ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Վիշապը ծնվում է այնտեղ, որտեղ նրա համար պարարտ հող են ստեղծում»

«Վիշապը ծնվում է այնտեղ, որտեղ նրա համար պարարտ հող են ստեղծում»
24.03.2009 | 00:00

«ԻՄ ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
Համազգային թատրոնում օրերս կայացավ Շվարցի «Վիշապը» հեքիաթի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման պրեմիերան: Բեմադրող ռեժիսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ հանդիսատեսը մինչ այս ճանաչել է իբրև դերասանի, տեսել նրա մարմնավորած բազմաթիվ կերպարները թե՛ Համազգայինի, թե՛ Մալյանի թատրոնի բեմերում, թե՛ հեռուստասերիալներում: Սա երիտասարդ արվեստագետի առաջին (և տա՛ Աստված՝ ոչ վերջին) փորձն է բեմադրության ասպարեզում, որը, անկեղծ ասած, դժվար է սկսնակի երերուն քայլ համարել: Քաղաքական սատիրայի ժանրում արված բեմադրությունը ոչ միայն բարձրաճաշակ հանդիսատեսին գոհացնող թատերական ներկայացում է, այլև մեր հնօրյա ու նորօրյա ցավերի շուրջ խորհել տվող հորդոր: Ներկայացման ընթացքում բարձրացվող և լուծում պահանջող հարցադրումները, Համազգայինի դերասանների տպավորիչ խաղը, բեմի ճիշտ մտածված ձևավորումը, ձայնային ու լուսային միջոցների կիրառումը և այս ամենը մի անքակտելի ամբողջի մեջ ի մի բերող բեմադրիչի աշխատանքը վկայությունն են այն բանի, որ թատերական տոն կոչվածը մեզանում չի կորցրել կենսունակությունն ու ժամանակ առ ժամանակ գալիս-գտնում է համբերությամբ իրեն սպասողներին:
Մեր հիացմունքն ու շնորհավորանքը հղելով Կարեն Խաչատրյանին՝ նրան սիրով հրավիրել ենք զրույցի:
-Կարեն, ինչո՞ւ ընտրվեց հատկապես Շվարցի «Վիշապը», որովհետև դրանում մեր ժամանակին և իրականությանը բնորոշ ինչ-ինչ շեշտադրումնե՞ր կային, թե՞ այդ շեշտադրումները ձևավորվեցին Ձեր և թատերախմբի ստեղծագործական աշխատանքի արդյունքում:
-Այս գործի թարգմանությունը բնագրից կատարել եմ 90-ականների վերջին, այնպես որ բուն աշխատանքը շատ վաղուց էի սկսել: Շվարցի ստեղծագործությունը ժանրով հեքիաթ է՝ երեք գործողությամբ: Ես այն վերածել եմ քաղաքական սատիրայի: Այն ասելիքը, այն մտահղացումը, որը կուզենայի հասցնել հանդիսատեսին, որի շուրջ կուզենայի խոսել, տեսնում էի Շվարցի այս ստեղծագործության մեջ: Բնագրում բաներ կան, որոնք ես ավելի եմ ակցենտավորել իմ սցենարում: Բայց և կան բաներ, որոնք տառացիորեն, բառացիորեն վերցված են Շվարցից, բայց այնքան հարիր են մեր իրականությանն ու ժամանակին, որ մարդիկ կարող են մտածել, թե ինքս եմ հատուկ այդ կերպ ներկայացրել: Օրինակ՝ Վիշապին ողջունող փոքրիկ աղջկա ներբողը ինքս եմ մտցրել՝ Նաիրի Զարյանի՝ Ստալինին ձոնված բանաստեղծության նմանությամբ: Սրանով ցանկացել եմ ընդգծել այն միջավայրը, այն հարաբերությունները, որոնց առկայության դեպքում միշտ ծնվում են վիշապներ: Վիշապը հո անտեղի՞ չի գալիս: Պարարտ հող պիտի լինի նրա գոյության համար: Հիմնականում հրաժարվել եմ ալեգորիկ կերպարներից, որոնք կային Շվարցի մոտ, որովհետև իմ ընտրած ժանրին այդ կերպարներն այնքան էլ հարիր չէին: Իհարկե, Վիշապի կերպարն ինքնին ալեգորիա է, բայց աշխատել եմ, որ այն հնարավորինս հողային, իրական դառնա: Այս իմաստով որոշակի փոփոխության է ենթարկվել նաև Կատվի կերպարը, որին ոչ պատահաբար կոչել եմ Փիսո: Այս կերպարի մեջ որոշակի խորհուրդ կա: Կատուն հասարակության մեջ թափառող համարձակ մտքի սիմվոլն է, հասարակության առողջ բջիջը, և պատահական չէ, որ նա մերձենում է Լանցելոտի հետ: Կատուն իր տեսակով համարվում է ինքնիշխան, ըմբոստ կենդանի: Այս հատկանիշների շեշտադրումն եմ ուզեցել տալ Փիսոյի կերպարում: Փոխել եմ նաև ֆինալը: Շվարցի մոտ Լանցելոտը մնում է, պաթետիկ-լավատեսական խոսքեր է ասում՝ սովետական ցենզուրայի ոգով: Իսկ ինձ մոտ նա հեռանում է:
-Անկեղծ ասած՝ Ձեր բեմադրության ֆինալը շատ «դժվարամարս» է: Վիշապին հաղթող ու ժողովրդին փրկող ասպետը գիտակցում է իր սխրանքի անտեղիությունն ու սնանկությունը, որովհետև հրեշից ազատագրված ժողովուրդն իսկույն նոր հրեշ է կարգում իր գլխին իբրև թագավոր ու փայփայում իրեն «ծանոթ ու հարազատ» ստրկության ճիրաններում «անդորրավետ» գոյությունը շարունակելու բաղձանքը:
-Նախ ասեմ, որ սովետական ցենզուրան Շվարցին երկու անգամ ստիպել է խմբագրել իր ստեղծագործությունը: ՈՒ ոչ ոք չի կարող ասել, թե այն նախնական տարբերակում ինչպիսի ֆինալ է ունեցել: Իմ կարծիքով` Լանցելոտը պետք է հեռանա երկու պատճառով: Նախ՝ նա թափառական ասպետ է և չի կարող ընդմիշտ նույն տեղում մնալ: Սա նրա կերպարի ընդհանրական հատկանիշն է: Նրա կերպարի մեջ առասպելական բան կա, այլաբանություն կա: Ինքը շարժվող, այս ու այն կողմ գնացող տեսակ է: Իսկ հեռանալու երկրորդ պատճառն արդեն ավելի կոնկրետ առնչություն ունի իրականության հետ: Իրականության մեջ հերոսները գնում են: Կամ եթե չեն գնում, նրանց գնդակահարում են: Իսկ եթե, այնուամենայնիվ, չեն գնդակահարում, ինքն է զոհաբերվում: Այլ տարբերակ չկա: Հերոսները հիմնականում նեղանում-գնում են: Սա առկա է նաև մեր դիցաբանության մեջ (Փոքր Մհերը փակվում է Ագռավաքարում): Եվ հերոսների գնալուց հետո ամեն ինչ դրվում է հարցականի տակ: Սա կարծես մեր կոդն է:
-Իսկ քեզ այդ ցենզուրա կոչվածը չի՞ խանգարել այսօր ասելիքդ մատուցելու հարցում: Նախկին խորհրդային ցենզուրան հիշեցնող երևույթների չե՞ս բախվել աշխատանքիդ ընթացքում:
-Այս ներկայացումը երկու հանձնում է ունեցել: Երկուսի ժամանակ էլ հանդիսատեսն ինձ տվել է այդ հարցը: Մարդիկ մտահոգություն են ունեցել, որ կարող է ներկայացումը փակեն: Բայց ուզում եմ այդ տեսակի բոլոր հարցերը մեկընդմիշտ փակելու համար ասել, որ արտաքին ու ներքին ոչ մի ճնշում, ոչ մի սահմանափակում իմ նկատմամբ չի կիրառվել: Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել Սոս Սարգսյանին, ով բոլոր պայմաններն ապահովել է ազատ ստեղծագործելու համար: Ե՛վ բարոյապես, և՛ ֆինանսապես (ներկայացումը մեծ ծախսերի գնով է իրականացվել) մենք զերծ ենք եղել որևէ խնդրից, ամեն հարց լուծվել է հարթ, առանց քաշքշուկի: Շատ շնորհակալ եմ Սոս Արտաշեսովիչին՝ վստահության համար, ինձ բեմադրություն անելու հնարավորություն տալու համար:
-Առաջին անգամ հանդես եք գալիս որպես բեմադրիչ: Մինչ այդ տեսել ենք Ձեր դերասանական աշխատանքը բեմում: Այսուհետ ո՞ր առաքելությանն եք նախապատվություն տալու:
-Ես թատերական ինստիտուտում երկու մասնագիտություն եմ ուսանել: Նախ ավարտել եմ դերասանական, ապա ռեժիսորական ֆակուլտետները: Մինչ այս ռեժիսորական բոլոր աշխատանքները քննական են եղել՝ կապված կուրսային աշխատանքների հետ: «Վիշապն» իմ առաջին լուրջ ռեժիսորական աշխատանքն է պրոֆեսիոնալ բեմում: Մինչև հիմա ռեժիսորական աշխատանք չէի անում, որովհետև շատ էի ուզում խաղալ, դրսևորվել որպես դերասան: Հետո կյանքն ինչ-որ կուտակումներ է առաջացնում քո մեջ, որը հնարավոր չէ արտահայտել մեկ դերի, դերասանական արվեստի սահմաններում: Սկսում ես արտահայտվելու ուրիշ ձև փնտրել: ՈՒ ես ցանկացա դրսևորվել նաև որպես ռեժիսոր: Անցումը մի վիճակից մյուսին շատ հարթ է եղել, առանց բարդությունների: Հոգեբանական ցնցումներ չեմ ապրել: Եվ թատերախմբի կողմից էլ միանգամից ոգևորություն նկատեցի՝ իմ գաղափարների հետ կապված: Ես սկսել եմ շատ պատրաստված, կոնկրետ մտահղացումներով, կոնկրետ ասելիքով: Սկսել եմ՝ իմանալով, թե ինչ պիտի անեմ: Եվ, իհարկե, հաշվի եմ առել դերասանական պոտենցիալը, որ կա Համազգային թատրոնում: Բեմադրվեր սա ուրիշ թատրոնում, գուցե ուրիշ բան ստացվեր: Որովհետև ամեն թատրոն ունի իր ստեղծագործական պոտենցիալը: ՈՒզես, թե չուզես, պիտի հաշվի նստես սրա հետ: Իհարկե, ես կցանկանայի շարունակել իմ աշխատանքը թատրոնում՝ համատեղելով դերասանի և բեմադրիչի ֆունկցիաները: Դեռ չեմ հոգնել դերասանությունից, բայց և դեմ չեմ բեմադրություն անելու, եթե գտնվի հարմար ստեղծագործություն, եթե ես ունենամ հետաքրքիր մտահղացումներ:
-Կխնդրեի խոսել դերասանների մասին: Այնպիսի տպավորություն է, որ կատարվել է տևական, մանրակրկիտ աշխատանք նրանց ընտրության հարցում: Անշուշտ, բոլորի խաղն էր ստացված, սակայն հատկապես հետաքրքիր էին Մխիթար Ավետիսյանի (Վիշապ), Տաթևիկ Ղազարյանի (դպրոցական աղջիկ), Արման Նավասարդյանի (քաղաքագլուխ), Վանիկ Մկրտչյանի (գիտնական) մարմնավորած կերպարները:
-Դերասանական կազմի ընտրության հնարավորությունն առանձնապես մեծ չի եղել: Ներկայացման ընթացքում բեմի վրա է Համազգայինի թատերախմբի համարյա 99 տոկոսը: Դերաբաշխումը կատարելիս հաշվի եմ առել, թե որ դերասան-դերասանուհին իմ մտահղացումներն ավելի լավ կկարողանա իրագործել: Այսինքն՝ յուրաքանչյուր կերպար ձևավորվել է իմ մտահղացման և տվյալ դերասանի ռիթմի, բնութագրի, այդ երկուսի համապատասխանության արդյունքում: Հատկապես Վիշապի կերպարի հետ կապված լուծումը՝ նրան երեք գլխով ներկայացնելը, բավական տարբերվում է Շվարցի մոտեցումից: Սա «իշխանություն» հասկացության յուրօրինակ մեկնաբանություն է: Իշխանության մի դեմքը պիտի լինի ներկայանալի, մյուսը պիտի բիրտ ուժի խորհուրդը կրի՝ թեկուզ ամենադեմոկրատական, ամենազարգացած հասարակարգի պայմաններում, երրորդն իշխանության, մասնավորապես՝ լճացած իշխանության մեջ հանդիպող այլասերված տարրի, այլասերման տենդենցի դրսևորումն է: Այս բոլոր մտահղացումները ես դրել եմ Վիշապի կերպարի մեջ, և այդ կերպարը մարմնավորել է Մխիթարը, որովհետև նրա դերասանական պոտենցիալն առավել մոտ էր իմ պատկերացրած արդյունքին: Դպրոցական աղջկա կերպարով ցանկացել եմ հակադրություն ստեղծել նրա և այն մարդկանց միջև, որոնց պատճառով գոյություն ունի Վիշապը: Ընդգծել եմ այն, որ կա Վիշապ, որովհետև այն նախ և առաջ կա մարդկանց ուղեղների մեջ, գլուխների մեջ, հոգիների մեջ: Այդպիսին են մեր ներկայացման հերոսները, նրանք հիվանդ հասարակության ներկայացուցիչներ են, սովետական բարդույթները դեռևս իրենց մեջ կրող մարդիկ: Մենք մինչև հիմա այնքան էլ լավ չգիտենք, թե ինչ բան է ազատությունը: Ազատության մասին մեր մտքերը սոսկ մտքեր են: Մենք ազատության մասին ընդամենը փիլիսոփայում ենք, ձևակերպումներ ենք տալիս «ազատություն» հասկացությանը, բայց իրականում այնքան էլ ազատ չենք ապրում: Ազատությունը մի բան է, որ պիտի ապրես, որ պիտի փոխանցվի սերնդեսերունդ: Փոքրիկ աղջիկը բնատուր ազատության ջիղն իր մեջ կրող, իր բնույթով իսկապես ազատ մարդու կերպարն է: Ես այս կերպարի միջոցով ցանկանում եմ հորդորել մեծերին, որ թողնեն` այդպիսի երեխաների աչքերը փայլուն մնան, չխամրեցնեն դրանք: Այս երեխայի կերպարով ընդգծվում է այն հույսը, որ մարդկանց մեջ դեռ կարող է այլ վերաբերմունք ձևավորվել ազատության նկատմամբ: Եթե մեր հասարակությունը շարունակի ճնշել այդպիսի մարդկանց, եթե մեր երեխաների մեջ մենք խեղդենք ազատության մղումը, ապա հետագայում լուրջ խնդիրների առջև կկանգնենք: Այս ներկայացումն ընդհանուր առմամբ շատ ռեժիսորական ներկայացում է: Բայց ես սիրում եմ դերասանական թատրոն, և իմ կողմից առավելագույնն արվել է, որպեսզի բոլոր դերասաններն ունենան հետաքրքիր աշխատանք բեմի վրա: Հենց Համազգային թատրոնն ինքնին արտիստիկ թատրոն է, այստեղ դերասանական խաղը մղված է առաջին պլան: Ընդհանրապես, ռեժիսորական ներկայացումներում դերասանական խաղը տուժում է, դոմինանտը դառնում է ռեժիսուրան: Բայց ես աշխատել եմ, որ իմ մտահղացումները չխանգարեն դերասաններին` դրսևորվելու: Եղել են դերասանական իմպրովիզներ, որոնք չեմ ճնշել: Եվ դատելով հանդիսատեսի համակրանքից՝ ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ թատերական մեր ներկապնակում այսպիսի ներկայացում էլ կա: Այո՛, թերևս, մի փոքր հոռետեսական լուծում եմ տվել ներկայացմանը, բայց իմ հոռետեսության մեջ ավելի շատ լավատեսություն կա, քան շատ լավատեսությունների մեջ: Իմ հոռետեսությունը, հույս ունեմ, մարդկանց կմղի դեպի լավատեսություն: Եվ սա ավելի ճիշտ լուծում է, քան պաթետիկ-լավատեսական ճառասացությունները: Ես չեմ ցանկացել մարդկանց բերանը գցել անիմաստ լավատեսական համեր: Ընդհակառակը, ցանկացել եմ զգուշացնել իրական վտանգների մասին, ասել ոչ թե վերացական, այլ կոնկրետ բաներ: Առհասարակ խուսափել եմ մերկապարանոց ճշմարտությունները բացահայտորեն ասելուց: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց ամեն բան ուղղակի, բառացի է ասվում: Նրանց դուր է գալիս, երբ իրենք են կարողանում կռահել, գլխի ընկնել, թե ինչ կա ասելիքի ենթատեքստում, տողատակերում: Այս տրամաբանությամբ եմ կառուցել ամբողջ ներկայացումը:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ