ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՎԷ ԱՅՍՔԱՆ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՎԷ ԱՅՍՔԱՆ ԼՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ»
02.02.2010 | 00:00

Արտաքին և ներքին հիմնախնդիրներին է անդրադառնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ
-Պարոն Զաքարյան, հայ-թուրքական և ղարաբաղյան այս երկար մարաթոնն ինչո՞վ կավարտվի, ըստ Ձեզ:
-Նախ` պետք է այդ երկու խնդիրներն առանձնացնել և դիտարկել տարբեր հարթություններում, որովհետև դրանք միմյանց հետ ոչ մի առնչություն չունեն: Հայ-թուրքականի մասով պետք է ասել, որ ինքնին սպասելի էր Թուրքիայի կողմից գործընթացը պարբերաբար խոչընդոտելու այս գործելաոճը, ինչը, սակայն, որևէ հեռանկար ունենալ չի կարող:
-Կարծում եք` երկու երկրների խորհրդարաններն էլ կվավերացնե՞ն արձանագրությունները:
-Վստահաբար ասել, որ անպայման կվավերացնեն, թերևս, չի կարելի: Բոլոր դեպքերում, Թուրքիան կանգնած է լուրջ երկընտրանքի առջև. նա կա՛մ պետք է գործընթացն ուղղորդի դեպի տրամաբանական ավարտ, կա՛մ հրաժարվի հավակնոտ ծրագրերից, որ դրել է իր առջև` տարածաշրջանային, մերձավորարևելյան, եվրոպական և, իհարկե, ամերիկյան ճակատներում վստահելի խաղացողի վերածվելու առումով: Այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, արձանագրությունները կմտնեն Թուրքիայի խորհրդարան, և հավանականությունը, որ դրանք կվավերացվեն, կարծես թե, ռեալ է:
-Ի՞նչ ժամկետներում:
-Ժամկետ ֆիքսելու կարիք չկա: Պարզ է մեկ բան. հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն աջակցող երկրները շարունակում են նույն եռանդով ու պատրաստակամությամբ նպաստել այդ գործընթացին:
-Ի՞նչ հիմքեր ունի Ձեր լավատեսությունը:
-Դա լավատեսություն չէ, իրատեսություն է:
-ՀՀԿ-ում մի քանի անգամ «իրատեսվեցին» լավատեսության հարցում, անգամ ժամկետ ֆիքսեցին և սխալվեցին:
-ՀՀԿ-ում ոչ թե սխալվեցին, ուղղակի ֆիքսեցին զարգացումները` ընթացակարգերի մակարդակում:
-Մի խոսքով, մինչև ապրիլի 24-ը կունենա՞նք վավերացված փաստաթուղթը, թե՞ ոչ:
-Ապրիլի 24-ն այն ժամկետն է, որից առաջ և հետո կարող են որոշակի փոփոխություններ լինել:
-Իսկ Ղարաբաղի հարցում ի՞նչ «փոփոխություններ» կլինեն այդ ընթացքում. կողմերը կկարողանա՞ն կոնսենսուս գրանցել` Սոչիում Մեդվեդևի ու Լավրովի տված «տնային հանձնարարությանը» համարժեք։ «Պրեամբուլային» ստորագրված փաստաթուղթ կունենա՞նք:
-Շատ քիչ է հավանականությունը, որ նման փաստաթուղթ կունենանք, որովհետև այդ երկու շաբաթվա ընթացքում, ըստ էության, շատ քիչ բան կարող է փոխվել: Իսկ կողմերն ուղղակի բանակցային ուղիով շարժվելու պատրաստակամություն են հայտնել, ինչն անչափ կարևոր ազդակ է: Ավելին, խոսք կա նաև բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության մասին:
-Հավատո՞ւմ եք դրան:
-Դրանում ռացիոնալ հատիկ եմ տեսնում:
-Ո՞ր փուլում «ռացիոնալ հատիկը» կմիանա գործընթացին:
-Երբ կողմերի դիրքորոշումներն առավել մոտ կլինեն, և քաղաքական ռեալ որոշումներ կայացնելու պահը հասունացած կլինի:
-Մի տասը տարի հետո՞:
-Դա կարող է լինել տասը կամ մեկ տարի հետո:
-Գիտե՞ք, այսօր ես ծանոթացա փորձագիտական մի տեսակետի, ըստ որի, չի բացառվում` ղարաբաղյան խնդիրը դառնա Առաջին համաշխարհային պատերազմի պատճառ դարձած խնդրի պես մի բան: Անկեղծ ասած, հազար ու մի տեսակ «սպառնալիք» էի կարդացել, սակայն այս մեկը խիստ «առանձնահատուկ» էր: Նման բան հնարավոր համարո՞ւմ եք:
-Պարզապես չեմ զարմանում, որ նմանատիպ վերլուծություններ կան: Խնդիրն այն է, թե ինչ շահեր են սպասարկում այդ վերլուծությունների հեղինակներն ու նրանց հետևում կանգնածները, վերլուծությունները, ըստ այդմ, ստացվում են «առանձնահատուկ» կամ ոչ այնքան: Գաղտնիք չէ, որ պատմական բոլոր փուլերում էլ Հարավային Կովկասում բազմաթիվ շահեր են բախվել, այդպիսիք կան նաև այսօր:
-Ո՞ր շահն այս անգամ կգերակայի:
-Համենայն դեպս, չեմ կարծում, թե կգերակայի այն շահը, որը խնդիրը կտանի ռազմական լուծման: Այսօր գերակա բոլոր շահերը միտված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:
-«Էնդու համա՞ր է» Բժեզինսկին առաջարկել` հասնել նրան, որ պայմանագիր ստորագրվի ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև: Կարո՞ղ է նման «համախառն» մի կոնտինգենտ էլ ղարաբաղյան անվտանգության գոտում տեղակայվել:
-Անկեղծ ասած, ես նման շտապողականություն չէի ցուցաբերի. նկատի ունեմ անվտանգության գոտում զորամիավորումներ տեղակայելու հարցը:
-Էդ լավ է, որ ՀՀԿ-ում «տոնկի» հումորի զգացողությունը դեռ չեն կորցրել. չէիք շտապի, որովհետև դրանից առաջ պետք է նախ` տարածքնե՞րը կարգավիճակի դիմաց փոխզիջեք: Եթե լավ գին առաջարկվի, կտա՞նք այդ շրջանները, ի՞նչ եք կարծում:
-Մեր կողմից որևէ նման տրամադրվածություն չկա, չկա նաև խնդիր` այդ շրջաններն առևտրի առարկա դարձնելու:
-Ապրի ՀՀԿ-ն: Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը նման հարցեր ՀՀԿ-ի հետ չի՞ քննարկել: Թերթերից մեկն օրերս գրել էր, որ «մի քիչ» քննարկել է և ասել, որ Հայաստանը գտնվում է փայլուն վիճակում: Եվ ընդհանրապես, որքանո՞վ է անկեղծ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի հետ, որի անդամն եք Դուք:
-Նախ` թերթի մասով. նման քննարկում չի եղել և չէր էլ կարող լինել: Եվ ապա` Սերժ Սարգսյանը մեզ հետ անկեղծ է լիարժեք և անմնացորդ:
-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Դուք «լիարժեք և անմնացորդ» տիրապետում եք համապատասխան ինֆորմացիային:
-Մենք այնքանով ենք լիարժեք տիրապետում ինֆորմացիային, որ հավատում ենք` գործընթացը, որ վարում է ՀՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարվում է լիարժեքորեն և բխում է բացառապես Հայաստանի շահերից:
-Գիտեք` առաջնորդվելը քիչ է, հնարավորություններն ու ռեսուրսներն էլ պետք է ներեն` «առաջնորդության» համար:
-Քաղաքական վերջին զարգացումները Հայաստանին շատ մեծ քաղաքական և դիվանագիտական կշիռ են հաղորդել, նոր հնարավորություններ են բացել` տարածաշրջանում ռեալ գործընկեր, լուրջ խաղացող դառնալու համար: Եթե պատմական շրջափուլերով փորձենք չափել Հայաստանի տեղն ու դերը, պետք է աներկբա արձանագրենք` Հայաստանը երբևէ այսքան լուրջ աշխարհաքաղաքական դերակատարություն չի ունեցել:
-Էդ ինչպե՞ս, 90-ականների սկզբին Հայաստանը ժողովրդավարության կղզի էր համարվում` ոչ ավել-ոչ պակաս, հետն էլ` ԽՍՀՄ-ը քանդած երկիր էր:
-Հայաստանն այսօր էլ ժողովրդավարության կղզյակ է:
-Է՞դ որտեղից հորինեցիք: Չլինի՞ Նիկոլ Փաշինյանի դատավճիռը նման բան մտածելու հիմք տվեց:
-Ես նորից եմ պնդում. Հայաստանն այսօր էլ տարածաշրջանում ժողովրդավարության կղզի կարող է համարվել, և դրա համար ունեմ բազմաթիվ ապացույցներ։ Դատական գործընթացները երբեք չպետք է վերջնական չափորոշիչ համարել:
-Չէ, ի՞նչ եք ասում, ես այսօր, «Առաջին համաշխարհային պատերազմին զուգահեռ», կարդացի նաև, որ հայաստանյան նույն դատական համակարգից անչափ դժգոհ են ԵԽԽՎ-ում` համապատասխան զեկույցի տեսքով, առ այն, որ այդ համակարգը մեզանում ահեղադղորդ կոռումպացված է:
-Որպես միջազգային կառույցի տեսակետի, ես նման զեկույցի տեղյակ չեմ:
-Իսկ «Հուոմըն ռայթսի», «Ֆրիդոմ հաուզի» տեսակետներին, հուսամ, տեղյակ եք:
-Բոլոր դեպքերում, երիտասարդ մեր ժողովրդավարությունը գտնվում է անցումային փուլում և, այդ առումով, բավականին բարձր մակարդակ ունի` համեմատած նույն փուլում գտնվող մյուս, այդ թվում և` հարևան երկրների հետ:
-Մա՜-կար-դա՛կ: Եվ այնուհանդերձ, պարոն Զաքարյան, նորմա՞լ եք համարում, որ Բանակի օրվա տոնակատարությանը երկրի երեք նախագահներից երկուսն են միայն մասնակցում:
-Դա, կարծում եմ, բացակա նախագահի խնդիրն է:
-Դա մեր բոլորի խնդիրն է, պարոն Զաքարյան:
-Միջոցառումներին մասնակցելը, ողջ սիմվոլիկայի, իմաստային խորհրդի հետ միասին, շատ տրիվիալ բացատրություն է նաև պարունակում. հնարավոր չէ, որ առաջին նախագահը ցանկություն ունենար մասնակցելու և չմասնակցեր:
-Հրավեր եղե՞լ է:
-Չեմ կարող ասել:
-Այ, տեսնո՞ւմ եք. իսկ ինչո՞ւ չստեղծել այնպիսի պահանջարկ-առաջարկ, որ այդ հարցը մեկ անգամ և ընդմիշտ լուծվի այս երկրում, և «ժողովրդավարության կղզյակ» իսկապես ունենանք: Եվ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որն արտաքին քաղաքականության ոլորտում հետաքրքիր, նախաձեռնողական քաղաքականություն է վարում, ներքինում էլ մի քիչ «հետաքրքիր» լինի, և չանի այն, ինչ անում էր, ասենք, Քոչարյանը: Էդ լավ է, շատ լավ, որ Քոչարյանն այնտեղ էր, բայց շատ վատ էր, որ այնտեղ չէր Տեր-Պետրոսյանը: Մի խոսքով` հանդուրժողականության պակաս կա էս երկրում:
-Յուրաքանչյուր քաղաքացու ընկալումով է պայմանավորված իր իրավունքների կիրառումը: Եվ հետո` մեր երկրի գործող նախագահն աչքի է ընկնում մեծ, շատ մեծ հանդուրժողականությամբ, ինչը դրսևորվել է նրա կյանքի տարբեր, այդ թվում և` այս փուլում, ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքական գործընթացների նկատմամբ, նաև` խիստ անցանկալի գործընթացների:
-Կոնկրետ փաստե՛ր:
-Փաստերը բազմաթիվ են. քաղաքական ուժերի, լրատվամիջոցների ոչ կոռեկտ, անտրամաբանական, չհիմնավորված քննադատություն, զրպարտչական ռիտորիկա` որքան և ինչքան ուզեք: Մեր ընդդիմությունը պետք է կարողանա իրապես ընդդիմադիր կեցվածք դրսևորել, մինչդեռ այսօր շատ դժվար է հասկանալ, թե ինչին է նա ընդդիմանում, երբ կան հստակ արտահայտված գործընթացներ, քաղաքական վեկտորներ: Եվ եթե մի երկրում նույն ուժի կողմից բոլոր գործընթացները հակառակ տեսանկյունից են դիտվում, ասել է` չկան հատման ուղիներ, չկան համագործակցության հնարավորություններ, և կա լոկ քննադատելու մղում, ապա դա խոսում է արդեն անառողջ ընդդիմության մասին:
-Չէ, ասում են` ինչպիսին իշխանությունն է, այդպիսին էլ ընդդիմությունն է:
-Հակառակն էլ են ասում:
-Եվ վերջին հարցը, պարոն Զաքարյան. Դուք եղել եք Անդրանիկ Մարգարյանի «սարատնիկներից» մեկը. ճիշտ է, բոլոր համեմատություններն էլ կաղում են, և այնուհանդերձ, ո՞վ էր ավելի թիմային խաղացող` Անդրանիկ Մարգարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Միայն անկեղծ:
-Միայն` անկեղծ։ Անդամակցել եմ ՀՀԿ-ին, երբ կուսակցության ղեկավարն էր Անդրանիկ Մարգարյանը, նրա օրոք թիմային գործունեություն էր ձևավորվում, որն էլ ամրապնդեց Սերժ Սարգսյանը` ամբողջական քաղաքական միտք, հոսանք դառնալով:
-Չէ, ասում են` Սերժ Սարգսյանը միայնակ խաղացող է:
-Ոչ, այդպես չէ, նա քաղաքական թիմի ներկայացուցիչ է, նրա քաղաքականությունն ամբողջությամբ արտահայտված է թիմային գործունեությամբ:
-Դուք հավատո՞ւմ եք դրան:
-Ես դա տեսնում եմ ամեն օր` մեր ամենօրյա գործունեության մեջ:
-Երջանիկ եք, պարոն Զաքարյան...
-Պատկերացրեք` այո:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ