Վերջին շրջանում հաճախ է բարձրաձայնվում «ծպտյալ հայերի» թեման` տեղիք տալով տարբեր մեկնաբանությունների: Գիտական տեսակետները գրեթե չեն հասնում հասարակությանը կամ մնում են մասնագիտական նեղ շրջանակներում:
Թեմայի շուրջ ներկայացնում ենք «Իրատես de facto»-ի հարցազրույցը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտություների թեկնածու, դոցենտ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ: Նշենք, որ 2010-ին տպագրվել է նրա «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ընթացքը և հետևանքները» գիրքը, որի համար հիմք են ծառայել հայկական և թուրքական աղբյուրները, ինչպես նաև հեղինակի անձնական աշխատանքները, ուսումնասիրություններն Արևմտյան Հայաստանում:
-Ծպտյալ հայերին, դավանափոխ հայերին, համշենահայերին, «այլ» հայերին սովորաբար նույնացնում ենք կամ պարզապես չենք տարբերակում` ով ով է:
-Իրականում այդ բոլոր ձևակերպումների միջև կան լուրջ տարբերություններ, որոնք հենված են գիտական ապացույցների վրա: Մասնագիտական շրջանակներում նշած խմբերից յուրաքանչյուրն ունի իր ձևակերպումը, սահմանումներն ու յուրահատկությունները: Նախ պայմանականորեն կարելի է այդ ամբողջ խումբն անվանել կրոնափոխված հայեր և հստակ շեշտել «բռնի» բառը, որովհետև նրանք փոխել են կրոնը պարտադրանքով: Բռնի կրոնափոխված հայերն այն մարդիկ են, ովքեր հիմնականում ցեղասպանության կամ դրանից առաջ տեղի ունեցած կոտորածների ժամանակ փոխել են իրենց կրոնը և գտնվում են ուծացման տարբեր մակարդակներում: Երկրորդ խումբը` ծպտյալ հայերը, պարտադրված փոխել են իրենց կրոնը (հիմնականում` 1915-ին), արտաքուստ ներկայանում են իբրև մուսուլման թուրքեր, քրդեր, բայց նրանց սերունդները մինչ օրս գաղտնի պահպանում են ազգային և կրոնական տարբեր սովորություններ, երբեմն նաև լեզուն` որոշակի մակարդակում:
-Իսկ ինչո՞ւ են առանձնացնում հատկապես համշենահայերին:
-Համշենահայերի յուրահատկությունը մի քանի պատճառ ունի: Առաջինը, որ համշենահայերը ենթարկվել են բռնի կրոնափոխության 18-րդ դարի սկզբին: Երկրորդը, որ կրոնափոխությունից անցել են հարյուրամյակներ, բայց մինչ այժմ նրանց մի խումբը պահպանել է հայերենը` համշենի բարբառը, իսկ մյուս խումբը` ժողովրդական տարբեր սովորություններ: Ընդհանրապես, համշենահայերը բաժանվում են երկու խմբի. նրանք, որ ապրում են Թուրքիայում, իսլամադավան են, իսկ ովքեր կարողացել են փախչել օսմանյան հալածանքներից ու ապաստանել Ռուսաստանի, Աբխազիայի տարբեր տարածքներում, քրիստոնյա են: Տեղի է ունեցել միևնույն տարածքի բնակչության մասնատում: Համշենահայերի մի փոքր խումբ ապրում է Միջին Ասիայում. նրանք 1944-ին Ստալինի կարգադրութամբ Աջարիայից աքսորված մուսուլման համշենահայերն են:
-Թուրքական ազգայնական պարբերականները հանրության ուշադրությունը բևեռում են այն վտանգի վրա, որ կարող են պատճառել իրենց ինքնությունը թաքցնող մարդիկ, տվյալ դեպքում` ծպտյալ հայերը, մասնավորապես ընդգծելով. «Նրանք, ովքեր ստիպված են թաքցնելու իրենց ինքնությունը, ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնեն, իրենց մեջ ծպտյալ ապստամբություն ունեն հանրության նկատմամբ: Ինքնությունը թաքցնելը հանգեցնում է հոգեխեղման»: Այսինքն, նրանց նկատմամբ անվստահ, երկակի է թուրքերի վերաբերմունքը (նաև հայերիս):
-Նախ պետք է շեշտել, որ իսլամացած հայերը կամ ծպտյալ հայերը թուրքական բռնապետական քաղաքականության արդյունք են: Մարդկանց պարտադրվել է ուրանալ իրենց կրոնը, ազգությունը, լեզուն: Սրանք լուռ և շարունակվող վկայություններն են օսմանյան բռնապետության: Միևնույն ժամանակ այս մարդիկ և նրանց սերունդներն անվիճելի ապացույցն են Հայոց ցեղասպանության, քանի որ ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ կետը հստակ փաստում է, որ ցեղասպանություն է համարվում էթնիկ կրոնական մի խմբի երեխաներին մեկ այլ էթնիկ կրոնական խումբ տեղափոխելը: Իսկ Ցեղասպանության տարիներին տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ բռնությամբ իսլամացվել են, և այսօր մենք գործ ունենք նրանց սերունդների հետ: Ինչ վերաբերում է վտանգին, շատ հաճախ հայկական թեման Թուրքիայում մեկնաբանվում է որպես սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Վերջին տարիներին խոսվում է նաև, թե իբր ծպտյալ հայերը լուրջ վտանգ են Թուրքիայի համար: Սրանք չափազանցված տեսակետներ են, բայց ես այս հայտարարությունների մեջ մեկ ուրիշ մտավախություն եմ տեսնում: Թուրքիայի հասարակության մեջ այսօր տեղի է ունենում էթնիկ ինքնության ճգնաժամ: Ոչ միայն ծպտյալ հայերը, այլև շատ այլ ազգություններ, որոնք դարերի ընթացքում ենթարկվել են ձուլման` հույներ, ասորիներ, բուլղարներ, չերքեզներ, այսօր ապրում են ինքնության վերազարթոնք: Սա կարող է վտանգել միատարր Թուրքիայի գաղափարը: Թուրքիայի պետական քաղաքականությունը (հստակ` հակահայկական), որոշակի խնդիրներ կունենա նաև այն առումով, որ այդ քաղաքացիներն այլևս Հայաստանի և հայության մեջ չեն տեսնի թշնամի և չեն ուզենա պայքարել այդ թշնամու դեմ: Այդ առումով թուրքական կողմը գիտակցում է վտանգը, բայց, ի դեմս թուրք պատմաբանների, ներկայացնում է այն խեղաթյուրված տեսքով, ժողովրդական լայն զանգվածների մեջ տպավորություն ստեղծելու, թե իբր հայերը զինված ապստամբություն են բարձրացնելու: Նման բան իրականում չկա:
-Հայտնի է, որ թուրքական համապատասխան գերատեսչություններում կրոնափոխ հայերն ու նրանց սերունդները հատուկ գրանցված են, ինչն արված է նաև այն նպատակով, որ իշխանությունների համար «անվստահելի» այս խմբին պատկանող մարդիկ պատասխանատու պաշտոններ չգրավեն և մնան մշտական հսկողության տակ:
-Այո, դա էլ շատ կարևոր հարց է: Այսօր պահպանված են Թալեաթի հրամանները (1916-1917 թթ.), որտեղ նա գավառապետերին հստակ կարգադրում է զեկուցել, թե որքան հայ է կրոնափոխվել, ինչ է տեղի ունենում նրանց շրջանում, ինքնության վերազարթոնք նկատվում է, թե ոչ: Նույն տիպի հրամաններ են պահպանված Թուրքիայի Հանրապետության տարբեր ղեկավարների կողմից, և այսօր դրանք լույս են սփռում Թուրքիայի քաղաքականության վրա:
-Փաստորեն, կարելի է ասել, իսլամացած կամ ծպտյալ հայերը համարվում են Թուրքիայի ներքին թշնամինե՞ր:
-Մինչև վերջերս այդ թեման գրեթե չէր շոշափվում: Վերջին տարիներին, որպես հակազդեցություն, թուրքական պետական քարոզչությունը տարածեց, որ նրանք պոտենցիալ թշնամիներ են, «5-րդ շարասյուն», որոնք վճռական պահին կարող են իրենց դավաճանել: Սա առավելապես կրում է քարոզչական բնույթ: Եթե նայում ենք այլ տեսանկյունից, նրանք մարդիկ են, որ զգալի հեռացել են իրենց ազգային ակունքներից, առավելապես թուրքական մշակույթի, թուրքական ինքնության կրողներն են, և նրանց ներկայացնելը որպես այդ պետության թշնամիներ, ուղղակի Թուրքիայի հերթական անհանդուրժողական դրսևորումներից է:
-Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվող պատարագից հետո ծպտյալ հայերից ոմանք սկսեցին բացահայտել իրենց իսկությունը: Ձեր գրքում գրում եք. «1916-2004 թթ. Թուրքիայում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 2000 քաղաքացի, մանրամասն ուսումնասիրությունն ի հայտ է բերել, որ նրանցից 1340-ը ծագումով հայեր են, որոնք վերընդունել են քրիստոնեություն»: Խոսքը ոչ թե կրոնափոխության, այլ կրոնադարձության մասին է:
-Կրոնադարձությունը միշտ հետևել է կրոնափոխությանը: Երբ մարդկանց պարտադրվում է փոխել կրոնը, ամենահարմար առիթի դեպքում նրանք վերադառնում են իրենց նախկին կրոնին: Մարդկանց մի հոծ խումբ, սակայն, չի կարողացել վերադառնալ իր ինքնությանը, կրոնին և ենթարկվել ու հիմա էլ ենթարկվում է հոգեկան լուրջ խեղումների: Ես այս խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրել եմ և կարող եմ ասել, որ ամենափոքր հնարավորության դեպքում իսլամ ընդունած հայերը վերադարձել են իրենց նախկին կրոնին: Պաշտոնական տվյալներով` նրանց թիվը հասնում է մոտավորապես 5 հազարի, բայց ոչ պաշտոնական տվյալներն այս թիվը պետք որ գերազանցեն մի քանի անգամ:
-Հրանտ Դինքն ասում էր, որ ծպտյալ հայերի թիվը հասնում է 300 հազարի, և դա ուռճացված թիվ չէ, նրանք ավելին են:
-Տարբեր կարծիքներ կան։ Ես կարծում եմ, որ այդ ամբողջ խումբը պետք է որ գերազանցի 1 միլիոնը, քանի որ հստակ փաստեր կան, որ ցեղասպանության տարիներին կրոնափոխվել է առնվազն 300 հազար հայ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել կանայք և երեխաները: Նրանց ո՞ր մասն է ավելի ուշ վերադարձել իր կրոնին, ո՞ր մասն է ազգային ակունքները պահել ծպտյալ ձևով, և որ մասն է լիովին ձուլվել, շատ դժվար է ասել: Բայց, ըստ իս, այդ միլիոնից ավելի հայության մեջ առնվազն 30 տոկոսը ծպտյալ հայ է:
-Ովքե՞ր են դավանափոխ, ծպտյալ հայերը մեզ համար. ասում են` գոյություն չունի մահմեդական հայ, որովհետև նույնականությունն ինքնագիտակցության, ոչ թե ծագման խնդիր է:
-Հայաստանում նույնպես այս թեման բավականին փակ էր և՛ գիտական շրջանակների համար, և՛ հասարակական: Մինչև վերջերս շատերն անգամ չէին լսել «իսլամացած հայ» բնորոշումը: Գիտական ոլորտում այս հարցի էվոլյուցիան նորմալ ձևով է ընթանում, իսկ հասարակական-քաղաքական ոլորտում այն ցանկալի ձևով չզարգացավ: Նախ և առաջ, խնդրին միջամտեցին ոչ պրոֆեսիոնալները, որոնց մի մասը հիացական եզրահանգում արեց, թե Թուրքիայում միլիոնավոր հայեր կան, նրանք շուտով կզարթնեն, և Թուրքիան կփլուզվի: Սա իրականությունից հեռու տեսակետ է: Մի շարք ոչ պրոֆեսիոնալներ էլ դիրքորոշում որդեգրեցին, ըստ որի, եթե հայը իսլամացել է, ապա նա հայ չէ: Հասարակական ոլորտում այս քննարկումների ընթացքը նույնպես լավատեսություն չի ներշնչում: Հավասարապես քննադատելի են և՛ անտեղի հիացական, և՛ նիհիլիստական գնահատականները:
Իհարկե, քրիստոնեությունը մեզ համար շատ մեծ դեր ունի, բայց, ամեն դեպքում, էթնիկ և կրոնական պատկանելությունները տարբեր են: Մենք հայ էինք նաև մինչ 301 թիվը, և հայ են բոլոր այն մարդիկ, ովքեր առաքելական եկեղեցու հետևորդներ չեն` կաթոլիկ, բողոքական, հեթանոս, աթեիստ, ուստի ես կոչ եմ անում զուսպ լինել գնահատականների մեջ: Հարցը չպետք է քաղաքականացվի, պետք է մնա առավելապես գիտական ոլորտում և ենթարկվի համապատասխան գիտական վերլուծության, ինչի արդյունքները կարելի է մասնագիտական ձևով ներկայացնել հանրությանը: Ոչ պրոֆեսիոնալ հայտարարությունները վնասում են և՛ խնդրին, և՛ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր պատմական հայրենիքի տարբեր վայրերում:
-Հաճախ բարձրաձայնելով «թաքուն հայերի» մասին` արդյոք վտանգ չե՞նք ստեղծում նրանց համար:
-Առաջինն այդ հարցը բարձրաձայնել են եվրոպացի ուսումնասիրողները, այնուհետև թուրք ուսումնասիրողները, և այս պարագայում հայաստանյան գիտության լռությունը առնվազն տարօրինակ կլիներ: Հայաստանյան գիտությունը պետք է իր խոսքն ասեր համապատասխան ուսումնասիրություններից հետո: Բաց շփվելը, կարծում եմ, ավելի ճիշտ է: Մենք ուսումնասիրում ենք նաև այդ մարդկանց շրջանում պահպանված հայկական մշակույթի տարրերը` պարերը, երգերը, սովորույթները, և դրանում որևէ վտանգավոր բան չեմ տեսնում: 2009-ին ինքս Ստամբուլում մասնակցել եմ մի գիտաժողովի, ելույթս նվիրված էր Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայերի խնդրին: Ելույթումս մի քանի անգամ գործածել եմ «ցեղասպանություն» բառը: Իմ ներկայացրած տեսակետներն ու թեզերը հենված էին փաստերի վրա, որոնց մի մասը քաղված է հենց թուրքական աղբյուրներից: ՈՒստի բանավեճը իմ և թուրք գիտնակաների միջև ընթացել է բավականին կոռեկտ և ոչ ի վնաս մեր տեսակետների:
-Ինչո՞ւ են համշենահայերն առանձնացնում իրենց և՛ հայերից, և՛ թուրքերից:
-Եթե նրանց հետ խոսում եք Թուրքիայում, ուրեմն մեծ մասամբ հրաժարվելու են իրենց հայկական ծագումից: Եթե խոսում եք ավելի անվախ համշենցիների հետ կամ ավելի նպաստավոր պայմաններում, նրանք միանշանակ խոստովանում են, որ հայ են կամ հայկական ծագում ունեն: Սակայն նրանց համար ամենաընդունելի, ամենադիվանագիտական, ամենաանվտանգ տարբերակն իրենց տարանջատելն է և՛ հայերից, և ՛թուրքերից: Ասում են, որ իրենք հեմշին են, չնայած նման ազգ գոյություն չունի:
-Համշենահայ քաղաքական գործիչ Իսմեթ Շահինը նպատակ ունի ստեղծելու կուսակցություն: Մյուս կողմից էլ կրոնադարձության դեպքերն ավելանում են, սա ինչ-որ բան չի՞ կանխորոշում:
- Իսմեթ Շահինը ցանկություն ունի հիմնելու կուսակցություն ոչ թե ըստ էթնիկ պատկանելության, այլ քաղաքական կողմնորոշման: Նրա կուսակցությունը չի լինելու համշենահայերի, կրոնափոխ հայերի կուսակցություն, այլ ձախ սոցիալիստական կուսակցություն, որին գուցե անդամակցեն մի խումբ համշենցիներ:
Կրոնադարձության դեպքերը 75-միլիոնանոց Թուրքիայում այդքան շատ չեն, տասը հազար մարդու կրոնադարձությունը չի կարող էական նշանակություն ունենալ, մանավանդ որ նրանք ակտիվ քաղաքական պայքար չեն վարում, կրոնադարձվում են և շարունակում ապրել իրենց սովորական կյանքով: Այնպես որ, ես չէի ցանկանա Իսմեթ Շահինի ստեղծելիք կուսակցությունը, կրոնադարձությունն ու համշենահայերի խնդիրները շաղկապել իրար:
-Ըստ Ձեզ` ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ զարգացումներ են սպասվում:
-Կարծում եմ` զարգացումը նախանշվում է երկու ուղղությամբ: Մեծ թվով մարդիկ կասկածելու, փնտրելու և վերագտնելու են իրենց հայկական ինքնությունը, իրենց ասոցացնելու են հայության հետ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Սրան զուգահեռ, կրոնափոխված հայերի մի մասն ընտրելու է լիակատար ձուլման, ուծացման ճանապարհը (նրանք հիմա էլ գտնվում են ուծացման որոշակի մակարդակում): Թուրքական միջավայրում ավելի հեշտ ու անվտանգ է ապրել որպես թուրք` չբարձրաձայնելով սեփական ինքնությունը: Այդ մարդիկ կամ լիովին ուծացվելու են, կամ գաղտնի հիշելու են իրենց ոչ թուրքական ծագումը:
Նշեցինք, որ համշենահայերը պահպանել են իրենց յուրահատուկ բարբառը, սովորույթները, մշակույթը, բայց դա առավելապես պահպանվում է բուն Համշենում, այն վայրերում, ուր հարյուրամյակներ ապրել են այդ մարդիկ: ՈՒրբանիզացիոն պրոցեսների արդյունքում շատ հայեր արտագաղթում են մեծ քաղաքներ` Ստամբուլ, Իզմիր, և արդեն մեծ քաղաքներում հաստատված համշենահայերը գրեթե չեն պահպանում իրենց լեզուն, սովորույթները, գնալով ընտրում են ձուլման ուղին:
Այդուամենայնիվ, մի կարևոր գրավական կա և՛ համշենահայերի մոտ, և՛ ծպտյալ հայերի. նրանք խստորեն պահպանում են ներքին ամուսնությունները: Մեծ քաղաքներում դա չի պահպանվում, և խառն ամուսնություններից ծնված երեխաներն արդեն ունենում են ինքնության շատ լուրջ խնդիրներ:
Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ