Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սկիզբ

Սկիզբ
08.03.2024 | 23:01

Մենք մայրության, կնոջ և ընդհանրապես գեղեցիկի պաշտամունքի ավանդույթներն ունեցող ժողովուրդ ենք։ ՈՒստի ամենևին պատահական չէ, որ սիրահոժար յուրացրինք մարտի ութից մինչև ապրիլի յոթի տոնական տրամադրության միամսյակը՝ ծաղկունքին ու պտղաբերությանը, մեր բոլոր սիրելիներին նվիրված հին և նոր տոների գարնանային այս արժանավոր միջակայքը։

Դեռևս մեհենական ժամանակներում Անահիտ, Աստղիկ, Նանե աստվածուհիների պաշտամունքը հիմնված էր հայկազուն ժողովրդի կենսափորձի վրա։ Դրանք հայկյան օրինակելի կնոջ, մոր և օրիորդի հազարամյակների ընթացքում բյուրեղացած արտահայտություններն էին։ Մեր լեռնաշխարհի բարդ պայմանները պարտադրել է ճակատն ու աչքերը բաց՝ հոգով խիզախ ու բնույթով ազնիվ, բերանը բաց՝ խելացի մտքով ու արդար խոսքով հայ կնոջ հավաքական կերպարի ձևավորմանը։

Քրիստոնեական ժամանակաշրջանում ևս պահպանվել ու շարունակվել է հայ կնոջ արժանավայել կերպարի ձևավորված նկարագիրը։ Հայտնի մասսայական օրինակներից են Ավարայրի ճակատամարտում մայրերի և կանանց խիզախմամբ ոգևորումն ամուսիններին ու որդիներին՝ ընդդեմ հարյուրավոր փղերի, թվաքանակով եռապատիկ թշնամուն։

Փաստ է` Զեյթունի վերջին հերոսամարտում հարյուրավոր կանանց ու աղջիկների ինքնակամ գահավիժումը անելանելի քարափներից, որպեսզի ամուսիններն ու որդիները իրենց պատճառով չկռվեն բազմապատիկ ավելի զորքի ու խուժանի դեմ, այլ նահանջեն, փրկվեն ու շարունակեն ցեղը։ Արդյոք որևէ այլ ժողովրդի պատմության էջերում նման մասսայական խելահեղ վեհ անձնազոհության օրինակ կգտնվի՞։ Արդեն մեր օրերում անմոռանալի է Արցախյան Ազատամարտում արցախցի կանանց ընդհանրական ու հայաստանցի հարյուրավոր կամավոր կանանց հերոսացումը, թիկունքի պակասության, մթի և ցրտի պայմաններում մեր մայրերի, կանանց ու քույրերի ամենօրյա հերոսացումը։ Չէ՞ որ բազմաթիվ ընտանիքներ նրանց հնարամտության և ջանքերի շնորհիվ գոյատևեցին ։

Կինը հայոց աշխարհում եղել է և կմնա որպես արժանապատիվ ու ծնողասեր դուստր, հավասարաձայն՝ հավասար իրավունքներով, հարգարժան ընկեր, փայփայված կին ու միաժամանակ ամուսնուն ամուր նեցուկ յուրաքանչյուր խնդրում, անձնազոհ ու նվիրյալ մայր:Այլ կերպ հնարավոր չէ։ Որովհետև հայ կնոջ գիտակցությունում միշտ պայծառ է եղել իր «ես»-ի ինքնաճանաչումն ու ինքնագնահատումը , հայկազուն ցեղին իր պատկանելիության գիտակցումը, այս երկրին իր տիրուհի լինելը: Նա տղամարդուն հավասար զենքը ձեռքին պաշտպանել է հայրենիքը ու չարչարվել ընտանիքը կերակրելու նպատակով, ուղղորդել և նվիրաբերվել է երիտասարդներին՝ ոտքի կանգնեցնելու, կայացնելու համար։ Բնականաբար, մեր մայրերի ու քույրերի, կանանց ու դուստրերի մեջ այսօր գենետիկ պահպանված այդ հատկանիշներն են դեռևս հազարամյակներ առաջ գնահատել մեր նախնիները և երկրպագել ի դեմս՝ Անահիտ, Աստղիկ և Նանե դիցուհիների։

Վերջին հազարամյակում հայ կնոջ կերպարն ավելի բովանդակալից է արտահայտվել հայկական ժողովրդական հեքիաթներում և «Սասնա ծռեր» էպոսում՝ հանձինս Ծովինար, Խանդութ և Գոհար տիկնանց։

Հայ կինը երբեք չի եղել հաճույքի քնքշանվաղ սուբյեկտ, ցանկահարույց հայացքներից երբեք չի թալկացել և սրա-նրա վերաբերմունքը ճշտելու համար ամենօրյա ինտրիգների մեջ չի մտել։ Ցավոք, այսօր մամուլն ու հեռուստաեթերները հեղհեղած արևմտյան արժեքները քողարկված ու բացահայտ տարփողում են այդ հատկանիշները՝ կանացիության գնահատման սկզբունքները միմիայն դրանք հայտարարելով։ Այդ ամենով ՝ հասարակության հիմք հանդիսացող ընտանեկան հարաբերություններում կեղծիք և դավաճանություն սերմանելու, ընտանիքները քայքայելու, հասարակական մյուս հարթություններում միջանձնային հարաբերությունները խեղաթյուրելու՝ մեկը մյուսի նկատմամբ հավակնություններ ունեցող և դրանցով հանդերձ միմյանց չվստահող ու իրարից վախեցած, պարփակված մոլագարների հասարակություն ստեղծելու նպատակն ունեն։

Վաղ թե ուշ, իհարկե, բոլորին պարզ կլինի, թե ինչու են ամենադիտվող ժամերին անպայման ցուցադրում տարաբնույթ խմբավորումների պայքարի և բռնությունների էժան պատմություննր կամ ցանկասիրության, տռփանքի և ունեցվածքային ինտրիգների մեջ ներքաշված մեղավոր կանացով լի սերիալներ։ Ինչու՞ են անընդհատ պատմվում «աստղերի» սիրավեպերի ու բաժանումների, ամուսնությունների և դավաճանություններին մասին:

Մի՞թե պարզ չէ, որ մենք Արևմուտքի կողմից ներքաշված ենք հատուկ ծրագրված ու մանրակրկիտ մշակված գաղափարական ու բարոյական քայքայիչ, ապականիչ համակարգի մեջ, ուր մեզնից մեղավորներ են վերադաստիարակում։ Մեղավոր անդամներից կազմված հասարակությունը մեղավոր հասարակությունն է։ Իսկ մեղավոր հասարակությանը հեշտ են կառավարում, որովհետև յուրաքանչյուրի դեմ բացահայտման կոնկրետ փաստեր գոյություն ունեն․․․ ոմանց թղթապնակներում։

Այս հորինվածքների ողջ նրբությունը կայանում է նրանում, որ արտաքուստ մերժելի և կեղտոտ հարաբերությունների ֆոնը միշտ շքեղ առանձնատներն են, ֆիլմերի հերոսները հասարակության մեջ երևելի, մեծահարուստ մարդիկ են ․․․ Միաժամանակ մեր ենթագիտակցությունում արմատանում է նրանց անօրինականության օրինականությունը։

Չէ՞ որ մարդը միշտ ձգտում է վեր բարձրանալ հասարակական սանդուղքով։ Իսկ վերևներում ահա այսպիսին են․ ուրեմն պիտի լինես այդպիսին, որ կարողանաս հասնել նման աստիճանի։ Այս ամենը մարդ-անհատի կենսաբանական ու հոգեբանական առանձնահատկությունների, հասարակության վարքի սոցիոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա ստեղծված բազմաշերտ գաղափարախոսություն է, որի նպատակը, կրկնում եմ, կառավարելի մեղավորների ու վախկոտ մոլագարների ճահճանման հասարակություն ստեղծելն է։ Նման հասարակությունը, ինչ խոսք, չի կարող ունենալ համազգային նպատակ ու խնդիրներ։

Բոլոր դարերում հասարակությունների հիմքի շաղախը կնոջ հավաքական բարոյական կերպարն է եղել։ Ամենևին իզուր չէ Նժդեհը ժամանակին ասել, որ յուրաքանչյուր ազգի ապագան մայրերի ափի մեջ պետք է փնտրել։ Հայկազուն կինը միշտ աչքի է ընկել իր չափավորությամբ, զսպվածությամբ և գիտակցված նվիրումով։ Այնինչ մեր համազգային բարոյական շաղախը քայքայել փորձող արևմտյան գաղափարախոսությունը հայուհիներին փորձում է անընդհատ շփոթեցնել․ երիտասարդ տարիքում անընդհատ ցանկալի լինելու և սեթևեթելու ուղղությամբ նրանց ուշադրությունը սևեռելով, ավելի հասուն տարիքում անհագուրդ ընչաքաղցության և նյութապաշտության մղելով։

Սակայն հազարամյակների ընթացքում հայ կինը համազգային իմաստուն ավանդույթներ է ձևավորել։ Միշտ մերժվել և այպանվել է կնոջ նույնիսկ պատահական զեղծարարությունը, որովհետև նրա էներգետիկան ծանր ու շրջափակ է․ նույնիսկ դրսում, աշխատանքի վայրում կամ հարևանության մեջ կնոջ ամենափոքր խաբեությունը դառնում է նրա «ես»-ի՝ ապրելակերպի և բնավորության մաս։

Իմաստուն հայ կինը բարձր է գնահատել իր ընտանեկան երջանկությունը, հասկանալով, որ ձեռք բերված բացասական էներգետիկան կարող է հեռու վանել ամուսնուն կամ նույնիսկ հյուծել՝ սպանել նրան կամ ընդհանրապես քայքայել ընտանիքը։ ՈՒստի ամենևին տարօրինակ չէ մերօրյա զեղծարար տիկնանց միայնության համընդհանուր երևույթը։

Եվ ոչ թե տղամարդիկ, այլ մայրերն են սահմանել աղջիկներին պարտադիր կույսի վիճակում ամուսնացնելու ավանդույթը։ Որովհետև մեր իմաստուն մայրերն իմացել են սիրո ակունքն ու ուժը։ Անվերապահ սերը միայն կարող է ստիպել երիտասարդ տղային լծվել ընտանիքը պահելու հոգսերին։ Միմիայն սերը կարող է տղային տղամարդ դարձնել։ Իսկ տղան կամ տղամարդը սիրահարվում են օրիորդներին պարուրող աներևույթ շղարշի ու կանանց ներսից ճառագող նվիրման կենարար լույսի ազդեցությամբ։

Մեր նախատատերն ու նախամայրերն իմանալով են ավանդել, որ ընտանիքների բարոյական շաղախը ՝ մայրերն ու կանայք, պարտավոր են հոգով, մտքով ու մարմնով անաղարտ լինել։ Որովհետև մայրական հզոր կենսադաշտի ազդեցությամբ է ձևավորվում ընտանիքի անդամների վաղվա օրը և ընդհանրապես ապագան։ Անաղարտ, առինքնող և առաքինի Սկիզբը սերունդների մեծ ճանապարհի հաջողության երաշխիքն է։ Այն նաև մեր Գոյաբանական Կոդի հիմնարար սկզբունքն է, որի խախտումը պարզապես նշանակում է չլինել և չկայանալ։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ