ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայերը, հրեաները և ամերիկացիները թուրքական հասարակության երեք ամենաչսիրված ժողովուրդներն են»

«Հայերը, հրեաները և ամերիկացիները թուրքական հասարակության երեք ամենաչսիրված ժողովուրդներն են»
11.08.2009 | 00:00

«ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՈՒՆԵՆԱԼ. Ո՞ՐՆ Է ՃԻՇՏԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների այս փուլը:
-Իմ գնահատմամբ` Հայաստանը հիմա այն նույն դիրքերում է, որտեղ էր անցյալ տարվա սեպտեմբերին, այսինքն` Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների, և ինչպես այս գարնանն ավելացրինք` ողջամիտ ժամկետներում` ոչ անսահման ձգելով բանակցային գործընթացը: Թուրքիան կանգնած է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին` Ադրբեջանի հետ ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի սպասումով: Սա նրանց ներկա դիրքորոշումն է: Այս երկու դիրքորոշումների մերձեցման մեկ հնարավորություն կա. եթե առաջիկայում, ինչպես նշել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներն իրենց հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության գան Ղարաբաղի կարգավորման որոշ փոխադարձ ընդունելի սկզբունքների վերաբերյալ: Թուրքիայի ակնկալիքը սա է` ինչ-որ առաջընթաց, որից հետո կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, և կբացի Հայաստանի հետ սահմանը:
-Դուք կարծում եք, որ 2008-ի սեպտեմբերից 2009-ի օգոստոս նույն վիճա՞կն է հարաբերություններում կամ դրանց կայացման ընթացքում:
-Բանակցությունները, իհարկե, շարունակվում են` առանց փաստաթղթային ձևակերպման, բայց էական, շոշափելի առաջընթաց չկա, ոչ էլ բանակցությունները կասեցնելու ձգտում կա, որովհետև այս վիճակը թուրքերին ձեռնտու է:
-Ի՞նչ կատարվեց 2008-ի սեպտեմբերից հետո, երբ արվեցին ֆուտբոլային դիվանագիտության առաջին քայլերը, որ առանց նախապայմանների բանակցությունների համաձայնությունը խախտվեց:
-Առաջին քայլը հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունն էր, հետո եղավ այն, ինչ բանակցային գործընթացում կանխատեսում էին բոլոր փորձագետները. ադրբեջանական քաղաքական մտքի ազդեցությունը թուրքական քաղաքական մտքի վրա այնքան մեծ է և թուրքական հասարակական կարծիքում այնքան վճռական դեր ունի, որ մինչև հայ-ադրբեջանական երկխոսության մեջ առաջընթաց չլինի, Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: Թուրքական հասարակական կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես պայմանավորում է ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի հետ:
-Չե՞ք կարծում, որ նույնիսկ այդ հարցի լուծումից հետո Թուրքիան նախապայման դնելու է Կարսի պայմանագրի ճանաչումը, այսինքն` սահմանը բացելուց առաջ ընդունեք այդ սահմանը:
-Գոյություն ունի 1973 թ. սովետա-թուրքական պայմանագիր սահմանների վերաբերյալ, որի հիման վրա ճանաչվել են այսօր գոյություն ունեցող սահմանները` Ախուրյան (Արփաչայ) և Արաքս (Արազ) գետերով: Կարսի պայմանագրի ճանաչման-չճանաչման մասին խոսակցություններն արհեստական, թուրքական կողմից մեջտեղ բերվող խոսակցություններ են, որոնց նպատակը քարոզչական դիվիդենդներն են և հանրությանը ցույց տալը, որ այս հարցում իրենք զիջում են պոկում: Իրականում դիվանագիտական մակարդակով որևէ մեկը նման խնդիր դնել չի կարող, որովհետև 1973 թ. խորհրդա-թուրքական պայմանագիրն այդ հարցը վաղուց կարգավորել է, և ուժի մեջ է վերջին պայմանագիրը, եթե այլ պայմանագիր չի կնքվել:
-Իսկ մենք ընդունո՞ւմ ենք 1973 թ. խորհրդա-թուրքական պայմանագրով հաստատված սահմանները:
-Կարևորը հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելն է, դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունը երկու արտաքին գործերի նախարարությունների միջև, որից հետո այդ խնդիրներին կարելի է անդրադառնալ: Այսօր այդ մասին խոսելը նշանակում է գնալ անիմաստ, միակողմանի, չարդարացված զիջումների, որոնք մեզնից ոչ ոք չի էլ ակնկալում, բացի հայ իրականության առանձին խառնակիչներից:
-ՀՀ նախագահն ասաց, որ մեկ տարի բանակցություններ են եղել շատ նորմալ մթնոլորտում, և ինքը Թուրքիայի նախագահի հրավերով ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին կմեկնի բաց սահմանի առկայությամբ: Ի՞նչ եք կարծում` նախագահը խաղը ստադիոնո՞ւմ կդիտի, թե՞ հեռուստացույցով:
-Կանխատեսումն իմ սիրելի ժանրը չէ, բայց ակնհայտ է, որ թուրքական քաղաքական գործիչները հստակ ցուցում ունեն աշխարհին ցույց տալու, որ հայերի հետ խնդիր չունեն և հայերի հետ նորմալ հարևանության ցանկություն ունեն: Դա երևում է միջազգային ատյաններում նրանց դիվանագետների և քաղաքական գործիչների կեցվածքից. վերջին մեկ տարվա փոփոխությունը դա է: Նրանց նպատակն է, մի կողմից, ժամանակ շահել` մինչև հարաբերությունները կարգավորվեն, մյուս կողմից` Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին ցույց տալ, որ պրոբլեմ չկա, թողեք իրադարձություններն իրենց հունով զարգանան: Կան, իհարկե, փոխադարձ շփումներ, բայց դրանք հարաբերությունների նորմալացման վճռական քայլեր անվանել ես չեմ կարող:
-Թուրքիան այսօր պատրա՞ստ է հայերի հետ հարաբերությունների, ի վերջո, դա նրանց համար ներքի՞ն խնդիր է, թե՞ արտաքին:
-Թուրքիան հայերի հետ պրոբլեմ ունի, հայերը, հրեաները և ամերիկացիները թուրքական հասարակության երեք ամենաչսիրված ժողովուրդներն են: Դա վիճակագրական տվյալ է: Հայաստանը Թուրքիայի արտաքին քաղաքական ծրագրերի համար ամենաանբարենպաստ հարևանն է մի շարք պատճառներով: Անկախության հաստատումից հետո` անցած մեկ տարում, երևի թուրքական պատմության մեջ առաջին անգամ, այսքան տևական ժամանակաշրջան հակահայկական բովանդակությամբ հրապարակումներ թուրքական մամուլում չեն եղել: Վերջին մեկ տարվա առաջընթացը միայն դա է: Թուրքերն ասում են` եթե առանց նախապայմանների, ապա նորմալ հարաբերություններ ունենանք միջազգային կառույցների շրջանակներում` ՍԾՏՀ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ... Հայատյացության մթնոլորտը Թուրքիայում, իհարկե, ավանդաբար կա, բայց ավելի թույլ է, քան Ադրբեջանում, որտեղ հայատյացությունը բացառիկ, աննախադեպ, ոչնչի հետ չհամեմատվող վիճակում է: Իսկ Թուրքիայում նման վիճակ չկա, պարզապես հայերին չեն սիրում, չեն վստահում, և շատ մեծ տարբերություն չկա հայկական իրականության հետ, որովհետև մեր իրականության մեջ էլ մեծ համարում Թուրքիան ու թուրքերը չունեն:
-Դա միայն անցյալի՞ց է գալիս, թե՞ ժամանակակից խնդիրներից:
-Պատմական ճշմարտության խնդիր կա. այն պատմական խնդիրները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջև, միանշանակ Թուրքիային դնում են ամենավատ վիճակում. Թուրքիան բարոյականության և իր պատմական հիշողության հետ խնդիր ունի, որ առայժմ փորձում է լռեցնել: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանն ուղղակի դատապարտված է շարունակելու մինչև այդ գործընթացի տրամաբանական ավարտը:
-Ո՞րն եք համարում այդ գործընթացի տրամաբանական ավարտ:
-Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա կարող է լինել ամենաանսպասելի, անկանխատեսելի քաղաքական պայմաններում, բայց պատմությունը ցույց է տվել, որ ատելության և չլուծված դիվանագիտական խնդիրների պարագայում դա դժվար թե տեղի ունենա:
-Ի՞նչ է նշանակում հայոց ցեղասպանության ճանաչում:
-Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է փաստի իրավաբանական ամրագրում և առնվազն ներողություն Թուրքիայի կողմից` դրանից բխող հետևանքներով:
-Ի՞նչ հետևանքներ են դրանից բխելու:
-Հայկական քաղաքական միտքն անցած 90 տարիների ընթացքում երբևէ չի հավաքվել և իր համար չի որոշել` որո՞նք են այդ հետևանքները: Առանձին անհատներ, կուսակցություններ, պատմաբաններ կարող են իրենց տեսակետը ներկայացնել, բայց հայ հավաքականության գնահատականը ենթադրում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի քաղաքական ուժերի ու հասարակական կարծիքի միջև համաձայնեցված տեսակետ, որը մինչև այժմ չի արվել:
-Այսինքն` ևս 90 տարի հետո՞: Դա չի՞ նշանակում, որ Հայաստանն էլ պատրաստ չէ հարևանի հետ հարաբերություններին:
-Ո՛չ, հարաբերություններ հիմա էլ կան, հայ-թուրքական առևտրի ծավալը մինչև 200 միլիոն դոլարի է հասնում, Թուրքիան մեր առաջատար առևտրատնտեսական գործընկերների շարքում է, հակառակ այն իրողության, որ առևտրի ծավալները չեն արձանագրվում, որովհետև անցնում են երրորդ երկրով` Վրաստանով և ներկայացվում են որպես հայ-վրացական առևտրի ցուցանիշներ: Վերջին 10 տարիներին հայ-թուրքական առևտրի ծավալները 100-200 միլիոն դոլար են եղել տարեկան: Գնացեք օդանավակայան և Ստամբուլի ու Անթալիայի չվերթների ուղևորներին հարցրեք` ո՞ւր են գնում և ինչո՞ւ: Մարդկային մակարդակով հարաբերություններ հիմա էլ կան, խոսքը միջպետական, դիվանագիտական հարաբերությունների մասին է:
-Այսինքն` առավելագույնը, որին մենք պատրաստ ենք միջպետական հարաբերություններում, դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմն է և Թուրքիայի կողմից փակված սահմանի բացո՞ւմը:
-1992 թ. մարտին փակվեցին ավտոճանապարհները, 1992-ի մայիսին թուրքական կողմը փակեց երկաթուղային ճանապարհը: Ճանապարհները բացելու համար պետք է Թուրքիայի կառավարության որոշումը, ճանապարհը փակվել է կառավարության որոշումով` փաստարկը եղել է ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի գործողությունները հակամարտության գոտում: Անցած մեկ տարում եվրոպացիների և ամերիկացիների ոչ բավարար ակտիվ կեցվածքը ցույց է տալիս, որ նրանք իրենց բարի կամքը ցույց տվեցին և բանակցությունները սկսվելուց հետո մի կողմ քաշվեցին...
-Իսկ 82 կոնգրեսականների նամակը նախագահ Օբամայի՞ն:
-Դա փաստարկ չէ, փաստարկ կլիներ, եթե Սպիտակ տունը շարունակեր ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա` օր առաջ հարաբերություններ հաստատելու համար: Նման ճնշումներ ինձ հայտնի չեն: Թուրքիայի արտգործնախարար Դավուդօղլուի վերջին հայտարարությունը, որ Թուրքիան և Հայաստանը մոտ են դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, վկայում է, որ այդ հարցն իրենց համար փակված չէ, ուղղակի «մանյովրի» տեղ են թողնում, ժամանակ են շահում, որպեսզի ճշտեն ինչ-որ հարցեր: Ես կարծում եմ` հիմա պետք է սպասել Հայաստանի և Ադրեջանի նախագահների` հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը և այն գործընթացին, որ հետո կարող է սկիզբ առնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը խթանելու ուղղությամբ: Այնքան ճշտելու և պայմանավորվելու խնդիրներ կան, որ հազիվ թե մոտակա հեռանկարում ինչ-որ վճռական տեղաշարժ լինի կարգավորման գործընթացում: Կծիկը որքան քանդվում է, այնքան նոր հարցեր են առաջ գալիս: Մեկ տարվա հանդիպումներից հետո 2 նախագահները փորձեցին համաձայնեցնել մադրիդյան 14-15 սկզբունքներից միայն 6-ը, և դա համարվեց մեծ հաջողություն: Հիմա փոխվում են նաև այդ դրույթները;
-ԼՂ հակամարտության լուծման ի՞նչ հեռանկար եք հնարավոր համարում:
-Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանում այնքան ուժեղ և խոր է, որ այդ մթնոլորտում փոխադարձ հաշտության, համաձայնության մասին խոսելը չարդարացված լավատեսություն է: Հայատյացության քարոզն այնքան խոր ու բազմաշերտ է, որ համակել է ադրբեջանական ամբողջ հասարակությունը, սերունդ է դաստիարակվում հայերի նկատմամբ ատելության ու թշնամանքի ոգով, որը շատ լուրջ խնդիր է: Եթե միջազգային հանրությունն իսկապես ուզում է` վստահության և փոխըմռնումի մթնոլորտ ստեղծվի Հարավային Կովկասում, և ատելությունն ու լարվածությունը թուլանան, լուրջ ջանքեր պիտի գործադրի, որպեսզի Ադրբեջանի ծավալած ատելության քարոզը, որը ոչ մի միջազգային նորմի մեջ չի տեղավորվում, օր առաջ դադարեցվի: Վերջին 15 տարիներին Միլլի մեջլիսի ընդունած բոլոր օրենքները պիտի վերանայվեն` սկսած նրանից, որ 19-րդ դարում Հայաստան չի եղել, եղել է Արևմտյան Ադրբեջան... Եթե փոխադարձ վստահություն չկա, եթե ատելությամբ ու ռևանշի ձգտումներով տոգորված ադրբեջանցիները պիտի վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, որ նախատեսվում է մադրիդյան սկզբունքներով, մենք նոր թշնամության, նոր պատերազմի առավել շահավետ ելակետային դիրքե՞ր ենք ստեղծում ադրբեջանցիների համար:
-Նախագահ Ալիևն իր բոլոր ելույթներում արձանագրում է, որ հարցը պիտի լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, նախագահ Սարգսյանն արձանագրում է, որ կարևորը ԼՂ կարգավիճակի հարցն է, այդ 2 ամրագրումները միմյանց լիովին հակադիր են։
-Մի հաջողության մենք արդեն հասել ենք. և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունեցին, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 սկզբունքներից 3-ը պիտի դրվեն հակամարտության կարգավորման հիմքում` տարածքային ամբողջականության ճանաչումը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառման սկզբունքները: 2008 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ արտգործնախարարների հայտարարությունը դրական ֆոն էր ստեղծում դրա համար: Բայց ադրբեջանցիները փորձում են բանակցային գործընթացը վերադարձնել 1988-1991 թթ. ելման կետին... ՈՒրիշ մեթոդական հիմք նրանք չունեն: Հայ քաղաքական էլիտայի, լրատվամիջոցների գլխավոր խնդիրն է` աշխարհին նորից հիշեցնել, որ սա ոչ թե տարածքային վեճ է, ոչ էլ հողի խնդիր է, սա Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունքում ստեղծված իրավիճակն է: Սա պիտի բացատրել. որտեղ ադրբեջանցիներն իրենց ատելության քարոզն են առաջ տանում, մենք պետք է այդ գիծն առաջ տանենք:
-Աշխարհը երբ ցանկացավ` կհասկանա, աշխարհը դա վաղուց գիտի: Այս ընթացքում Հայաստանում էլ, Ղարաբաղում էլ մեծացել է մի սերունդ, որը անկախությունից բացի, այլ կարգավիճակ չգիտի, Ադրբեջանում էլ մեծացել է մի սերունդ, որին ամեն օր ասել են` հայերը քո թշնամին են, և եթե բանակցություններն էլ վերադառնում են ելման դրություն, դա հավանական չի՞ դարձնում պատերազմի վտանգը:
-Հրադադարը հայտարարվելուց հետո այդ վտանգը միշտ էլ եղել է, պատերազմը չի վերջացել: Բայց ես հաստատ գիտեմ, որ առաջիկա տարիներին Ադրբեջանը մեր դեմ հաղթական պատերազմ վարելու ոչ մի հնարավորություն չունի` հակառակ իր օրավուր մեծացվող ռազմական բյուջեներին, չունի այն բարոյահոգեբանական մթնոլորտը, ոգու տոկունությունը, որը թույլ կտար պատերազմ սկսել ու արագ հաղթել: Պատերազմը քարոզչության դաշտ տեղափոխելու պատճառն այն է, որ Ադրբեջանը հասկանում է` չի կարող կոտրել ղարաբաղյան զորքերի դիմադրությունը և վերադարձնել Ղարաբաղը: Այդ տեղեկատվական պատերազմի նախադեպերը իրաքյան պատերազմում ամերիկյան քարոզչությունն է, անգլիական դեղատոմսերն են, իսրայելական քարոզչությունն է` արաբա-իսրայելական հակամարտության և Գազայի տարածքի հետ կապված: Ադրբեջանական քարոզչությունը կառուցվում է այդ խորհրդատվության հիման վրա, և նրանց քարոզչական մեքենան աշխատում է անթերի: Մի 10-20 կայքով էլ մենք ենք փորձում հակադարձել նրանց քարոզչությանը, ու դրանով հարցը վերջանում է, բայց պետք է տրվի ոչ թե սիմետրիկ, այլ` ասիմետրիկ պատասխան:
-Ինչո՞ւ հայ քաղաքականությունը, դիվանագիտությունը, քարոզչությունն առաջնորդվում են պատասխան հարվածի մարտավարությամբ, երբ կա սեփական քայլի իրավունքը:
-Ես չգիտեմ, բայց դա մոլորություն է, հույս ունեմ, որ շատ շուտով մեզ կհաջողվի ի մի բերել Հայաստանի վերլուծական դաշտում գործող բոլոր հիմնական ուժերին և պասիվ պատասխանողի վիճակից դուրս գալ:
-Արվեստ և քաղաքականություն` ի՞նչ կապեր կան, այն օրինաչափությունները, որ գործում են մշակութային դաշտում, գործո՞ւմ են քաղաքականության մեջ:
-Ամեն ինչի բարձր մակարդակը արվեստ է, մեկի համար քաղաքականությունը փեշակ է, մյուսի համար` արվեստ: Ես կողմնակից եմ, որ քաղաքականության մեջ լիդերները արվեստով շարժվեն, ոչ թե փեշակավոր լինեն: Քաղաքականության մեջ նույնպես գեղեցիկ լուծումներ կարող են լինել, չնայած քաղաքականությունը հնարավորի արվեստն է, իսկ արվեստում անհնարինն էլ հնարավոր է: Կեցության իմաստը` ունենա՞լ, թե՞ լինել: Հարցադրումը Ֆրոմն է արել: Մարդկության մի մասն ապրում է ունենալու համար, մյուս մասը` ավելի փոքրը` լինելու: Ո՞վ է ճիշտը: Արվեստն ու քաղաքականությունն ամեն օր որոնում են այդ հարցի պատասխանը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ