Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Չկա արդարություն... իսկ ես ուզում եմ ապրել»

«Չկա արդարություն...  իսկ ես ուզում եմ ապրել»
25.01.2013 | 13:45

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինն ու միակը, որ նոր տարին վերելքով է սկսել. հունվարի 1-ից այստեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը բարձրացվել են 40 %-ով։ Եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ նույնչափ բարձրացում տեղի էր ունեցել նաև անցած տարի, ստացվում է` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի խոսքը գործ է, իսկ նրա աշխատաոճն արժանի է ուսումնասիրման. մարդը, փաստորեն, երկու տարվա ընթացքում ապահովել է աշխատավարձերի 80%-անոց աճ։
Նախանձել կարող են բոլորը։ Բայց բոլորը չէ, որ ընդունակ են կտրուկ շրջադարձերի կամ ունեն նման ցանկություն։ Գուցե երկուսն էլ կան, պարզապես... Պարզապես փորձենք պարզել, թե համալսարանի ռեկտորն ինչպես է հասել նման արդյունքի։ Համաձայն իր մեկնաբանության` մի շարք խնայողությունների հաշվին։ Օրինակ, եթե երկու տարի առաջ շինարարական աշխատանքների համար ծախսվել է 690 մլն դրամ, ապա այդ թիվը 2012-ին նվազել է շուրջ 2,5 անգամ` դառնալով հպարտության առարկա։ Առանց հետին մտքի, փորձենք հստակություն մտցնել. խնայողության ռեժի՞մն է այստեղ գործի դրվել, թե՞ գնալով շինարարական աշխատանքների ծավալներն են պակասել, ինչը և բնական է։
Եվ դարձյալ առանց վերլուծության ու տարակուսանքի նոտաներ հնչեցնելու դիտարկենք գլուխ գովելու մեկ այլ փաստ ևս։ Ռուբեն Միրզախանյանի ասելով, հաջորդ ոլորտը, որ նույնպես ապահովել է զգալի խնայողություններ, անմիջական կապ ունի ամենօրյա աշխատանքի, ասել է` թուղթ ու գրի, ներեցեք` գրչի, ձեռքբերման հետ։ Բուհը 2010 թ. որպես գրասենյակային ծախսեր նախանշել է 60 մլն դրամ, անցած տարի` զսպաշապիկ հագնելով, նույն նպատակների համար ծախսել է երեք անգամ քիչ գումար` 22 մլն։
Իսկ հիմա հերթական հարցս. եթե հնարավոր է «յոլա գնալ» 22 մլն-ով, ապա ո՞վ և ինչո՞ւ է թույլ տվել 38 մլն դրամի շռայլություն։ Ի վերջո, մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։
Տեսեք, ընթացիկ տարվա մասին չենք խոսում, որովհետև նվազման միտումը` 22 մլն-ից մինչև 13 մլն դրամի հասցնելը, ունի սպառիչ և հիմնավոր բացատրություն։ Իսկ դա այն է, որ բուհը 2013 թ. անցել է կառավարման էլեկտրոնային համակարգի։
Հաջորդը տնտեսական ծախսերն են, որոնց մասին դատողություններ անելն ու հարցականներ շարելը դյուրին չէ, քանի որ տնտեսական ասվածի տակ «մանր-մունր» բաներ շատ կան, ինչը համալսարանի խորհրդի նիստի ժամանակ չմանրամասնեց նույն ինքը` հարգարժան ռեկտորը։ ՈՒստի բավարարվենք մեր ունեցած տեղեկությամբ` ընդամենը նշելով մի փաստ. երկու տարվա ընթացքում տնտեսական ծախսերն այստեղ 40 մլն դրամից իջե՜լ, իջե՜լ ու հասել են ճիշտ և ճիշտ այն սանդղակին, որի վրա «լռված» են մնացել գրասենյակային ծախսերը` 22 մլն։ Իսկ այսօր երկու ոլորտների համար նախատեսված է նույն, սատանայական 13 մլն թիվը։
Խնայողություններից, իսկ ոմանց կարծիքով, ճիշտ աշխատելու դաշտ տեղափոխվելու անդրանիկ քայլերի մասին հնարավոր է մի քանի օրինակներ նույնպես բերել։ Բայց... Կարևորն այն է, որ մանկավարժականում նոր գործընթացներ են սկսվել, մեկի, գուցե և շատերի համար դրական, բարեհաջող, ոմանց համար` անհաջող, անընդունելի։ Խոսքը կադրային քաղաքականության մասին է և կրկին` երկու տարվա, և դարձյալ` ֆինանսական միջոցների տնտեսման հետ կապված։ Այլևս գաղտնիք չէ, որ բուհում, միայն երկու ամբիոնների միատեղումից երեք տասնյակի հասնող փորձառու ու նաև երիտասարդ, բայց արդեն հեղինակություն վայելող դասախոսները համալրել են գործազուրկների բանակը։ Այսինքն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի, ճանանված հեռուստահաղորդավար Նոնա Զոտովայի, շնորհալի ռեժիսորներ Գոհար և Գագիկ Հարությունյանների, վաստակաշատ մանկավարժ Մերի Գևորգյանի և այլոց կրճատման արդյունքում է նաև տեղի ունեցել մյուսների աշխատավարձերի բարձրացումը։ Երկրորդ կարծիք լինել չի կարող. մեկին, այս դեպքում շատերին, Միրզախանյանը լավություն է արել, քչերին` վատություն, առանձին դեպքերում` զրկել հալալ քրտինքով մի կտոր հաց վաստակելու իրավունքից։ Եվ դա արել է հանգիստ խղճով։ Մի ձեռքով աշխատանքից ազատման հրամաններ է ստորագրել, մյուսով` դրանց փոխարեն, յուրայինների բերել` խախտելով խոստացած «սերնդափոխություն» գործընթացը։
«Խաղից» դուրս մնացածների հիմնական վրդովմունքը հետևյալն է. ինչո՞ւ հենց մենք, և ովքե՞ր են մեզ փոխարինողները։ Ճշմարտություն, անշուշտ, կա։ Ռեկտորը, եթե խնդիր է դրել թոշակառուներից ազատվելու, ապա ինչո՞վ է բացատրում, կամ արդյո՞ք արդարացման կռվան ունի, որ 10-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող երիտասարդ կադրերին փողոց է գցել (հեռուստառեժիսոր Գագիկ Հարությունյանը ստիպված փորձում է համակերպվել ապրանք ցրելու իր նոր պարտականության հետ), իսկ դրսից կենսաթոշակային տարիքի մարդկանց է ընդունել, որոնցից մի քանիսը, ի դեպ, աշխատում են երկու և ավելի տեղեր։ Պատանի հանդիսատեսի թատրոնի հարգարժան դերասան Արմեն Սանթրոսյանը, օրինակ։ Եվ ոչ միայն նա։
Մանկավարժականի պատերից դուրս հայտնված դասախոսների կարծիքով` ամենաանտանելին թերևս այն է, որ բարեփոխումների արդյունքում կրթօջախն աստիճանաբար սպորտային հակվածություն է ձեռք բերում։ Ջատագովը, ամենայն հավանականությամբ, ռեկտորն է, որ երկու ամբիոնների «խաչասերումից» ծնված նոր ամբիոնի վարիչին հորդորել է աշխատել իր նախընտրած թիմով։ Այստեղից էլ` կադրային ջարդ, պատասխանատվությունն իրար վրա գցելու պարզունակ փորձեր։ Միրզախանյանն արդարանում է. «Ես ի՞նչ կապ ունեմ, գնա հարցերդ պարզաբանիր ամբիոնի վարիչիդ հետ»։ Սա էլ իր հերթին է հակադարձում. «Ո՞րն է իմ մեղքը, ես նոր մարդ եմ, ինչ արել են, արել են մինչև իմ գալը»։
Պատկերացնո՞ւմ եք։ Իսկ ի՞նչ կլինի, եթե համալսարանում թեկուզ երկու տարին մեկ ամբիոնի վարիչներ փոխվեն, ու ամեն մեկն իր շրջապատից ընտրություն կատարի։ Ամեն ինչ մի կողմ. առաջինը կտուժեն ուսանողը, կրթական համակարգը։ Մանկավարժական համալսարանին անդամագրված դասախոսները հիմնականում եկել են մեկ բուհից` Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտից, որտեղ նրանք ինչ-ինչ խնդիրներ են ունեցել ռեկտոր Արմեն Մազմանյանի հետ։ Մի փոքր դառն է, նաիվ է, բայց հիմնազուրկ չէ գործազուրկ մնացած դասախոսներից մեկի այն կարծիքը, որ Ռուբեն Միրզախանյանի նորաստեղծ ամբիոնը հարկավոր է կոչել վտարանդիների ամբիոն։
Ի դեպ, այստեղ վերադառնում են նաև սեփական տնից հեռացվածները։ Զրուցակցիս ասելով, իրենց հետ, նույն օրը, աշխատանքից ազատվել ու հիմա, վերևներից ստացված հեռախոսազանգի արդյունքում, վերականգնվել է Հասմիկ Գիշյանը։ Այստեղ են ասել. «Ով տերավոր, նա զորավոր»։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր չունեն ազդեցիկ լծակներ, որոնց միակ զենքը իրենց գիտելիքներն են, այն էլ արդեն չօգտագործվող։ Բուհի ռեկտորատը մոռացե՞լ է արդյոք, որ իրենց 22 տարի շարունակ ռեժիսուրա և դերասանի վարպետություն դասավանդող Գոհար Հարությունյանը, որ հեղինակ է մեկ տասնյակի հասնող բեմադրությունների, խնամքի տակ ունենալով տարեց ծնողներ, հայտնվել է անելանելի վիճակում։ Կամ` 32 տարվա մանկավարժական փորձ ունեցող Մերի Գևորգյանը. միայնակ կինը, փակվելով չորս պատերի մեջ, առայժմ օր է մթնեցնում 18 հազար դրամ գործազրկության նպաստով, աբսուրդ է, չէ՞, իսկ նրան փոխարինած ոչ մասնագետն այս ամսից, 40 % աշխատավարձի բարձրացումից հետո, ստանալու է 180 հազարից ոչ պակաս աշխատավարձ։ Մի՞թե տեղին չէ Մ. Գևորգյանի եզրահանգումը. «Չկա՛ արդարություն... իսկ ես ուզում եմ ապրել»։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 7583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ