ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵՆՔ ՎԱՂՈՒՑ ՈՐԴԵԳՐԱԾ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ»

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵՆՔ ՎԱՂՈՒՑ ՈՐԴԵԳՐԱԾ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՄԲ»
26.03.2010 | 00:00

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի շուրջ վերջին զարգացումները և հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը մեկնաբանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
-Պարոն Հովհաննիսյան, Դուք ներկա էիք ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևի քննարկմանն ու ընդունմանը։ Բանաձևն անցավ մեկ ձայնի տարբերությամբ, սակայն գրեթե ոչ ոք չի պարզաբանել, թե ինչո՛վ էր պայմանավորված այդ հանգամանքը, երբ երեք տարի առաջ նույն բանաձևն ընդունվեց ձայների 27-20 հարաբերակցությամբ։ Ձեր գնահատականը։
-Նախ, նշեմ, որ մենք շատ մոտ էինք պարտության, և միանգամայն հավանական էր, որ վերջին պատգամավորը, ում ձայնը որոշիչ եղավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձևի ընդունման առումով, վերջին պահին չներկայանար կամ էլ նույնիսկ դեմ քվեարկեր։ Նրա, ինչպես նաև կողմ քվեարկած բոլոր պատգամավորների աջակցությունն ապահովելու համար ամերիկահայության, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի կողմից, իսկապես, ահռելի աշխատանք կատարվեց։ Այսօր շատերն ասում են, թե ի՞նչ արժեք ունի այդ բանաձևի կրկին ընդունումը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եթե դա ծառայում է ընդամենը որպես Թուրքիային ճնշելու լծակ ամերիկյան ներկա վարչակազմի համար։ Սա տխմարություն է, որովհետև վարչակազմն իրականում չէր ցանկանում, որ որոշումն ընդունվեր, և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումների օրը Սպիտակ տանը կազմակերպել էին մեկ այլ քննարկում բոլորովին այլ հարցի վերաբերյալ, որին, կարծես դիտավորյալ, հրավիրվել էին հենց բանաձևին աջակցող պատգամավորները։ Իսկապես, շատ մեծ ջանքեր պահանջվեցին, որ այդ միջոցառումից հետո նրանք հասնեին Կոնգրեսի դահլիճ և քվեարկեին։
-Մինչդեռ շատ փորձագետներ ու վերլուծաբաններ պնդում են, որ այս անգամ Օբամայի վարչակազմի կողմից լուրջ ճնշում չի եղել հանձնաժողովի վրա։
-Ճնշում եղել է, և դա արտահայտվեց բանաձևի ընդունման օրը Հիլարի Քլինթոնի` Կոստա Ռիկայում արած հայտարարությամբ։ Ի դեպ, ԱՄՆ-ի պետքարտուղարը նույն դիրքորոշումը կրկնեց բոլորովին վերջերս ռուսական հեռուստատեսությամբ Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում։ Բայց իմ տպավորությամբ, հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումները բացահայտեցին ևս մի քանի կարևոր իրողություններ։ Առաջին անգամ էր, որ ելույթ ունեցող ցանկացած պատգամավոր, անգամ դեմ քվեարկող, նույնիսկ բանավոր չհերքեց Ցեղասպանության իրողությունը։ Սա դրական է, որովհետև նշանակում է, որ ամերիկյան հասարակության մեջ ոչ ոք փաստը կասկածի տակ չի դնում այլևս։
Միաժամանակ խիստ բացասական էր այն, որ եթե նախկինում բանաձևին դեմ հանդես եկողներն իրենց դիրքորոշումը հիմնավորում էին ԱՄՆ-ի շահերի շրջանակում Թուրքիայի կարևորությամբ, ապա այս անգամ ուղղակի շահարկում էին հայ-թուրքական արձանագրությունների առկայությունը։ Այսինքն, երկու երկիր փորձում են իրար հետ կարգավորել խնդիրները, մենք ինչո՞ւ միջամտենք և նույնիսկ վնասենք այդ գործընթացին։ Ընդ որում, այդպիսի դիրքորոշում էին արտահայտում այն պատգամավորները, ովքեր երեք տարի առաջ կողմ էին քվեարկել բանաձևի ընդունմանը։ Օրինակ, կոնգրեսական Մակքոլը հանդես եկավ հենց այդպիսի դիրքերից։ Այս տեսակետը պաշտպանողները նաև չէին թաքցնում, որ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են հայ և թուրք պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծում, որը պետք է քննարկի վիճահարույց խնդիրները, այդ թվում` Ցեղասպանության հարցը։ Հանգամանք, որը համառորեն հերքում են մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները։ Այսինքն, հայ-թուրքական արձանագրությունները բոլոր դեպքերում լուրջ վնաս են հասցրել գործընթացին։
-Բանաձևը մինչև ապրիլի 24-ը կհաջողվի՞ ընդգրկել Կոնգրեսի օրակարգում։
-Բնականաբար, դա շատ ցանկալի է, բայց եթե իրատեսորեն նայենք` քիչ հավանական։ Թեպետ մենք ժամանակ ունենք մինչև ուշ աշուն, և այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր, անկասկած, կգործադրվեն։
-Իսկ եթե Թուրքիան շարունակի ներկայիս ոճով մատ թափ տալ ԱՄՆ-ի վրա՞։ Սկզբունքորեն ակնհայտ է, որ Անկարան Վաշինգտոնի հետ այսօր խոսում է կոշտ դիրքերից։
-Եկեք իրատես լինենք, նայած թե որ հարցերում է Թուրքիան մատ թափ տալիս։ Հիմնականում դա հայկական հարցն է, Կիպրոսի խնդիրը, որն ավելի շատ առնչվում է ոչ այնքան Թուրքիա-ԱՄՆ, որքան թուրք-եվրոպական հարաբերություններին։ Որոշ տարաձայնություններ էլ կան քրդական հարցում, բայց, իմ տպավորությամբ, բոլոր այդ խնդիրներն այս պահին հրատապ օրակարգային չեն ԱՄՆ-ի համար։ Մնացած խնդիրներում Թուրքիան և ԱՄՆ-ը հիմա այնքան էլ մեծ տարաձայնություններ չունեն։ Դրա համար էլ մենք իրատեսորեն ենք նայում իրավիճակին, և որքան էլ ցանկալի է, բայց, մյուս կողմից, չարժե ապրիլի 24-ի շեմին մեծ սպասումներ ունենալ։
-Շվեդիայի խորհրդարանը նույնպես ճանաչեց Ցեղասպանությունը, և որոշում ընդունվեց դարձյալ մեկ ձայնի տարբերությամբ։ Դա, համենայն դեպս, տպավորություն է ստեղծում, որ այստեղ կազմակերպված խաղ կար։ Շվեդիայում արդյունք տված գործընթացը համայնքի՞ նախաձեռնությունն էր, թե՞ ընդհանրապես սփյուռքյան կառույցների, կամ Ձեր կուսակցության։
-Ինչպես հայտնի է, Շվեդիայի հայկական համայնքը մեծ չէ` մոտ 5 հազար մարդ, և ազդեցության առումով էլ չի կարող համեմատվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մերձավոր Արևելքի հայկական համայնքների հետ։ Թեպետ, իհարկե, այնտեղ բնակվող մեր հայրենակիցներն էլ ջանքեր գործադրել են, որովհետև, այնուհանդերձ, կան անձնական կապեր և այլն։ Այս պարագայում, սակայն, կարևոր նշանակություն ունեցավ այն, որ Շվեդիան սոցիալիստական ուղղվածության երկիր է, և եվրոպական սոցիալիզմը յուրաքանչյուր մարդու մոտ առաջին հերթին ասոցացվում է շվեդական մոդելով։ Միաժամանակ, սոցիալիստները Շվեդիայում շատ մեծ կշիռ ունեցող քաղաքական ուժ են, եթե նույնիսկ տվյալ պահին կառավարող կուսակցություն չեն։ Բայց միաժամանակ սա այն երկիրը չէ, ուր հնարավոր է աշխատել Շվեդիայի քաղաքացի հանդիսացող հայազգի ընտրողի ազդեցությունը պատգամավորի վրա կիրառելով։ ՈՒստի մենք շվեդական սոցիալիստների հետ համապատասխան աշխատանք տարել ենք Սոցինտերնի շրջանակներում։
-Դաշնակցությունը դեռևս Սոցինտերնի անդա՞մ է։
-ՀՅԴ-ն Սոցինտերնում է 20-րդ դարի սկզբից։ Շվեդական սոցիալիստներն էլ բավականին լայն մասնակցություն ունեն միջազգային միջկուսակցական կառույցներում։ Թեպետ ավանդաբար նրանց դիրքորոշումն էլ նախկինում հայամետ չի եղել, ինչպես առհասարակ ողջ Եվրոպայում սոցիալիստական կուսակցություններինը։ Գերմանական, հոլանդական, դանիական, շվեդական սոցիալիստները միշտ հանդես են եկել էմիգրանտների, ցածր վարձատրվող խավերի շահերի պաշտպանությամբ, իսկ այդ շերտերի մեջ թուրքերը մեծ թիվ են կազմում։ Թուրքիայի քաղաքական հարաբերություններն էլ Շվեդիայի հետ անհամեմատելի են հայ-շվեդական հարաբերությունների հետ։ Իրականում տարիների աշխատանք պահանջվեց մեր շվեդ գործընկերների դիրքորոշման փոփոխությանը հասնելու համար, և միայն անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ սատարելու են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին իրենց երկրում։ Միաժամանակ կարևոր նշանակություն ունեցավ Շվեդիայում բավականին ազդեցիկ ասորական համայնքի աջակցությունը։
Այնպես որ, ԱՄՆ-ում զարգացող գործընթացի հետ զուգահեռները բացարձակապես անտեղի են։ Միացյալ Նահանգներում բոլորովին այլ մեխանիզմներ են աշխատում, երբ հայ ընտրողները կարող են անմիջականորեն ազդել իրենց ընտրած կոնգրեսականի վրա։ Գործընթացների որոշակի համընկնումը զուտ պատահականություն է։
-Շվեդիայի վարչապետն ու արտգործնախարարը հայտարարեցին, թե խորհրդարանի ընդունած որոշումը երկրի պաշտոնական դիրքորոշումը չէ։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Շվեդական գործադիր պատասխանատուների այդ հայտարարությունները լուրջ զայրույթ են առաջացրել նրանց խորհրդարանում, ընդ որում, նաև բանաձևին դեմ քվեարկած պատգամավորների շրջանում։ Շվեդիան թեպետ ձևականորեն սահմանադրական միապետություն է, բայց իրականում խորհրդարանական կառավարում ունեցող երկիր է։ Այսինքն` խորհրդարանում մեծամասնություն ունեցող ուժերից են նշանակվում վարչապետն ու կառավարությունը։ Եվ պատգամավորների համար, բնականաբար, ընդունելի չէ նման վերաբերմունքն իրենց որոշման նկատմամբ։ Մանավանդ որ ընդունված որոշումն օրենք չէ և որևէ մեկի հավելյալ ստորագրման կարիք չունի։ Դա բանաձև է, որն անմիջապես մտնում է ուժի մեջ, և որի համաձայն Շվեդիան, իբրև պետություն, ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Առանձին շվեդ գործիչների անձնական կարծիքն այստեղ որևէ նշանակություն չունի։
-Անդրադառնանք հայ-թուրքական արձանագրություններին։ Ներկայիս գործընթացի կապակցությամբ բազմաթիվ են պնդումները, որ ինչքան էլ Վաշինգտոնը ճնշում է, Անկարան, միևնույն է, արձանագրությունները չի վավերացնելու։ Եվ, ըստ այդմ, պրոցեսը կարելի է տապալված համարել։
-Այն ուժերը, այդ թվում` դաշնակցությունը, ովքեր դեմ էին հայ-թուրքական արձանագրություններին, դեռ երկու տարի առաջ են նշել, որ այս գործընթացը տապալվելու է։ Պարզապես հիմա դա ակնհայտ է ամբողջ հասարակության, այդ թվում` «նախաձեռնողական» քաղաքականության հեղինակների համար։ Այդ գործընթացը կարող էր չտապալվել միայն մի դեպքում` եթե Հայաստանը մինչև վերջ գլուխը կախ կատարեր Թուրքիայի բոլոր նախապայմանները։ Հիմա, երբ հետադարձ հայացք ենք գցում գործընթացի վրա, սկսած «ճանապարհային քարտեզի» հրապարակումից և արձանագրությունների նախաստորագրումից, դեռ այդ ժամանակ ենք մատնացույց արել, որ Թուրքիան ստանում է ամեն ինչ, իսկ Հայաստանը` ոչինչ։ Այսինքն, սահմանի ճանաչում, պատմաբանների հանձնաժողով, ու միաժամանակ ակնհայտ էր, որ Թուրքիան դրանով չի բավարարվելու և զիջումներ է պահանջելու Ղարաբաղի հարցում։ Մեր ընդդիմախոսները չէին ուզում հավատալ, բանավիճում էին, մինչև ժամանակն ապացուցեց, որ մենք ճիշտ ենք։
Այն, որ Հայաստանի նախագահն արձանագրությունների ստորագրումից առաջ հանդես եկավ ուղերձով, որտեղ փորձեց փարատել հանրային մտահոգությունները, այնուհետև Սահմանադրական դատարանի վճիռը եղավ, և վերջապես, փոփոխությունը միջազգային պայմանագրերի մասին օրենքում, որ հնարավորություն է տալիս Հայաստանի ստորագրությունը հետ վերցնելու, ուղղակի կատաղեցրել է Թուրքիային։ Այսինքն` Անկարայում արձանագրությունների նախաստորագրումից հետո ակնկալում էին, որ Հայաստանը ոչ միայն կկատարի իրենց սպասած զիջումները, այլև ճնշում կգործադրի սփյուռքի վրա` Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու առումով։ Բայց հայկական կողմը չնահանջեց` առաջին հերթին ի դեմս սփյուռքի։ Հայաստանը թող որ սայթաքումներով, այնուհանդերձ, բարձրաձայնեց իր շահերի մասին և Ցեղասպանության ճանաչման հետ կապված էլ ինչ-որ քայլեր արեց։ Ես ուրախ էի, որ ԱՄՆ-ում ինձ հետ ՀՀԿ-ն ներկայացնող երկու պատգամավորներ էլ կային և հնարավորություն ունեցան տեսնելու, թե սփյուռքի հայկական կազմակերպությունների ինչպիսի ահռելի ջանքերի գնով են ձեռք բերվում նման որոշումները։
-Ճապոնիայում Թուրքիայի նախկին դեսպանը կարծիք էր հայտնել, որ Անկարան պետք է վերջ տա հայերի հետ Ցեղասպանության հարցի վիճարկմանը և ուղղակի դիմի Հաագայի միջազգային դատարան` այս հարցին վերջնական պարզաբանում տալու համար։ Ինչպե՞ս իրեն պիտի պահի հայկական կողմն այս պարագայում։
-Գիտե՞ք, մեզանում էլ այդ առաջարկը շատ հաճախ է հնչում, հատկապես վերջերս։ Բայց այսպիսի հարցերում, որոնք առնչվում են հարևանությամբ ապրող պետությունների, երկու ժողովուրդների խորքային հարաբերություններին, որևէ դատարանի վճիռ չի կարող վերջնական ատյան դառնալ։ Եթե թուրքերը նման գաղափար են առաջ քաշում, նշանակում է` ինչ-որ պատկերացում ունեն, որ այդ դեպքում գործընթացը կարող է գնալ իրենց ուզած սցենարով։ Այսինքն` միջազգային ցանկացած դատարան կարող է կայացնել որոշում Թուրքիայի ազդեցությամբ, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, հարցին խորապես չտիրապետելու պատճառով, և այդ որոշումը չհամապատասխանի իրականությանը։ Հիմա ի՞նչ է, հայ ժողովուրդը պե՞տք է համակերպվի դրա հետ։ Իհարկե ո՛չ, առնվազն մեր կուսակցության մասով ես դա կարող եմ հաստատ պնդել։ Հասկանալի է, որ եթե Անկարան դիմի այդպիսի քայլի, մենք, թերևս, չենք կարող խուսափել և պիտի պատրաստ լինենք ցանկացած ատյանում հարցի քննարկմանը։ Բայց մեր կողմից այդպիսի քայլը ես նպատակահարմար չեմ համարում այսօր։
-Միջազգային դատարանում, քննարկման դեպքում, ո՞վ պետք է հանդես գա հայկական կողմից իբրև պահանջատեր։ Հայաստանը իբրև պետությո՞ւն, թե՞ սփյուռքը։
-Այդպիսի տարաբաժանում չի կարելի կատարել։ Մի կողմ թողնելով մեր շատ պատասխանատուների կենացային ճառերը սփյուռքի մասին, եկեք արձանագրենք, որ սփյուռքի գոյությունն ինքնին Ցեղասպանության ուղղակի հետևանք է։ Այսինքն` Օսմանյան Թուրքիայում, այն ժամանակ նրա կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում և այլ վայրերում Օսմանյան պետությունն իրագործել է իր հպատակների ցեղասպանություն։ Սա առանձին քննարկման հարց է, դրանից բխող բոլոր հետևանքներով։
Երկրորդ հանցանքն արդեն քեմալական դարձած Թուրքիան, բոլշևիկացած Ռուսաստանի աջակցությամբ, կատարել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ իբրև միջազգային իրավունքի անկախ սուբյեկտի 1920-ին։ Այսինքն, քեմալա-բոլշևիկյան ագրեսիայի արդյունքում տեղի է ունեցել Հայաստանի մասնատում, ինչի պատճառով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառն անցել են Թուրքիային, նրա ճնշումով` Նախիջևանն ու Ղարաբաղը տրվել են Ադրբեջանին։ Եվ այս հարցում, իբրև կողմ, բնականաբար, պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը։ Թեպետ Ցեղասպանության հարցում էլ Հայաստանը չի կարող անմասն մնալ, որովհետև երկրի քաղաքացիների առնվազն կեսը ծագումով Արևմտյան Հայաստանից է, այսինքն` ցեղասպանության ենթարկվածների անմիջական սերունդներն են և պահանջների առումով նույնպիսի իրավունքներ ունեն, ինչպիսին սփյուռքահայերը։
-Եթե Դուք դեմ եք հարցը Հաագայի դատարան մտցնելուն, ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումն ընդհանրապես։
-Մենք պետք է առաջ շարժվենք վաղուց որդեգրված մեր ռազմավարությամբ` Ցեղասպանության համաշխարհային ճանաչմամբ։ Այդ գործելակերպն ապացուցել է իր արդյունավետությունը։ Երկիր առ երկիր, նահանգ առ նահանգ, միջազգային կազմակերպությունների շրջանակներում մենք պիտի շարունակենք առաջ մղել ճանաչման գործընթացը, ինչն ինքնանպատակ չէ։ Դա անուղղակի, բայց շատ հզոր ճնշում է ոչ միայն թուրք պետության, այլև թուրքական հասարակության վրա։ Ցեղասպանության հետևանքների փոխհատուցման մենք կարող ենք հասնել, եթե փոխվի թուրք հասարակությունը, և ճանաչման գործընթացի հետևանքով այդ փոփոխություններն ակնհայտ են։ Օրերս «Թարաֆ» թերթում 14 թե 15 թուրք մտավորականներ ոչ թե պարզապես ներողություն էին խնդրել, այլ ընդունել էին Ցեղասպանության փաստը։ Նման օրինակները հիմա բազմաթիվ են, ինչն առաջ պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր։ Ցավոք, այդ բանը չենք կարող ասել թուրք հասարակության մեծամասնության մասին, բայց, մյուս կողմից էլ, հասարակական կարծիքի փոփոխությունն արագ գործընթաց չէ, այն դեռ հանդիպելու է բազմաթիվ խոչընդոտների։ Մեզ պետք է հետևողական լինել և հասնել նրան, որ թուրք հասարակության մեջ արթնանան նոր ուժեր, որոնք կգիտակցեն` առանց այս խնդրին լուծում տալու երկու ժողովուրդների, պետությունների միջև նորմալ հարաբերություններ կառուցվել չեն կարող։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ