ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«2008-Ի ՎԵՐՋԻՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ 1,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ, 2009-Ի ՎԵՐՋԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ` 3 ՄԻԼԻԱՐԴԻ, 2010-Ի ՎԵՐՋԻՆ` 3,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ»

«2008-Ի ՎԵՐՋԻՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ 1,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ, 2009-Ի ՎԵՐՋԻՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ` 3 ՄԻԼԻԱՐԴԻ, 2010-Ի ՎԵՐՋԻՆ` 3,5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ»
13.11.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ի՞նչ գնահատականներ էին տալիս պատգամավորները, ի՞նչ գնահատական եք տալիս Դուք 2010-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթին:
-Գնահատականները, իհարկե, տարբեր էին և չհամընկնող, և դա տրամաբանական է. ընդհանրապես, ճգնաժամային իրավիճակում ցանկացած կանխատեսում մեծ հավանականությամբ չի իրականանում: Անցած մեկուկես տարում տնտեսական բնույթի բազմաթիվ կանխատեսումներ չիրականացան: Իսկ պատգամավորների սպասելիքներն ուղղակիորեն կախված են հենց այդ բնույթի կանխատեսումներից: Կանխատեսումները բազում են, իսկ իրողությունը մեկն է լինելու: Իմ գնահատմամբ` 2010-ի բյուջեն լինելու է առաջին հետճգնաժամային տարվա բյուջեն, իսկ նախաճգնաժամային իրավիճակին հասնելու համար մեկ տարին, իհարկե, չի բավարարի:
-Իսկ Ձեր կանխատեսումը կիրականանա՞:
-Համոզված եմ, որ` այո:
-Տնտեսությանը վերաբերող ցանկացած հարց Հայաստանում ու աշխարհում մի պարտադիր ենթատեքստ ունի` ի՞նչ ազդեցություն կունենա այդ հարցի լուծման վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ձեր գնահատմամբ` գլոբալ աղետը շարունակվելո՞ւ միտում ունի, թե՞ հանգում է տրամաբանական ավարտին:
-Իհարկե, Հայաստանի ներքին տնտեսական իրողությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ամենաուղղակի ձևով է ազդում: Ըստ բազում կանխատեսումների` այս տարվա վերջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կհայտնվի ճգնաժամի ստորին կետում: Միջազգային ամենախոշոր շուկաների իրավիճակը հուշում է, որ անկում այլևս չի արձանագրվի: Տնտեսությունը մի հաստատուն գծի վրա է` մի փոքր դրական, մի փոքր բացասական տատանումներով: Այս տեսակետից կարևոր երկու հարց է առաջանում. առաջին` որքա՞ն է այդ գործընթացը շարունակվելու, և ե՞րբ է սկսվելու վերելքը, և երկրորդ` ի՞նչ տեմպերով է տեղի ունենալու զարգացումը: Ակնհայտ է, որ զարգացումը շատ ու շատ ավելի դանդաղ է լինելու, քան եղավ անկումը վերջին մեկուկես տարում: Մեր տնտեսական գործընկերները, հիմնականում` Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը դեռ չեն թևակոխել կայուն զարգացման փուլ և դժվար է կանխատեսել` երբ դա տեղի կունենա: Միանշանակ է, որ նրանց զարգացման գործընթացների որոշակիացումը դրականորեն կազդի մեր տնտեսության վրա:
-Վարչապետն ասում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը երևան հանեց մեր տնտեսության խոցելի կողմերը, որոնցից մեկը թույլ դիվերսիֆիկացումն է: Հատկապես մեծ անկում ապրեց շինարարության ոլորտը:
-Վարչապետը մեր տնտեսության մի քանի խոցելի կողմեր նշեց, որոնցից մեկը դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակն է: Շինարարության ոլորտը մեր ՀՆԱ-ի մեջ ունի չհիմնավորված մեծ տեսակարար կշիռ, որն ամենաբացասական ազդեցությունն ունեցավ ճգնաժամի ժամանակ, մնացած ոլորտները` գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, և ծառայությունների ոլորտը, համեմատաբար փոքր անկումներ արձանագրեցին, իսկ շինարարությունը 50 տոկոսով անկում ապրեց: Սա չէր կարող էապես չազդել ՀՆԱ-ի անկման վրա: Զարգացնելով արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունները` մենք պետք է փորձենք այնպես անել, որ շինարարության ոլորտը նվազ ներդրում ունենա մեր ՀՆԱ-ի մեջ, ինչն ավելի կայուն իրավիճակ կապահովի տնտեսության համար նման ճգնաժամային իրավիճակներում:
-Իսկ ինչո՞ւ այդքան մեծ տեղ տրվեց շինարարությանն անցած տարիներին:
-Շրջափակումն էապես բարդացնում է մեր ապրանքների մրցունակությունը դրսում, իսկ կապիտալը գնում է այնտեղ, որտեղ ամենամեծ եկամուտն ունի: Եթե այլ բնագավառներում մեծ եկամուտներ հնարավոր չէ ապահովել, կարևորվում է անշարժ գույքը, ինչը և տեղի ունեցավ Հայաստանում: Միաժամանակ հարկ է շեշտել, որ շինարարության ոլորտի առաջանցիկ զարգացումը նախորդ տարիների ընթացքում ապահովել է մեծ թվով աշխատատեղեր, բյուջետային մուտքեր, որոնց շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել սոցիալական լուրջ ծրագրեր:
-Ձեր արմատական ընդդիմախոսները ՀԱԿ-ից ասում են, որ սա հրաժարականի բյուջե է, և ներկայացնում են առաջարկներ։ Ընդունելի համարո՞ւմ եք այդ առաջարկները:
-Ես ավելի առարկայորեն կարող եմ գնահատել այն առաջարկները, որոնք ներկայացվեցին ու քննարկվեցին ԱԺ-ում համատեղ նիստերի ժամանակ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, այդ քաղաքական ուժը նույնիսկ հրաժարվեց իր մանդատներից քաղաքապետարանում` նախընտրելով լուսանցքային գործելաոճ, կանխորոշելով իր կարգավիճակը:
-Ոչ իբրև ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, այլ իբրև ՀՀ քաղաքացի` կարծո՞ւմ եք, որ 2010-ի բյուջեով հնարավոր է երկիր պահել, ու երկիրն էլ կարող է իր քաղաքացուն պահել: Ակնհայտ է, որ նվազած տրանսֆերտները չեն ավելանում, գործազրկությունը չի նվազում, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, ապրանքների գներն էլ աճում են:
-Եկող տարվա սպասելիքները հիմնվում են այս տարվա իրողությունների և տնտեսական զարգացման կանխատեսումների վրա, ուրեմն հարկադրված ենք անդրադառնալ այն իրավիճակին, որում հայտնվեցինք այս տարի: 2008-ին մենք նախատեսում էինք 2009 թվականի համար 9,2 տոկոսի տնտեսական աճ և այդ աճին համապատասխան կանխատեսել էինք աշխատավարձեր, կենսաթոշակներ, նպաստներ, սոցիալական ծրագրեր: Բայց 2009-ին պարզվեց, որ ոչ միայն 9,2 տոկոս աճ չենք ունենալու, այլև այս տարեվերջին սպասվում է 15 տոկոսի անկում: Նման անկման պայմաններում որևէ սոցիալական ծրագիր չկրճատվեց, թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր չկրճատվեցին, տրվեցին առանց ուշացումների: Սա հնարավոր եղավ իշխանությունների հակաճգնաժամային ծրագրի և օտարերկրյա մեծածավալ վարկերի ներգրավման արդյունքում: Սա թերևս ստեղծված իրավիճակում ամենաընդունելի տարբերակն էր: Այդպես վարվեցին ճգնաժամում հայտնված շատ երկրներ: Եթե մեզ հաջողվել է այս ծանր տարվա ընթացքում այդպիսի արդյունքներ արձանագրել, համոզված եմ, որ եկող տարվա խնդիրներն ավելի հեշտ լուծելի կլինեն: Յուրովի այդ խնդիրը լուծեց Ռուսաստանը: Նա, հզոր հումքային երկիր լինելով, տարիներով նավթ ու գազ արտահանելով, իր կայունացման ֆոնդում գումարներ էր կուտակում «սև օրվա համար». անցնող տարում Ռուսաստանը ծախսել է այդ գումարների առյուծի բաժինը, մնացածն էլ հաջողությամբ կծախսի եկող տարում...
-Այո, բայց գնե՞րը...
-2009-ի օգոստոսին 2008-ի դեկտեմբերի նկատմամբ եղել է 2 տոկոսի գնաճ, ընդամենը 2 տոկոսի, տարեվերջին սպասվում է 5 տոկոսի գնաճ, իսկ 2010 թ. ընթացքում սպասվում է 4 տոկոսի գնաճ:
-Ինչի՞ վրա է հիմնված Ձեր պայծառ լավատեսությունը:
-Ես չեմ կարծում, որ ասածներս պայծառ լավատեսության դրսևորումներ են: Մենք գտնվում ենք խոր տնտեսական ճգնաժամի ամենացածր կետում, բայց հասարակության լայն շերտերը, վարվող քաղաքականության շնորհիվ, ծանր ճգնաժամի հետևանքները համեմատաբար մեղմ են տանում: Ինչ վերաբերում է ապագային, արդեն թունելի վերջում լույսը երևում է, առաջիկայում ավելի հստակ իրենց զգալ կտան իշխանությունների հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները, դրան կգումարվեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ավարտից հետո սպասվելիք տնտեսական աճի հետևանքները:
-Իսկ այդ հակաճգնաժամային քաղաքականությունն ինչի՞ վրա է հիմնված:
-Ճգնաժամն ունի տարբեր դրսևորումներ, որոնցից մեկը հատկապես դժվար հաղթահարելի է տնտեսության համար. բոլորը սկսում են կրճատել սպառումը: Չգիտեն` վաղը ինչ է լինելու, ու սկսում են խնայել: Հոգեբանորեն հասկանալի է: Սա վերաբերում է ոչ միայն առանձին մարդկանց, ընտանիքներին, այլև կազմակերպություններին, մեծ ընկերություններին, որոնք կրճատում են իրենց ծրագրերը: Խնայողության քաղաքականությունն ավելի է խորացնում ճգնաժամը: Նախորդ ճգնաժամերն ակնհայտ են դարձրել, որ երբ մյուս սուբյեկտներն առաջարկներ չեն ձևավորում, դա պիտի անի պետությունը: Այս ճգնաժամի ժամանակ այդ ճանապարհով գնացին շատ երկրներ: Նաև` Հայաստանը, որը 2 հիմնական համակարգաստեղծ ճյուղերում` հանքահումքային և շինարարական, վարկային ներարկումներ կատարեց, մասնավորապես լայնամասշտաբ բնակարանաշինարարություն ֆինանսավորեց աղետի գոտում: Ընտրվեցին այդ 2 ճյուղերը, որովհետև ունեն առավել մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ` իրենք աշխատելով աշխատեցնում են հարակից ոլորտները: Արտոնյալ պայմաններ ստեղծվեցին փոքր ու միջին բիզնեսի համար: Ցանկացած ճգնաժամի ժամանակ փոքր ու միջին բիզնեսն ամենաարագ կողմնորոշվողն է և արագ վերականգնվողը: Արված հակաճգնաժամային քայլերը չորրորդ եռամսյակում պիտի տան իրենց արդյունքները:
-Հայաստանի պետական պարտքն ինչքա՞ն է աճելու: Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը ծախսում է իր կայունացման ֆոնդում կուտակածը, Հայաստանը դիմանում է վարկերի հաշվին: Եվ ինչքա՞ն դա կձգվի:
- Հայաստանն ավանդաբար համարվել է վարկային փոքր պորտֆել ունեցող երկիր: 2008-ի վերջին մեր պարտքերը եղել են ՀՆԱ-ի նկատմամբ 13 տոկոս, այս տարվա վերջին կլինեն 30 տոկոս, եկող տարվա վերջին` մոտավորապես 41 տոկոս: Եթե վերածենք դոլարների, 2008-ի վերջին ունեցել ենք 1,5 միլիարդ դոլարի արտաքին պարտք, 2009-ի վերջին կունենանք` 3 միլիարդի, 2010-ի վերջին` 3,5 միլիարդ դոլարի:
-Գիտեք` թղթի վրա հեշտ ու հանգիստ գրվող թվեր են, բայց այդ պարտքերի դեպքում հազիվ թե գործի «Պարտքը հնանա, տերը շնանա» սկզբունքը. հետո՞, ոչ այնքան դիվերսիֆիկացված, ոչ այնքան մրցունակ մեր տնտեսությունը կդիմանա՞...
-Միջազգային չափանիշներով վարկերի չափը սանդղակավորվում է և վտանգավոր է համարվում այն արտաքին պարտքը, որը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսը: Այսինքն` եթե մենք իրականացնենք մեր վարկային բոլոր ծրագրերը, և մեր պարտքերը 2010-ի վերջում հասնեն 41 տոկոսի, դեռ բավականին հեռու կլինենք 50 տոկոսից: Մյուս կողմից` ճգնաժամի ընթացքում շատ երկրներ են վարկեր ներգրավել, և վարկային հիմնական դոնորները` Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը սկսել են վարկային ծրագրերի վերաձևակերպումը: Այդպիսի վերաձևակերպումներ նաև Հայաստանի հետ են իրականացվում, արդյունքում մեր վարկերի մարման ռեժիմն ավելի մեղմ կդառնա:
-Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսական վիճակի վրա:
-Սահմանի հնարավոր բացումը, ես շեշտում եմ «հնարավորը», որովհետև սա քաղաքական գործընթաց է, իսկ տնտեսական առաջնահերթությունները ածանցյալն են, մեզ կբերի ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ:
-Որո՞նք են հնարավորությունները:
-Հնարավորությունները ես կբաժանեի երկու մակարդակի` որակական և քանակական: Նախ` որակականը. մեկի փոխարեն մենք կունենանք երկու ճանապարհ: Անցյալ տարվա դեպքերը ցույց տվեցին, որ մեր մեկ ճանապարհը շատ խոցելի է` քաղաքական խնդիրները կարող են այդ ճանապարհը փակել, և երկրորդ ճանապարհի առկայությունը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև պետական անվտանգության խնդիր: Սա որակական մակարդակ է, որ թվերով չես արտահայտի:
Ինչ վերաբերում է քանակականին` ապրանքը, որը Նյու Յորքից հասնում է Փոթի, ճանապարհի վրա ծախսում է այնքան գումար, որքան Փոթիից Այրում: Նույնը` նաև արտահանվող ապրանքների համար: Սա արտառոց երևույթ է: Մեր ապրանքներն արհեստականորեն անմրցունակ են դառնում, մեր ներքին շուկայում ապրանքներն արհեստականորեն թանկանում են: Եթե բացվի հայ-թուրքական սահմանը, ապա ինչպես այսօր Վրաստանն է Հայաստանի համար տրանզիտ երկիր, այնպես էլ Հայաստանը որոշակի ապրանքների դեպքում կդառնա տրանզիտ երկիր Վրաստանի համար: Եվ մեր վրացի հարևանների հետ շատ առարկայական խոսակցություն կարող ենք վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ, որը երկուստեք շահավետ կլինի և կբերի մեր ապրանքների էժանացմանն ու մրցունակության մեծացմանը: Թուրքական շուկան մեր որոշ ապրանքների համար իրացման տեղ կարող է լինել` էներգիա, ցեմենտ, որոշակի գյուղմթերքներ… Սա խնդրի մի կողմն է, իհարկե:
-Մյուս կողմը, ենթադրում եմ, մարտահրավերներն են:
-Իհարկե, մեր հարևանը հզոր տնտեսություն ունեցող երկիր է, և եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, կարող է մեզ տնտեսական էքսպանսիայի ենթարկել:
-Մեզ շուկա՞ դարձնել: Այդ դեպքում ո՞րն է մեր հակաքայլը:
-Մենք պիտի պաշտպանենք մեր ներքին շուկան, օրենսդրության բոլոր հնարավոր մեխանիզմներն աշխատեցնենք, որ այդ իրավիճակից խուսափենք: ՀՀ վարչապետը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ բոլոր նախարարությունները, գերատեսչությունները հանձնարարական են ստացել իրավական ակտեր նախապատրաստելու` այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Մի մասն էլ գաղտնի փաստաթղթեր են: Ես լավատեսորեն եմ վերաբերվում հնարավորություններին և մարտահրավերներին, որովհետև այդպիսի իրավիճակներն առաջին անգամ Հայաստանում չէ, որ ծագում են, և տարիների ընթացքում միջազգային հանրության ստեղծած մեխանիզմները մենք կարող ենք համանման պարագաներում կիրառել` ստանալով կանխատեսելի արդյունքներ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1446

Մեկնաբանություններ