ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հանվե՛ք», պարոնայք, «հանվե՛ք»

«Հանվե՛ք», պարոնայք, «հանվե՛ք»
23.06.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ-ՁԵՌՔԻ ՀԵՏ
«ՑԱՎՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆԱ. ԵՍ ԿՄՆԱՄ ԻՄ ՊԱՇՏՈՆԻՆ»
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Սյունիքի մարզպետ)
-Պարոն Խաչատրյան, հավաստի տեղեկություններ ունենք, որ ՀՀԿ-ն գործկոմի իր վերջին նիստերից մեկում քննարկել է «ստաժավոր» մարզպետներին պաշտոնանկ անելու հարցը: Առաջիններից մեկը Ձեր անունն է հնչել:
-Միանգամից ասեմ, որ իմանաք` նման բան չի եղել:
-Դուք մնում եք Ձեր տեղում և դերում:
-Այ՛ո. բոլորն են մնում իրենց տեղում: Դրանք ընդամենը խոսակցություններ են:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք այսպես պինդ-անխախտ «նստած» եք մարզի «ախպուրի» գլխին. անընդհատ պատմություններ, անընդհատ «արարքներ», ընդ որում` շատ հաճախ խիստ սկանդալային, բայց ահա` դեռ նստա՛ծ եք:
-Դե, կլինեն, էլի, խոսակցություններ, բաներ, բայց դրանք ընդամենը խոսակցություններ են, ուրիշ ոչինչ:
-Մի՞թե: Իսկ ճի՞շտ է, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն է «պատճառը», որ Դուք ոչ մի կերպ Ձեր պոստը չեք լքում:
-Ես մի քանի անգամ ասել եմ` նման հարցեր մի՛ տվեք:
-Ես իրավունք ունեմ տեղեկացված լինելու և կատարում եմ իմ գործը:
-Չէ, ես նորմալ աշխատում եմ, դրա համար:
-Ի դեպ, Ձեր պաշտոնի համար արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում. մեկը` «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության ղեկավարի, մյուսը` Սերժ Սարգսյանի համագյուղացի, տեղացի, այս պահին ՊՆ-ում աշխատող բավականին հայտնի պաշտոնյայի, բայց ամենահավանական թեկնածուն «Զանգեզուր» պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի որդի, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն է։ Ասում են` նրա նշանակումը օրերի հարց է:
-Դե, խոսակցություններ են, էլի, դու էլ լսիր, քեզ ի՞նչն է խանգարում: Էդ էլ կըլնի, էն էլ կըլնի:
-Եվ, այնուհանդերձ, ո՞րն է Ձեր այդքան խոր վստահության աղբյուրը:
-Նորից ասեմ` մարզում կատարած մեր աշխատանքը: Հիմա աշխարհում մետաղի գները բարձրանում են, իսկ որ մետաղի գները բարձրանում են, աշխատատեղերը Սյունիքում ավելանում են:
-Դե, դրա համար էլ մետաղի «պատասխանատուի», աշխատատեղեր ստեղծողի որդու անունն են շրջանառում` որպես ամենահավանական թեկնածուի:
-Ես ըտեղ ոչ մի լուրջ բան չեմ տեսնում:
-Ափսոս։ Օրինակ, որպես սյունեցի, ես նույնպես կողմ եմ… ձևակերպեմ գրագետ, որ «ստաժավոր» մարզպետից Սյունիքում ազատվեն, որովհետև եթե Կապանում իրավիճակը մետաղի «հաշվով» փոքր-ինչ տանելի է, ապա, ասենք, Սիսիանում ու, թերևս, մնացած շրջաններում ահավոր անմխիթար վիճակ է աշխատատեղերի բացակայության, սոցիալական և մնացած լիքը բաների առումով:
-Ցավում եմ, բայց Ձեր երազանքն իրականություն չի դառնա. ես կմնամ իմ պաշտոնում:
-Ինչո՞ւ, որովհետև այս պահին մեր դիմաց կանգնած է Ձեր «պրոտեժե՞ն» («Իրավունքը de facto»-ի` առ Սուրեն Խաչատրյան ուղղված հարցերի ողջ ընթացքում մեզ խորազնին ուշադրությամբ և հայրական, ո՛չ, մենք չասացինք, «պապայական» տագնապով հետևում էր մեր ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարարը):
-Չէ, չէ։ Քանի՞ անգամ ասեմ` ըտենց հարցեր մի՛ տվեք:
«ԵԹԵ ՄԱՐԴԸ ՉՈՒԶՈՂ ՉՈՒՆԻ, ՈՒՐԵՄՆ, «ԱՆՊՐԻՆՑԻՊ» ՄԱՐԴ Է»
ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ (Արմավիրի մարզպետ)
-Պարոն Ղահրամանյան, Ձեր անունը ևս գործկոմի նիստում լսված անուններից է:
-Բայց ես երկար պաշտոնավարած մարզպետ չեմ:
-ՈՒրեմն, լիքը չուզող ունեք, և ինչ-որ մեկին հաստա՛տ ձեռնտու չէ նույնիսկ Ձեր կարճատև մարզպետությունը: ՈՒնե՞ք «չուզողներ»:
-Գիտե՞ք, եթե մարդը չուզող չունի, ուրեմն, «անպրինցիպ» մարդ է:
-Բայց այդ «չուզողը» բավականին բարձր պաշտոնյա է, կարծես, ու ոնց որ մեկին «ուզում» է արդեն:
-ՈՒրեմն, հարցը պիտի էդ «չուզողին» ուղղեք: Դե, գիտե՞ք ինչ կա, եթե կասեն` ես իմ տեղում չեմ, չեմ աշխատի, ի՞նչ կա որ, նորմալ է: Չնայած, ես համոզված եմ, որ նման բան չկա:
«ԵԹԵ ԳՈՐԾԱԴԻՐՈՒՄ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ, ՈՒՐԵՄՆ, ՀԱՆԵԼՈՒ ԵՆ»
ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆ (Տավուշի մարզպետ)
-Պարոն Ղուլարյան, անկեղծ ասած` Դուք էլ եք այդ ցանկում:
-Դե, եթե գործադիրում նման քննարկում է ընթացել, ու նման որոշում է կայացվել, ուրեմն, հանելու են:
-Պատրա՛ստ եք «հանման»:
-Իհարկե:
-Ոչ մի միջոց չե՞ք ձեռնարկելու այդ քայլը կանխելու համար: Ահա` հիմա մեր կողքին այսպիսի հզոր անձնավորություն է կանգնած (ցուցանում ենք փոխվարչապետին- հեղ.), և Դուք, ի տարբերություն այլոց, մտածում եք «հանվելու» մասի՞ն:
-Կառավարությունն է որոշելու, և պարոն փոխվարչապետը մեր ղեկավարն է, բնականաբար։ Իսկ ես «հանվելու» մասին չեմ մտածում:
-Ասում են` նա է բոլորիդ ութ ձեռքով բռնել (և որտեղի՞ց նրան այդքան ձեռք)։ Համաձա՞յն եք:
-Համաձայն եմ:
Մարզպետների հոգին հանեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ