Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ատոմակայա՞ն, թե՞ արևային էլեկտրակայան

Ատոմակայա՞ն, թե՞ արևային էլեկտրակայան
25.01.2013 | 13:54

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ:

-Պարոն Համազասպյան, ի՞նչ արդյունքներով ավարտեցիք 2012-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2013-ից:
-Անցած տարվա մեր կարևորագույն ձեռքբերումը պետք է համարեմ այն, որ իշխանական սառույցը վերջապես տեղից շարժվեց, և հելիոֆիկացիայի խնդիրն ընկալելի դարձավ մեր բարձրագույն իշխանական մարմիններին: Այս հարցում մեծ էր ձեր` «Իրատես de facto»-ի դերը: Թերթի ողջ կոլեկտիվին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և լավագույն բարեմաղթանքները: Ցանկանում եմ, որ այս տարին հաջողություն բերի մեր ազգին, որ հայ մարդն այսուհետ մոռանա արտագաղթի ճամփան և զբաղվի իր ստեղծագործ աշխատանքով սեփական հայրենիքում` սփյուռքի մեր եղբայրների և քույրերի հետ ձեռք ձեռքի տված: Այսօր դա շատ կարևոր է Հայաստանի համար:
-Վերադառնանք հելիոֆիկացիայի խնդրին: Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ Հայաստանի իշխանությունները դեմ են այդ ծրագրին, ծրագիր, որի իրականացումը շատ բան կարող է տալ Հայաստանին և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով: Ինչո՞վ կարող եք այդ երևույթը բնութագրել: Իշխանությունները հո մեր երկրի թշնամիները չե՞ն:
-Իհարկե ոչ: Սկզբունքորեն մեր իշխանությունները մեր երկրի համար թշնամիներ լինել չեն կարող: Հայ ժողովուրդը մշտապես ունեցել է արտաքին թշնամիներ և երկիրը քայքայող ու թշնամու գործը առաջ տանող չինովնիկություն, քյոխվայություն և այլն:
-Այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի մնաց, թե ո՛րն է մեր չինովնիկի շահը, ինչո՞ւ նա պետք է խոչընդոտի Հայաստանում հելիոֆիկացիայի Ձեր ծրագրի իրականացմանը, չէ՞ որ խոսքը մեր` էներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրում արևային էներգետիկայի զարգացման, արդյունաբերության մեջ հելիոտեխնիկական արդյունաբերության նոր ոլորտի ձևավորման, գազի թանկացման պայմաններում բնակչությանը էներգիայի առավել էժան և կայուն աղբյուրի տրամադրման ազգանվեր գործի մասին է:
-Ձեր նշած փաստարկները բխում են պետության և ժողովրդի շահերից: Դա կոչվում է պետական կամ համակարգային մոտեցում: Անվերջ կարելի է թվարկել այն բազմաթիվ օգուտները, որոնք կստանան Հայաստան պետությունը և նրա քաղաքացիները, երբ կյանքի կոչվի հելիոֆիկացիայի մեր ծրագիրը: Օգուտներ` ինչքան ուզես, ու ոչ մի վնաս` և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով, ո՛չ մի հակացույց: Պետական չինովնիկն այս ամենը գիտի, բայց իրողություններին նայում է միայն իր նեղ, շահադիտական տեսանկյունից: Բյուրոկրատ չինովնիկի ֆենոմենն այն է, որ նա հմտորեն կարողանում է քողարկվել, խոսելով պետության շահերից` նա իր յուրաքանչյուր պաշտոնական քայլ հարմարեցնում է իր նեղ անձնական շահին: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեության հիմքում դնում են նախ պետության և ժողովրդի գերակա շահը` երկրորդ պլան մղելով նեղ անձնականը, շատ վտանգավոր են չինովնիկության համար: Նրանք մտնում են, կոպիտ ասած, չինովնիկի բոստանը, որտեղ վերջինս փող է աշխատում: Միաժամանակ կասկածի տակ է դրվում չինովնիկի պաշտոնավարման նպատակահարմարությունը, երբ նրա գործը առավել հաջողությամբ կատարում են ուրիշները: Չինովնիկը մի օր պետք է պատասխան տա ծախսված պետական և գրանտային միջոցների և զրոյական արդյունքի համար: Այդ ինչպե՞ս պատահեց, որ 20 տարվա ընթացքում մենք կուտակեցինք 4 միլիարդ դոլարի պարտք և դրա դիմաց ունեցանք ընդամենը քայքայված, հոգեվարքի մեջ գտնվող տնտեսություն, չհաշված, իհարկե, ցոփ կյանք վարող չինովնիկությունը և օլիգարխիան: Իմ պարագայում կարող եմ փաստել, որ գիտնականների և ինժեներների մի փոքրաթիվ խմբով մենք զրոյական կետից, առանց պետական և գրանտային միջոցների, ստեղծել ենք արտահանմանը միտված արդյունաբերության մի հզոր ոլորտ` իր բոլոր ատրիբուտներով, և պատրաստ ենք այն հաջողությամբ իրագործելու Հայաստանում և այլուր: Չնայած գրանտային ծրագրերի առատությանը, քսան տարիներում էներգետիկայի նախարարությունն այդպես էլ չկարողացավ ստեղծել մեր հելիոֆիկացիայի ծրագրին համարժեք այլընտրանքային որևէ ծրագիր: Միայն այդպես կարող եմ բացատրել էներգետիկայի նախարարության ընդերքում ծնված և ինձ հասցեագրված հայտնի թեզը, որ արևային տեխնիկայի զարգացումը Հայաստանում վաղաժամկետ է: 2000 տարի առաջ այդ մտահանգմանը ավելի հարմար ձևակերպում էր տվել Եզոպոսը. «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է»:
-«Նոյյան տապանում» կայացած մամլո ասուլիսում հայտարարեցիք, որ մեր չինովնիկն ավելի վտանգավոր է ազգի համար, քան ատոմակայանը: Ինչո՞ւ եք այդքան բացասաբար վերաբերվում Ձեր գործունեությանը չինովնիկի տված կարծիքին: Հնարավոր է, չինովնիկությունը, իսկապես, հեռանկարային չի համարում հելիոֆիկացիայի ծրագիրը:
-2013-ի հունվարի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց կարևոր մի միտք` մեր սերնդին մեծ առաքելություն է բաժին հասել` կայացնել և ամրապնդել մեր անկախությունը: Նախագահի այդ մտքին ես կավելացնեմ նաև, որ մեր սերունդը լավ հնարավորություն ունի կատարելու իր այդ կարևոր առաքելությունը: Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը մեզ տալիս է այդ հնարավորությունը, պետք է միայն այն նյութականացնել: Եթե որոշ չինովնիկներ, օգտվելով մեր երկրի ծանր տնտեսական վիճակից, փորձում են պղտոր ջրում իրենց համար ձուկ որսալ` առաջնորդվելով հայ մարդուն պատիվ չբերող «Եղունգ ունես` գլուխդ քորիր» կործանարար կարգախոսով, ապա այստեղ ես մեր նախագահի կողքին եմ: Զրո հանդուրժողականություն պետության հիմքերը թուլացնող մարդկանց և պաշտոնատար անձանց նկատմամբ: Ինչ վերաբերում է մի չինովնիկի արտահայտած արևային տեխնիկայի վաղաժամկետության թեզին, ապա դա ապակողմնորոշող և շատ վտանգավոր է, ունի զարգանալու և տարածվելու հեռանկար: Այդ միտքն արդեն ընթացքից վերցրել և անմիջապես գործի է դրել ՀՀ ԿԳՆ-ն` փակելով Աբովյան քաղաքի կրթահամալիրին կից մեր ուսումնական արևային պոլիգոնը, ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` անտեսելով Հայաստանի հելիոֆիկացիայի հարցերով պառլամենտական լսումներ կազմակերպելու ՀՀ ԱԳՄ առաջարկը և այլն: Այստեղ սկսում է գործել դոմինոյի գործոնը` գործարարները չեն շտապում ներդրումներ կատարել, մեզ քարկոծողների շարքերն արդեն համալրում են հասարակական կազմակերպությունները:
-Դուք նկատի ունեք սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի ելո՞ւյթը Ձեր համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Ես ծանոթ եմ արևային էներգետիկային տված նրա գնահատականին, որը համեմեց` «Մկան թուքն էլ ջրաղացին օգուտ է» հայտնի արտահայտությամբ: Հետաքրքիր է իմանալ, թե նա ինչու է լծվել արևային էներգետիկայի դեմ մղվող պայքարին: Ձեր կարծիքով` որո՞նք են նման դիրքորոշման շարժառիթները, պարզ մարդկային խա՞նդն է այստեղ գործում, թե՞...
-Իմ կարծիքով` այստեղ «թե»-ն է գործում: Մի փոքրիկ ուղղում: Ոչ թե լծվել է, այլ լծել են: Ո՞վ և ինչո՞ւ էր կազմակերպել ատոմային և արևային էներգետիկային նվիրված այդ մամլո ասուլիսը, ու ի՞նչ նպատակ էր այն հետապնդում` ինձ համար գաղտնիք մնաց: Մտածում ես` այդ ի՞նչ օտարածին գործիչներ են աշխատում, լավ, դրանց մեջ հայի արյուն իսկի չկա՞: Ո՞Ւմ է խանգարում Վահան Համազասպյանը` իր հելիոֆիկացիայի ծրագրով, ո՞ւմ էր խանգարում աշխարհահռչակ ակադեմիկոս հանգուցյալ Պարիս Հերունին` իր «Արև» ծրագրով, ո՞ւմ են խանգարել մեր մյուս տաղանդավոր գիտնականները, գյուտարարները և ինժեներները: Ինչո՞ւ են նրանք լքել և լքում իրենց հայրենիքը, գնում են «օտարստաններ»` ծառայելու այլոց, երբ նրանց կարիքը Հայաստանն ավելի շատ ունի: Ափսոսում եմ, որ այդ սկզբունքային հարցի վերաբերյալ մեր բանավեճն Արմեն Պողոսյանի հետ չկայացավ: Ի զարմանս ինձ և լրագրողական լսարանի, իմ ելույթի արանքում նա ճողոպրեց: Բարձրացված հարցի վերաբերյալ լրագրողները բավարարվեցին միայն իմ մեկնաբանությունները լսելով: Պարոն Արմեն Պողոսյանը, մեջբերելով` «Մկան թուքն էլ ջրաղացին օգուտ է» ժողովրդական հայտնի ասացվածքը, ակամայից տվեց Հայաստանի համար հելիոֆիկացիայի դերի ճիշտ գնահատականը: Բացատրեմ: Այդ ասացվածքի իմաստն այն է, որ մկան օգնությամբ հնարավոր է ջրաղացի քարը (թափանիվը) տեղից պոկել, հաղթահարել դադարի դիմադրությունը: Հետագայում քարը կպտտվի նաև առանց մկան օգնության: Էլեկտրաշարժիչներում մկան դերը կատարում են թողարկման փաթույթները: Այդ նույն իմաստությունն է տարածում նաև «Պապը և շաղգամը» ժողովրդական հեքիաթը: Այնտեղ ևս, միայն մկան օգնությամբ հնարավոր եղավ պոկել հսկայական շաղգամը: Խոսքը ոչ թե Հայաստանի տնտեսության մեջ արևային էներգետիկայի մի չնչին (մկնաչափ) ներդրման մասին է, այլ այն, որ տեղից պոկվելով, հելիոտեխնիկական արդյունաբերությունը կստանձնի Հայաստանի տնտեսության իսկական լոկոմոտիվի դերը և Հայաստանի արդյունաբերությունը կպոկի քնած վիճակից, իր վճռորոշ ազդեցությունը կթողնի մեր տնտեսության բոլոր ճյուղերի վրա` ներառյալ գիտությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, երկրի անվտանգությունը և այլն: Այս ամենը մենք տեսնում, հասկանում և համառորեն շարունակում ենք մեր գործը, գիտենք, որ հելիոֆիկացիայի գաղափարն այն ջինջ աղբյուրն է, որից սկիզբ կառնի դեպի օվկիանոս շտապող մի հորդառատ հայկական գետ, արժանավայել հայկական բրենդ` մեր երկրին բերելով տնտեսական և քաղաքական լուրջ դիվիդենդներ: Կատակ բա՞ն է, հայ գիտնականները ձեռնոց են նետում համաշխարհային էկոլոգիական և էներգետիկ պրոբլեմներին` այն լուծելով Հայաստանում մշակված «Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի» ամբիցիոզ ծրագրի միջոցով:
-Ափսոս, որ ատոմակայանի և արևային էներգետիկայի վերաբերյալ Ձեր քննարկումները չկայացան: Այս խնդիրները գտնվում են ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մանավանդ ատոմակայաններում տեղի ունեցած աղետներից հետո: Հիշենք Չեռնոբիլը, Ֆուկուսիման և ատոմակայանների նկատմամբ համաշխարհային հանրության խիստ բացասական վերաբերմունքը: Ի՞նչ ապագա եք կանխատեսում ատոմային էներգետիկայի համար, ընդհանրապես, և հայկական ատոմակայանի վերաբերյալ, մասնավորապես:
-Թող ոչ ոք չսպասի, թե ես որևէ բացասական խոսք կհնչեցնեմ ատոմային տեխնիկայի և, մասնավորապես, հայկական ատոմակայանի վերաբերյալ: Դա ինձ համար հոգեհարազատ թեմա է, որին նվիրվել եմ իմ գիտական գործունեության լավագույն տարիները: Իմ գիտական աշխատանքները ու նաև իմ ասպիրանտներից շատերի աշխատանքները նվիրվել էին ատոմային ռեակտորների, միջուկային մարտագլխիկների և տիեզերական սարքերի մեջ օգտագործվող էլեկտրոնային սարքերի հուսալիության ապահովման խնդրին: Իմ և տ.գ.թ. Սամվել Թադևոսյանի նախագծած ռադիացիայի նկատմամբ կայուն և գերճշգրիտ թիվ-անալոգային ձևափոխիչը մինչ օրս էլ օգտագործվում է տիեզերական տարբեր սարքերի մեջ: Հայաստանում քչերը գիտեն, որ 1989-ին Մոսկվայում, իմ մասնակցությամբ, քննարկվում էր հայկական ատոմակայանը «Էլեկտրոնստանդարտ» ՀԳՀԻ-ի տրամադրությանը հանձնելու հարցը` հատուկ նշանակությամբ էլեկտրոնային սարքերի ռադիացիոն փորձարկումները կազմակերպելու նպատակով: Նույն թվականին ատոմակայան այցելեց Սերգեյ Կորոլյովի տեղակալ Էռնստ Մոլչանովը: Մտահղացումը չկայացավ ԽՍՀՄ փլուզման պատճառով… Ատոմային էներգետիկան դեռ երկար կծառայի մարդկությանը, քանի դեռ չի գտնվել համարժեք էներգիայի այլընտրանքային աղբյուրը: Կասկած չկա, որ այդ աղբյուրը մայր արևն է լինելու: Մնում է միայն գտնել այդ էներգիայի օգտագործման տնտեսապես շահավետ ձևը: Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվել, ատոմային էներգետիկան չի կորցնի իր կարևոր դերը: Ատոմային վառելիքի պաշարները կարող են բավարարել մոտ 200 հարյուր տարի: Իրենց բնույթով ատոմակայանները հուսալի և անվտանգ համակարգեր են, որոնք մշտապես կատարելագործվում են հուսալիության բարձրացման ուղղությամբ` օգտագործելով գիտության և տեխնիկայի նվաճումները: Ատոմակայանի թույլ տեղը և վտանգի միակ աղբյուրը մարդն է` սպասարկող և ղեկավարող անձնակազմի տեսքով: Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի վթարների պատճառը միայն մարդկային գործոններն էին: Չեռնոբիլի ատոմակայանում ռեակտորների հովացման առավել հուսալի երկկոնտուրանոց սիստեմների փոխարեն օգտագործվել էր ավելի բարձր օ.գ.գ. և, հետևաբար, էլեկտրաէներգիայի ցածր ինքնարժեք ապահովող մեկկոնտուրանոց հովացման համակարգ: Չեռնոբիլում, առաջնությունը տալով տնտեսական ցուցանիշներին, հարվածի տակ էր դրվել կայանի հուսալիությունը: Ֆուկուսիմայի վթարի պատճառը ևս հովացման համակարգում թույլ տրված սխալներն էին: Վթարից հետո այդ փաստը բարձրաձայնեց ամերիկացի ինժեները` վկայակոչելով ընդունման ակտի տակ իր հատուկ կարծիքը: Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարության ժամանակ պետք է նկատի ունենալ այս ամենը և հաշվի նստել սեփական մասնագետների կարծիքի հետ` զերծ մնալով չինովնիկական կամային որոշումներից: Ատոմակայանի շինարարության վրա ինչ-ինչ խնայողությունների գնացող չինովնիկը պետք է հասկանա իր գործողությունների ռիսկի աստիճանը և զերծ մնա այստեղ ևս փող աշխատելու գայթակղությունից:
-Կարո՞ղ են արդյոք հելիոֆիկացիայի ծրագիրը և հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը մտնել ինչ-որ հակասությունների մեջ:
-Իհարկե, հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը անպայման խառնելու է էներգետիկ ոլորտի խաղաթղթերը: Ատոմակայանն այստեղ կապ չունի: Ցանկացած բիզնեսի նման, էներգետիկ ոլորտի բիզնեսը ևս ունի իր հստակ տրամաբանությունը: Պետք է պահպանել և զարգացնել էներգետիկ շուկայում գրաված մոնոպոլ դիրքը: Այստեղ հելիոֆիկացիայի գաղափարը սկզբունքորեն հակասության մեջ է մտնում գազի, նավթի և էլեկտրաէներգիայի ոլորտների բիզնեսի հետ երկու պատճառով: Առաջին, հելիոֆիկացիան ենթադրում է բաշխված էներգահամակարգերի ձևավորումը, երբ էներգետիկ շուկայի յուրաքանչյուր սպառող ունենում է հսկողությունից դուրս գտնվող էներգիայի իր սեփական աղբյուրը: Որոշ դեպքերում շարքային սպառողը կարող է չընդունել էներգակիրների գների հարաճուն բարձրացման գործոնը (իսկ էներգակիրների գները ապագայում միայն աճելու են) և օրերից մի օր էլ կորոշի հրաժարվել գազի կամ էլեկտրաէներգիայի մատակարարի ծառայություններից: Մոնոպոլ դիրք ունեցող էներգամատակարարի համար դա վատ սցենար է: Էներգետիկ շուկան կկորցնի իր սպառողների զգալի մասը: Խոսենք թվերով: Մեր երկրում ունենք 350000 գյուղացիական տնտեսություն: Հելիոֆիկացիան ենթադրում է, որ նրանցից յուրաքանչյուրը կստանա 20 կՎտ ջերմային հզորությամբ արևային սարքեր: Այդ սարքերի միջոցով ստացված ընդհանուր ջերմային հզորությունը, տարվա կտրվածքով, կկազմի 350000 X 20 կՎտ X 2500 արևային ժամ = 17500000000 կՎտ =17500000 ՄՎտ/տարեկան ջերմային հզորություն: Եթե այս թիվը բաժանենք տարվա ժամերի վրա` կստանանք 17500000 : 365 X 24 = 19977168 ՄՎտ.ժ ջերմային հզորություն:
-Ի՞նչ համամասնություն ունեն արևային էներգիայի այդ ծավալները էներգիայի մյուս աղբյուրների հետ:
-Խնդրեմ, համեմատենք այն հայկական ատոմակայանի 400 ՄՎտ.ժ հզորության հետ` 19977168:400 = 4994292, այսինքն` այն 5 անգամ ավելի է, քան ատոմակայանի տված հզորությունը: Նշեմ, որ 400 ՄՎտ-ն ատոմակայանի նոմինալ (կեղտոտ) հզորությունն է, որի մեջ չկան բուն ատոմակայանի վրա ծախսված էներգիան, կապիտալ վերանորոգման և այլ տեխնոլոգիական միջոցառումների ժամանակ հարկադիր պարապուրդներից առաջացած կորուստները և այլն:
-Այդ թվերը տպավորիչ են: Միգուցե մեծ ծախսե՞ր են պահանջվում հելիոֆիկացիայի ծրագրի համար:
-Ամենևին: Բերեմ նաև այդ հաշվարկները` ընդունելով DVH տիպի կոմբինացված հելիոհամակարգերի գործարանային գները` 100 դոլար մեկ կՎտ տեղադրված հզորության դիմաց: 350000 X 20 X 100 $ = 700000000 $ = 700 միլիոն դոլար = 0,7 միլիարդ դոլար: Համեմատության համար ասեմ, որ հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար պահանջվում է 5-7 միլիարդ դոլար ինվեստիցիա կամ 10 անգամ ավելի գումար, քան այն կպահանջվի Հայաստանի հելիոֆիկացիայի համար: Նշեմ, որ DVH տիպի կոմբինացված հելիոհամակարգերի շահագործման ժամկետը 50 տարի է, և մեկ կՎտ ջերմային էներգիայի ինքնարժեքը կազմելու է 100$ X 400 դր: 50 տարի X 2500 արևային ժամ= 0,32 դր.: Դատեցեք ինքներդ: Կենտրոնացված էներգամատակարարման դեպքում մեկ կՎտ էլեկտրաէներգիան մասնավորը գնում է 30 դրամով, համարժեք հզորությամբ գազը` 16 դրամով: Արևային էներգիան մեր գյուղացիական տնտեսությունների համար 50-93,75 անգամ էժան կնստի: Հիշենք, որ արևային էներգետիկան բացարձակ անվտանգ է: Նրա կիրառողներին չեն սպառնում թունավորման, պայթյունի և վտանգավոր այլ երևույթներ:
-Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի նոր ատոմակայանի կառուցումը:
-Ատոմակայան կառուցելը մեզ պետք է արդյունաբերության, այդ թվում` հելիոտեխնիկական արդյունաբերության զարգացման համար: Այսօր ատոմակայանի կառուցումը մեզ համար պարտադիր է դառնում, եթե հաշվի առնենք նաև Թուրքիայում իրականացվող ատոմային ծրագիրը, ըստ որի` Ռուսաստանն այդ երկրում կառուցելու է 4 ատոմակայան: Մեր ատոմակայանի գոյությունը հնարավորություն կտա պայքարելու, որ մեր շրջակայքում և մեր հսկողությունից դուրս այլ ատոմակայաններ չկառուցվեն: Չինովնիկների հորինած այն գաղափարը, որ Հայաստանում արևային տեխնիկայի զարգացումը կխանգարի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը, զուրկ է որևէ տրամաբանությունից: Թուրքիայի ողջ տարածքով արդեն կատարվել է մասնակի հելիոֆիկացիա` արևային ջրատաքացուցիչների մասսայական կիրառման միջոցով, սակայն դա նրան չի խանգարում կառուցելու 4 հատ ԳՎտ-անոց ատոմակայան:
-Այդ դեպքում ինչո՞ւ Ձեր ծրագիրը կյանքի չի կոչվում: Ճիշտ կլիներ, որ առանց ժամանակ կորցնելու ձեռնամուխ լինեիք հելիոֆիկացիայի ծրագրի իրականացմանը և ավարտեիք այն, ասենք, մինչև 2015 թվականը:
-Շատ լավ կլիներ, Հայոց մեծ եղեռնի 100 տարին պետք է նշել նման կարևոր գործով: Բավական է շրջենք երկրագնդով մեկ և աղերսագին խնդրենք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը: Ժամանակն է, որ աշխարհը մեզ ճանաչի որպես համաշխարհային պրոբլեմներ լուծող ազգի, որը մարդկությանը փրկելու է էներգետիկ և էկոլոգիական աղետներից: Դա հնարավոր է: ՈՒսանողական տարիներին ես իմ համակուրսեցիների հետ մասնակցում էի Եղեռնի 50-րդ ամյակին նվիրված ցույցի կազմակերպման աշխատանքներին: Շատ վտանգավոր և անիրական էր թվում, որ սովետական երկրում հնարավոր է հակակառավարական նման համազգային ցույց կազմակերպել, այն էլ 1964 թվականի Նովոչերկասկի դեպքերից անմիջապես հետո, երբ Նիկիտա Խրուշչովը գնդակահարեց «երշիկային» ցույցի ելած բանվորներին: Մեզանում ստացվեց։ Ավելին, 20 տարի անց Ղարաբաղն էլ ստացվեց: Համոզված եմ, հելիոֆիկացիան ևս կստացվի, մնացել է կատարել ընդամենը կես քայլ, պետք է կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի զանգվածային արտադրությունը: Դրա բոլոր նախադրյալները մենք ստեղծել ենք:
-Այս ամենը շատ համոզիչ և փաստարկված է: Ինչո՞ւ մեր իշխանությունները համարժեք չեն արձագանքում, ինչո՞ւ ձեռնքերը քշտած չեն թաթախվում հելիոֆիկացիայի գործընթացների մեջ, չեն ստանձնում նախաձեռնությունը և գործընթացի ողջ պատասխանատվությունը:
-Դրա հնարավորությունը մեր իշխանությունները չունեն: Նրանց գործն ավելի դժվար է, քան ինձ նման ազատ գիտնականինը: Իշխանավորները ստիպված են հետևելու և սպասելու այն գործընթացների ավարտին, որոնք հանգեցրին խորհրդային հզոր կայսրության կործանմանը: Նույնիսկ 20 տարի անց դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց. Գորբաչովի դավաճանությո՞ւնը, սովետական անհեռատես տնտեսական քաղաքականության ախուսափելի կրա՞խը, սառը պատերազմում Արևմուտքի տարած անարյուն հաղթանա՞կը, թե՞ ճշգրիտ հաշվարկված տնտեսական և քաղաքական բնույթի քայլերը` կայսրությունը զարգացման նոր աստիճանի բարձրացնելու համար, թե այս ամենը Պարույր Հայրիկյանի ձեռքի գործն էր: Իրադրությունը բարդ է և շատ հակասական: Դժվար է հասկանալ, թե ԱՊՀ երկրներում և Հայաստանում իրականում ով է ղեկավարում և կարգավորում ընթացող գործընթացները: Մինչև խառնաշփոթի ավարտը և պղտոր ջրի զուլալվելը մեր չինովնիկը չի կարող իզուր ժամանակ կորցնել և զբաղվել հելիոֆիկացիայի հարցերով: Նա զբաղված է իր թալանը տեղավորելով, այն վերաբաշխելով և լեգալացնելով: Ժամանակներն են վտանգավոր: Երկրում սկսվել և ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանի հակակոռուպցիոն պայքարը: Այնպես որ, չինովնիկներից ես սպասելիքներ չունեմ, գոհ եմ, որ նրանք, առայժմ, ինձ չեն խանգարում: Հույս ունեմ, որ Հայաստանը շուտով կբռնի իր կայուն զարգացման ուղին: Նախանշաններն արդեն կան, վկա` հելիոֆիկացիայի հարցերով Հայաստան-Շվեյցարիա հնարավոր համագործակցությանն ուղղված բնապահպանության, էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարությունների տված միանշանակ դրական կարծիքները: Դա ինձ հույսեր է ներշնչում:
-Առջևում նախագահական ընտրություններն են: Նորընտիր նախագահն ի՞նչ կտա մեր ժողովրդին, նաև հելիոֆիկացիայի Ձեր ծրագրին:
-Ասեմ, որ նախագահից ոչինչ կախված չէ և ամեն ինչ կախված է միայն նախագահից: Եթե մենք դեֆակտո անկախ երկիր լինեինք, ապա երկրի նախագահը կարող էր իր անմիջական վճռորոշ ազդեցությունը թողնել Հայաստանի տնտեսական և քաղաքական կայուն զարգացման գործընթացների վրա: Բայց մենք անկախ ենք միայն դեյուրե: Տեսեք, թե ինչ կատաղի աշխարհաքաղաքական հակամարտությունների խաչմերուկում ենք հայտնվել։ Ո՞վ կթողնի, որ Հայաստանը` իր նախագահով հանդերձ, ինքնուրույն քայլեր կատարի և՛ արտաքին և՛, մասամբ, ներքին քաղաքականության բնագավառներում: Այստեղ մեզ պետք է աշխատանքի բաժանում կատարել: Հայ ժողովուրդը, սփյուռքի մեր եղբայրների և քույրերի հետ, պետք է զբաղվի երկրի տնտեսական զարգացման և երկրի պաշտպանունակության բարձրացման հարցերով, իսկ երկրի նախագահը ժամանակ չկորցնի ներքին խնդիրների վրա, չշեղվի արտաքին խնդիրներից: Ճիշտ կլիներ, որ մեր նորընտիր նախագահը մեր հելիոֆիկացիայի խնդիրը դարձներ երկրի ներքին և արտաքին քաղաքականության հենասյուներից մեկը:


Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 6124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ