ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

««ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԷ, ԱՅԼ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒՄԻ»

««ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՉԷ, ԱՅԼ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒՄԻ»
05.03.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ
-2010-ին ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը:
-2009-ին մեր խնդիրը նախարարության լիարժեք կայացումն էր և աշխատանքի կազմակերպումը: Մեր աշխատանքի կարևոր ուղղությունը դարձավ համագործակցությունը գիտական հաստատությունների հետ: Այդ ընթացքում «Նորավանքը», Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը դարձան գործընկեր կազմակերպություններ` հետազոտություններ իրականացնելու, միջոցառումներ կազմակերպելու համար: Մենք «Նորավանքին» 4 թեմա պատվիրեցինք` հայությունը Իսրայելում, իսլամացած հայերի խնդիրները, ջավախահայության հիմնախնդիրները, հայկական տեղեկատվական համայնքային ռեսուրսները հետխորհրդային երկրներում, որոնք գրքերի տեսքով նախարարության ֆինանսավորմամբ տպագրվեցին: ԳԱԱ արևելագիտության ինստիտուտին պատվիրեցինք Ստամբուլի հայ համայնքի արդի վիճակի ուսումնասիրությունը:
-Դա կապ ունե՞ր հայ-թուրքական հարաբերությունների հետ:
-Որպես սփյուռքի նախարարություն մեզ համար էականը համայնքային կյանքն է, կրթական, մշակութային իրավիճակը, իսկ այս թեմայի ուսումնասիրությունը Ստամբուլի դեպքում լույս է սփռում շատ հարցերի վրա: ԳԱԱ արվեստի և գրականության ինստիտուտում ստեղծեցինք սփյուռքի բաժիններ և պատվիրեցինք ուսումնասիրել սփյուռքի արվեստը, և արդեն ունենք «Հայաստանի` իբրև հայկական ինքնության առանցքի ընկալումը սփյուռքահայ արդի գրականության համապատկերում» գիրքը: Կարևոր եմ համարում Քաջազի «Հավերժական կանթեղ» պատկերագրքի տպագրությունը: Մենք կազմակերպեցինք «1946-48 թթ. հայրենադարձությունը, նրա դասերը և սփյուռքահայության հիմնախնդիրները» համաժողով, որտեղ ներկայացվեց 60 գիտական աշխատանք, վեր հանվեցին սխալները, եղան առաջարկություններ և դրանք ամփոփվեցին գրքով:
-Ի՞նչն է միավորում այդ բոլոր նախաձեռնությունները:
-Բնականաբար` հայապահպանությունը, մեր նպատակն է հայ երիտասարդներին հայրենիքի հետ կապելը: Նաև այդ նպատակով ծնվեց «Սովորիր մեծերից» ժողովածուն` և՛ արևելահայերենով, և՛ արևմտահայերենով, որպեսզի երկու լսարաններում էլ ընկալելի լինի: Վարդան Այգեկցուց մինչև ժամանակակիցներ ընդգրկումով ժողովածուն ներկայացնում է մեր մեծերի ասույթները, թևավոր խոսքերը: Հիմնական առանցքը, բնականաբար, հայրենասիրությունն է: «Արի տուն» ծրագրի իրականացման ժամանակ ՀՀ նախագահի պատվիրանները հայ երիտասարդներին առանձին գրքույկով տպագրեցինք: Երիտասարդների համար շատ գեղեցիկ երգարան ենք կազմել, որ հնարավորություն ունենան հայ երգի միջոցով ևս մերձենալու իրենց արմատներին: Անցած տարի հայերեն ու անգլերեն տպագրվեց ՀՀ պաշտոնական նյութերի ընտրանին, որը ներկայացնում է ՀՀ նախագահի, վարչապետի, նախարարների տեսակետները, պետական քաղաքականության սկզբունքները, ծանոթացնում է մեր մեկ տարվա գործունեությանը, ներառում է տեղեկություններ սփյուռք-հայրենիք կապերի մասին: Շուտով մեր սեղանին կլինեն սփյուռքի տարեգիրքը և սփյուռքահայի ուղեցույցը, որը վերլուծում է ողջ օրենսդրությունը: Կառավարությունը նախատեսում է ստեղծել սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային ոլորտների ներուժի հաշվառման մեխանիզմներ: Ծրագիրը հնարավորություն կտա հայտնաբերել ու հաշվառել մասնագիտական ներուժը: Երկրորդ կարևոր խնդիրը մասնագետների պատրաստումն է: Համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի գործունեությունը և 11 մասնագետների պատրաստումը հույս են ներշնչում, որ առաջիկայում կունենանք լուրջ համալրում: Կարևոր աշխատանքային ուղղություն է բարձր տեխնոլոգիաների օգտագործումը սփյուռքի հետ տարվող աշխատանքներում, որը հնարավորություն է տալիս շատ արագ կապ հաստատել աշխարհասփյուռ հայերի հետ: Շարունակում է գործել «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթը, որը փորձում ենք դարձնել բոլոր համայնքների թերթ: Այս տարի ծրագրել ենք ստեղծել էլեկտրոնային գրադարան, որի մեծ հատվածը լինելու է արևմտահայերեն: Կարևոր ծրագրերից եմ համարում տեսակոնֆերանսների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայրենակիցների հետ քննարկումներ կազմակերպել:
-Տեսակոնֆերանսների կոնկրետ արդյունքներ ունե՞ք:
-Նախ` տնտեսվում են ֆինանսական միջոցներ, ինտերակտիվ կապի ընթացքում ընդհանուր եզրակացության ենք գալիս հուզող խնդիրների վերաբերյալ: Լոս Անջելեսի համայնքի հետ տեսակոնֆերանսից հետո որոշեցինք բոլոր համայնքներին առաջարկել կրթական հանձնախմբեր ստեղծել, ռուսական համայնքի հետ քննարկումից հետո Ռուսաստանում սկսեցինք մեկօրյա դպրոցների ցանցի ստեղծումը:
-Ո՞րն է նախարարության և սփյուռքի փոխհարաբերության սուբյեկտը:
-Իհարկե, համայնքային կառույցներն իրենց անցյալով, ներկայով ու ապագայով: Ես չեմ համարում, որ հայոց պատմությունը միայն Հայաստանի պատմությունն է, հայ ժողովրդի պատմությունը այն պատմությունն է, որ կերտում է հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում: Մենք դիմել ենք համալսարաններին, որ մագիստրոսների, ասպիրանտների գիտաթեզերում ընդգրկեն սփյուռքի հետ կապերի ու համայնքների պատմության թեմաները: Մեր կարևորագույն ծրագրերից եմ համարում «Մեր մեծերը» խորագիրը կրող ձեռնարկը, որը ճանաչելի է դարձնում սփյուռքահայերին Հայաստանը, իսկ Հայաստանում` սփյուռքը: Այս տարի անդրադառնալու ենք Վարդգես Սուրենյանցին, Մխիթար Սեբաստացուն, Միսաք Մանուշյանին, Լազարյաններին և Պողոս Նուբարին: Երիտասարդներին պետք է ծանոթացնել մեր ազգի մեծերի, երիտասարդների կյանքին և գործունեությանը: Ես մեծ ցավ եմ ապրում, որ մեր երեխաները քիչ գիտեն իրենց պատմությունը, նշանակում է` դպրոցներում լուրջ խնդիրներ ունենք: 21-րդ դարը գիտելիքի դար է, մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն մտածել, գիտելիք տանք և ստիպենք սովորել` այդ գիտելիքը անհրաժեշտ ու հետաքրքիր դարձնելով: Այսօր իշխող են դառնում գիտելիքն ու գաղափարը, ոչ թե փողն ու զենքը, հետևաբար հայ երիտասարդներին պետք է զինենք հենց այդ միջոցներով:
-ՈՒտոպիստ չե՞ք:
-Ոչ, եթե լավ աշխատենք, լավ արդյունք կունենանք: Եթե ամեն մարդ իր տեղում աշխատի, պատասխանատվություն կրի և գիտակցի, որ անհրաժեշտ է արարել, ստեղծել, նվիրվել և ոչ թե ինչ կարող է վերցնել, սեփականել, հաջողություն կունենանք: Կյանքում նյութականը չէ ամենակարևորը, այլ հոգևորը: Նորօրյա բիզնեսի հորձանուտը չէ կյանքը, մենք ունեցել ենք և ունենք հիանալի օրինակներ` ինչպես են մարդիկ իրենց կյանքը ապրել ժողովրդի համար: «Վասն հայրենյաց և վասն հավատի»` մեր նախնիները մեզ պատգամել են այդպես ապրել, և այդ հավատը վերաբերում է ոչ միայն կրոնին, այլև կենսափիլիսոփայությանը: Այլապես մենք կարող ենք մեծացնել մարդկային զանգված, կոսմոպոլիտներ, մինչդեռ եթե չունես ազգային նկարագիր, եթե լեցուն չես հայրենասիրությամբ, ազգասիրությամբ, չես կարող համամարդկային խնդիրներին առնչվել:
-«Արի տուն» ծրագիրը շարունակվելո՞ւ է, Հայաստանում բնակություն հաստատողներ եղե՞լ են:
-«Արի տունը» հայրենադարձության ծրագիր չէ, այլ հայրենաճանաչումի և ուղղված է 13-25 տարեկաններին: Ի սկզբանե նաև քարոզչական տեսահոլովակում չընդգծվեց ճանաչողական նշանակությունը, որը տարընթերցումի տեղիք տվեց: Մեր նպատակն է, որ հայ երիտասարդը դրսում հայ մեծանա, իր արմատին կառչած մնա, իսկ դա հնարավոր է ոչ թե վիրտուալ, վերացական հայրենիքի գաղափարի ներկայացմամբ, այլ հայրենիքի, հայրենիքում կապեր ստեղծելու: Իհարկե, չի բացառվում, որ ծրագրի շրջանակներում Հայաստան եկած երիտասարդներից ոմանք նաև վերադառնան այստեղ կրթություն ստանալու, ընտանիք կազմելու և ապրելու: Երբ ծրագիրը սկսում էինք, տարակուսողներ կային` իսկ եթե ոչ ոք չգա՞: Իհարկե, այդ խնդիրը միշտ կար: Ի տարբերություն մյուս նախարարությունների, երբ նախարարը հրամայում է, և համակարգում բոլորը կատարում են նրա հրամանը, սփյուռքի նախարարը չի կարող հրամայել, և սփյուռքահայը կատարի: 18 երկրներից ավելի քան 300 երիտասարդներ են արդեն եկել Հայաստան, 300 ընտանիքում Հայաստանը դարձել է իրական ու շոշափելի: Արդեն այս տարվա համար Կանադայից, Կիպրոսից, Հունաստանից հայտեր ունենք: Անսահման շնորհակալ եմ այն ընտանիքներին, որոնք անշահախնդիր իրենց տանը պահեցին սփյուռքահայ երիտասարդներին, այս տարի ընդգրկելու ենք նաև պետական ու սլավոնական համալսարանների ուսանողների ընտանիքները, որպեսզի լեզուների խնդիրը նվազագույնի հասցվի և երիտասարդները միմյանց հետ շփումներից փոխհարստանան: Շարունակելու ենք համահայկական մրցանակաբաշխությունը, բազմաթիվ կազմակերպություններ, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ ամենօրյա աշխատանքով նպաստում են հայոց լեզվի, մշակույթի, հայկական ինքնության պահպանմանը, նրանց խրախուսելով` խնդիր ունենք նպաստելու հայապահպանությանը: Որոշել ենք հայ բարերարների ճեմուղի ստեղծել. Հայաստանում հատվածական պատկերացումներ կան սփյուռքահայ երախտավորների գործունեության մասին, և ճեմուղու միջոցով նրանց գնահատելու ու մեծարելու հնարավորություն կստեղծենք: Իհարկե, այս տարի անցկացվելու է նաև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն իր բազմաժանր ծրագրերով:
-Իբրև սփյուռքի առաջին նախարար` մեկ տարվա աշխատանքում ի՞նչ հանդիպում եք ունեցել, որ միշտ մնալու է հիշողության մեջ:
-Սփյուռքի հայ համայնքները և՛ միմյանց նման են, և՛ տարբեր, ես չեմ կարող առանձնացնել որևէ համայնք, ինձ համար իրադարձություն է ցանկացած երկրի, ցանկացած համայնքի հետ հանդիպումը, որը միշտ հիշելու եմ:
-Այնուամենայնիվ` մարդկային ճակատագրերը տարբեր են:
-Իբրև նախարար ինձ պարտավորված եմ զգում Լատինական Ամերիկայի հայ համայնքներին հնարավորինս մեծ ուշադրություն դարձնելու, այնտեղ լեզվի և ինքնության կորուստը, ամբողջական ուծացումը շատ իրական վտանգ են: Նրանք հեռու են, ու կարոտի կուտակումներն այնպիսին են, որ դժվար է պատկերացնել, ջերմության սահմաններն անսահման են: Իսկ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի, Լոս Անջելեսի համայնքներն առանձնանում են ինքնատիպությամբ ու երկրորդ Հայաստան լինելով: Հուզվում եմ երիտասարդների հետ հանդիպումներից, սփյուռքի 4-5-րդ սերունդն է, որ ջանում է հայ մնալ ու անպայման ուզում է իր կոտրտված, ջարդված հայերենով քեզ հետ խոսել ու հաստատել իր հայ մնալը: Դա դժվար է մոռանալ:
-2010-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, սփյուռքի նախարարությունն անդրադառնալո՞ւ է համայն հայությանը միավորող իրադարձությանը:
-Նախարարությունը նախանձախնդիր է, որ ցեղասպանության ոգեկոչության միջոցառումները հնարավորինս մեծ ընդգրկում ունենան: ՀԲԸՄ-ի հետ նախաձեռնել ենք ապրիլի 20-30-ին Սունդուկյանի անվան թատրոնում ցուցադրել ցեղասպանությանը նվիրված ներկայացումները: «Մշակութային եղեռն» խորագրով համաժողով ենք կազմակերպելու ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ` ներկայացնելու մշակութային եղեռնը և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում, սփյուռքահայ և հայաստանյան նկարիչների ցուցահանդես է բացվելու, աշխարհի բոլոր երկրներում եղած հուշակոթողների պատկերագիրք ենք տպագրելու: Նույն այդ կոթողների մանրակերտերը պատրաստելու և թանգարանի տարածքում տեղադրելու ծրագիր ունենք մինչև Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ռուսաստանի հայերի միության հետ էլ մեկուկես միլիոն ծառատունկի ծրագիր ունենք` դարձյալ մինչև 100-ամյակ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ. Գ. -Քաղաքականության մեջ կնոջ ունեցած դերի, ի՞նչ է քաղաքականությունը տալիս կամ տանում կնոջից հարցերի շուրջ Հրանուշ Հակոբյանի տեսակետը երեքշաբթի` մարտի 9-ի համարում։

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ