ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՀԶՈՐ ԿՈՒԼՏՈՒՐԱ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ԷԼԵՄԵՆՏԱՐ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ»

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՀԶՈՐ ԿՈՒԼՏՈՒՐԱ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ԷԼԵՄԵՆՏԱՐ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ»
17.11.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
«ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՄԻՆՉԵՎ 2031-Ը ԿՀԱՍՆԻ 1905 ՄԵՏՐԻ»
-Պարոն Մովսիսյան, Սևանա լճի բարձրացումը պետական ի՞նչ ծախսերի է հանգեցրել (ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ): Այսօրվա դրությամբ որքա՞ն կոմունիկացիաներ են ապամոնտաժվել և վերականգնվել:
-Դրանք շատ կարևոր խնդիրներ են, որոնք իրենց հերթին բաժանվում են մի քանի խմբի: Շուրջ 2780-հեկտարանոց անտառները, որոնք արհեստական էին, ջրածածկվելու են, և դրանց մաքրման համար պահանջվում է 1 միլիարդ 400 միլիոն դրամ: 2009 թ. համար նախատեսվում էր մաքրել նշված ծավալից 600 հեկտարը` 257 մլն դրամի չափով: Այդ աշխատանքներն ընթանում են և դեկտեմբերին կավարտվեն: Նորույթն այստեղ այն է, որ, նախագահի հանձնարարականով, անտառահատումից գոյացող վառելափայտն անվճար տրվելու է մարզի զոհված ազատամարտիկներին և սոցիալապես անապահով ընտանիքներին։ Այդ գործընթացը հիմա ընթացքի մեջ է:
Երկրորդ կարևորագույն խնդիրը գազատարներն են, էլեկտրահաղորդման ցանցերը: Էլեկտրահաղորդման գծերը, մեր ունեցած տվյալներով, շուրջ 1018 կմ են, իսկ գազատարներն իրենց բոլոր կայաններով և ենթակայաններով` շուրջ 19 կիլոմետր: Այդ երկուսի տեղափոխման ծախսերը կկազմեն ավելի քան 3 մլրդ դրամ…
-Սկսվե՞լ են աշխատանքները, և ո՞ւմ միջոցներով են կատարվելու այդ գործողությունները:
-Շուտով սկսվելու են այդ աշխատանքները: Եթե անտառների մաքրումը պետք է արվեր պետբյուջեի հաշվին, ապա սա արվելու է «ՀայՌուսգազարդի» և Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի միջոցներով: Մյուս կարևոր խնդիրը ճանապարհներն են, որոնք այդ գործողությունների ժամանակ մնալու են ջրի տակ: Դրանցից շուրջ 2 կմ 100 մետրն այս տարի Լճաշենի հատվածում երեք մետրով բարձրացնելու ենք, որպեսզի հետագայում կարողանանք մնացած հարցերը նույնպես լուծել: Շուրջ 15 կմ ճանապարհ պետք է փոխադրվի (մոտ 30 տոկոս): Ափամերձ ճանապարհների մի մասն էլ պետք է ամրացվի, որ չողողվի ջրով:
Հաջորդ խնդիրը շենքերի ու շինությունների հետ է կապված: 1905 մետրից ներքև գտնվում է շուրջ 1967 շենք-շինություն, որոնցից 481-ն օրինական են, իսկ 1216-ը` ինքնակամ կառուցված: Այդ բոլոր շինությունների շուրջ 75 տոկոսը շարժական է: Ամենայն հավանականությամբ, լճի մակարդակը մինչև 2031 թվականը կբարձրանա մինչև այդ նիշը`1905 մետր:
-Այն, որ ցուցանիշն այդքան կբարձրանա, լավ է, սակայն խնդիրն այն է, որ, անշուշտ, կջրածածկվեն ափամերձ բնակավայրերը։ Ի՞նչ է արվելու այդ ուղղությամբ: Նկատենք, որ գոյություն ունի օրենքով սահմանված փոխհատուցման կարգ:
-Այն շինությունները, որոնք օրինական են, գրանցված, պետք է փոխհատուցվեն օրենքով սահմանված կարգով` դրանց արժեքի չափով: Ինքնակամ կառուցված շինությունների դեպքում այլ է հարցը։ Մենք առաջարկում ենք կնքել մի պայմանագիր, որի համաձայն նրա տերը պարտավոր է, ջուրը բարձրանալու դեպքում, քանդել իր ունեցվածքը` իր միջոցների հաշվին, մենք այդ պայմանագիրն առաջարկում ենք կնքել մինչև 2010 թ.։ Իսկ եթե նա չի համաձայնում այդպիսի պայմանագիր կնքելուն, ապա այդ շինությունը կարող է դառնալ պետության սեփականությունը, բայց հաշվի առնելով, որ տվյալ սեփականատերը կարող է լինել ՀՀ քաղաքացի, որը ծախսեր է կատարել և այլն, մենք պետականացման դեպքում էլ թույլատրում ենք բնակվել այդ տանը` վարձակալական հիմունքներով: Այդ դեպքում նա պետությանը պետք է մուծի մինիմալ գումար` բնակության համար, բայց եթե ջուրը հասնի այդ տանը, այն կամ պետք է տեղափոխվի կամ քանդվի առանց փոխհատուցման:
-«Արփա-Սևան» թունելի փլվածքների համար ևս նախատեսվել էին խոշոր հատկացումներ: Ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս տարվա ընթացքում:
-«Արփա-Սևան» թունելի երկարությունը 48, 2 կմ է։ Այդ հատվածի 3 կմ 600 մետրը վթարային վիճակում է գտնվում։ Դրանք հիմնականում հատակի և երեսարկի դեֆորմացված հատվածներն են: Նախագիծն արդեն կազմված է, արժեքի մասին ես իրավունք չունեմ նախօրոք խոսելու մինչև մրցույթի անցկացումը (անցկացվելու է շինարարական կազմակերպության ընտրություն), որը կլինի այս տարի: Բայց ծավալի չափը 3 կմ 600 մետր է: Արդեն շուրջ 1 մլրդ դրամի վերականգնողական աշխատանքներ ենք կատարել և, ամենայն հավանականությամբ, 5-6 տարվա ընթացքում կկատարենք բոլոր աշխատանքները:
-Ինչո՞ւ հինգ-վեց։
-Մենք կարող ենք երեք տարում էլ անել, բայց այդ դեպքում Սևան չենք կարող ջուր տեղափոխել: Աշխատելու ենք համատեղված գրաֆիկով: Վեցից-յոթ ամիս աշխատելու ենք թունելախորշում, իսկ այդ ժամանակահատվածում չի կարելի ջուր տեղափոխել: Մենք այս տարի այդ գրաֆիկով աշխատել ենք. և՛ Կեչուտի ջրամբարից, և՛ «Արփա-Սևանով» 170 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխվել, սակայն նշենք, որ նախագծային հզորությունը 250-260 մլն է: Ավելի լավ է համատեղված աշխատել, քան Սևան ընդհանրապես ջուր չտեղափոխել:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ, ԻՍԿ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՏԱՐՈՎ»
-Ինչպես հայտնի է, Սևանում տիրող անկանոն որսը հանգեցրեց ձկնապաշարի ահռելի կրճատման: Դրա ամենաառաջին պատճառներից մեկը արտոնագրային ձկնորսությունն է: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Սևանի ձկնապաշարը վերականգնելու ուղղությամբ:
-Այդ խնդրի վերաբերյալ մենք մեր առաջարկներն արդեն ներկայացրել ենք նախագահին: Նա դրանք շուտով կվերանայի և կուղարկի կառավարության քննարկմանը: Մեր ներկայացրած առաջարկներն ութ բաժիններից են կազմված: Մենք կարծում ենք, որ կառավարությունը պետք է մշակի Սևանա լճի բնական պաշարների պահպանման, վերարտադրման, օգտագործման, բնականոն զարգացման համալիր ծրագիր` ներառելով ինչպես մարտավարությունը, այնպես էլ ռազմավարությունը: Ծրագրերի մասերից են ձկնային պաշարների վերականգնումը, պահպանությունը: Մեր առաջարկության մեջ կոնկրետ նշված է, որ պետք է վերանայվի լիցենզավորման կարգը: Պետք է երկարատև լիցենզավորում լինի, և այն մարդիկ, ովքեր չեն զբաղվում ձկպաշարների ավելացմամբ, ձկնորսությամբ զբաղվելու իրավունք ևս չպետք է ունենան: Այսինքն` լիցենզիա ունեցող մարդու պարտավորությունների մեջ են մտնելու ձկնապաշարների վերարտադրությունը, զարգացումը, ավելացումը, պահպանությունը, որսը և այլն: Լիցենզիայի մեջ պետք է լինեն համալիր պայմաններ, և դրանցից մեկը խախտելու դեպքում կդադարեցվի լիցենզիայի գործունեությունը:
Երկրորդ առաջարկը հետևյալն է. որպեսզի եղած ձկնային պաշարները կարողանան դառնալ սեռահասուն և սկսեն վերարտադրվել, մենք առաջարկում ենք 3-4 տարով ընդհանրապես արգելել ձկնորսությունը, բացի խեցգետնից և կարասից: Այդ առաջարկությունը, մեր կարծիքով, պետք է ընդունվի, եթե, իհարկե, ելնում ենք ձկնաբուծության շահերից:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽԱԽՏՈՒՄ ԿՊԱՏԺՎԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ»
-Դուք ասացիք, որ թույլատրվում է խեցգետնի և կարասի որսը: Իսկ այսօր ձկան որսը կատարում են հատկապես այդ կարասի և խեցգետնի անվան տակ լիճ մտած մարդիկ: Ի՞նչ միջոցներ են կիրառվում դա կանխելու համար:
-Թերություններ մեր առաջարկություններում էլ կան… Կան դրանց պատճառները և, իհարկե, վերացման ուղղությունները: Դա առաջարկությունների մեծ փաթեթ է: «Սևան» ազգային պուրակը և բնապահպանության նախարարությունն այս խնդրում, իրոք, բացթողումներ ունեն: Ես վստահ եմ, որ լիցենզավորման նոր կարգը և աշխատանքային կազմակերպման նոր ձևն այստեղ կարող են կարգուկանոն հաստատել: Օրենքն ամեն կերպ էլ կարող են խախտել, հնար միշտ էլ կգտնվի: Բայց ուզում եմ իմանաք, որ այդ հարցերը մեր ֆունկցիաների մեջ չեն մտնում: Դա բնապահպանների գործն է, կարող եք դիմել կամ «Սևան» ազգային պուրակին, կամ բնապահպանության նախարարությանը: Մեր գործն այդ խնդրում միայն առաջարկներ մշակելն է, որպեսզի այդ գործընթացը կազմակերպվի և բարելավվի: Իսկ թե ինչպես են խախտում, չգիտեմ… Յուրաքանչյուր խախտում պետք է պատժվի օրենքով սահմանված կարգով:
-Պարոն Մովսիսյան, ձկնորսական քանի՞ բրիգադ է պայմանագիր կնքելու «Սևան» ազգային պուրակի հետ:
-Չեմ կարող ասել, դա արդեն մրցույթով պետք է պարզվի… Տեսնում եմ, որ ձեզ ավելի շատ ձկնորսությունն է հետաքրքրում: Դա մեր հանձնաժողովի գործունեության ընդամենը հինգ-վեց տոկոսն է։ Մենք ավելի կարևոր ու բարդ խնդիրներ ունենք, քան ձկնորսությունը։ Ես արդեն ասացի, թե այդ հարցերով Դուք ում պետք է դիմեք:
-Ամեն դեպքում, սրանք այնպիսի հարցեր են, որոնց, իմ համոզմամբ, Դուք քաջատեղյակ եք և իրավասու պատասխանելու, այլապես Ձեզ չէի անհանգստացնի իմ այցով… Կարծես, ինչ-որ բանից դժգո՞հ եք։
-Իսկ ինչի՞ց պետք է դժգոհ լինեմ, ամենևին… Դուք Ձեր աշխատանքն եք կատարում, ես` իմ: Շատ կասկածամիտ եք երևում: Եթե Ձեզ հետաքրքրում է, թե քանի մարդ է ձկնորսությամբ զբաղվում, կասեմ: Գեղարքունիքի մարզում, ըստ պաշտոնական տվյալների, 1760 մարդ զբաղվում է ձկնորսությամբ: Մենք այս 1760 հոգու շահերը չպետք է գերագնահատենք ձկնային վերարտադրության շահերից: Եվ եթե այս նոր լիցենզավորման կարգն ընդունվի, ապա վերոհիշյալ 1760 հոգին կընդգրկվի այդ լիցենզավորված միավորումների մեջ, կաշխատի կազմակերպված ու կլինի մեր ուշադրության կենտրոնում:
-Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրած արտագնա խորհրդակցության ժամանակ Դուք կարևորեցիք Սևանի, Գավառի, Լիճքի և Կարճաղբյուրի ձկնաբուծարանների վերագործարկման խնդիրը, որոնք սեփականաշնորհվել և մատնվել էին անգործության: Ի՞նչ է արվել և արվում այդ ուղղությամբ:
-Հիմնականում դրա հետ կապված աշխատանքներն անում է «Սևան» ազգային պուրակը` բնապահպանության նախարարության հետ: Այդ հարցերը պարունակում են լուրջ միջոցառումներ: Ես, արդեն ասացի, որ առաջարկությունում կա մի կետ, ըստ որի, լիցենզավորման նոր կարգի ընդունման դեպքում, ձկնաբուծության վերարտադրության կազմակերպմամբ պետք է զբաղվի միայն լիցենզիա ունեցողը: Միաժամանակ նա պետք է պատասխանատվություն կրի ձկնային պաշարների պահպանման, ավելացման և վերարտադրության կազմակերպման համար, որից հետո նոր իրավունք կունենա զբաղվելու ձկնորսությամբ: Մեր կողմից առաջ քաշվող այս առաջարկությունները կարող են ընդունվել կամ ամբողջությամբ, կամ մասամբ, կամ էլ մշակվել այլ կերպ: Մենք պետք է հաշվի նստենք նաև մյուսների կարծիքների հետ:
«ԱՂՏՈՏՈՂՆ ԷԼ ԵՆՔ ՄԵՆՔ, ԽՈՍՈՂՆ ԷԼ»
-Պարոն Մովսիսյան, Դուք միշտ սիրում եք կրկնել, որ Սևանը մեզ պետք է մաքուր վիճակում: Սակայն, ինչպես հայտնի է, Սևանի մաքրությանը սպառնում են ինչպես լիճ թափվող կեղտաջրերը, այնպես էլ ջրի տակ հայտնված անտառային տարածությունը։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
-Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում. եթե մենք ջրի մաքրությունը չենք ապահովում, լճի բարձրացումը դառնում է ինքնանպատակ, քանի որ մեր խնդիրը մաքուր, այլ ոչ թե տեխնիկական կամ ոռոգման ջուր ունենալն է: Դրա համար բարձրանալու անհրաժեշտությունը չկա: Մենք ունենք մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ջրի որակի բարելավմանը:
Առաջին` այս տարվանից սկսվել է Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ջերմուկի կոյուղացանցերի վերականգնման ծրագիրը` շուրջ 4 մլն եվրո արժողությամբ, որը կավարտվի եկող տարվա դեկտեմբերին:
Երկրորդ` շուտով սկսվելու է Մարտունու, Գավառի և Վարդենիսի կայանների շինարարությունը, որը կավարտվի 2011 թ. օգոստոսին:
Երրորդ հարցն այն է, որ եկող տարվանից ձեռնամուխ ենք լինելու կենցաղային աղբի մաքրման, տեղափոխման և ուտիլիզացիայի խնդիրներին: Հաջորդը. Սևանի ավազանում կա ափամերձ 59 բնակավայր: Առաջիկայում պետք է լուծվեն այդ բնակավայրերի ջրամատակարարման, կոյուղավորման և մաքրման խնդիրները:
Ես մի անգամ ասել եմ, ինձնից նեղացել են: Բայց մի անգամ էլ պիտի ասեմ: Մենք ունենք ազգային հզոր կուլտուրա, բայց չունենք էլեմենտար կենցաղային կուլտուրա և չենք հետևում մեր կենցաղին: Թափթփողը, աղտոտողն էլ ենք մենք, խոսողն էլ։ Լավ կլինի, որ յուրաքանչյուրս կարողանա իր տնտեսական գործունեությունը չափավորել:
«ՋՐԻՑ ԲԱՑԻ, ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐ ՉՈՒՆԵՆՔ»
-Բարձրացող ջուրը նաև պիտի կառավարվի: Ի՞նչ ծրագրեր են մշակվում, որ այդ անգնահատելի հարստությունը ծառայի հայ ժողովրդի բարօրությանը:
-Ջրի մակարդակը վեց մետրով բարձրացնելու դեպքում կունենանք 8 մլրդ խորանարդ մետր ջուր, այսինքն` այդքան ջրի ռազմավարական պաշար: Այսօր հանրապետության 79 ջրամբարներում ընդամենը 1 մլրդ խորանարդ մետր ջուր կա: Եթե մենք ուզում ենք մի այլ տեղ 8 մլրդ խմ ջուր կուտակել, ապա պետք է կառուցենք 600 ջրամբար, որոնց արժեքը կկազմի 20 մլրդ դոլար: Մենք այդ ջուրը կարող ենք օգտագործել ի շահ մեր ժողովրդի: Երկու ուղղությամբ կուղղենք ջրի օգտագործումը։ Առաջին` էլեկտրաէներգիայի արտադրման, և երկրորդ` ոռոգման նպատակով: Երկրորդի դեպքում մենք կարող ենք բավականին ջուր բաց թողնել, լուծել պարենային անվտանգության խնդիրները: Մենք ուրիշ ռեսուրս չունենք: Այդ 8 մլրդ խմ ջուրը, ըստ իս, մեր հանրապետության կարևորագույն խնդիրներից է, որովհետև մենք ուրիշ բնական պաշար չունենք: Սա լուրջ խնդիր է: Ես չեմ կարծում, որ մարդիկ, ովքեր այս հարցում չունեն անձնական շահեր, պակաս հայրենասեր են, քան մենք: Եվ մեզնից յուրաքանչյուրն անձնական շահերը պետք է ստորադասի ազգային գերխնդրին։ Սևանում 8 մլրդ խմ ջուր ունենալը հսկայական ռազմավարական պաշար է և ուղղակիորեն առնչվում է մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրներին:
Հարցազրույցը վարեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ