Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

7 ժամ Ժնևում, որտեղ մի ժամանակ արև էր

7 ժամ Ժնևում, որտեղ մի ժամանակ արև էր
30.01.2020 | 10:18

Երեկ Ժնևում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ: Այդ հանդիպմանը նախորդեց երկու նախարարների հանդիպումը ՄԽ-ի հետ: Դատելով ներհայաստանյան գործընթացներից ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից՝ Զոհրաբ Մնացականյանի դիվանագիտական խնդիրը հնարավորինս անկորուստ մադրիդյան սկզբունքների դաշտից դուրս գալն է: Էլմար Մամեդյարովինը՝ կառչած մնալ սուբստանտիվ դիրքորոշմանը, իմա՝ մադրիդյան սկզբունքներին՝ առանց Արցախի կարգավիճակի որոշարկման: Առավելևս Մեջլիսի ընտրություններից առաջ՝ Ալիևին պետք են շոշափելի հաջողություններ գոնե բանակցային դաշտում:

Հազիվ թե հիմա Ալիևը փորձի պատերազմ սկսել՝ ընտրություններից առաջ՝ անորոշ ելքով: 2019-ի դեկտեմբերին Բրատիսլավայում հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է պնդել, որ բանակցային սեղանին որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա, թեպետ Ադրբեջանը ներկայացնում է առաջարկների փաթեթ, իսկ հանդիպումից հետո Մամեդյարովը նորից խոսեց
«Լավրովի պլանի» մասին ու բանակցությունները «կոշտ» որակեց՝ կողմերը ներկայացրել են իրենց «կարմիր գծերը»: «Եթե նույնիսկ պատերազմ լինի, հավերժ չի տևելու, և պետք է լինելու այսպես թե այնպես շարունակել բանակցությունները», - հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: Հզոր փաստարկ է՝
Եթե դիտարկենք Ժնևի հանդիպումը տարածաշրջանի համապատկերում՝ Մեծ Մերձավոր Արևելքի շրջագծում, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբիայի կոնֆլիկտների, Իսրայել-Պաղեստին հարաբերությունների համադրումով, ստանում ենք խիստ հակասական պատկեր:

Խաղացողները հիմնականում երկուսն են՝ Թուրքիան ու Ռուսաստանը, ԱՄՆ-ը գործում է կետային հարվածների մարտավարությամբ: Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը անթաքույց բախվում են Սիրիայում ու Լիբիայում և հասել են այնտեղ, որ Էրդողանը բացահայտ սպառնում է զենքի դիմել ռուսների դեմ: Առավել հետաքրքիր իրավիճակ է Իսրայել-Պաղեստին կտրվածքով՝ Թրամփի առաջադրած խաղաղ կարգավորման նոր ծրագիրը հիմնվում է դե ֆակտո իրավիճակի դե յուրե ամրագրմանը: Ընդունու՞մ է Պաղեստինը, թե ոչ, համաձա՞յն են հարևան պետությունները, թե ոչ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ հայտարարում է, որ Պաղեստինը 4 տարի ժամանակ ունի՝ համաձայնելու համար: Թեպետ Մահմուդ Աբասը հայտարարում է, որ Երուսաղեմը չի վաճառվում, իրենք տեսակետ չեն փոխում ու պահանջում է հավասար բանակցություններ՝ մերձավորարեւելյան քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) միջնորդության պայմանով, ոչ թե միայն ԱՄՆ-ի: Բենյամին Նետանյահուն պատրաստ է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ, բայց՝ իր պայմաններով: Թուրքիայի ԱԳՆ էլ արդեն հայտարարել է, որ «ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է: Անեքսիայի պլան է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը և երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի է գնել փողով»: Թուրքիան նաև հայտարարել է, որ ինքը «չի պաշտպանի որևէ պլան, որ չի ընդունի Պաղեստինը»: Ռուսաստանն ու Ֆրանսիան դեռ ուսումնասիրում են փաստաթուղթն ու գնահատում իրավիճակը: Այսինքն՝ հայտարարություններ կլինեն ավելի ուշ, բայց հայտարարությունների բովանդակությունը ենթադրելի է՝ համենայն դեպս Նետանյահուն Վաշինգտոնից թռել է Մոսկվա: Փաստացի՝ ԱՄՆ-Թուրքիա նոր լարում է սկսվում:

Հարց՝ պատրա՞ստ է Դոնալդ Թրամփը դե ֆակտոն դե յուրե դարձնելու երկրորդ սխրանքը գործել իր նախագահության 4-րդ տարում՝ նույնկերպ վերաբերվելով Արցախի հարցին և ամրագրելով ստատուս քվոն՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը իր ներկա սահմաններով: Թե՞ դրա համար վճարող չկա: Սխալ ու դեռ չուղղվող սխալ է, որ Արցախի հարցում հայկական կողմը փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ համանախագահի հետ է աշխատում՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային թողնելով «գործազուրկ»: Եթե Մակրոնը սկսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխության քաղաքականություն, դեռ չի նշանակում, որ նա բոլոր հարցերում անխտիր, ու մասնավորապես այս հարցում, համաձայնելու է Պուտինի հետ: Հակառակը՝ ևս մի փաստարկ է ստանալու ընդհանուր փաստարկների մեջ: Իսկ Հայաստանը, կարծես, Ֆրանսիայի հետ հարաբերություններ ունի միայն դեսպանատների մակարդակով: Սա կոպիտ սխալ է, եթե հաշվի առնենք, որ բրեկզիտից հետո ավանդաբար ադրբեջանամետ Մեծ Բրիտանիան դադարում է ԵՄ-ում քաղաքականություն թելադրել, Գերմանիան աստիճանաբար հանձնում է դիրքերը, ու ԵՄ-ում առաջին ջութակը դառնում է Ֆրանսիան, որ ավանդաբար հայամետ է եղել՝ քաղաքակակրթական ընտրությամբ: ԱՄՆ-ի հետ աշխատանքը պետք է ոչ միայն ներդրումներ ու ֆինանսական աջակցություն ստանալու, ցեղասպանությունը ճանաչելու, այլև, և ամենից առաջ՝ Արցախի հարցով՝ համահայկական ողջ ներուժը ԱՄՆ-ում նպատակաուղղելով Արցախի ճանաչմանը՝ աշխատելով նաև հրեական լոբբիի հետ: Գուցե սա է այն ելքը, որ դուրս է բերում բանակցությունները մադրիդյան սկզբունքների փակուղուց: Իվերջո, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ստատուս քվոն տասնամյակներով պահպանել են ԱՄՆ-ը ու Ֆրանսիան, թեպետ Մինսկի խմբի համանախագահները ստեպ-ստեպ հայտարարել են, որ ստատուս քվոն այլևս անընդունելի է: Կա հրապարակային քաղաքականություն ու կա ռեալ քաղաքականություն: Ռեալը եղել է իրավիճակի պաշտպանությունը: Ու դա է ստիպում Բաքվին ապավինել «Լավրովի պլանին», որովհետև Ալիևը կարողացել է համոզել միայն Ռուսաստանի, բայց ոչ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներին, որովհետև Ալիևը նաև Ռուսաստանի սպառազինության մշտական գնորդ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին: «Ընդունված գործառույթի համաձայն` հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի»՝ ընդամենն ասել է նա: Հանդիպումը սկսվել էր կեսօրից ու տևել 7 ժամ:
Հուսանք, որ երեկ ու այսօր նրանք չեն քննարկել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, առաջիկայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման հավանականությունը: Այս իրավիճակում Ստեփանակերտը դեռ ասելիք չունի՝ ոչ միայն նախագահի ու խորհրդարանի ընտրությունների պատճառով, այլև՝ առաջարկի իմաստով: Օրակարգ չունեն նաև Փաշինյանն ու Ալիևը, եթե հրապարակվող պաշտոնական տեղեկությունները համարժեք են իրականությանը:

Դիտվել է՝ 112908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ