ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Հայաստանում էր ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն

Հայաստանում էր ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն
24.10.2008 | 00:00

ԱՐՎԵՍՏԻ ԲԱՎԻՂՆԵՐՈՒՄ
«Ջազ-70» նախագծի շրջանակներում Հայաստանում էր ջազի համաշխարհային աստղ ԱԼ ՋԵՐՈՆ։ Մինչև համերգը նա հանդիպեց լրագրողների հետ։
Ամերիկյան քննադատների կարծիքով` Ալ Ջերոն չափից շատ է ջազ երգում, որպեսզի համարվի փոփ երգիչ։ Նրա ջազի հնչյուններով է դաստիարակվում արդեն երկու սերունդ։ Երաժշտագետներին զարմացնում է գերաստղի ձայնային անհավատալի կարողությունը, ռնգային հնչողությունը։ Ամեն տարի նա թողարկում է նոր ալբոմ։ Երաժշտությունը հեշտ աշխատանք չէ։ Դժվարությունն օգնում է հաղթահարել հենց երաժշտությունը։
-Երաժշտությունն իմ ներսում է, առանց դրա ես անօգնական եմ,- ասում է երգիչը, ով ներկայումս կատարած իր աշխատանքները համարում է լավագույնը։
Քչերի մտքով կանցնի լսել արյան հնչյունների բաբախյունը կամ լսել լռությունը։ Մեր ժամանակներում չարաշահվում է երաժշտությունը։ Այն կարելի է լսել մեքենա վարելիս, ատամնաբուժարանում... Երբ բարձր արվեստը սովորական է դառնում մարդկանց համար, ուղեկցում է ինչ-որ բան անելուն, երևի գերադասելի է լռությունը։ Հայկական երաժշտությանն Ալ Ջերոն ծանոթացել է մի փոքրիկ ռեստորանում, ուր հայկական ուտելիքներ են մատուցվում։ ՈՒտելիքները համով են, երաժշտությունը՝ նույնպես։ Լրագրողների այն հարցին՝ հնարավո՞ր է զուգերգով հանդես գա որևէ հայ երգչի հետ, Ջերոն մատնանշեց Լևոն Մալխասյանին։ Միտքը լավն է, փորձն էլ փորձանք չէ՝ ըստ նրա։
Մեկժամյա զրույցի ընթացքում բացահայտվում էր Ալ Ջերո-մարդու նկարագիրը։ Որքան որ դա հնարավոր է։ Հոգեբանների կարծիքով` Ալ Ջերոյի երգը բուժիչ ազդեցություն ունի։ Հոգեբանի մասնագիտություն ընտրած երգիչը դա բացատրում է մարդուն օգնելու հրաշալի հատկությամբ։ Դրանով նմանվում ես Աստծուն։ Դառնում ես նրբազգաց, ինչն արտահայտվում է նաև երաժշտության մեջ։
«Գրեմմիներից» և այլ հաղթանակներից ամենամեծը երգիչը համարում է ընտանիքը, այն, որ կինն իր կողքին է։ Որդին 25 տարեկան է։ Նրան համարյա չեմ ճանաչում, կատակում է երգիչը։ Ալ Ջերոն շատ է շրջագայում։ Քսանհինգ անգամ եղել է Փարիզում... չի հասցրել տեսնել Էյֆելյան աշտարակը։
-Եթե այդքան անգամ Հայաստան եկած լինեի, մի բան կսովորեի։ Սքանչելի սկիզբ է։ Կարևորը բարեկամությունն է։
Այլ բան է, երբ լսում ես արվեստագետի մասին, լսում ես նրա երգերը, ձայնագրությունները և բոլորովին այլ է կենդանի համերգը, անմիջական հաղորդակցումը գերաստղի հետ։ Ջազի օրերը Հայաստանում մեծանուն երգչի այցելության շնորհիվ նոր ու հետաքրքիր ընթացք են ստանում, բովանդակություն։
Ալ Ջերոյի հոգեբուժիչ ջազային երաժշտությունը երկար ճանապարհ է անցնելու։ Սերունդները դեռ կլսեն նրան։ Չի ստեղծագործի միայն մի դեպքում, եթե ողջ աշխարհը որոշի, որ երաժշտությունը պետք չէ։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7258

Մեկնաբանություններ