ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»

«ԱԶԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ, ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»
02.03.2010 | 00:00

Թեև հայ-թուրքական արձանագրություններն արդեն խորհրդարանում են, սակայն հերթական քառօրյայում դրանց քննարկումը հետաձգվեց։ Փոխարենն օրենսդիր մարմնի ներկայացուցիչները փոփոխություն կատարեցին «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում, որն անմիջական կապ ունի այս գործընթացի հետ։ Արդյոք Հայաստանի իշխանությունները նպատակ ունե՞ն ձգձգելու գործընթացն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի օրենսդիր իշխանությունն առաջինը չի վավերացրել արձանագրությունները. այս հարցով սկսեցինք զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։
-Այդ արձանագրությունները տառացիորեն հակասում են մեր ազգային շահերին և սահմանադրության որոշակի դրույթներին,- ասաց պատգամավորը։- Եթե ԱԺ-ն, որպես ժողովրդի ձայնը ներկայացնող մարմին, առանց որևէ գնահատականի կամ դիմադրության վավերացնի այդ փաստաթուղթը, նշանակում է` մեր պետականությունը տակավին չի կայացել, որպեսզի կարողանանք զանազանել իրավականն իրավիճակայինից, համազգայինը` հատվածականից։ Կարծում եմ` արձանագրությունները դատապարտված են ձախողման, քանի որ այս իշխանությունները գործընթացի զարգացումը պայմանավորում են այլ պետության պահվածքով։ Հայ ժողովուրդը պետք է ունենա իր տեսակետը, իր շահի ընկալումը և այն պաշտպանելու ունակությունը։ Ցավոք, չեմ տեսնում այդ ընկալումը։ Նահանջի ելքեր փնտրելու փոխարեն սպասել, թե այլ պետության խորհրդարանն ինչպես է վերաբերվում այդ փաստաթղթին, սխալ է, Հայաստանը պետք է կարողանա իր խոսքն ասել։ Սրա համար անհրաժեշտ են պետական ինստիտուտների լիարժեք կայացում, ազգային շահի տարրական ընկալում և ժողովրդի հարգանքը վայելող իշխանություն։
-Կարծում եք` «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելը «նահանջի ելքեր փնտրե՞լ» է նշանակում։
-Գուցե մակերեսային մարտավարություն են ընտրել կամ քարոզչական հնարք։ Ներկայումս երկրի գործադիր իշխանությունը, նախագահը, ԱԺ-ն ունեն հնարավորություն ընդունելու անցած ճանապարհի սխալներն ու հետ կանչելու արձանագրությունները` վերադառնալով առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մայրուղուն։ Չնայած հնարավոր է, որ սա կարիք ունի լուրջ հիմնավորումների։ Ավելի կարևոր է հասկանալ, որ բագինի վրա դրված է մեր սերունդների հայրենիք ունենալու իրավունքը, ազգային անվտանգության հրամայականը։ Հայաստանը նախաձեռնողական քաղաքականության լոզունգի ներքո կորցրել է այդ գաղափարի բովանդակությունը, ավելին, մեր օրակարգ է մտել մի արձանագրություն, ինչը միտում ունի օրինականացնելու ցեղասպանության և հայրենազրկման հետևանքները` հընթացս չլուծելով դրանց ճանաչման հարցը։
-Խորհրդարանում, ինչպես երևում է, չի ստացվում ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությունը հայ-թուրքական արձանագրությունների շուրջ։ Դեմ խոսելով` ՀՅԴ-ն կողմ քվեարկեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, իսկ «Ժառանգությունը»` դեմ, ձեզ չեն աջակցում նաև լսումներ հրավիրելու հարցում։ Այս պայմաններում համագործակցությունը խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերի միջև կկայանա՞։
-Կարծում եմ` ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը պետք է միացյալ ճակատով հանդես գա, այլև ողջ հասարակությունը։ Ամոթ մեզ, մեր կուսակցություններին, հասարակությանը, եթե թույլ տանք ինքնահավան, ինքնակոչ, նեղմիտ նախաձեռնությամբ զոհասեղանին դնել մեր տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, սերունդների հեռանկարը։ Այս ամենը դիվանագիտության հետ կապ չունի։ Պիտի գիտակցել, որ ազգային նշանակության հարցերն առևտրի, սակարկման ենթակա չեն։ ԱԺ-ն մեղսակից չպետք է դառնա այս գործընթացում։
-ԱԺ-ն կարո՞ղ է խուսափել «մեղսակցությունից», եթե խորհրդարանի մեծամասնությունն իշխող կուսակցության ներկայացուցիչ է։
-Ամեն մեկն ունի իր խիղճը, հայրենիքի հանդեպ նվիրումը։ Միգուցե տրամաբանությունից դուրս է, բայց հավատում եմ, որ այն Ազգային ժողովը, որ մեղսակից է եղել մարտի 1-ին, մարդու իրավունքների որոշակի խախտումներին, սխալ որոշումներ կայացրել ներքին և արտաքին քաղաքական հարթությունում, հասնելով վերջին ուղենիշին` թույլ չի տա, որ հազարավոր սերունդների իրավունքներն իր վավերացմամբ ի չիք դառնան։ Լինելով այս ԱԺ-ի մի մասնիկը, չէի ցանկանա, որ մեր մասին պատմության գրքերում հիշատակվեր որպես մեղսակից անձերի։ Հույսը տակավին չի լքում ինձ։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ