Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ներկված գառների ցուցակը

Ներկված գառների ցուցակը
07.12.2012 | 12:23

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


Երբ ամենքը մոռացան Գասպարին, իսկ թշնամին հիշեց, մահը վրա հասավ:
Նա այդպես էլ չիմացավ, որ սեփական մահից մեկ շաբաթ անց Բաքվում, լքված մի տան գետնախորշում, իր երբեմնի պատերազմական գերին` Չինգիզ Հասանով անուն-ազգանունով թուրքը կամ ադրբեջանցին (ոնց կուզեք, էնպես էլ ասեք) կրակեց իր գլխին, նույն տեղը, ուր իջել էր հայ գործընկերոջ ավտոմատի խզակոթը (պատերազմը հակառակորդին գործընկեր է դարձնում): Եթե Չինգիզն իմանար, որ Գասպարն իրենից շուտ է մեռնելու, դժվար թե ինքնասպանությունից առաջ նամակ ուղարկեր նրան, ուր խոստովանելու էր այն, ինչը դեռ ոչ մի թուրք ոչ մի հայի չի խոստովանել. «Գասպար ջան, ես էլ, դու էլ խաղաղության գերիներ ենք: Մենք միմյանց սպանում կամ չէինք սպանում, բայց… տեսնում էինք: Փույթ չէ, թե որպես թիրախ էինք տեսնում: Այսօր մերոնք` մեզ, ձերոնք` ձեզ չեն տեսնում: Հարցնում էիր. «Կոլեգա, մե՞ր պատմությունն է լավը, թե՞ ձերը»: Գերի էի, հարցից փախա: Կուզե՞ս` հիմա կասեմ. «Մերն էլ, ձերն էլ գեներալներն են գրում»: Ես էլ, դու էլ գեներալների ցուցակներում չկանք: Որդուդ ուղարկած ինտերնետային նամակը ստացա ու հասկացա, թե հուսահատության ի՜նչ բեռի տակ ես կքել, որ քո կենսագրությունը հաստատելու համար թշնամու օգնությանն ես դիմում: Հա, ձերոնց ասա, որ Չինգիզ Հասանովը մինչև այսօր էլ Գասպար Մարիկյանի ավտոմատի խզակոթի հարվածն իր գլխի վրա զգում է: Մնաս բարով, ես գնում եմ»:
Պատերազմը գեներալ հորինեց և ընծայեց այս հին ու նոր աշխարհի ամենաիմաստուն ժողովրդին. փա՜ռք պատերազմին: Հաղթանակը խաղաղություն հորինեց և որպես դափնեպսակ դրեց պատմության գլխին: Կեցցե՜ խաղաղությունը: Խաղաղությունը պես-պես շքանշաններ հորինեց ու զարդարեց գեներալի կուրծքը. փա՛ռք ու պատի՛վ գեներալին: Գեներալը փող հորինեց ու լցրեց գրպանները: Փողը իշխանություն հորինեց, իշխանությունը` մահակ: Մահակը ցուպ չէր, որ պարապ-սարապ թրևեր աշխարհով մեկ, մնաց հայրենիքում, թռավ վերև ու շեշտակի իջավ նրանց գլխին, ովքեր հարց տալու հիմար սովորություն ունեին, և նրանց գլխին, ովքեր պատասխանելու քաջություն ունեին, և նրանց գլխին, ովքեր հնարամտորեն լռելու արվեստն էին բանեցնում. ո՛ւժ ու կորո՛վ մահակին և բարի ծնունդ անեկդոտին, որ հենց նոր ծնվեց. «Հայը հայի գլխին մահակով խփեց` մահակը ուռավ»:
Գասպար Մարիկյանը` «Արծիվներ» փառապանծ ջոկատի նախկին զինվորը, ով հարցնելու, պատասխանելու և լռելու տեխնիկական հնարքներին բնավ չէր տիրապետում և մահակի գոյության մասին դույզն-ինչ պատկերացում չուներ, մահկանացուի իր կռիվն էր տալիս քաղցկեղի դեմ։ Եվ որպեսզի կյանքը արգահատելի, իսկ մահը բաղձալի թվա, նախախնամությունը անձամբ նրա համար մոգոնեց «Գեներալի ցուցակ» պատմական փաստաթուղթը։ Այն տպագրվեց «Մեր հաղթանակը» տեղեկագրում։ Գասպարի դպրոցական որդին, ով գյուղում հոր պատերազմական անցյալի հանգույն «Արծվի ճուտ» մականունն էր վայելում, տեղեկագիրը ճանկեց քաղաքաբնակ ընկերոջ ձեռքից և վազ տվեց տուն` մեռնող հորը որպես սպեղանի մատուցելու համար նրա հերոսական կյանքի վկայագիրը։
-«Արծիվների» ցուցակն է, հայրիկ։
Գասպարն աչքերը բացեց, որդու օգնությամբ նստեց անկողնում։ Որդին քնքշորեն բարձերը հարմարեցրեց հոր թիկունքին։ Աթոռը մի կողմ հրեց ու հենց մահճակալին էլ նստեց, այնպես, որ մարմնով հոր ջերմությունը զգա։ Արդեն մեծ տղա էր. մեռնողին ապրողից ջոկող, ընտանիքի մոտալուտ հոգսատերը, Զորավար Անդրանիկի ոգով սնված և մինչև յոթ պորտը իր պապերի կենսագրությամբ բերնեբերան լցված։
-Կարդա՞մ, հայրիկ։
-Կարդա։
Որդին հապճեպ թերթեց տեղեկագիրը։
-Զգույշ,- ասաց հայրը,- էջերը կճմռթվեն։
Որդին գտավ «Արծիվներ» վերտառությունը, հանդիսավոր տեսք ընդունեց, հորն ավելի կիպ նստեց ու պատրաստվեց իրականացնելու իր պատմական առաքելությունը։
-Սպասիր,- ասաց հայրը։
Որդին ցնցվեց։ Հոր հիվանդությունից հետո նա սրտատրոփ սպասում էր այս պահին։ Գիտեր` հայրն ինչ-որ բան է իրեն ասելու, և ինքն էլ պարտավոր է ինչ-որ բան պատասխանելու։ Հայր և որդի, նույն արյունով ու ցավով լցված, օրերից մի օր պետք է նայեին ճշմարտության երեսին։
-Անդրանիկ ջան,- ասաց հայրը,- կյանքին լուրջ մի նայիր, ծրտի-պրտի մի բան է։ Հենց լրջացար` թիրախ կդառնաս։ Ես…
-Կարդա՞մ, հայրիկ,- ընդհատեց որդին։
-Դանդաղ կարդա։
Առաջինը գեներալի անունն էր` իր հազար ու մի կոչումներով ու տիտղոսներով համեմված. հենց նա էլ կազմել էր ցուցակը։
-Առաջ անցիր,- տհաճությամբ ասաց հայրը։
-Հայրիկ,- հապաղեց որդին,- ինչո՞ւ ապտակեցիր գեներալին։
-Էն ժամանակ գեներալ չէր, մի շարքային քաղաքական լակոտ էր… Դրանցից զգույշ կլինես։ Կարդա…
Որդին կարդում էր ու աչքի պոչով հետևում հորը` արտասանված անվան ներգործությունը որսալու ակնկալիքով։ Գասպարը որդու մոտ իր թուլանալը կոծկելու համար մեջընդմեջ հազում էր ու բացատրություններ տալիս։ Հետաքրքիր բան է էդ պատերազմ կոչեցյալը` բոլորը «ո՛չ» են ասում, փախչում դրանից, բայց երբ ընկնում են դրա մեջ, այլևս չեն ուզում դուրս գալ` իրենց հոգին դատարկում են մինչ այդ լցված սերերից, հիշողություններից ու զգացմունքներից և պռնկեպռունկ խցկում պատերազմով։ Հենց այս պահին Գասպարը պարպվեց քաղցկեղից, մոտալուտ մահվան սրտաճմլիկ տեսարաններից, կնոջ և որդու ապագայի մասին տագնապներից ու լցվեց անուններով, որոնք աշխարհի անհագուրդ որովայնում մարսվեցին-գնացին ամեն մեկն իր ճանապարհով։
«Հերոն լավ որսորդ էր… զոհվեց»։ «Մկոն այժմ գնդապետ է»։ «Աշը լավ տղա էր, սպանվեց Երևանում, սպանողին չգտան»։ «Գաբը Ամերիկայում է, առաջ նամակ էր գրում, մեկ էլ` լռեց»։ «Սմբոն միլիոնատեր է, պատերազմից էս կողմ չեմ տեսել»։ «Հակը բանտում էր, երևի ազատվեց կամ մեռավ»։ «Չեմ ճանաչում, նորից կարդա»։ «Էդ մեկին էլ չեմ ճանաչում, ա՜յ քեզ բան»։ «Մրտոն, ասում են, բոմժ է դարձել»։ «Շավոյի կինը բոզ էր, ինքնասպան եղավ»։ «Ճպուռն օլիգարխի թիկնապահ էր, մարտական ընկերոջը` Սուրոյին սպանեց, փախավ արտասահման»։ «Սերգոն ամենալավ կռվողն էր, կարծեմ ապրում է»։ «Պուշկինը բանաստեղծ էր (իսկական անունն ինքն էլ չգիտեր), երևի գրում է»։ «Դրան էլ չեմ ճանաչում»։ «Դրան էլ…»։
-Դանդաղ կարդա։
-Պրծավ, հայրիկ,- ասաց որդին,- չկա։
-Ի՞նչը չկա,- հարցրեց հայրը։
-Քո անունը չկա,- ասաց որդին։
-Բաց թողեցիր,- ասաց հայրը,- նորից կարդա։
-Չկա,- ասաց որդին։
-Երևի ցուցակը կիսատ է,- ասաց հայրը։
-Գրված է` ամբողջական ցուցակ, էս էլ գեներալի ստորագրությունը։
-Ի՞նչ գեներալ,- ասաց հայրը,- քաղաքական լակոտ էր… լա՛վ, գնա՛, քունս տանում է։
Որդին, լացն ու զայրույթը կոկորդում խեղդելով, դուրս ելավ։ «Կսպանեմ գեներալին,- մռլտաց նա,- ես ձեր մերը…»։
Որդու գնալուց հետո Գասպարն աչքերը փակեց ու հանձնվեց մահին։ Մեկ օրից թե մեկ տարուց էր գալու այն, այլևս կարևոր չէր։ Էնքա՜ն կարևոր բաներ կան աշխարհում։ Ո՞նց էր էն դերասանուհու անունը, ում վարտիքը աճուրդում հինգ միլիոն դոլարով առան։ Կամ էն փոթորկի անունը, որ եկավ, Ամերիկային մի լավ վախեցրեց ու գնաց։ Ամերիկան դարձավ ջրի ճամփա։ Հինգ միլիոնով կնկա վարտիք առնողների երկիրը փոթորկի առաջ չոքեց։ Հանեին, էդ վարտիքը հողմերին դեմ տային… Ի՞նչ իմանաս, կարող է մեր գեներալն է առել, ձևացել է ամերիկացի ու առել է։ Եթե առել է, ուրեմն մի օր թուրքերի դեմ ճոճելու է։ Վայն եկել-տարել է թուրքի զորքին… Դես ու դեն են խփվելու. «Ամա՜ն, հասե՜ք, հայերը ամերիկացիներից գաղտնի զենք են գնել»։ ՄԱԿ-ը թուրքերի ողբին արձագանքելու է։ Գեներալը ասելու է. «Չեմ հիշում», հետո Գասպարին ՄԱԿ-ի աչքի առաջ մեդալ է հանձնելու։ Գասպարն ասելու է. «Ես էդ մետաղի կտորը չեմ ուզում», հետո փառք է մատուցելու` ոսկեզօծ բաժակի մեջ։ «Ես էդ բանը չեմ հասկանում»,- ասելու է Գասպարը։
Հետո ՄԱԿ-ի հորդորով դերասանուհու վարտիքը խցկելու է Գասպարի ձեռքն ու ասելու է. «Թափ տուր, Գասպար, մեկ էլ տեսար…»։ Ա՜յ քեզ բան.. Գասպարը չեմուչում չի անում, ծածանում է… ՄԱԿ-ը ծափահարում է, Ամերիկան ծափահարում է, թուրքերը, ճիշտ է, չեն ծափահարում, բայց դեմ չեն, որ մյուսները ծափահարեն:
Գասպարը շուռումուռ եկավ անկողնում, աչքերը բացեց ու ինքն իրեն ասաց. «Պատերազմի ժամանակ ապտակեցի մի շարքային քաղաքական լակոտի, պատասխանը ստացա խաղաղության գեներալից։ Էն էլ ի՜նչ պատասխան»։
«Հերո,- մտովի ասաց Գասպարը,- դու զոհված ես, քո ձայնն ավելի բարձր է հնչում, ասա՛, ինչո՞ւ էսպես եղավ»։
«Եթե ասեմ ամեն ինչ հիանալի է, կասես` ձենդ տաք տեղից է գալիս,- ասաց Հերոն,- էն օրը գեներալը ինձ ծաղիկ էր բերել, կռացավ, որ հանձնի։ Շքանշաններից մեկը պոկվեց ու ընկավ շիրմաքարիս։ Գույնը գցեց։ Դարձավ ու հայհոյեց իր համհարզին` հիմա՛ր, էս ո՞նց ես ամրացրել»։
«Մկո,- ասաց Գասպարը,- եթե քեզ ասեն` Մկոն չկա, ի՞նչ կանես»։
«Գսպո ջան,- ասաց գնդապետ Մկոն,- եթե ասողը դու լինես, մռութդ կջարդեմ, եթե գեներալը լինի, կասեմ` ճիշտ այդպես, պարոն գեներալ, Մկոն չկա՛»։
«Աշ ջան,- ասաց Գասպարը,- ճիշտ է, սպանվածին հարց տալը անբարոյականություն է, մանավանդ երբ սպանողի անունը չգիտես, բայց մենք մարտական ընկերներ ենք, երբեմն ջրի տեղ աղաթթու էլ ենք խմում։ Ասա՛, ախպեր, սև գառի մի՞սն է համով, թե՞ սպիտակինը»։
«Գսպե ջան,- ասաց Աշը,- հիմա գառներին ներկում, հետո են մորթում։ Էնպես որ դարդ մի արա, էդ ցուցակը ուրիշ ցուցակ է, էնտեղ «Արծիվներ» չկան, ներկված գառների ցուցակ է»։
«Սմբո ջան,- ասաց Գասպարը,- երբ վիրավոր էի, ինձ հինգ ժամ շալակած դաշտային հոսպիտալ հասցրիր։ Վիրահատական սեղանի վրա, գրեթե ուշակորույս, քո խոսքերը լսեցի. «Էսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է», հիշո՞ւմ ես»։
«Գասպար Սահակիչ,- ասաց Սմբոն,- պատերազմը հիշելու բան չէ, էնտեղ ասված ամեն խոսք էնտեղ էլ թաղվում է։ Տես, կյանքը հիասքանչ է` երջանիկ օրերի շարան, միլիոնների շքահանդես…»։
«Պուշկին ջան,- ասաց Գասպարը,- երևի գրում ես»։
«Գասպար ջան,- ասաց Պուշկինը,- էն ժամանակ, որ գեներալը ցուցակը ստորագրում էր, ես ներկա էի. բայց… երևի գրում էի»։
«Գաբ ջան,- ասաց Գասպարը,- Ամերիկայում ի՞նչ ես անում, բա հայրենի՞քը»։
«Գսպե ջան,- ասաց Գաբը,- հայրենիքը հեռվից է գեղեցիկ, Ամերիկան` մոտիկից։ Հիշո՞ւմ ես` ինչ խորհրդավոր էին զոհվածների դիակները հեռվից, բայց երբ մոտենում էինք` գարշահոտությունը սպանում էր»։
«Շավո ջան,- ասաց Գասպարը,- իզուր արեցիր այդ բանը»։
«Գասպար ջան,- ասաց Շավոն,- կնիկս բոզ չէր, երեխու վիրահատության խաթեր արեց էդ բանը, բոզը մենք ենք, որ ամենքի տակ պառկում ենք։ Ես ինքնասպան չեղա, ինքս ինձնից փախա»։
«Մրտո ջան,- ասաց Գասպարը,- թուրքի շուկայական գներով քո գլուխն ամենաթանկն էր, էդ ի՞նչ ես փնտրում աղբարկղերի մեջ»։
«Գսպե ջան, գլուխս եմ փնտրում, որ աճուրդի հանեմ,- ասաց բոմժ Մրտոն,- եթե գտա, տասը դրամով կտամ գանգաբաններին, եթե չգտա, կփնտրեմ»։
«Ճպուռ ջան,- ասաց Գասպարը,- ինչո՞ւ սպանեցիր Սուրոյին, ախր քո ամենալավ ընկերն էր»։
«Գասպար ջան,- ասաց Ճպուռը,- եթե Սուրոյին չսպանեի, մի ավելի լավ մարդու ինքն էր սպանելու։ Իմ ու Սուրոյի արյան մեջ սպանելու տենդ էր մտել»։
«Անծանոթ ախպրտիք,- ասաց Գասպարը,- դուք ինչպե՞ս հայտնվեցիք գեներալի ցուցակում»։
«Գեներալն ասաց, որ «Արծիվներն» իր սեփականությունն է, և ում ուզի` այնտեղ ապաստան կտա,- ասացին անծանոթ ախպրտիքը,- թե չէ մեզ համար մեկ էր, թե որ ցուցակի մեջ կհայտնվեինք. կռվողի թուղթ էր պետք»։
Լավ կլիներ հենց մարտադաշտում էլ մնար Գասպարը, կամ էլ քաղցկեղը գեներալից առաջ ընկներ։ Էնքա՜ն բան տեսավ, որ տեսնելու չէր. հիշեց թուրքին կամ ադրբեջանցուն (ով ոնց ուզում, այնպես էլ ասում էր), ում գլխին գերելիս ավտոմատի խզակոթով հասցրեց։ Ճակատագրի ծաղր էր. հարցաքննելիս պարզվեց, որ պատմության ուսուցիչ է, ինչպես ինքը։ Նույն կերպ էլ նա կվարվեր (գուցե ավելի դաժան), եթե իրեն գերելիս լիներ։ Երբ հայ և թուրք պատմության ուսուցիչները սկսում են ավտոմատի խզակոթով իրար գլուխ ջարդել, պատմությունն է տուժում։ Մի տասն օր գերուն շահեցին-պահեցին։ Իրենց հետ էլ սեղան էին նստեցնում (էդ մասին` ցածրաձայն)։ Անվտանգության տղերքին հանձնելուց առաջ Գաբը կշռեց ու ասաց. «Պուշկին, արձանագրիր, չորս կիլոգրամով չաղացել է»։ «Կոլեգա,- ասում էի գերուն,- մեր պատմությունը ձեր պատմությունից լավն է»։ Հեչ իրեն գերու պես չէր պահում, ասում էր. «Ձերը հին է, մերը` նոր»։ «Կոլեգա,- ասում էի,- եթե գերվողը ես լինեի, կսպանեիր, չէ՞»։ «Հավանաբար,- պատասխանում էր Չինգիզը,- սպանելը սպանվելուց ավելի հաճելի գործ է»։ Ավելի ուշ իմացա, որ Կարմիր խաչի միջոցով մի հայ գերու հետ են փոխանակել։ ՈՒրախացանք` և՛ հայի, և՛ նրա համար (դավաճանության հոտ առաք, հա՞)։ Մի լավ տղա կար իրենց ջոկատում, լրագրող էր, աշխարհի տակ ինչ գիրք ասես կարդացել էր, ասում էր. «Տղերք, ինչ որ ասելու եմ, աշխարհի ոչ մի գրքում գրված չէ. էն օրը, որ կսկսենք մեր թշնամուն խղճալ, իմացեք, որ հաղթած ենք։ Հումորով նայենք աշխարհին ու թշնամուն, ատելությունը պարտվողի զենքն է»։ Օրագիր էր պահում, կռվի թեժ պահին էլ բացում ու գրառումներ էր անում։ Մի անգամ զոհվելուց փրկվեց. գնդակը լռվել էր օրագրի էջերի մեջ։ Իսկ էն օրը, որ զոհվեց, օրագիրը ծոցագրպանում չէր։
Տղան հոր մոտից ելավ որպես աշխարհի թշնամի։ Մի դատարկ դույլ հենց տան շեմին ցցվել ու անքթիթ նրան էր նայում։ «Արծվի ճուտ, Արծվի ճուտ, դասերդ սովորե՞լ ես»։ «Քո մերը…»,- հայհոյեց ու աջ ոտքով հարվածեց։ Դույլը զնգզնգալով, լաց ու կոծով թռավ ու լոլիկի մարգերի մեջ ընկավ։ Նոր-նոր կարմրին տվող լոլիկները քրթմնջացին. «Արծվի ճուտ, մենք ի՞նչ մեղք ունենք, կռիվ ունե՞ս` գնա թշնամուդ հետ տուր»։ «Չեմ ջրելու,- ասաց տղան,- ծարավ սատկեք»։ Անասնագոմից գառների մայուն լսվեց։ «Ես ձեր մերը,- ասաց տղան,- մեկ առ մեկ մորթելու եմ բոլորիդ։ Չեմ թողնի, որ ոչխար դառնաք»։ Գիրքը ամբողջ ուժով գետնին խփեց։ Ի՜նչ անուններ ցրիվ եկան։ Ապրողներն ասացին. «Արծվի ճուտ, կյանքը ուրիշ բան է»։ Զոհվածներն ասացին. «Արծվի ճուտ, Գասպարի քթից ես թռել, ինքդ քեզ ես ծեծում, որ ցավը թշնամին զգա»։ Տղան ապրողներին ու զոհվածներին ասելու բան չուներ. ինքն իր դեմ էր կռվում, իր անսահման ուժի, անօգնականության։ Գիրքը գետնից վերցրեց, էջ առ էջ պատռեց, կույտ արեց ու կրակ տվեց։ Փայլուն, ճռճռան թղթեր էին` այրվել չգիտեին. ծխում էին ու ծխում։ Ծուխը լցվում էր տղայի աչքերի մեջ, և նա լացը զսպելու պատճառ չէր տեսնում։ Այն, որ հայրը մահանալու էր, տղան գիտեր։ Մեռնելն ամոթ բան չէր։ Ամոթը ստորացված մեռնելն էր։ Հորից խլում են իր կենսագրությունը, իր զոհված ու ապրող ընկերներին: Եվ ո՞վ է խլում` մի քաղաքական լակոտ, ով վառոդի հոտ չի շնչել, բայց հորինվել է որպես գեներալ։ Ճիշտ այդպես, պարոն գեներալ, չկա, ուրեմն` չկա։
Դարձյալ գառների մայուն լսեց. այս անգամ ձայնը հեռվից էր գալիս, շա՜տ հեռվից, և տղան որոշեց իր անելիքը։
Առանց մեռնող հորը և անտեսանելի ու անշշուկ ապրող մորը տեղյակ պահելու` քաղաք գնաց։ Մի ընկեր ուներ` «Էյնշտեյն» մականունով, ով վարում-ցանում էր ինտերնետային դաշտը, գտավ ու ասաց.
-Բաքվում մի թուրք կա, ում ժամանակին հայրիկը գերի է վերցրել, ուզում եմ նամակ ուղարկել, կարա՞ս։
-Անունը գիտե՞ս,- հարցրեց ընկերը։
-Չինգիզ Հասանով,- ասաց տղան,- պատմության ուսուցիչ է։
-Մեկից մեկ,- ասաց ընկերը։
Աստված տիեզերքը հորինեց և ինքն անէացավ այդ անսահմանության մեջ։ Եվ որպեսզի տիեզերքը դատարկ չմնա` ձեռքի հետ մարդ հորինեց։ Փա՛ռք Արարչին։ Մարդը որոշեց պարզել, թե որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում տիեզերքը, և խճճվեց, էն էլ ո՜նց խճճվեց։ Որոշեց դեմ առ դեմ խոսել Աստծո հետ և ավելի խճճվեց։ Շուռ եկավ, որ ինքն իրեն ճանաչի, դարձյալ խճճվեց։ Մարդը հոգևորականներ հորինեց, որ դյուրացնի դեպի Աստված տանող ճամփան։ Սրանք էլ, իրենց հերթին, անհավատներ հորինեցին, որ այպանեն նրանց։
-Աղոթիր, որ ձայնդ լսելի լինի Աստծուն:
-Եթե Աստված ամեն ինչ տեսնում և լսում է, ի՞նչ իմաստ ունի աղոթելը,- ասացին անհավատները։
-Խնդրիր և կստանաս,- ասացին հոգևորականները։
-Տեսնում ես` տուր,- ասացին անհավատները։
-Աստված մարդուն ծնեց իր կերպարանքով,- ասացին հոգևորականները։
-Մի՞թե մենք` անհավատներս, նման ենք Աստծուն,- ասացին անհավատները։
-Դուք մոլորյալներ եք,- ասացին հոգևորականները։
-Ամեն մարդ իր կերպարանքն ունի,- ասացին անհավատները։
Հոգևորականների և անհավատների այս բառախաղով էլ ավարտվեց Գասպարի կյանքը. ամենքը մոռացան, թշնամին հիշեց, և մահը վրա հասավ։
Հուղարկավորության օրը հիշարժան չէր, գյուղի երեխեքն ընդամենը 10-12 ավտոմեքենա հաշվեցին ու մեկ-երկու ծաղկեպսակ։ Չորս կողմից գառների մայուն էր լսվում։ Արծվի ճուտը, որ քայլում էր հոր դագաղի հետևից, հանկարծ ինքնամոռաց ճչաց.
-Ես ձեր մերը… միայն թուրքը հիշեց հայրիկիս։

Դիտվել է՝ 151217

Մեկնաբանություններ