Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Իսլամական պետությունը» դարձել է քրդերի ոչնչացման գործիք

«Իսլամական պետությունը» դարձել է  քրդերի ոչնչացման գործիք
09.09.2014 | 00:15

(սկիզբը` այստեղ)

Հիմա ծիծաղելի կլինի պնդել, թե «պետք լինին» Թուրքիայի ներսում կլինեն հայերի, վրացիների, հույների ու հրեաների կոտորածներ. այդ ժողովուրդների ներկայացուցիչներն այստեղ այնքան էլ շատ չեն։ Իհարկե, կան հայերի, վրացիների, հույների, հրեաների ու այլ ժողովուրդների ծպտյալ ներկայացուցիչներ։ Տարբեր տարիների թուրք ֆաշիստները նրանց էլ էին բացահայտորեն սպառնալիք համարում Թուրքիայի, որպես պետության, հետագա գոյության համար։ Եվ այդուամենայնիվ, ի՞նչ կարիք կա «նորից հեծանիվ հնարելու». Անկարայի աչքի առաջ «համար մեկ ներքին թշնամին» կա։ Այդ չէ՞ր, արդյոք, պատճառը, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո թուրքական հետախուզության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը սլացավ Իմրալը կղզի` այնտեղ ցմահ բանտարկված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նախկին առաջնորդ Աբդուլլա Օջալանի մոտ։ Ինչպես գրեց թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, «քննարկելու քրդական խնդրի կարգավորման հարցերը»։ Թերթը ենթադրել էր, որ այդ բանակցություններում խոսվել է կարգավորման հաջող ընթացքի (թուրքերի ընկալմամբ) գործում Անկարայի համար «երաշխիքներ ստանալու» միջոցների մասին։
«Ջումհուրիեթի» հետ մեկտեղ հիշենք, թե Անկարան ինչ է ուզում քրդերից և կոնկրետ PKK-ից։ Նախագահական ընտրությունների շեմին Օջալանի հետ բանակցությունների թեման, որոնք MIT-ի կողմից, ըստ էության, գրեթե միշտ էին անցկացվում, կառավարող կուսակցությունը չի արծարծել` կարգավորման գործը թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելու հարցում քննադատություն չբորբոքելու նկատառումով։ Իսկ հիմա Ֆիդանի ներկա հանդիպումը կոչված է քրդերին հիշեցնելու, որ իշխանությունները հավատարիմ են նախկին կուրսին։ Կառավարությունն ակնկալում է, որ 2014 թ. սեպտեմբերի վերջին կարգավորումը կթևակոխի եզրափակիչ փուլ, որը կներառի Թուրքիայից PKK-ի մարտական կազմավորումների վերջնական դուրսբերում, զինյալների վերադարձ իրենց ընտանիքներ, եթե նրանք հարձակումների չեն մասնակցել, և անցում բնականոն սոցիալական կյանքի։ PKK-ի զինաթափման հեռանկարը, որը պետք է անցնի Հյուսիսային Իրաք, առայժմ պարզ չէ։ Մինչդեռ նշվում է, որ 2013 թ. սկզբից և վերջին 30 տարում առաջին անգամ PKK-ի և կառավարության հարաբերությունները խաղաղ հուն են մտել, զինված միջադեպերն ու հարձակումները նվազագույնի են հասել։ Այս իրավիճակում Օջալանը համարվում է այն դեմքը, ով ընդունակ է ազդելու PKK-ի վրա, որը, սակայն, անհրաժեշտ է համարում հասնել Օջալանի ազատ արձակմանը։ Իսկ Անկարան այդ հեռանկարին առայժմ բացասաբար է վերաբերվում։ Միաժամանակ ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ Օջալանը չի գտնվում թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության տակ։
Այսպես թե այնպես, բայց անգամ Թուրքիայում շատ փորձագետներ ու մեկնաբաններ համարում են, որ հիմա Էրդողանը արտաքին քաղաքականության մեջ բացահայտորեն է՛լ ավելի ագրեսիվ կլինի, և դա վերաբերում է Թուրքիային սահմանակից բոլոր պետություններին ու ժողովուրդներին։ Ապացույցներն արդեն բավական շատ են։ Սկսենք նրանցից, որոնք վկայում են, որ հայերը թուրքերի համար դարձյալ շարունակում են մնալ իբրև «վատթարագույն վիրավորանք»։ Անշուշտ, ոչ առանց վերևների հավանության, օգոստոսի 12-ից Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքում հրապարակվում են «Հայաստանի դեմ կռվել» ցանկացող «քաղաքացիների դիմումները»։ Այնուհետև այն, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վիրավորված ադրբեջանցի դիվերսանտները բուժվում են Թուրքիայում, և նրանց այցելում է ոչ թե Թուրքիայի առողջապահության նախարարը, այլ արտգործնախարար Դավութօղլուն, որին արդեն պետք է ընկալել որպես վարչապետ. դա հստակ ուղերձ է, որ հին ադրբեջանամետ գիծը շարունակվելու է։ Այսինքն, կոնկրետ հակահայ քաղաքականությունը։ Օգոստոսի 14-ին «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմալ Չիչեկը կոշտ արտահայտություններով միջազգային ընկերակցությանը դատապարտում է «Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի» համար։ Հաջորդը` Անկարան բարձրագոչ խոստանում է, որ իբրև Թուրքիայի նախագահ իր առաջին արտերկրյա այցը Էրդողանը կկատարի հենց Ադրբեջան։ Ճիշտ է, արդեն օգոստոսի 22-ին ճշգրտում է խոստումը` Էրդողանը Բաքու կմեկնի սեպտեմբերի 3-ին, իսկ առաջին այցը կկատարի սեպտեմբերի 1-ին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»։ Սակայն դա ևս ուղերձ է ապագա է՛լ ավելի ագրեսիվ քաղաքական կուրսի մասին, պարզապես ընդդեմ հույների։ Հետո, օգոստոսի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Բաքվում էր, օգոստոսի 19-ին` Նախիջևանում, իր շուրջը հավաքելով Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներին։ Որոշում է ընդունվել այդ ձևաչափով հանդիպել վեց ամիսը մեկ, նպատակահարմար է համարվել անցկացնել եռակողմ համատեղ զորավարժություններ, այդ թվում` նավթամուղների ու գազամուղների պաշտպանության գծով, խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Օգոստոսի 22-ին թուրքական հակահայ հասարակական գործիչները «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միավորում» խմբավորումից (ASIMDER) իրենց արտգործնախարարությունից պահանջեցին հասնել այն բանին, որ իրենց` սուննիադավաններին, թույլ տան ուրբաթօրյա նամազ անել Երևանի շիական Կապույտ մզկիթում, միաժամանակ հայտարարելով, որ «Երևանն իրենց պատմական հայրենիքն է, որտեղից իրենց նախնիները բռնությամբ արտաքսվել են»։ Ճիշտ է, միևնույն ժամանակ Էրդողանն ընդգծված կերպով հրավեր է ուղարկում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` մասնակցելու իր պաշտոնակալության արարողությանը։
Հարևանների դեմ ծրագրվող թուրքերի ագրեսիվ բնույթի միջոցառումների «ցանկի» շարունակումը արդեն անմիջականորեն առնչվում է քրդերին։ Կապվա՞ծ է, արդյոք, սա Իմրալըում Օջալանի հետ Ֆիդանի բանակցությունների փաստի հետ, դժվար է ասել։ Բայց հենց որ Օջալանն ինքը իր դիմումում (օգոստոսի 18) կանխատեսեց թուրքական իշխանությունների դեմ քրդերի բազմամյա պայքարի շուտափույթ ավարտը, ընդգծելով, որ Թուրքիան նախագահական ընտրություններից հետո գտնվում է «պատմական փոփոխությունների շեմին», արձագանքը, ընդ որում, հատկապես նրա կուսակիցների կողմից, հետևեց անմիջապես։ Իհարկե, իրավիճակին մեծապես նպաստեցին հարևան Հյուսիսային Իրաքում եզդիների հետ կապված ողբերգական իրադարձությունները։ Բայց չէ՞ որ արդյունքում Թուրքիայի դաշնակիցներն էլ, ի դեմս Էրբիլում ինքնավար Քրդական տարածաշրջանային կառավարության վարչակազմի (ԽՀթ), խոստովանեցին, որ, պարզվում է, ճիշտ էին PKK-ի դաշտային հրամանատարների և «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG)` Սիրիայի քրդական ժողովրդավարական միության կուսակցության մարտական թևի ներկայացուցիչները` էրբիլցի փեշմերգ Մասուդ Բարզանիին մեղադրելով իրաքցի եզդիներին դիտավորյալ անպաշտպան թողնելու մեջ։ Ճիշտ է, այդ ժամանակ Թուրքիայի և Սիրիայի քրդերը չհաստատեցին, թե այստեղ Թուրքիան ինչ-որ դեր է ունեցել։ Բայց դրա անհրաժեշտությունը չկար. թուրքական Հաքյարի քրդաբնակ նահանգի (սահմանակից է Հայաստանին, Նախիջևանին, Իրանին, Իրաքին) մունիցիպալ խորհուրդը օգոստոսի 18-ին ադրբեջանական իշխանություններին ու... Թուրքիային բացահայտորեն մեղադրեց «Իսլամական խալիֆայության» զինյալներին, այսինքն, «Իսլամական պետության» (IS) խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու մեջ։ Մունիցիպալ խորհրդի ղեկավարներից մեկի` Լոքման Օզդեմիրի հայտարարության մեջ նշվում է, որ Իսլամական պետությունը, որը զավթել է Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքներ, դարձել է «քրդերի ոչնչացման գործիք», և այսօր այդ գործիքից «ակտիվորեն օգտվում են ԱՄՆ-ը, Իսրայելը, արաբական աշխարհի երկրները, Ադրբեջանն ու Թուրքիան»։ Այդ պետությունները, ինչպես նշվում է, զինում են «Իսլամական խալիֆայության» գրոհայիններին, ընդ որում` զենքը «ստացվում է ամեն օր` Թուրքիայի տարածքով»։ Թուրքական կառավարությունը, ինչպես կարծում են հայտարարության հեղինակները, ոչինչ չի անում ահաբեկիչների դեմ պայքարի համար, որոշ երկրներ ևս սառնասրտորեն հետևում են «քրդերի ցեղասպանությանը», որ իրականացնում են «Խալիֆայության» ծայրահեղականները։
Հինգ օր անց Իրանի շատ ազդեցիկ «Tehran Times» թերթը նույնպես, անդրադառնալով Իսլամական պետության թեմային, Թուրքիային բացահայտորեն մեղադրեց ոչ միայն Իրաքում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում քրդերի ու եզդիների դեմ IS-ի զինյալների հանցագործություններին մասնակցելու մեջ. «Քաթարն ու Թուրքիան գլխավոր մեղավորներն են տակֆիրիստական ահաբեկիչներին ոչ պետական դերակատարների դիպլոմներ տալու գործում։ Թուրքիան ծառայում է որպես առաջնակարգ տեխնիկական բազա, որով անցել և անցնում է Սիրիայում գործող օտարերկրյա վարձկանների համար նախատեսված զինամթերքի, նյութերի ու «աշխատուժի» մեծ մասը»։ Ապա իրանցիները ընդհանուր գծերով լույս են սփռել նաև տարածաշրջանում կատարվող հանցանքներին էրդողանյան Թուրքիայի մասնակցության թե՛ մեխանիզմի, թե՛ պատճառների վրա. «2009 թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մամուլի ասուլիսում Քաթարի ղեկավար շեյխ Համադա բեն Խալիֆա ալ Թանին ցանկություն հայտնեց իր երկրի բնական գազի արտահանման համար գազամուղը Սիրիայի տարածքով անցկացնել Թուրքիա։ «Մենք պատրաստ ենք գազամուղ ունենալու Քաթարից Թուրքիա»,- գոչեց նա, և Քաթարը սկսեց աջակցել Սիրիայում օտարերկրյա խռովությանը»։ Եթե Թուրքիայի քրդերի (PKK-ից) և Սիրիայի քրդերի (PYD-ից) մեղադրանքներն ինչ-որ չափով կարելի է ընկալել նաև իբրև հակաթուրքական քրդական տրամադրության դրսևորում, ապա ի՞նչ ասել միանգամայն լեգալ քուրդ-թուրքական քաղգործիչ Լոքման Օզդեմիրի հայտարարության մասին։ Կամ ի՞նչ ասել իրանական «Tehran Times» թերթի այն պնդումների մասին, որոնք բացահայտորեն ուղղված են ոչ միայն իրաքյան ու քրդական, այլև ամբողջ համաշխարհային հանրությանը։ Ըստ էության, Թուրքիայի քրդերն ու Իրանը Անկարային և մասնավորապես Էրդողանին մեղադրում են այն բանում, որ նրանք «կրտսեր եղբայր» Ադրբեջանի հետ դավ են նյութել բոլոր քրդերի դեմ։ Եվ վերջին ընտրություններում նախագահի քուրդ թեկնածու Դեմիրթաշը ինքնաբերաբար դառնում է մի յուրօրինակ մատաղացու, հաշվի առնելով, որ նրա BDP կուսակցության անդամներին պարբերաբար բանտ են նետում հենց PKK-ին աջակցելու-կարեկցելու մեղադրանքով։
Բայց դե, ապագան ցույց կտա։ Օրինակ, մի ժամանակ ասում էին, թե դառնալով նախագահ` Էրդողանը կարող է վարչապետ նշանակել նախկին նախագահ Ա. Գյուլին։ Բայց այդ տարբերակը չգործեց։ Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ Էրդողանի և Գյուլի միջև «դաշնություն» չկա նաև իրենց կուսակցության ներսում, պարզ կդառնա շուտով։ Արդեն, թող որ առանց համոզիչ վստահության, կարծիքներ են հնչել, թե Գյուլը կարող է և դուրս գալ AKP-ից և սեփական կուսակցություն ստեղծել։ Եթե դա տեղի ունենա, Թուրքիայի քաղաքական կյանքում նոր գործընթացներ կսկսվեն։ Կառավարող կուսակցության վերնախավը կտրոհվի. Գյուլն ունի իր գաղափարակիցները, որոնք դուրս կգան կառավարող կուսակցությունից և կմիանան նրան։ Գյուլը կստանա նաև «Հիզմաթ» իսլամիստական շարժման հիմնադիր, հասարակական գործիչ և «չափավոր իսլամիզմի հայր» Ֆեթուլլահ Գյուլենի աջակցությունը։ Արդյունքում կստեղծվի մի իրավիճակ, երբ կառավարող կուսակցությունը, փաստորեն, չի կարողանա միայնակ կառավարություն կազմել և կզրկվի Էրդողանին այնքան անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունից։ Ի դեպ, AKP-ի նորընտիր ղեկավար Դավութօղլուն էլ է խոստովանել, որ, այնուամենայնիվ, կան ներկուսակցական տարաձայնություններ։ Մայրաքաղաքի մարզադաշտում հանդես գալով 40 հազար կողմնակիցների առջև, նա հավաստիացրել է, որ Էրդողանի հետ կշարունակի նոր Թուրքիայի կառուցումը։ Ըստ նրա` այսուհետ նախագահի ու վարչապետի միջև ընդհարումներ չեն լինի. «Ոչ ոքի չի հաջողվի թշնամանք սերմանել բարեկամների միջև»։ ՈՒրեմն ընդհարումներ եղել են։ Իսկ եթե Գյուլը, այնուամենայնիվ, իր կուսակցությունը ստեղծի՞։
Հենց այդ ժամանակ քրդական գործոնը, ինչպես նաև այն, թե մասնակցո՞ւմ է, արդյոք, Անկարան հակաքրդական դավադրությանը, և եթե մասնակցում է, ապա ի՞նչ չափով և ի՞նչ վերջնական նպատակներով, կդառնան Թուրքիայի ամենակարևոր ռազմավարական հեռանկարը։ Մյուս սցենարը կարող է լինել այն, եթե CHP, MHP և մյուս նացիոնալիստական կուսակցությունները որոշում ընդունեն կազմաքանդելու իշխանությունը և «չափավոր» իսլամիստական AKP-ի կառավարման կառույցները։ Իսկ դրա համար նրանց ևս անհրաժեշտ կլինի քրդերի աջակցությունը` ինչպես BDP-ի շրջանակներում Դեմիրթաշի միավորած, այնպես էլ այդ կուսակցության շրջանակներից դուրս մնացած։ Սակայն դրա համար «օձը պետք է դիմանա նախ իր կծածին». թուրք նացիոնալիստները պետք է հրաժարվեն շովինիզմից, մի բան, որին այսօր դժվար է հավատալ։
Սցենարի վերջին տարբերակն էլ այն է, որ քրդական տարբեր ռազմականացված և քաղաքական խմբավորումները հաղթահարեն իրենց տարաձայնությունները և միավորվեն հենց հակաթուրքական հիմքի վրա։ Սակայն սրան ավելի քիչ կարող ես հավատալ, քան շովինիզմից թուրք նացիոնալիստների հրաժարման հնարավորությանը։ Դեմիրթաշին Էրդողանի շպրտած խոսքը («Դու զազա ես») վկայում է այն մասին, որ նորընտիր նախագահը իրազեկ է ներքրդական տարաձայնություններին և պատրաստ է իր գիտելիքներն օգտագործելու Թուրքիայի քրդերին պառակտելու և մասնատելու համար։
Իսկ առհասարակ, Թուրքիայում պառակտվածությունը խոր է և տարատեսակ դրսևորումներ ունի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ