Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՋՈՒՐ ՄԻ՛ ԼՑՐԵՔ ՄԵՐ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԵՎ ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ

ՋՈՒՐ ՄԻ՛ ԼՑՐԵՔ ՄԵՐ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԵՎ ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ
14.10.2011 | 00:00

Զարմանալի է մարդ արարածի հոգեբանությունը` սիրում է սենսացիա ունկնդրել ու կարդալ, ոմանք էլ` լրագրող, քաղաքական գործիչ ու պատգամավոր, հակված են սենսացիոն նյութեր տպագրելու, սենսացիոն հայտարարություններ անելու, սենսացիոն հարցադրումներ հնչեցնելու` հաշվի չառնելով հայրենիքի, հարազատ ժողովրդի շահերը:
«Կաթողիկոսը որպես հայելի»` լա՞վ է հնչում, սենսացիա՞ է, հմուտ լրագրողը անաչառությո՞ւն է խաղում, պետական ու հոգևոր մտահոգությա՞մբ է ապրում, թե՞ ոխերիմ բարեկամի սադրանքի զոհն է դառնում:
Կաթողիկոսը ողջ հայության հոգևոր առաջնորդն է. հարի՞ր է, արդյոք, մանրախնդրորեն զոհ դառնալ սադրանքին և վարկաբեկել միլիոնավոր հայրենակիցների կողմից կամա թե ակամա հարգանքի արժանացած Վեհափառին: Տարիներ առաջ մի պոռոտախոս լրագրող հոգևոր առաջնորդին նույնիսկ ավազակ անվանեց, իսկ 1988-90-ական թթ. Վազգեն Վեհափառին ՊԱԿ-ի գործակալ հռչակեցին:
Ինչո՞ւ մենք հաճախ անարգել ու դավել ենք մեր արքաներին, աշխարհիկ ու հոգևոր առաջնորդներին, իրենց կյանքը անմնացորդ հայրենիքին ու հարազատ ժողովրդին նվիրաբերած ֆիդայիներին, նորօրյա ազատամարտիկներին, ժողովրդի սերուցք մտավորականներին: Պատմությունը վկայում է, որ նման պարագաներում թե՛ պետականությունը, թե՛ ժողովուրդը մեծապես վտանգվել են:
Մենք դավեցինք կենտրոնաձիգ ուժեղ պետության ձգտող Արշակ Երկրորդին, երիտասարդ, բայց իմաստուն Պապ թագավորին: Դավեցինք (թեկուզ ապաշնորհ), բայց մեր` հայ արքա Արտաշես 3-րդին, և ի վերջո, կործանեցինք պետականությունը:
Դավեցինք ազգային-ազատագրական շարժում ծավալած Դավիթ Բեկին, Մխիթար Սպարապետին: Դավեցինք քաջարի Աղբյուր Սերոբին ու ժողովրդի խիղճ Գևորգ Չավուշին:
1936-1970-ականներին դավեցինք ժողովրդի սերուցք գրողների, բանաստեղծների, նկարիչների, քանդակագործների, գիտնականների, պետական ու քաղաքական նվիրյալ գործիչների: Եվ, մեծագույն համոթ ներկա սերնդի, նենգամտորեն, ստորաբար դավեցինք մեր պետական անվտանգությունը` 1999-ի հոկտեմբերի 27-ին («Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն»- Ն. Չեռնիշևսկի):
Եվրախորհրդարանում հայ պատգամավորուհին, իբր ելնելով պետության, բարոյականության շահերից, ոխերիմ թշնամիների ու ոխերիմ բարեկամների չարագույժ քմծիծաղի ներքո հարցակոխ է անում հայոց երկրի նախագահին, պահանջում հրաժարական, վատաբանում հայրենիքը: Այո, շատ է նման 428 թվի իրադարձությանը, երբ անիմաստասեր ու շահամոլ նախարարները դիմում են նվաճողին` մեր երկրի արքային (այո՛, թեկուզ ապաշնորհ) գահընկեց անելու և պարսիկ իշխանավոր նշանակելու պահանջով:
Մեծն մաթեմատիկոս Պյութագորասը դեռ մ.թ.ա. 6-րդ դարում ասել է` «Հայրենիքից հեռու գտնվելիս քեզ թույլ մի՛ տուր վատ բան ասել նրա մասին, եթե նույնիսկ դա ճիշտ է»: Նույնն էլ հանճարեղ Պուշկինը. «Ես արհամարհում եմ իմ հայրենիքը ոտից գլուխ, բայց երբ ինձ հետ համաձայնում են օտարները, լցվում եմ վրդովմունքով»:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, չէ՞ որ երկրի նախագահին ընտրել է գոնե մի քանի հարյուր հազար մարդ, իսկ հոգևոր առաջնորդին` հայրենի հոգևորականների ընտրանին, որին էլ հավատում ու վստահում է հայ հանրությունը: ՈՒրեմն ինչո՞ւ եք ձեզ իրավունք վերապահում խոսելու ողջ ժողովրդի անունից` ոտնահարելով հարյուր հազարավոր մարդկանց իրավունքներն ու զգացմունքները:
Այո՛, արքաներն էլ, նախագահներն էլ, հոգևոր առաջնորդներն էլ, իրենց մարդկային թերություններով, վրիպումներով, սխալականությամբ հանդերձ, մերն են, արժե՞, արդյոք, աշխարհով մեկ վարկաբեկել նրանց` ի չարամիտ հրճվանք ոխերիմ թշնամու և ոխերիմ բարեկամի:
Պատմության նոր հազարամյակ ենք ոտք դրել և դեռ պատմությունից դաս չենք քաղել: Այսօր էլ կուսակցական, անձնական շահամոլական ձգտումները գերակա են պետական, ազգային շահերից: Եվ պարզապես զավեշտ է, որ կուսակցական ընդդիմադիր առաջնորդներն իրենց անձնապաշտական, նեղ-կուսակցական ատելությամբ մոլեգնած, փողոցային ճառերում հայրենի երկիրը ավազակապետություն են հորջորջում, իսկ պետական ծառայողներին` թաթար-մոնղոլներ, մոռանալով իրենց արած-չարածի մասին` անազնվորեն շահարկելով ժողովրդի սոցիալական վիճակը: Իբր եթե իրենք իշխանության գան, երկնքից աստղեր կիջեցնեն, ժողովուրդը երանելի կյանքով կապրի, Արցախի հարցն էլ մատի մի շարժումով կլուծվի և, ինչպես հայտարարվում է, պատկերացնո՞ւմ եք` հաջորդ օրը Թուրքիայի երանավետ դարպասները կբացվեն: Միայն թե երկչոտաբար չի ասվում` Արցախի հարցի ինչպիսի՞ լուծման դեպքում` Ադրբեջանի կազմում թողնելո՞ւ, ինչպես առաջարկվում էր պարբերաբար, թե՞ հայորդիների արյան գնով ազատագրված հայրենի սրբազան օջախը անորոշ կարգավիճակով, անորոշ ժամկետով ազերիական նախամարդկային ատելությամբ թակարդելու։
Պարոնա՛յք, ժողովուրդը ձեզ նման սկլերոզով չի տառապում և լավ է հիշում, թե խավարի ու ցրտի մռայլ տարիներին ինչ բերեցիք տառապյալ հայրենիքի գլխին: Ամենազոր իշխանավորներիդ թողտվությամբ ու խրախուսմամբ թալանում էին մինչև վերջին թելը ունեզրկված հայրենակիցներին, նրանց թափած արյան, անհուն վշտի ու տառապանքի վրա դղյակներ կառուցում, կապիտալ կուտակում: Չի մոռացել, թե ինչպես վաուչերներով, այդ կեղծ թղթի կտորներով խաբեցիք ժողովրդին (իբր, կարող են սեփականություն ձեռք բերել), իսկ հետո տասնապատիկ էժան գնով խաբված ժողովրդից հետ վերցրիք դրանք և այդ թղթի կտորներով առուծախի ենթարկեցիք ողջ հայրենիքը: Պարզապես առանց մի լումա վճարելու սեփականացրիք բազում գործարաններ, ֆաբրիկաներ, շինություններ, հսկայական հողատարածքներ, ամեն ինչ ջարդոնի վերածեցիք և վաճառեցիք թուրքին, պարսիկին: Չէ՞ որ հենց դուք ստեղծեցիք անհայրենասեր, ժողովրդից օտարացած այսօրվա օլիգարխիկ համակարգը, որը ծնունդ առավ ձեր նենգամիտ վաուչերիզմից: Մոռացե՞լ եք, պարոնա՛յք։
Պարոնա՛յք, արցախյան հաղթանակ կերտողները դուք չեք. դուք գործում և ապրում էիք պարտվողական հոգեբանությամբ: Բոլորին է հայտնի, թե ինչպես առանց լուրջ պայքարի, կասկածելի նպատակներով, կասկածելի հանգամանքներում թշնամուն զիջեցիք դրախտային Շահումյանը, Գետաշենի տարածաշրջանը, Մարտակերտի զգալի մասը: Չէ՞ որ ձեր առաջնորդը 1992-ի հուլիսին առաջարկում էր քաղաքական որոշում կայացնել և բանակցել Ադրբեջանի հետ: Պարզ է` Արցախը անորոշ կարգավիճակով թողնել հայատյաց, մարդատյաց պետության կազմում: Եվ պատահական չէր, որ 1998-ին վախկոտաբար պատասխանատվությունից խուսափելով, հրաժարվեցիք իշխանությունից և, որ շատ ամոթալի էր, Վանոյի բերանով պատերազմի հանցագործներ հռչակեցիք հայրենասեր այն ուժերին, ովքեր համաձայն չէին ձեր պարտվողական սկզբունքներին: Տարօրինակ է, որ որոշ առաջնորդիկներ հանդուրժեցին այդ դավաճանական հայտարարությունը:
Հարկ է ազնվություն ու քաջություն ունենալ և ընդունել, որ հաղթանակ կերտողները մոնթեներն էին, ազգալդյանները, արկադիթադևոսյանները, ծերունի գեներալ իվանյանները, դնեպրիկբաղդասարյանները, մանվել եղիազարյանները, թաթուլ կրպեյանները և բազում անձնազոհ հայորդիներ ու դուստրեր: Չէ՞ որ դուք երկյուղում էիք և հավանություն չէիք տալիս ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի և Արկադի Թադևոսյանի` Շուշիի ազատագրման հարձակողական համարձակ նախաձեռնությանը, հայտարարելով, թե Հայաստանն ի վիճակի չէ այդպիսի ռազմական գործողություն իրականացնելու: Բայց, ցավոք, հանդուրժում էիք, որ զօրուգիշեր Շուշիից գնդակոծում էին Ստեփանակերտը, որի բնակիչները դժոխային պայմաններում գոյատևում էին փլատակներում ու նկուղներում` վերջնական կործանման սարսափով: Եվ այդ առավել քան խիզախ ռազմարշավով փրկվեց Ստեփանակերտը, ուրեմն և` ողջ Արցախը:
Թերևս հենց խիզախության, անձնազոհության չգոյությունն էր, որ սենեքերիմները դավաճանաբար վաճառեցին ու լքեցին մեր չքնաղ հայրենին` Վասպուրականը: Դավաճան, ստրկամիտ պետրոս գետադարձներն ու վեստ սարգիսները վաճառեցին հայոց հրաշակերտ մայրաքաղաք Անին: Նազարբեկովներն ու ռուբեն տեր-մինասյանները երկու անգամ` 1918 և 1920 թվականներին նենգաբար, արյունարբու թշնամուն հանձնեցին անառիկ Կարսը` ևս մեկ անգամ Հայոց աշխարհին պատճառելով մարդկային ու տարածքային վիթխարի կորուստներ: Բայց և աներևակայելի խիզախությամբ, անձնազոհությամբ հանճարեղ զորավար ու փիլիսոփա Նժդեհը փրկեց Սյունիքը, ուրեմն և ողջ Հայաստանը, ծանրագույն պայմաններում` կիսաքաղց, կիսամերկ, ոտքերին տրեխներ, թշնամուց խլված զենքով ջախջախելով թուրքական և բոլշևիկյան հայատյաց դիվիզիաները:
Պարզապես այսօր անհասկանալի է, որ տխրահռչակ «փուլային» տարբերակի ջատագովը Հայաստանի և Արցախի հայրենասեր ուժերի վճռական, արդարացի պահանջները մաքսիմալիստական է համարում` BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
Իսկ դուք, պարոնա՛յք, 1997-ի դեկտեմբերի 2-ի չարաղետ «փուլային» տարբերակով ի՞նչ էիք ակնկալում հայատյաց, մարդատյաց թուրքից: Դո՛ւք, որ ձեզ ժողովրդավար եք հռչակել, ինչո՞ւ ժողովրդին մանրամասն չեք ներկայացնում այդ ամոթալի տարբերակի ողջ էությունը:
Ահա այդ չարագուշակ տարբերակի առավել քան վտանգավոր կետերը. հայկական բոլոր զինված ուժերը դուրս բերել ոչ միայն Արցախի շրջակայքի ազատագրված տարածքներից, այլև բուն Արցախից, բնակության նախկին վայրերը, պատկերացնո՞ւմ եք, նաև Արցախն ու բուն Շուշին վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, այսինքն` Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Մարաղայի ջարդարարներին, հայի արյունով հարբած խուժանին` թշնամական հոծ զանգվածով շրջափակելով Արցախը` լրջորեն վտանգելով նրա գոյությունը, իսկ անորոշ կարգավիճակը հետաձգելով անորոշ ժամանակով:
Զարմանալի է, որ այսօր էլ դուք, որպես վերջին ճշմարտություն, ճոճում եք այդ ամոթալի տարբերակը, հպարտանում դրանով: «Ահավոր է մարդկանց այն տեսակը, որը ցանկանում է միշտ ճիշտ դուրս գալ: Այդպիսիները պատրաստ են դատապարտելու անմեղներին, սրբերին, Տեր Աստծուն` միայն թե իրենք ճիշտ դուրս գան» (Լև Տոլստոյ): Ցավոք, ձեր ողջ շրջապատն այսօր այդ մտածողությամբ է ապրում ու գործում` պառակտելով հայ հանրությունը: Ահա թե ովքեր են հասարակության դաստիարակության, մարդասիրության, բարոյականության գործը հանձն առել: Պարոնա՛յք, դուք միստիկայի մեջ եք. հայ մարդն ապրում է բնականոն կյանքով: Բավական է, մի՛ թունավորեք հայ մարդու սիրտն ու հոգին:
Պարոնա՛յք, եթե իրոք կան այդպիսի դեմքերով մարդիկ, ուրեմն նրանց որոնեք միայն ձեր շրջապատում: Այդ անոմալիան արդյունք է ձեր խալխի շրջանակներում քարոզած չարության և ատելության վարակիչ սինդրոմի. դուք տարիներ շարունակ ատելություն, չարություն, անվստահություն, հուսալքություն եք թորում, ամեն ինչ սևացնում եք, չեք նկատում ոչ մի առաջընթաց, թերևս, երազում եք ամենայն ձախողում, միայն թե դուք ճիշտ դուրս գաք: Նույնիսկ փորձում եք սեպ խրել միջպետական հարաբերություններում:
Պարոնա՛յք, դուք սադրեցիք մարտի 1-ը և իշխանությունների անսկզբունքայնության ու հանդուրժողության պատճառով մնացիք գրեթե անպատիժ: Եվ այսօր նորանոր սադրանքներ եք նյութում ու միշտ ներկայանում արդարամիտ, ճշմարիտ, ժողովրդավար, իսկ իշխանություններն ու ոստիկանությունը, դե, մեղավոր են ու մեղավոր: Զարմանալի է, ինչպե՞ս է, որ բազում կուսակցությունների առկայությամբ հենց ձեզ հետ են այդպիսի սադրանքներ պատահում:
Պարզապես ցավալի է, որ ասպարեզ եկած հայրենասեր ուժերը ժամանակին արժանի քաղաքական գնահատական չտվեցին ձեր արած-չարածին: Թերևս ժամանակն է, որ պատմաբաններն ու քաղաքագետները պատմագիտական, քաղաքագիտական գնահատական տան անցած իրադարձություններին, գործող անձանց, որ ազգն իմանա ողջ ճշմարտությունը:
Տարակուսանք է հարուցում նաև ձեր հոխորտանքը իշխանությունների հետ ունեցած ներկա հարաբերություններում: Պարզապես ծիծաղաշարժ է, երբ պահանջում եք երկխոսել, ավելին` «բանակցել» չեզոք գոտում, կարծես պետություն եք պետության մեջ: Զավեշտ է, որ նախկին վարչապետը պահանջում է անպայման արտահերթ ընտրություններ անցկացնել, պատկերացնո՞ւմ եք, թեկուզ հերթականից մեկ օր առաջ: Այսինքն, պարոնների համար ոչ թե օրինականությունն է կարևոր, այլ ժողովրդի աչքին հաղթական երևալը և դրանով իսկ, այսպես ասած, հաղթական քվեներ շահելը: Եվ պատկերացնո՞ւմ եք, եթե ընտրություններում հաղթեն, Տեր-Պետրոսյանի ձեռքի կախարդական շարժումով կբացվեն թուրք-ադրբեջանական երանավետ դարպասները, և երջանկությունը կհոսի մեր երկիր:
Պարոնա՛յք նախկիններ, դուք հռչակել էիք ժողովրդավարություն, արդարություն, բայց ձեր ողջ գործունեությամբ հակառակ դիրքերում էիք: Ժողովուրդը չի մոռացել «մեր դեմ խաղ չկա» հակաժողովրդական կոչը, որը բարոյաքաղաքական, հակամարդկային աղետալի հետևանքներ ունեցավ, դարձավ համատարած տեռորի, ձերբակալությունների խրախուսում, այդ թվում` մի ողջ կուսակցության արգելափակում:
Եվ դրանով իսկ 1996 թ. հիմք դրվեց ընտրությունների պարբերական կեղծումներին: Աբսուրդ է, երբ մի կուսակցություն տանկերով, ավտոմատներով, պատգամավորների ծեծուջարդով հիմնավորում է իբր իր ընտրյալ և նույնիսկ լեգիտիմ լինելը` լկտիաբար ժամանակի ընդդիմադիրների երեսին շպրտելով` «հարյուր տոկոս էլ ձայն հավաքեք, իշխանություն չեք ստանա»: Եվ, ո՜վ զարմանք, 2008-ի մարտի 1-ի համար մեղադրում եք միայն իշխանություններին` ինքներդ ձեզ հրեշտակ հռչակելով: Բայց, պարոնա՛յք, դուք էիք գազազած խառնամբոխին հրահրում բռնության, զինում էիք` ինչով կարող էիք, կոչ էիք անում ջարդել, հրկիզել, չհնազանդվել իրավապահ մարմիններին, հրճվում էիք ոստիկաններին զինաթափելիս, ծեծելիս: Չէ՞ որ այս ամենը ժողովուրդը տեսել ու լսել է հեռուստաեթերից, իսկ դուք ձեզ անմեղ գառնուկ եք ձևացնում: Ձեր առաջնորդն էր ասում` «թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի». իսկ ի՞նչ արեց` վախկոտաբար թաքնվեց իր դղյակում` անկառավարելի թողնելով գազազած ամբոխը: Եվ զարմանալիորեն իրեն մեղավոր չի համարում զոհերի ու կալանավորվածների համար:
Եվ ահա ընդդիմադիր առաջնորդիկները, օգտվելով իշխանությունների հանդուրժողականությունից, ավելի ճիշտ` անհետևողականությունից, հայտարարում են` եթե կարճ ժամանակում մեր պահանջները չկատարվեն, մենք առճակատման կգնանք, այսինքն` դարձյալ բռնություն...
Պարոնայք նախկինները տարիներ շարունակ հայտարարում են, թե իշխանությունները լեգիտիմ չեն, մոռանալով, որ իրենք, 1996-ից սկսած, լեգիտիմ չեն: 1998-ի պարտվողական հրաժարականից հետո է՛լ ավելի լեգիտիմ չեն, քանզի, պատասխանատվություն չզգալով ոչ դիվանագիտական, ոչ բարոյական, թերևս դավաճանական հայտարարության համար, հռչակեցին. «Հեռանում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը»: Պարզապես անհասկանալի է, թե երկչոտ խաղաղությամբ ի՞նչ էիք ակնկալելու հայակեր թուրքից: Եվ վերջապես, մի՞թե Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կուսակցությունը, որոնց հեղինակություններն այսօր շահարկում եք ձեր քաղաքական անազնիվ նպատակների համար, պատերազմի կուսակցություն էր, թե՞ պաշտելի Արցախի, հայրենիքի ճակատագրի համար ամեն տեսակի զոհողությունների պատրաստ, մարտաշունչ, հայրենաշունչ կուսակցություն:
Պարոնա՛յք, յուրաքանչյուր կուսակցության, պետական ու քաղաքական գործչի գնահատականը պետք է ձևակերպել հետևյալ կերպ. ի՞նչ է արել, որ չպիտի աներ, և ի՞նչ չի արել, որ պարտավոր էր անել: Իսկ այն ամեն լավը, որ նա արել է, պարտավոր էր անել, քանզի յուրաքանչյուր ոք ծնվում է իր հայրենիքին, իր հարազատ ժողովրդին ծառայելու համար, հակառակ դեպքում անիմաստ է աշխարհ գալը:
Թերևս, այս սկզբունքը կիրառելով` անաչառ գնահատական կտրվի պատմական իրադարձություններին, կուսակցությունների գործունեությանը, անհատների դերին, և պատմագիտությունը կդառնա գիտական շարադրանք, հակառակ պարագայում պատմական իրադարձությունները կեղծվում, աղավաղվում են, հերոսները` նսեմանում, անարժանները` հերոսանում, զարդարվում կեղծ լուսապսակով:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Պատմաբան

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ