Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեր Երևանը տան նման է»

«Մեր Երևանը տան նման է»
10.04.2009 | 00:00

ՎԵՐԱՐԺԵՎՈՐՈՒՄ
Գեղարվեստի պետական ակադեմիայի պատկերասրահում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես` նվիրված Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևանի գլխավոր հատակագծի 85-ամյակին: Տարբեր սերունդների նկարիչների աշխատանքների կողքին երևանյան թեմաներով իրենց մտահղացումներն են ներկայացրել գեղարվեստի ակադեմիայի ուսանողները, որոնց համար թամանյանական Երևանը պատկերացնելն այնքան էլ դյուրին գործ չէ: Այս հարցում նրանց օգնել են արխիվային փաստաթղթերը, լուսանկարներն ու ավագ սերնդից լսած պատմությունները: Ի դեպ, ցուցահանդեսն առանձնահատուկ է նրանով, որ, գեղարվեստական աշխատանքներից զատ, ներկայացված են մեր քաղաքի պատմությանն առնչվող ուշագրավ, բացառիկ վավերագրեր, զորօրինակ՝ «ՀԽՍՀ ժողկոմխորհի 1924 թվականի ապրիլի 3-ի գիշերվա ժամը մեկի արտակարգ նիստի արձանագրությունը», որով հաստատվել է Թամանյանի նախագծած հատակագիծը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա Երևանի քաղաքապետ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆՆ իր հարգանքի խոսքն ուղղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին ու հատկապես ուսանողներին՝ մեր քաղաքի մասին հիշողություններն այս կերպ արթնացնելու համար: «Վերարժևորելով Թամանյանի նման մարդկանց՝ պետք է կարողանանք այսօրվա սերնդի մեջ դաստիարակել թամանյաններ, որպեսզի տարիներ հետո եկողները հպարտանան արդեն նրանցով»,- ասաց նա:
Ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը ցուցահանդեսի գլխավոր արժանիքը համարում է այն, որ ուսանողները ոչ թե պարզապես աշխատանքներ են ներկայացրել ու մասնակցել ցուցահանդեսին, այլ բավականին հարուստ նյութ են ուսումնասիրել Երևանի մասին, լայնացրել իրենց իմացությունների շրջանակը և կատարել նպատակային, թեմատիկ աշխատանք՝ հատկապես այս ցուցահանդեսի համար, որը, ըստ արվեստագետի, պիտի նպաստի, որ մարդիկ ավելի շատ սիրեն Երևանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ կարծում է, որ մեր այսօրվա Երևանը շատ է օտարվել թամանյանական Երևանից, բայց և չի ժխտում, որ կյանքի, իրականության մեջ կատարվող անխուսափելի փոփոխությունները, բնականաբար, պիտի անդրադառնային նաև քաղաքի վրա: «Վերջին տարիներին մենք, գլուխներս կորցրած, այնպիսի թափով էինք շինարարություն անում, որ չհասցրինք հասկանալ՝ ճի՞շտ ենք կառուցում, թե՞ ոչ,- ասում է նա:- Երևի ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ են արել: Թեև այսօր արդեն տեսանելի է, որ շատ բաներ այլևս շտկել հնարավոր չէ: Որոշ տեղերում մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել»:
Ցուցահանդեսի կազմակերպիչ, գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանը ցուցահանդեսը որակեց ճանաչողական: Նշեց, որ կարևորում է ոչ թե ներկայացված աշխատանքների քանակը, այլ որակը: Նա իր գոհունակությունը հայտնեց ուսանողների դրսևորած ակտիվության և իրենց առջև դրված խնդիրը ճիշտ ըմբռնելու առիթով:
Գեղարվեստի ակադեմիայի ուսանող ԱՐԱՐԱՏ ՄԻՆԱՍՅԱՆԸ ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքներում էլ կարողացել էր զգալ Երևանի հանդեպ ստեղծագործողների կարոտը: Ինքը ևս աշխատանքներ էր ներկայացրել՝ կարոտի իր մեկնաբանությամբ: «Մեր Երևանն այնքան հաճելի մթնոլորտ ունի, տան նման է,- գնահատում է երիտասարդը։- Քաղաքի մի ծայրից մյուսը կարելի է անցնել՝ անընդհատ բարևելով ծանոթ մարդկանց: Եվ քաղաքի նկատմամբ վերաբերմունքն էլ պիտի լինի նույնը, ինչ սեփական տան նկատմամբ: Միայն այդ դեպքում Երևանը կարող է դառնալ ավելի լավը: Ցուցահանդեսին ներկայացված գործերն էլ հիմնականում արվել են այս մտայնությամբ: Երիտասարդության մեջ մեծ պոտենցիալ կա, որից պետք է օգտվել ու դրանով ավելի լավը դարձնել Երևանը»:
Ելույթների մեջ, իհարկե, չէին մոռանում հիշատակել, որ Երևանի նկատմամբ սերը սկսվում է քաղաքը մաքուր պահելուց ու նրա հանդեպ տածած խնամքի, հոգածության ամենատարրական դրսևորումներից:
Հին ու նոր Երևանի կոլորիտն ամբողջանում էր նաև երևանյան թեմաներով հնչող երգերի ձայնագրություններով:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ