ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ո՛Չ ԻՐԱՎԱԿԱՆ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՌԿԱ ՉԵՆ»

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ո՛Չ ԻՐԱՎԱԿԱՆ, Ո՛Չ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՆ ԱՌԿԱ ՉԵՆ»
17.06.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
-Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում է կյանքը, արագանում են վերադասավորումները, և դա վերաբերում է քաղաքական բոլոր ուժերին: Ընդհանրապես, ասում են, հաջորդ ընտրությանը սկսում են նախապատրաստվել նախորդի հաջորդ օրվանից, բայց դա ավելի շատ խորհրդանշական խոսք է, քան գործնական, թեև մեր քաղաքական համակարգի կայացմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների գործելակերպը նույնպես դառնում է ավելի ծրագրային, զերծ պատահականություններից, տարերայնությունից և միանվագությունից: Կուսակցությունները նույնպես զարգանում են, հասունանում: Բնականաբար, վերջնագծին մոտենալիս մեծանում է ակտիվությունը, ուժերը բյուրեղանում են:
-Նախընտրակա՞ն տրամաբանության մեջ է տեղավորվում ՀԱԿ-ի հետ երկխոսության ծրագիրը:
-Արտառոց ոչինչ չի կատարվում: Կուսակցությունը պայքարի միջոց է, թիմ, որն իր ծրագրով պայքարում է իր նպատակներին հասնելու համար, ուստի պետք է մարտունակ լինի և ամեն օր զբաղվի իր կուսակցական աշխատանքներով: Ընտրությունների առիթով հայտնի անգլիացիներից մեկը զուտ անգլիական հումորով ասել է` հինգ տարին մեկ գնում ենք երեխաների հետ համբուրվելու:
-Այդ «ամեն օր»-ը ներկուսակցակա՞ն աշխատանքներն են, թե՞ միջկուսակցական:
-Իսկ ինչո՞ւ եք այդպես խիստ բաժանում: Ընդհանրապես, մենք այնքան կասկածամիտ ենք, գուցե մեր իրավիճակն է պատճառը, գուցե իրար նկատմամբ անվստահությունը։
-...գուցե ազգային բնավորությո՞ւնը:
-Գուցե, բայց չափազանց հաճախ ենք ամեն քայլի տակ գաղտնի իմաստներ որոնում, իսկ իրականում շատ բնական գործընթացներ են: Անգամ տնից դուրս գալիս, ճանապարհ ընկնելիս` ստուգում ես` պատրա՞ստ ես, իսկ ընտրությանը նախապատրաստվելն անհամեմատ դժվար ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Սեփական ուժերդ պիտի ճշգրտես, ճշտես գործընկերներիդ հետ ինչ հարաբերություններ ունես, ինչպես կազմակերպես քայլերդ: Կրքեր բորբոքելու և չեղածը պեղելու կարիք չկա: Իհարկե, երկիրը կարևորագույն հարց է լուծում ընտրություններով, և բնական են քաղաքական ուժերի միմյանց հետ քննարկումները, խորհրդակցությունները, նաև միավորումների ստեղծումը:
-Հնարավո՞ր է, որ վերաստորագրված հուշագրի առկայությամբ հանդերձ` նախընտրական շրջանում կոալիցիան տրոհվի:
-Կանխատեսումների անշնորհակալ գործ լինելու մասին ես չէ, որ պիտի ասեմ: Դաշտը բաց է, օրենքները թույլ են տալիս... Կոալիցիան հետընտրական միավոր է եղել, իսկ մենք մոտենում ենք ընտրություններին: Կուսակցությունն այդ հարցը չի քննարկել և նման զարգացումներ չի նախատեսում: Ամեն ինչ որոշում են ծրագրերն ու իրավիճակին տրված գնահատականները: Կոալիցիան ձևավորվել է որոշակի խնդիրների, տեսակետների, սկզբունքների համընկնման պարագայում, խնդիրները լուծվում են, տեսակետները փոխվում են: Որևէ մեկը չի կարող բացառել, որ կոալիցիոն պայմանավորվածությունների օբյեկտ դարձած հարցերն այսուհետ կարող են օրակարգային չլինել: Թեև ՀՀԿ-ն առանձնապես մեծ խնդիրներ չունի. մենք եղել և մնում ենք կրող կառույցը, առանցքը և տերն ենք մեր պարտավորությունների, որ ստանձնել ենք ընտրողների առաջ, պատասխանատվությունից երբևէ չենք խուսափել:
-Ցանկացած ուժեղ կուսակցություն նախընտրում է մենակ գնալ ընտրությունների, որովհետև հետո դափնիների բաժանման հարց կա:
-Դափնիները ոչ մեկին հենց այնպես չեն տրվում: Ողջունելով և ընդունելով բոլոր տեսակի միավորումների, դաշինքների կարևորությունը, ակնհայտ է, որ ցանկացած կուսակցության համար էլ ընտրությունը դառնում է ճշմարտության պահ, երբ ամեն մեկն իր արժեքը պետք է իմանա, ամեն մեկն իր քննությունն ինքը պետք է տա` ընտրողն էլ, ընտրվողն էլ: Կուսակցությունների համար խորհրդարանական ընտրությունները ճշմարտության պահ են: Նախագահական ընտրություններն այլ են. ընտրվում է ամբողջ երկրի, ազգի ղեկավարը, կոնկրետ մարդ, իսկ խորհրդարանական ընտրություններում ամեն մի կուսակցություն իր ծրագրով, իր արած-չարածով է ներկայանում:
-Ներքաղաքական դաշտի գլխավոր խնդիրն այսօր իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն է, որը չգիտես` սկսվո՞ւմ է, չի՞ սկսվում, շարունակվո՞ւմ է, մեռա՞վ։
-Իշխանությունն իր իշխանություն դառնալու առաջին իսկ օրից հայտարարեց, որ կողմնակից է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության, չառանձնացնելով որևէ քաղաքական ուժ, նախապատվություն որևէ ձևաչափի չտալով: Դա վերաբերում է և՛ ներխորհրդարանական, և արտախորհրդարանական ուժերին: Մենք ականատես եղանք աննախադեպ ակցիաների, որոնք նախաձեռնեց հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
-Այդ ակցիաների արդյունքը ո՞րն էր, հասարակությունը կոնկրետ ի՞նչ ստացավ:
-Ես չեմ կարծում, որ արդյունքը համեմատելի է նյութական առարկայի հետ, որ հնարավոր լինի շոշափել: Բայց դա անհրաժեշտ գործընթաց է, որ միտված է մթնոլորտի փոփոխությանը` միմյանց նկատմամբ վստահության ու հավատի ձևավորմանը, բաց սրտով, ծոցում քար չպահած իրար ընդառաջ գնալուն, որովհետև մեծ է կուսակցությունը, թե փոքր, խորհրդարանում է, թե խորհրդարանից դուրս, իր կարծիքն ասելու իրավունք ունի երկրի համար կարևոր ու վճռական հարցերի շուրջ: Սա հստակ գործելաոճ է, որ նախագահն իրականացնում է պաշտոնակալության օրից ցուցաբերելով համագործակցության ցանկություն, կամք, և այս ձևաչափում տեղ ունեն բոլորը` առանց առանձնացնելու, գերադասելու կամ ստորադասելու որևէ ուժ: ՀԱԿ-ը նույնպես տեսավ, որ իր ժխտողականությունը չէ նախընտրելի ուղին, այլ քաղաքական դաշտում իր տեղն ունենալը:
-ՀԱԿ-ը երկխոսության օրակարգում տեսնում է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, դա ռեա՞լ է:
-Արտահերթ ընտրությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական հիմքերն առկա չեն: Իրավական դաշտում հստակ սահմանված են արտահերթ ընտրությունների նախադրյալներն ու պայմանները: Դրանց տարրերից և ոչ մեկն առկա չէ, չկա այն քաղաքական իրավիճակը, որը կարող է այդքան կրքեր շիկացնել ու հանգուցալուծման հասնել արտահերթ ընտրություններով: Առավել ռեալը իրադարձությունների բնականոն զարգացումն է, իշխանական բևեռում հավասարակշռված, վստահ, ամուր գործընկերներով ներկայացված դաշտ, որը, իր խնդիրները մեկ առ մեկ առաջադրելով ու լուծելով, համաչափ քայլերով գնում է ընտրության: Դրան են միտված ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ոչ միայն ԵԽԽՎ համազեկուցողները գնահատեցին, այլև տարբեր կառույցների ու քաղաքական խմբերի ներկայացուցիչներ: Գործընթացների տրամաբանությունը տանում է նրան, որ գալիք ընտրությունները պետք է լինեն փոխադարձ վստահության մթնոլորտում և մի քայլ առաջ:
-Հայաստանում երբեք էլ ընտրական օրենսգիրքը անհույս ու անվստահելի չի եղել, ընտրությունները ժողովրդավարական չեն դարձել քաղաքական կամքի բացակայության պատճառով:
-Եթե այսօր ասում ենք` պատրաստ ենք երկխոսելու բոլոր քաղաքական ուժերի հետ, ինչի՞ մասին` ընտրությունները, ժողովրդավարական բարձր մակարդակով անցկացնելու:
-Անցած կիրակի Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ուժերի դասավորությունն արդեն հայտնի է, հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո ինչ-որ բան կփոխվի՞, և ընտրություններից հետո ի՞նչ քաղաքականություն կվարի Թուրքիան տարածաշրջանում:
-Իհարկե, Թուրքիան այսօր բոլոր ճակատներով աշխատում է իր դերակատարությունը տարածաշրջանում դարձնել առավել ազդեցիկ, առանցքային: Սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա ոչ միայն չի հաջողվում, այլև կարող է հետընթաց գրանցվել: «Հարևանների հետ 0 պրոբլեմներ»-ի ժամանակին հռչակված քաղաքականությունը, համենայն դեպս, հետընթաց գրանցել է` Թուրքիան պրոբլեմները ոչ թե նվազեցրել, այլ ավելացրել է:
-Իսրայելի հետ հայտնի կոնֆլի՞կտը նկատի ունեք:
-Ոչ միայն: «0 պրոբլեմ հարևանների հետ» քաղաքականությունը, տարածաշրջանում առաջատար դառնալու ձգտումները, հյուսիսաֆրիկյան իրադարձություններում միջնորդ դառնալու հեռանկարները, սեփական փորձը փոխանցելու և բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը և այլն, և այլն, սրանք հիմնականում ներքաղաքական քարոզչությանն ուղղված, ներքաղաքական օգտագործման միջոցներ են: Իրականում սայլը տեղից չի շարժվել: Նախընտրական այդ խաղաքարտը կարող էր ձայներ ավելացնել ընտրություններում կառավարող կուսակցության համար, բայց ներքին օգտագործման այդ «կոնֆետները» ժամանակի ընթացքում real politik-ի մեջ հալվում ու անհետանում են` առանց հետքեր թողնելու:
-Թուրքիան իր ներքին խնդիրներից կարո՞ղ է դուրս գալ` տարածաշրջանի առաջատար դառնալուց առաջ:
-Համաշխարհային քաղաքականության մեջ այնպես չէ, որ արևի տակ լիքը տեղ է, և ով որտեղ ուզում է` կարող է իր համար արևկող անել: Մրցակցության մեջ, իհարկե, նիգի դեմ խաղ չկա, բայց մինչև ուրիշ նիգի ի հայտ գալը: Երբ մրցակցության մեջ որոշակի նկրտումներ են դրսևորվում, հարուցում են հակազդեցություն: Ֆիզիկայի օրենքը` ցանկացած ազդեցություն առաջացնում է հակազդեցություն, դեռ ոչ ոք չի բեկանել:
-Բնության օրենքները գործում են և քաղաքակա՞ն դաշտում:
-Այո: Իհարկե, ի վերջո, դա մեզ համար ո՛չ տաք է, ո՛չ պաղ, մենք մեր խնդիրներն ունենք: Բայց կարծում եմ` հետընտրական Թուրքիայի հետ խոսակցություն վարելն ավելի հեշտ է լինելու, քան նախընտրական Թուրքիայի հետ:
-Նույնիսկ այն դեպքում, որ մե՞նք ենք դառնում նախընտրական երկիր:
-Մենք ամեն ինչ արել ենք, մեր խաղաքարտերը բաց են:
-Մեր քաղաքականությունն անփոփո՞խ է:
-Մենք այս խաղը բաց ենք խաղացել և ինչ ունեինք ասելու և անելու, ասել և արել ենք: Մենք տարածաշրջանի ամենականխատեսելի խաղացողն ենք այսօր, մեր քաղաքականության մեջ մութ կետեր չկան, և սա էլ է նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության ձեռքբերումներից:
-Հունիսի վերջին Կազանում սպասվող հանդիպման ժամանակ հնարավոր համարո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հանգրվանային համաձայնագրի ստորագրում:
-Հազիվ թե: Ադրբեջանը դեռ շատ հեռու է իրականության մասին հստակ պատկերացումներից: Նախագահ Ալիևն արդեն բոլորին վաղուց հոգնեցրած 20 տոկոսի ու 1 միլիոնի լացուկոծից այն կողմ ոչինչ չգիտի, համենայն դեպս իր նախագահության երկար տարիներին չի բարձրաձայնել: Այդ ռեֆրենը արդեն նույնիսկ հուզական հարթության մեջ ոչինչ չի ասում ունկնդրին: Եվ ակնհայտ է, որ երկրի ներսում ու երկրից դուրս այդ թեմայով բոլոր ելույթները նախ և առաջ ինքն իրեն համոզելու, հետո ուրիշներին ներշնչելու խնդիրն ունեն:
-Հարափոփոխ աշխարհում Ալիևն ինչքա՞ն կարող է անփոփոխ պահել իր տեսակետը:
-Հարափոփոխ աշխարհը ցույց է տալիս, որ իրադարձությունների զարգացումներն առավել ու առավել շատ են կողմնորոշվում դեպի ազգերի ինքնորոշման իրավունքի ընդունումը: Արդեն քանի նախադեպ կա: Այն, ինչ 50, 20, 10 տարի առաջ անհնար էր, արդեն իրականություն է` Բեռլինի պատից մնացել են հուշանվերներ, Կոսովոյի անկախությունն է ճանաչվել, Աբխազիայի, Հարավային Օսիայի... Գործընթացները ցույց են տալիս, որ ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայությունը կյանքն է պահանջում: Տարածքային ամբողջականության սկզբունքն այսօրվա աշխարհում տեղը զիջում է ազգերի ինքնորոշման սկզբունքին: Ճիշտ է` դժվար, ճիշտ է` մեծ դիմադրության հանդիպելով, բայց այդ գործընթացն անկասելի է: Ինչքան էլ ձեռնտու չէ real politiki-ի մեջ թելադրողներին, եղանակ ստեղծողներին, այնուամենայնիվ… Բերեմ մի փաստարկ, որը, կարծում եմ, մեր զինանոցում ավելի ակտիվ կիրառություն պիտի ունենա. ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածը հռչակում է կազմակերպության նպատակները` պահպանել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը, զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները` հիմնված հավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա և այլն: Տարածքային ամբողջականության մասին ոչինչ ասված չէ: Տարածքային ամբողջականության պահպանումը ՄԱԿ-ի նպատակների մեջ չի մտնում: 2-րդ հոդվածը նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար կիրառվող սկզբունքները` սուվերեն հավասարություն, ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում, միջազգային վեճերի խաղաղ միջոցներով լուծում և միայն 2.4 կետում առաջին անգամ կիրառվում է «տարածքային ամբողջականություն» եզրույթը` կազմակերպության բոլոր անդամները պետք է ձեռնպահ մնան տարածքային ամբողջականությանը սպառնալիքից: Պարզ է, չէ՞, նպատակների առաջնայնությունը սկզբունքների նկատմամբ:
-Քաղաքական ամռան մնացած ամիսնե՞րն էլ հունիսի նման կանցնեն` հանդարտ ու անձրևոտ:
-Չգիտեմ` քաղաքական անձրև ասելով ի՞նչ նկատի ունեք, բայց հանդարտի հետ համաձայն եմ, կարծում եմ` աշունն էլ հանդարտ կլինի: Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար: Քաղաքականության հաջողության գրավականը սենսացիաները չեն, այլ հավասարակշռված և իրավիճակի հետ ներդաշնակ քայլերը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ