Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Դրսի լցրած կեղտը դառնում է պարարտանյութ, ու դրանից այնպիսի՜ ծիլեր են բարձրանում»

«Դրսի լցրած կեղտը դառնում է պարարտանյութ,  ու դրանից այնպիսի՜ ծիլեր են բարձրանում»
07.12.2012 | 12:44

«Իրատես de facto»-ի հյուրն է երգիչ, երգահան ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԸ:


-Արթուր, հին հայկական` 1930-40-ականների երգերի նոր ձայնասկավառակ եք թողարկել` «Once upon a time in Yerevan» («Ժամանակին Երևանում»): Ինչո՞ւ որոշեցիք այդքան հետ նայել:
-Երբ սկսեցի անդրադառնալ մեր 80-90-ականների էստրադային երգերին, մտածեցի, որ պետք է մի քիչ էլ հետ գնալ: Վահագն Հայրապետյանի հետ ստեղծեցինք 70-ականների երգերի ջազային մեկնաբանություններից կազմված «JAZZAVANS» ձայնասկավառակը: Ինչքան հետ ես գնում, այնքան ավելի ես զգում մեր երաժիշտ-կատարողների, կոմպոզիտորների, բանաստեղծների կիրթ ու զգացմունքային լինելը: Ավելի են սիրել իրենց երկիրը, իրենց քաղաքը, քան մենք այսօր: ՈՒ ես որոշեցի հաջորդ ալբոմը ձայնագրել Մարտին Վարդազարյանի հետ: Թողարկեցինք «Ռադիո Երևան» ալբոմը` 50-60-ականների երգերով: Աշխատել էի գտնել այնպիսի երգեր, որոնց թեմաները շատ ծեծված չէին, շատ երգված չէին: ՈՒ դա նորություն էր երևանասերների համար: Ապա «Once upon a time in Yerevan» ալբոմով ավելի հետ գնացինք` հասնելով մինչև 1937 թիվ, 40-ականների երգեր: Շատ բարի ալբոմ է ստացվել: Երգերից շատերը գրել է Արտեմի Այվազյանը: Գտանք Արտեմի Այվազյանի աղջկան ու թոռնուհուն` Զարուհուն: Նրանց հիշողությունների վրա վերակենդանացրինք Արտեմի Այվազյանի մասին պատմությունները, նրա տան նկարագիրը, և «Հիշում ես դու» տեսաֆիլմը նկարեցինք` մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Հիմա աշխատում եմ երիտասարդ տաղանդավոր երգիչ-երգչուհիների հետ, պատրաստում եմ նոր` հինգերորդ ալբոմը, ձայնագրել ենք արդեն մի քանի երգ: Այդ երեխաներն արժանի են երևալու, լսվելու, և ես հետամուտ եմ այդ նպատակին:
-Ձեր երգացանկում ուղղակի հորդում է սերը առ Երևան ու «իսկական երևանցիները»: Ձեր կատարմամբ Քրիստ Մանարյանի «Արտիստի երգը»` նվիրված Խորեն Աբրահամյանին, ասվածի լավագույն վկայություններից է: Հետաքրքիր է, որ իրեն անդրադարձող, իր անունը հիշատակող մեկ այլ երգի պարագայում նա հրաժարվել էր տեսահոլովակի նկարահանումներին մասնակցելուց, իսկ Ձեզ հետ ոչ միայն նկարահանվեց, այլև երգեց: Հե՞շտ էր շփվել այդ մոհիկանի հետ:
-Երևի իմ կյանքի ամենաերջանիկ պահերն եմ ապրել նրա հետ շփվելիս: Մի մարդ, որի հետ խոսելու, շփվելու մասին միշտ երազել եմ: Մենք նրա ֆիլմերով ենք մեծացել, դաստիարակվել: Ես տանը ձայնագրման ստուդիա ունեի: Մի օր Խորեն Աբրահամյանն ու Քրիստ Մանարյանը եկան մեր տուն, և մենք հենց այդ փոքրիկ ստուդիայում էլ ձայնագրվեցինք` ընդամենը երկու-երեք ժամում: Ես վախեցած եմ երգել, ուսանողի նման, որովհետև այդպիսի մարդու առաջ երգելը, իրոք, վախենալու էր: Ինչպես միշտ, իր սիրելի կարմիր սվիտերով էր (շատ էր սիրում վառ գույներ` կարմիր, դեղին), ու այդ կարճ ժամանակահատվածում հասցրեց երկու տուփ սիգարետ ծխել: Սիրտս կտոր-կտոր էր լինում, որովհետև միայն իր առողջությունը չէր վտանգում, այլև մեր կինոյի, մեր արվեստի առողջությունը: Բայց հո չէի՞ կարող նրան ինչ-որ բան ասել: Ինքը ձայնագրվեց միանգամից. դե՜, վարպետների վարպետ էր: Շատ երաժշտական էր: Նույնիսկ խոսքի, կիսաերգելով ասածի մեջ երաժշտություն, մեղեդի կար: Ինձ համար մեծ պատիվ էր այդ մարդու կողքին լինելը: Կյանքի` ինձ մատուցած լավագույն նվերներից մեկն էր դա:
-Դուք կարծես կապող օղակ եք տարբեր սերունդների միջև` Արտեմի Այվազյան, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան, Քրիստ Մանարյան, Վահագն Հայրապետյան, հիմա էլ ձայնագրություններ եք անում շատ երիտասարդների հետ: Կապող օղակի ֆունկցիան հե՞շտ է տրվում Ձեզ:
-Շատ լավ հարց եք տալիս: Այն, ինչ անում եմ երիտասարդների հետ, ինձ շատ հոգեհարազատ է: Ես դրանով եմ սկսել իմ ճանապարհը երաժշտության մեջ: Դա իմ սերն է: Իմը դա է: Բայց նաև ինչ-որ պարտավորվածություն եմ զգում երիտասարդ սերնդի հանդեպ, գիտակցում եմ, որ պետք է անդրադառնալ մեր հին երգերին, մեր անցյալին, որովհետև, ինչպես տեսնում եք, դրան քիչ են անդրադառնում, և երիտասարդությունը ոչինչ չգիտի անցյալի լավագույն երգերի, լավագույն կոմպոզիտորների մասին: Եթե անգամ լսում են այն ժամանակների երգերը, դրանք օրիգինալ տարբերակները չեն, այսօրվա կատարողների նոր մեկնաբանություններն են: Ես, Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը վերջին ալբոմում փորձել ենք չշեղվել օրիգինալ տարբերակներից, հավատարիմ մնալ այն հարմոնիաներին: Ես միշտ ասում եմ, որ բոլոր երկրներն ունեն մի հեռուստաալիք, որն անդրադառնում է հին ֆիլմերին, հին երաժշտությանը: Իսկ մենք այնքա՜ն բան ունենք ցույց տալու, սովորեցնելու: Այսօր անցյալի դասերը բերող ոչ մի կրթական ծրագիր չկա մեզանում:

-Մի հարցազրույցում ասել եք, թե Ձեզ համար պատիվ է հեռուստաեթերում չերևալը: Ինչպիսի՞ հեռուստաեթերում երևալը պատիվ կհամարեիք:
-Ես միշտ բարի նախանձով եմ նայում դրսի այն հեռուստաընկերություններին, որոնք բարձրորակ հաղորդումներ են հեռարձակում: Երկար տարիներ ապրել եմ Ամերիկայում: Այնտեղի հայկական հեռուստատեսությունն ահավոր վիճակում է, մանավանդ երաժշտական առումով: Մերոնք գիտեն, թե որն է լավ, որը` վատ: Բայց ես ուղղակի ամաչում եմ, երբ օտարազգի մեկը, հարգելով մեր ազգը, իմանալով մեր պատմությունն ու անցյալը, միացնում է հայկական ալիք ու տեսնում ցմփոր մի երգչի` կողքին պարող աղջիկներով: Նա պարզապես չի հավատում իր աչքերին, չի կարողանում հասկանալ` դա լո՞ւրջ բան է, իրոք այսպե՞ս պիտի լիներ, թե՞ իր տեսածը կոմեդիա է: ՈՒ հիմա քիչ-քիչ այդ երևույթը տարածվում է նաև Հայաստանում: Դրանում մեղավոր են բոլորը` վերից վար: Մի մարդ կարող է փոխել ամեն ինչ: Մեզ մոտ կադրերի ընտրություն ասվածը գոյություն չունի: Թե ով որտեղ պիտի աշխատի, ով ինչ գործով պիտի զբաղվի, ոչ ոքի չի հետաքրքրում: Ոչ ոք չի մտածում, թե արդյոք տվյալ մարդն արժանի՞ է հեռուստաընկերություն ղեկավարելու, երաժշտական ծրագիր վարելու: Չէ՞ որ այդ մարդն է որոշում` ինչ ցույց տալ եթերում: Այդ բոլոր «Թոփ 10»-երի ձայները հենց իրենք են որոշում, ժողովուրդը չի զանգահարում ու քվեարկում: Չկան հեռուստատեսության նախկին ֆիլտրերը: ՈՒ անորակն էլ որակյալի հետ մտնում է եթեր:
-Ցավոք, ոչ միայն եթեր: Վերջին օրերին սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները հեղեղված են պատմության բուհական դասագրքերում Մարտի 1-ի դեպքերը խեղաթյուրող շարադրանքին առնչվող անհանգստություններով: Մենք, որ տասնամյակներ շարունակ բողոքում էինք խորհրդային ցենզուրայից, այսօր ինքնե՞րս ենք խմբագրում մեր աչքի տեսածը:
-Ստացվում է, որ այդպես է: Դա խայտառակություն է:
-Շատ ակտիվ ներգրավված եք քաղաքացիական նախաձեռնություններում: Արտիստի, հայտնի դեմքի նման կեցվածքն ինչպե՞ս է անդրադառնում ժողովրդի ընդհանուր տրամադրության վրա, ըստ Ձեզ:
-Երբ ես գնում եմ Մաշտոցի պուրակ կամ «Հարսնաքար», դա անում եմ ոչ թե որպես երաժիշտ, այլ քաղաքացի: Այդպիսի դեպքերում մարդը չպիտի հիշի, թե ինքն ով է իր մասնագիտական ոլորտում: Ինքը պարզապես քաղաքացի է, ազնիվ մարդ, բարկացած մարդ: Ինքը երգիչ է, թե կոմպոզիտորների միության նախագահ, այդ մասին հիշողությունները պիտի թողնի այնտեղ, որտեղ զբաղվում է այդ գործերով: Այլ բան է, որ երբ ժողովուրդը տեսնում է նրան, զգում է, որ իր բողոքին միացել է նաև իր ազգի արվեստագետը, մտավորականը, դրանից որոշակի հետևություն է անում: Բայց ես ինքս ինձ համարում եմ պարզապես քաղաքացի, մեկը այդտեղ հավաքվածներից: Մաշտոցի պուրակում ես բնապահպան էի, «Հարսնաքարի» դեպքերի ժամանակ` ջղային մարդ: Ինձ ուղղակի չի բավարարում մեր հասարակության ակտիվությունը: Երբ Ռուսաստանում ինչ-որ անթույլատրելի բան է կատարվում, ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնում: Այնտեղ երբեք թույլ չեն տա, որ իրենց բակում մի ծառ կտրեն, մի անճաշակ շենք կառուցեն ոչ ճիշտ տեղում: Մարդիկ ոտքի են կանգնում, խոսում են, և սխալ անողները հաջորդ անգամ վախենում են սխալը կրկնելուց: Իսկ այստեղ մի տեսակ անտարբերություն է: Մի քանի հոգի է մտահոգ: Դա կարծես կորիզն է, որի շուրջը պիտի «միսը» հավաքվի: Բայց չի հավաքվում: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ակտիվ են, պայքարում են: Ես ամեն օր պայքարի մեջ եմ: Սիգարետի ծխուկն ու տուփը փողոց նետելուց սկսած մինչև ամենաբարձր անկարգությունների դեմ պայքարում եմ: Ճիշտն ասած` վերջին շրջանում երազում եմ քաղաքապետ դառնալ: ՈՒզում եմ հասկանալ, թե էդ ինչպե՞ս է պատահում, որ թույլ են տալիս ինչ-որ տգեղ բան սարքել քաղաքում, ինչ-որ ծառ կտրել: Եղբայրս էլ գա, թույլ չեմ տա նման բան, թեկուզ ինձ մեկ օր հետո հանեն գործից:
-Խոսեցիք Ռուսաստանից, քաղաքացիական ակտիվությունից: Ռուսական «Pussi Riot» խումբն իր մի քանի րոպե տևողությամբ հակապուտինյան ելույթով միանգամից դարձավ հանրահայտ, ի պաշտպանություն այդ աղջիկների` իրենց ձայնը բարձրացրին անգամ արևմտյան շատ հայտնի երաժիշտներ, որոնք շատերիս նման, կարծում եմ, մինչ այդ չէին էլ լսել նման խմբի գոյության մասին: Ստացվում է, որ քաղաքացիական ակտիվությունը, վերջին հաշվով, նպաստում է նաև պրոֆեսիոնա՞լ դաշտում:
-Նպաստում է, չի նպաստում, ես այդ բաները չեմ հասկանում: Ես այն արտիստը չեմ, որը լայն մասսայականություն է վայելում, ստադիոններ ու համալիրներ է լցնում: Ես իմ ունկնդիրն ունեմ, իմ հստակ խոսքն ունեմ, իմ ճիշտն ունեմ: Մնացածն ինձ չի հետաքրքրում: Գիտեմ, որ ես այս քաղաքում եմ ծնվել-մեծացել, և սիրտս ցավում է այս քաղաքի համար: Ցավում եմ Փակ շուկայի համար, որի հետևի տարածքում է անցել իմ մանկությունը: Այդ շուկայի ճակատի զարդանախշերն իմ մանկության լուսավոր հիշողություններն են: Եվ այսօր ինչ-որ մեկը պիտի գա ու իր անձնական շահի համար քանդի՞ դա: Քիչ է ասել` թույլ չենք տա: Այդ գործին պիտի խառնվեն պրոֆեսիոնալները: Այսօր ճարտարապետների միությունը ոչինչ չի անում այդ բաները կանխելու համար: Բացի երիտասարդներից, ոչ ոք չի պայքարում: Անձամբ ես էլի պայքարելու եմ: Եթե այսքանը չեն հասկանում, ուրեմն անճաշակ, չտես (չեմ ուզում վիրավորել գյուղացիներին), գեղացի, աշխարհ չտեսած, աշխարհը չճանաչող, ճարտարապետությունից անտեղյակ մարդիկ են: Սոված ու անկուշտ մարդիկ են: Ինչքա՜ն սխալներ են թույլ տվել անկախությունից հետո: Սխալներ, որոնք այլևս չեն շտկվելու: Ես չեմ պատկերացնում, որ Հյուսիսային պողոտան երբևէ կդառնա նորմալ տարածք: Սխալն արդեն արված է: ՈՒ շատ տգեղ է Հյուսիսային պողոտան:
-Ո՞րն է Ձեր երազած Երևանը:
-Կան տարածքներ, ինչպես, օրինակ, Կասկադը, որոնց նման կուզեի լիներ ամբողջ Երևանը: Ես երազում եմ` Երևանն այնպիսին լինի, որ զարմացնի զբոսաշրջիկներին: Այսօր նրանք չեն զարմանում Հյուսիսային պողոտայով, զարմանում են Կասկադով, մեր բնությամբ, հնություններով: Կուզեի, որ ճիշտ ճարտարապետ ընտրվեր, որ քաղաքի կենտրոնն այսքան տգեղ ու ծանրաբեռնված չլիներ: Մենք քանդակագործ ազգ ենք, մեր ազգի երիտասարդ քանդակագործին` Վիգենին (ազգանունը մոռացել եմ) Իտալիայում վստահել են ավարտել Միքելանջելոյի անավարտ գործը: Արամի փողոցի վրա մի հրաշալի խաչքարագործ է աշխատում` չափազանց անհարմար պայմաններում: ՈՒ այդպիսի լիքը մարդիկ կան դրսում և այստեղ: Ինչո՞ւ չեն խոսում այդ մարդկանց մասին, ինչո՞ւ մեր հասարակությունը նրանց չի ճանաչում: Գոնե այդպիսի մարդկանց թող պատվիրեն Հյուսիսային պողոտայում ձևավորել, զարդանախշել շենքերը: Գոնե թող այդպես հայկական շունչ հաղորդեն այդ տարածքին: Սոցիալական ցանցերից իմանում ենք, որ տարբեր միջազգային հեղինակավոր մրցույթներում հայազգի ներկայացուցիչները գրավել են առաջին տեղեր: Մենք առաջին տեղի ազգ ենք, ինչո՞ւ ենք մեր երկրում հայտնվել վերջին տեղում: Ի՜նչ ռեժիսորներ ունենք Ամերիկայում, ինչ արվեստի գործիչներ ունենք աշխարհում: Ոչ մեկին չի ներկայացնում հեռուստատեսությունը: Միայն սերիալներ են: ՈՒ դրանք էլ փչացնում են մեր երիտասարդներին, մեր ապագան: Այս տաղանդավոր ազգը արժանի չէ սրան: Այսպիսի տաղանդավոր ազգ չկա աշխարհում: ՈՒ հիմա էլ ինչ-որ դրսի ուժեր ուզում են մեզ ստիպել դառնալու հետամնաց ազգ, հետամնաց երկիր: Չի՛ ստացվի: Դրսի լցրած կեղտը դառնում է պարարտանյութ, ու դրանից այնպիսի՜ ծիլեր են բարձրանում:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ