ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲՀԿ-ի երրորդ «полет»-ը «на луну»

ԲՀԿ-ի երրորդ «полет»-ը «на луну»
23.01.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ - ՁԵՌՔԻ ՀԵՏ
Անկեղծ ասած, մի քիչ դժվար է պատկերացնել, որ երբ պարոն Ծառուկյանը որոշի դառնալ վարչապետ, ի՞նչ է անելու. լրագրողներին հավաքելու է իր աշխատասենյակում և հայտարարի` այսօր որոշեցի դառնալ վարչապե՞տ: Իրենք են, չէ՞, ասել` նախօրոք կհայտարարի և տեղյակ կպահի: Բայց, պատահաբար, վարչապետ «դառնալ-դարձնելու» իրավասությունը սահմանադրորեն վերապահված չէ՞ երկրի պառլամենտին ու նախագահին:
Լավ, ոչինչ, անցած լինի: ԲՀԿ-ականների հետ զրուցենք այն խնդիրներից, որոնք իրենց «անմիջական» իրավասության ներքո են:
«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ՆՊԱՏԱԿ Է ԴՐԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՐԵԼ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԵՐՈՎ»

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ (ԲՀԿ առաջնորդի մամլո քարտուղար)
-Պարոն Գալստյան, քիչ առաջ ասացիք, որ պրն Ծառուկյանի իմիջն այսօր գտնվում է իր կիզակետում: Ի՞նչ պատճառով եք հանգել այդ եզրակացության` սոցիոլոգիական հարցումնե՞ր եք կատարել, որոշակի քաղաքագիտական ուսումնասիրություննե՞ր։
-Գիտե՞ք, դա այնքան հանրահայտ փաստ է, որ որևէ սոցիոլոգիական հարցման անհրաժեշտություն չի զգում: Պարոն Ծառուկյանի տարաբնույթ գործունեությունը հասարակությանը խիստ հասկանալի է, և ես արտահայտում եմ նաև մեր հասարակության կարծիքը:
-Դուք իրեն ինչ-որ թռիչքի՞ եք պատրաստում` Ձեր մամլո առաջին ասուլիսում քանիցս շեշտելով նրա իմիջի, տարաբնույթ գործունեության «կիզակետերի» մասին:
-Չէ, ոչ մի բանի չենք պատրաստում, պարզապես հանրահայտ փաստեր ենք արձանագրում:
-Չէ, պարոն Գալստյան, «միայն կույրը չի նկատի» ԲՀԿ առաջիկա համագումարի, Ձեր նշանակման և համագումարում սպասվելիք անակնկալների միջև ակներև կապը: Այսպիսով, ի՞նչ է սպասում բոլորիս:
-Փետրվարի 12-ին տեղի է ունենալու ԲՀԿ-ի հերթական համագումարը: Ընդամենը:
-Բա անակնկա՞լը։ Չէ՞ որ պարոն Ծառուկյանն ասել է` լինելու է:
-Շարունակությունում էլ պարոն Ծառուկյանն ասել է` անակնկալը նրա համար է անակնկալ, որ մինչև վերջ մնա այդպիսին, «մինչև վերջը» փետրվարի 12-ն է։ Համբերենք:
-Իսկ Դուք գոնե տեղյա՞կ եք` ինչ մասշտաբի անակնկալներ են. բարեփոխումներ են, կադրային տեղաշարժեր, որովհետև շատ փորձագետներ էլ ասում են, որ անակնկալի մասին «տեղեկատվությունը» ֆլիրտ է, բլեֆ, որպեսզի համագումարը հասարակական բուռն հետաքրքություն առաջացնի: Ի դեպ, ԲՀԿ-ի բոլոր համագումարներից առաջ ասվում է` լինելու է «սա, դա, նա». լինելու է մեծ անակնկալ, «կիզակետ», մենք մեր բոլոր սիրուն շորերը հագնում, կարմիր ակով գոտին կապում, գալիս ենք համագումար և, անկեղծ ասած, հիասթափվում:
-Ես Ձեզ առաջարկում եմ` նորից հագնել սիրուն շորերը, նորից գալ-մասնակցել համագումարին և բարձր մակարդակով լուսաբանել համագումարի աշխատանքները:
-Շա՜տ բարձր... Ի դեպ, Դուք լրագրողական փորձ չունեք, և այսօրվա առաջին ասուլիսում Ձեր տրամադրությունն այնքա՜ն բարձր էր։ Ի՞նչ եք կարծում` կկարողանա՞ք պահել այդ տրամադրությունը հետայսու ևս, ախր, լրագրողների հետ, մեր մեջ ասած, այնքան էլ հեշտ չէ:
-Բոլոր դեպքերում, ես իմ բնույթով խիստ կենսուրախ մարդ եմ և բոլոր կարգի փորձություններն աշխատում եմ միշտ ժպիտով հաղթահարել:
-ՈՒզում եմ հավատալ Ձեր ասածին, ուզում եմ նաև հիշեցնել, որ լրագրողներս, ախր, շա՜տ «չար ու թունավորն» ենք:
-Կապ չունի, աշխատելու եմ բաց, անաչառ, միմյանց վստահելու սկզբունքով:
-Դա մտքում պահեցինք, բայց և այնպես քիչ առաջ Դուք այդ ոճով չաշխատեցիք ու չասացիք, թե ինչ անակնկալ է սպասվում Ձեր համագումարում: Ի դեպ, Դուք ի՞նչ արժեհամակարգի կրողն եք` լիբերալ, սոցիալիստական, պահպանողական:
-Ես Հայաստանի քաղաքացի եմ, հայ ընտանիքի զավակ և իմ արժեհամակարգով հայ ազգային ավանդույթների, պահպանողականության կրողն եմ: Մտածելակերպով, որպես երիտասարդ, բնականաբար, ավելի շատ բարեփոխումների, լիբերալիզմի կողմնակից եմ:
-Եվ վերջին հարցը. Վարդան Բոստանջյանը վերջերս ասել էր, թե որոշ ԲՀԿ-ական պատգամավորների տեղը դնելու խնդիր կա։ Ի՞նչ է դա նշանակում:
-Ճիշտ կլինի հարցն ուղղեք պարոն Բոստանջյանին։ Կուսակցությունում յուրաքանչյուր պահի ընթանում է աշխատանք, համագումարում Դուք ականատես կլինեք, որ կդրվի նաև կուսակցության զարգացման հերթական փուլին անցնելու հարցը: Գագիկ Ծառուկյանն իր առջև նպատակ է դրել կուսակցությունը համալրել որակյալ կադրերով:
-Ասենք` ումո՞վ:
-Ասացի` համբերենք մինչև փետրվարի 12-ը:
-Հետո էլ ասում եք` միմյանց վստահելու սկզբունքով... անընդհատ ամեն բան «մթության քողի տակ է» հայտնվում:
-Բա ի՞նչ անենք:
-Ասեմ։ Եթե հայտարարությունն արվել է հասարակության համար, ինչո՞ւ չեք ասում` ում եք «տեղը դնելու», ինչպե՞ս և ինչո՞ւ: Եթե «անձամբ» Ձեր կուսակցության համար եք արել, մե՞նք «տուտ պրիչյոմ», ճիշտ կլինի կուսակցական հարցերը կուսակցությունում լուծել:
-Երկրորդեմ` բոլոր այս տարաբնույթ հարցերի պատասխանները ԲՀԿ-ն կհնչեցնի իր համագումարում:
«ԵՍ ՄԻԱՄԻՏ ՄԱՐԴ ԵՄ, ԵՐԵՎԻ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԻՆՁ ՄՈՏ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԽՈՍԵԼ»
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ԲՀԿ պատգամավոր)
-Պարոն Բոստանջյան, օրերս թերթերից մեկում Դուք հայտարարություն էիք արել առ այն, որ հնարավոր է ԲՀԿ որոշ պատգամավորների նկատմամբ «էմբարգոներ» կիրառվեն:
-Ոչ, այդպես չէ, պարզապես ինձ հարց էր ուղղվել` կարո՞ղ է ԲՀԿ որոշ պատգամավորներ իրենց տեղում չեն, ես էլ պատասխանել եմ` այո, իրենց տեղում չեն:
-Ո՞Ւմ նկատի ունեիք:
-Դուք, ի՞նչ է, ցանկանում եք, որ ես հիմա անուննե՞ր բարձրաձայնեմ:
-Իհարկե` շա՜տ:
-Մի՞թե մինչ այժմ չեք նկատել, որ ես մարդու այն տեսակը չեմ, որն անուններ է բարձրաձայնում։ Ես խոսել եմ ընդհանուր երևույթից:
-Այդ դեպքում, երևի թե, ընդհանրապես չպիտի խոսեիք այդ մասին:
-Գուցե:
-Հո դրա համար Ձեզ նկատողություն չե՞ն արել:
-Դեռևս ոչ:
-Պարոն Բոստանջյան, իմացած լինեք, Դուք գտնվում եք լրագրողական համքարության «սիրո և հովանավորության» ներքո, և ինչպես ԲՀԿ առաջին համագումարից, այնպես էլ այս համագումարից առաջ «արյան և մահվան» կռիվ կտանք Ձեզ համար, որովհետև Դուք շա՜տ անկեղծ մարդ եք: Ըստ Ձեզ, իսկապե՞ս անակնկալներ են սպասվում ԲՀԿ համագումարում:
-Գիտե՞ք, չէի ցանկանա ներկայանալ որպես բացարձակ անտեղյակ մեկը, բայց կա՛մ ինձանից գաղտնի են պահում, կա՛մ ինքս չեմ նկատում այդ անակնկալը:
-Է՜, պարոն Բոստանջյան, մի ասեք, էլի, հիմա նորից Ձեզ նկատողություն կտան էսպիսի մտքեր արտահայտելու համար։ Ասացեք` լինելո՛ւ է անակնկալ:
-Պարզապես կասեմ` սովորական համագումար է։ Այդպես եմ համոզված: Միայն հստակ կարող եմ ասել, որ մեր քաղաքական խորհուրդը կընդլայնվի:
-Ո՞Ւմ հաշվին:
-Ընթացել է ԲՀԿ խորհրդի նախնական նիստ, ուր խորհրդի անդամներն առաջարկել են նոր թեկնածուներ: Առաջարկները, ասացի, արել ենք, բայց դեռևս չենք տիրապետում ինֆորմացիային` նրանք իրապե՞ս կհայտնվեն քաղխորհրդի կազմում, թե՞ ոչ:
-Ո՞Ւմ եք առաջարկել:
-Կոնկրետ ես` Կիրակոսյան Գևորգին, ԲՀԿ աշխատակազմի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի բաժնի վարիչին:
-Իսկ հնարավո՞ր է` մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջարկած լինի:
-Նման ինֆորմացիա չունեմ:
-Իսկ Վարդան Օսկանյանի՞նը:
-Չունեմ ինֆորմացիա։ Նման անուններ չեն արտաբերվել, գոնե «անկյուններում»:
-Իսկ Խոսրով Հարությունյանի անունն «անկյուններում» արտաբերվե՞լ է:
-Քաղաքական գործունեության ասպարեզում ես միշտ էլ Խոսրով Հարությունյանին բարձր եմ գնահատել, նա իրապես իր մտածելակերպով, պետականության շահերը հասկանալով, մշտապես զսպված լինելով միշտ էլ կարողացել է իր մակարդակում գտնվել: ՈՒ թե ստացվի այնպես, որ նա մեր շարքերում լինելու կամք արտահայտի, ես միայն կողջունեմ:
-Հիմա արտահայտե՞լ է, թե՞ ոչ:
-Չգիտեմ:
-Գաղտնապա՜հն եք, պարոն Բոստանջյան:
-Կարծում ես` գիտեմ, չե՞մ ասում։ Ես միամիտ մարդ եմ, երևի դրա համար էլ ինձ մոտ չեն ուզում խոսել։
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ