«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ԼԻՆԻ»

«ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ ԼՈՒԾԵԼՈՒ ԳՈՐԾԻՔ ԼԻՆԻ»
14.05.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի զրուցակիցն է Հոկտեմբերի 27-ի գործով հետապնդված, ավելի քան 7 ամիս բանտում խոշտանգումների ենթարկված, 2000-ից մինչ օրս իր խախտված իրավունքները պաշտպանող ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Այսօր Նաիրին Հայաստան է եկել հստակ նպատակով։
-Պահանջում եմ, որ իրավական գնահատական տրվի իմ հանդեպ կատարված խոշտանգումներին, ապօրինի ձերբակալման, քաղաքական նկատառումներով կեղծ ցուցմունքներ սարքելու փաստերին,- պարզաբանեց Նաիրի Բադալյանը։- Պահանջում եմ, որ պատժվեն նաև այն մարդիկ, ովքեր, շուրջ տասը տարի իմ իրավունքները ոտնահարելով, խախտել են Հայաստանի ստորագրած բոլոր միջազգային համաձայնագրերը։ Առավելագույն ժամկետը, որ յուրաքանչյուր գործի համար սահմանված է, 1,5 տարի է, այսինքն, իմ խոշտանգումների ուսումնասիրման քրեական գործը պետք է իրավական լուծում ստանար դեռևս 2001-ի դեկտեմբերին։ Այնինչ, մինչ օրս գործը դատարան չի մտել։ Դատախազությունը, «շունը շան թաթ չի կծի» սկզբունքով, չի ցանկանում պատժել այն մարդկանց, ովքեր հանցագործություն են կատարել, որովհետև այդ կերպ համակարգն ապահովում է իր կենսագործունեությունը։ Նրանք այլ կերպ աշխատել չգիտեն։ Ապացուցված հսկայածավալ փաստերի պայմաններում Հայաստանի կոռումպացված դատախազությունը չի կարող այս գործը փակել։ Ի դեպ, այն անցել է նաև ամերիկյան դատարանով, որի անկողմնակալությունն ու պրոֆեսիոնալիզմը ոչ մեկի մեջ կասկած չեն հարուցում։ Այնտեղ հստակ արձանագրել են, որ ձերբակալվել եմ քաղաքական նկատառումներով ու ենթարկվել խոշտանգումների։ Եթե ժամանակին Հայաստանի իրավական համակարգը, նաև իմ գործի ճիշտ քննությամբ, իրավական հուն մտած լիներ, Լևոն Գուլյանին պատուհանից ցած չէին շպրտի, Չարենցավանի ոստիկանությունում երիտասարդ Վահան Խալաֆյանին չէին սպանի և այլն։ Ստեղծված իրավիճակում մեղքի իրենց բաժինն ունեն նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, որոնք Հայաստանում, որպես այդպիսիք, գոյություն չունեն։ Հայաստանում կա մի անհատ (խոսքը մարդու իրավունքների պաշտպանի մասին է- Ռ. Խ.), որը պետական բյուջեի հաշվին ստրասբուրգներ, վենետիկներ ուղևորությունների է գնում, կան տղերք, որոնք մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ գրանտներ են կպցնում ու սպասարկում կոնկրետ քաղաքական ուժերի շահերը։ Եթե որևէ դեպք մահվան ելք չի ունենում, դրանով այս մարդիկ չեն զբաղվում, քանի որ դա հանգեցնելու է որոշ ազդեցիկ անձանց, քաղաքական ուժերի և պետական կառույցների հետ հարաբերությունների վատթարացման։
-Նշեցիք, որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները։ Ովքե՞ր են նրանք։ Եթե որևէ մտավախություն չունեք, հնչեցրեք նրանց անունները։
-Զինդատախազության քննիչները, որոնք անմիջականորեն զբաղված էին ինձ խոշտանգելով, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաները և այլն։ Մեկ առ մեկ անունները չեմ ուզում թվարկել, որովհետև նրանք շատ են, և նրանց անունները ներկայացրել եմ քրեական գործում։ Իսկ այս խոշտանգումների ամենագլխավոր պատասխանատուները Գագիկ Ջհանգիրյանն ու Մուշեղ Սաղաթելյանն են, Նուբարաշենի մեկուսարանի պետն ու նրա երկու տեղակալները։ Ըստ միջազգային բոլոր փաստաթղթերի` խոշտանգումներ իրականացրած անձի գործունեությունը պիտի անհապաղ կասեցվի, այսինքն, այն պահից, երբ հայտարարվեց, թե ինձ խոշտանգել են, Մանուկ Միքայելյանը, որը, ի դեպ, ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի մոտ ազգականն է, չպետք է շարունակեր զբաղեցնել իր պաշտոնը։ Մինչդեռ դրանից հետո, արդեն ինձ հետ առերեսման ժամանակ, նա ոչ թե կապիտանի կոչումով էր, որ մինչ այդ ուներ, այլ գնդապետի։
-Փաստորեն, Դուք լուրջ մեղադրանքներ եք ներկայացնում։ Մտավախություն չունե՞ք, որ հաշվեհարդար կտեսնեն Ձեզ հետ։
-Իմ նկատմամբ բոլոր տեսակի հաշվեհարդարների սպառնալիքները վաղուց սպառված են։ Իմ վախը դեռ տասը տարի առաջ է բռնվել։ 2002-2003-ին, երբ հեռացա Հայաստանից, սարսափելի իրավիճակ էր` գիշերային զանգեր, փողոցում անկապ մարդիկ կանգնեցնում-քաշքշում էին, թե քրոջս ինչի՞ ես բան ասել։ Դե արի, ապացուցիր, որ «տրամվայի ես սպասում»։ Ամեն տեսակի սպառնալիքներ եղել են, իսկ մամուլն էլ ազատ քննարկում էր այն հարցը, որ հաջորդ սպանվողը Նաիրի Բադալյանն է լինելու։ Խորհրդարանի որոշ անդամներ էլ հայտարարում էին` ինչո՞ւ Նաիրին իր անվտանգության հարցը չի լուծում։ Եղբայր, պառլամենտի անդամը դու ես, ոչ թե Բադալյան Նաիրին, ու դու ես պարտավոր ապահովել Նաիրի Բադալյանի, որպես ՀՀ քաղաքացու, անվտանգությունը։ Աբսուրդի հասնող քննարկումներ էին ընթանում։
-Սպառնալիքների, շանտաժի մասին, այնուամենայնիվ, այն ժամանակ չէիք բարձրաձայնում։
-Ի՞նչ իմաստ ուներ բարձրաձայնելը, եթե մամուլը գրում էր, թե ինչպես է նպատակահարմար Բադալյան Նաիրիին խփել, կամ ինչ պայմաններում նրան չեն սպանի։ Սա այնքան ակնհայտ էր, որ եթե հիմա ասեմ, թե ես այդ շրջանում ոչ մի խնդիր չեմ ունեցել, յուղ ու մեղրի մեջ եմ ապրել, բնականաբար, չեք հավատա։ Քրեադատավարական օրենսգրքում սահմանված է, որ ԶԼՄ-ներում եղած հրապարակումները կարող են հիմք դառնալ քրեական գործ հարուցելու համար, իսկ ես մի քրեական գործով վկա էի, մյուսով` տուժող։ Վկայի ու տուժողի անվտանգության ապահովումը Հայաստանի իրավապահ համակարգի պարտականությունն է։ Թերթերում գրում էին, թե էս մարդուն պիտի սպանեն, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում թերթ չե՞ն կարդում, որ քրեական գործ հարուցեին նման միտք հայտնած մարդկանց նկատմամբ։ Օրինակ, երբ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանը հայտարարում էր` ապահովեք Նաիրի Բադալյանի անվտանգությունը, այլապես կսպանեն նրան, բնականաբար, հարց է առաջանում` որտեղի՞ց նրան այդ ինֆորմացիան, ի՞նչ հիմքով էր դա ասում։ Հարուցեք քրեական գործ ու ճշտեք` օդում խոսակցություննե՞ր էին դրանք, թե, այնուամենայնիվ, կար իրական սպառնալիք։ Ի վերջո, ես այդ ամենից հոգեկան ցավ, տառապանք եմ կրում. սա է խոշտանգումների ձևակերպումը։ Խոշտանգումների մասին համաձայնագրին Հայաստանը միացել է դեռևս 1993-ին, ու դրա առաջին հոդվածը սահմանում է, որ խոշտանգումը ոչ միայն մարդուն դիտավորյալ ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելն է, այլև հոգեկան։ Ինչպես նաև ամրագրված է, որ դա իրականացվում է պետական պաշտոնյայի գիտությամբ` նրա կամ երրորդ անձի դեմ ցուցմունք ստանալու նպատակով։
-Ձեզ հետապնդողներից մեկը` Գագիկ Ջհանգիրյանը, այսօր կանգնած է ընդդիմության շարքերում։ Այս փաստն ինչպե՞ս եք գնահատում։
-Որևէ կուսակցության անդամ լինելը թույլ չի տալիս մարդուն ազատվել պատասխանատվությունից։ Հայաստանում աբսուրդ վիճակ է ստեղծվել, երբ կարող են ամենավերջին սրիկայությունը, հանցագործությունն անել, կատարել քրեական օրենսգրքի բոլոր հնարավոր խախտումներն ու գնալ-կանգնել ընդդիմության շարքերում` հայտարարելով, թե ընդդիմադիր են, քաղբանտարկյալ։ Դրսից եկած մի քանի «գաստրոլյորներ» ցուցակով քաղբանտարկյալներ հայտարարելու կողմ են։ Այնինչ, ցուցակով քաղբանտարկյալ հայտարարելը նույնն է, ինչ ցուցակով հանցագործ հայտարարելը։ Հիշեցնեմ, որ ժամանակին ցուցակով հանցագործ էր հայտարարում Ստալինը, և առանց դատ ու դատաստանի մարդկանց գնդակահարում կամ աքսորում էին։ Սա նույն անթույլատրելի գործելակերպն է։ Մարդու քրեական գործերին ծանոթ չլինելով` չի կարելի եզրակացություն անել, դրանով վիրավորում են իրական քաղբանտարկյալներին, կամ էլ նրանց, ովքեր ցուցակով քաղբանտարկյալ հռչակվածների քաղաքականապես մոտիվացված հանցագործությունների զոհերն են։ Կոնկրետ ես Սաղաթելյանի ու Ջհանգիրյանի զոհն եմ։ Ջհանգիրյանի ձեռքով դարձա մի մարդ, ում կենսագրությունն աշխարհի բոլոր հատուկ ծառայություններով անցել է։ Այս մասին դեռ գրելու եմ։
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ջհանգիրյանի ու Սաղաթելյանի` ընդդիմադիր դառնալուն։
-Դառը սարկազմով։ ՈՒրիշ ի՞նչ կերպ կարելի է վերաբերվել դրան։ Կարող եմ հասկանալ, որ քննարկումներ են ծավալվում Նիկոլ Փաշինյանի քաղբանտարկյալ լինելու փաստի առնչությամբ, բայց Նիկոլին ու Սաղաթելյան Մուշեղին նույն հարթությունում դիտարկելը, նույն ցուցակում մտցնելը վարկաբեկում է ոչ միայն «քաղբանտարկյալ» հասկացությունը, այլև փչացնում է հենց Նիկոլի գործը։ Պիտի տարբերակված մոտեցում լինի։ Խայտառակություն է, երբ դրսի «գաստրոլյորները», առանց քրեական գործերին ծանոթանալու, հայտարարում են ցուցակով քաղբանտարկյալների մասին։
-Ինչպե՞ս հասկանալ, որ Դուք անցանկալի անձ եք համարվում և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։
-Դա ունի մի շատ պարզ բացատրություն։ Իշխանությունների համար անցանկալի անձ եմ, որովհետև պահանջում եմ պատժել իրավական համակարգը, որը վերածվել է պետական բյուջեի հաշվին պահվող հանցագործ զինված կազմավորման։ Երեք օրվա մեջ առնվազն մի քանի հոդված կարելի է գտնել մամուլում, որտեղ ներկայացվում է իրավական համակարգի ներկայացուցչի կատարած զանցանքի մասին։ Իմ կռիվը Հայաստանի իշխանություններին դուր չի գա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք հակված են իրավապահ համակարգն ընդունելու ոչ թե որպես օրինականության երաշխավորի, այլ որպես իրենց քաղաքական խնդիրները լուծելու գործիքի։ Իսկ ընդդիմության համար անցանկալի անձ եմ մի քանի ասպեկտներով։ Նախ, անձնական մակարդակում. նրանք, մասնավորապես անզուգական «իրավապաշտպան» Ջհանգիրյան Գագիկը, սադիստ, ոսկրաջարդ Սաղաթելյան Մուշեղը պատասխանատու են իմ հանդեպ իրականացված խոշտանգումների համար։ Քաղաքական նկատառումներով ևս ես ձեռնտու չեմ ընդդիմությանը, որովհետև հոկտեմբերի 27-ի վրա նրանք և նրանց թիկունքում կանգնած ուժերը կառուցել էին իրենց քաղաքական հեռանկարը, իշխանափոխության պլանները։ Իսկ խոստովանել, որ այդքան էլ մաքուր նպատակներ չեն հետապնդել «27»-ի գործում, նրանց համար քաղաքական ինքնասպանություն է։ Ի դեպ, իշխանությունում էլ անհատական մոտեցման գործոն կա։ Նուբարաշենում իմ խոշտանգումներն անձամբ ղեկավարում էր Մանուկ Միքայելյանը, որը Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է։ Այսինքն, ժամանակին ներքին գործերի նախարարն էլ անձնապես շահագրգիռ չէր գործին իրավական լուծում տալու հարցում։
-Այս պայմաններում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը Ձեր դեմ են, իրավական համակարգն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկում, ի՞նչ հույսով եք Հայաստան եկել։
-Եկել եմ սպառելու Հայաստանում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության բոլոր հնարավորությունները, որպեսզի գործս տեղափոխեմ որևէ միջազգային ատյան։ ՈՒնեմ երեք ատյանի դիմելու հնարավորություն` ՄԱԿ-ի ընդդեմ խոշտանգումների կոմիտե, ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների կոմիտե և Եվրադատարան։
-Որքա՞ն կտևի այս գործընթացը։
-Հույս ունեի, որ մինչև մայիսի վերջ կավարտեմ ու արդեն տոմս էի գնել, բայց ստիպված եմ ավելի երկար մնալ։ Հավանաբար, երկու ամսվա ընթացքում կհասցնեմ Հայաստանում ավարտին հասցնել բոլոր գործերը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ