն էլ կարող են համապատասխան վճարով ստանալ քաղաքական տեքստեր: Բայց բոլորովին պարտադիր չէր, որ պատվիրատուն ու պատվերը այդքան տարբերվեին:

Հարցազրույցի բուն նպատակը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի կերպար ստեղծելն է` մտածող քաղաքական գործչի, որ ուղղակի անհնար է: Ոչ այն պատճառով, որ Հայաստանում դասական քաղաքական դաշտ չկա, որ «Հայաստանն ընդհանրապես դասական տիպի քաղաքական համակարգով երկիր չէ» (պատկերացնո՞ւմ եք` ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտաբերում այս մտքերը ձայնագրիչի առաջ), ուղղակի այդ խնդիրը լուծվում է ոչ քարոզչական դաշտում: Օրը 24 հարցազրույց և 24 ելույթ հրապարակելու պարագայում էլ այդ խնդիրը անլուծելի է մնալու, որովհետև Գագիկ Ծառուկյանը հասարակության համար ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» անհասկանալի գաղափարական-քաղաքական կողմնորոշմամբ կուսակցության ղեկավարն է, այլև տերն է նյութական արժեքների, որոնց միայն թվարկումը այս հրապարակման ծավալը կսպառեր: Կազինո և կուսակցություն, եկեղեցի և խորհրդարան, Անվտանգության խորհուրդ և ցեմենտի գործարան. ինչքան տարբեր կերպարներ են մեկ մարդու համար, որ ամեն ինչ պատրաստ է տալ` ազգի համար մտահոգ մարդու կերպարի դիմաց: Բայց նրա ինչի՞ն է պետք այդ կերպարը` ահա այս հարցն է, որ հոդաբաշխ պատասխան չունի:
Վատ, վատ են աշխատել Գագիկ Ծառուկյանի սպիչռայթերները այս դեպքում, որովհետև շատ շահեկան ու շատ մտահոգ, հույժ քաղաքական ու միանգամայն ծրագրային հարցազրույցի փոխարեն ստացվել է էկլեկտիկ մտքերի, չհիմնավորված հայտարարությունների, անհիմն հավաստիացումների մի խառնաշփոթ: Հարցազրույցն ավելի է սրում այն հակասությունը, որ Գագիկ Ծառուկյանն այսօր ունի ինքն իր հետ` իբրև ԲՀԿ նախագահ, իբրև խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար, իբրև գործարար, իբրև հայ: Բոլորովին հարկ չկա քաղաքական համակարգը դասական պատկերացումներից դուրս տեսնել, եթե ԲՀԿ-ն չի ցանկանում իշխանություն կամ ընդդիմություն բաժանման մեջ տեղավորվել: Բոլորովին հարկ չկա խիստ տարաբաժանվել իշխանությունից` հրաժարվելով ընդամենը մի քանի նախարարական պաշտոններից, բայց լիովին պահպանվելով իշխանական բուրգի հիերարխիայում: ՈՒղղակի անիմաստ է` Հայաստանը շատ փոքր երկիր է մեծ գաղտնիքների համար: Բոլորն ամեն ինչ տեսնում են, բոլորն ամեն ինչ լսում են, ամեն ինչ գիտեն` ընդամենը ժամանակի հարց է տեղեկացվածությունը: Կենսակերպի շքեղությունն ու ամեն քայլափոխին հանրությանը մատուցվող անճաշակ ճոխությունը մեծ հակասության մեջ են ժողովրդի մասին մտածող մարդու կերպարի հետ, ժողովրդի, որ օրվա հացի խնդիր ունի: Բնական է, որ այդ պարագայում բարեգործական երթուղիներով, տուկի թելերով, պարարտանյութով ու այլ «նյութերով» համայն հայության բարերար թագավորի իմիջի մեջ տեղավորվելը շատ հեշտ է: Առավել ևս` սեփական հեռուստաընկերության, էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցների առկայությամբ: Նույնիսկ այնպիսի երկրում, որտեղ «անվստահության ու թշնամանքի մթնոլորտ է», որը պետք է փոխել «հանդուրժողականության ու փոխվստահության մթնոլորտով»` ինչպես հարցազրույցն է հաստատում:
Իսկ գուցե Գագիկ Ծառուկյանը ոչ միայն բարերարություններով գոհացող մի սակավ շերտի, որին ուրիշ ոչինչ պետք չէ, այլ հասարակության նաև այլ խավերի դեպքում փոքր-ինչ համոզիչ լինելու համար սկսեր այն հարցից, թե ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում է դարձել տերը շարժական ու անշարժ գույքի, նյութական ու ֆինանսական միջոցների, ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում է այդ ունեցվածքը պահում, ինչքա՞ն հարկեր է մուծում և ո՞ւմ, իր բոլոր բարեգործությունները սեփակա՞ն գրպանից է անում, թե՞ ընդամենը մեկ ձեռքով վերադարձնում է երկու ձեռքով վերցրածը: Ավելի համոզիչ լինելու համար նաև իր կամ ուրիշների օգնությամբ շարադրեր, թե ինչի՞ն էր պետք, կամավո՞ր, թե՞ հարկադրաբար է մտել քաղաքականություն ու դարձել կուսակցության տեր, որ նրա պարագայում, որքան էլ այլընտրանք կոչվի, եղել ու մնում է ընդամենը մաս ունեցվածքի, որ կառավարվում է նույնքան ավատատիրական մեթոդներով, որքան ավատատիրական են կառավարման մեթոդները իրեն պատկանող ձեռնարկություններում ու հաստատություններում: Բավական է հիշել ընդամենը, թե ինչպես էին նշանակվում ԲՀԿ նախարարները և ինչպես էին պաշտոնանկ արվում: Երկրի և հասարակության հետ կապը ամրապնդելու համար պետք է նաև պատասխանել այն հարցին, թե որտեղ էր ու ինչ էր անում ԲՀԿ նախագահը 2008-ի մարտի 1-ին: Իսկ եթե մի քիչ խորանանք, չենք կարող շրջանցել հարցը` իրականում ո՞վ է ԲՀԿ-ի, որպես կուսակցության, քաղաքականությունը որոշում: Ո՞րն է ԲՀԿ-ի իրական դերը քաղաքական դաշտում: Եթե Գագիկ Ծառուկյանն այդքան մտահոգ է «նախկին մի խումբ կատաղի ընդդիմադիրների» ճակատագրով, եթե իրոք անկեղծ է ժողովրդի հետ ու փոփոխություններ է ուզում, ինչո՞ւ կարևոր պահերին երբեք Երևանում չէ, ինչո՞ւ ընդդիմադիր դաշտում որևէ համագործակցության հիմքում իրեն է տեսնում իբրև առանցք` ի սկզբանե անհնար դարձնելով համատեղ որևէ գործընթաց: Ինչո՞ւ առերևույթ ներկայանալով իշխող կուսակցության քննադատի դերում, գործնականում մնում է նույն իշխանության դիրքերում ու կողքին: Վերջապես` անձնակա՞ն, թե՞ թելադրված դիրքորոշումներն են ԲՀԿ-ի գործունեության առանցքում: Կա՞ այդ առանցքը, թե՞ ընդամենը այն դագանակն է, որ հանդես գալով իբրև քաղաքական դաշտի հավասարակշռություն ապահովող` տրոհում ու անհնար է դարձնում որևէ դաշինք: Իրավունք ունի՞ Գագիկ Ծառուկյանը հարցնել. «Հիմա ո՞րն է ավելի ազնիվ և արդյունավետ` հայտարարել ընդդիմություն, սակայն, բացի ճառ ասելուց, այլ բան չանե՞լ, ժամանակ առ ժամանակ էլ ծառայել իշխանությանը, թե՞ լինել այլընտրանք և առաջ տանել ժողովրդի շահը», եթե ոչնչով չի տարբերվում ճառ ասողների փաղանգից, թերևս միայն այդ ճառերի ընտրություններից ընտրություններ խիստ տարբերվող տոնայնությամբ, այլընտրանքի անվան տակ սեփական շահի սպասարկմամբ: Դա՞ է դեպի դասական քաղաքականություն տանող նոր ճանապարհը:
Իհարկե` հարց է, թե շարքային, պատվիրված ու պատվիրակված հարցազրույցն ինչո՞ւ է այսքան ուշադրության արժանանում` չլինելով ոչ իրադարձային, ոչ ծրագրային, ոչ շրջադարձային: Պարզ պատճառով: Գագիկ Ծառուկյանը (կամ նրա թիմը) խորապես համոզված է, որ կարևորն ասված է և ստեղծված են հիմքերը` շարունակելու հասարակության բարեգութ ու ըստ արժանվույն չգնահատված բարերարի, հեռանկարային քաղաքական ուժի ու քաղաքական գործչի գործունեությունը, և պետք չէ փոխվել: Փոխվողը հասարակությունը պետք է լինի: Խնդիրը, իրականում, բնավ մեկ հարցազրույցը չէ, հարցազրույցը պատճառների մասին մտածելու պատրվակ է: Ինչո՞ւ է քաղաքականությունը Հայաստանում դարձել կամ օլիգարխների հոբբի, կամ թերուսների փող աշխատելու միջոց, կամ զբաղմունք, որ չունի արդյունքներ ու հետևանքներ: Ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում իր նկատմամբ նման վերաբերմունքը: Եվ մինչև ե՞րբ: Միանշանակ է, որ երբ ամեն ինչ գնվում ու վաճառվում է, քաղաքականությունն էլ պիտի առաջնորդվի տուրևառի սկզբունքով, բայց և նույնքան միանշանակ է, որ առևտուրը դադարեցնելու որոշումը քաղաքական պետք է լինի: Այդ ճանապարհով են քաղաքական գործիչ դառնում ու քաղաքականությունը դասական դարձնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հարցազրույցը, իհարկե, խոսուն ժանր է, որ խոսում է հարցեր տվողի և պատասխաններ տվողի մասին, բայց, ի վերջո, ներկայացնում է հասարակության հետաքրքրությունների պատկերը, մակարդակն ու որակը: Նաև` ախտորոշումը: Ոչ միայն ժամանակի մեջ, այլև տվյալ պահին:

Դիտվել է՝ 2384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ