ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԳԵՂԵՑԻԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐԻ, ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒ ՀԺԿ-Ի ՄԱՍԻՆ

ԳԵՂԵՑԻԿ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՐՆԵՐԻ, ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒ ՀԺԿ-Ի ՄԱՍԻՆ
07.12.2010 | 00:00

«ՇՈՐԸ ՉԻ ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ, ԵԹԵ ՆԱ ՆԵՐՍԻՑ ՉԱՐ Է, ՏԳԵՂ»
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀՀՇ վարչության նախագահ)
-ՀԺԿ համագումարում Տեր-Պետրոսյանի այս և դրան նախորդող ելույթների մեջ հակասություն չե՞ք տեսնում: Այս անգամ նա ասում է. «Գաղափարախոսությունն ինքնին իր կրողներին դեռևս որևէ առավելություն չի տալիս այլ գաղափարախոսություն դավանողների նկատմամբ», մինչդեռ նախորդ ելույթում քննադատում է նժդեհականությունը, այն ընդհուպ համարելով ռասիզմ: Ինչպե՞ս հասկանալ:
-Ելույթի հիմնական մեսիջը սա էր՝ գաղափարը գեղեցիկ է, երբ կրողն է գեղեցիկ: Երբ գաղափարը գեղեցիկ է, իսկ կրողը՝ անբարոյական մարդ, գաղափարն ինքնին կործանվում է: Սա ավելի բարձր, փիլիսոփայական կատեգորիա է, քան ինչ-որ գաղափարախոսության վերլուծություն: Վստահ եղեք, ես ելույթը շատ ճիշտ եմ հասկացել: Մի՛ նսեմացրեք:
-Չենք նսեմացնում: Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե պատասխանում է իշխանությունների մեղադրանքներին ու խոսում գաղափարախոսությունների մասին: Պարզապես նրա ելույթների շեշտադրումների համեմատություն ենք անում:
-Նա ասում է, որ նույնիսկ նացիոնալիզմի կրողը, եթե լավ մարդ է, կարող է այդ գաղափարը գեղեցկացնել: Խոսքը կրողի, ոչ թե գաղափարի մասին է: ՀՀՇ համագումարում էլ նույն արժեհամակարգի մասին ելույթ ունեցավ, ինձ համար սա հարազատ բան է: Այսինքն, շորը չի գեղեցկացնում մարդուն, եթե նա ներսից չար է, տգեղ:
-Ի՞նչ եք կարծում` միայն իշխանություն ունեցողների «շո՞րն է գեղեցիկ», իսկ գաղափարախոսությունը` «տգե՞ղ»:
-Չէ, չէ: Շատ լուրջ փիլիսոփայական կատեգորիաների մասին է խոսում:

«ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՏԻՊՈՒՄ ԷՐ ԱՅԼ ԲԱՆ ԱՍԵԼ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար)
-Ի՞նչ տվեց Աստանայի գագաթնաժողովը:
-Աստանայում տեղի ունեցավ մի բան, որը եվրատլանտյան երկրներին իրարից ավելի հեռացրեց: Իսկ ղարաբաղյան հիմնա-խնդրի առնչությամբ Աստանայում իրականում ոչինչ չեղավ:
-Սերժ Սարգսյանի ելույթն ինչպե՞ս կգնահատեք:
-Երկրի նախագահը չի կարող Ղարաբաղի ճանաչման հարցը պայման դարձնել, թե մի դեպքում կարելի է ճանաչել, մյուս դեպքում՝ ոչ: Ինչպե՞ս կարելի է չունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տեսլական ու այն կապել դրսից եկող ազդակներով:
-Ոչ մի դրական մոտեցում չկա՞ ելույթում: Նույնիսկ որոշ արմատական ընդդիմադիրներ դրական շեշտադրումներ նկատել են:
-Ես իսկապես չեմ գտել: Հայաստանը չէ, որ սպառազինությունների մասին պիտի խոսի: Սերժ Սարգսյանն Աստանայում պետք է լրիվ այլ բան ասեր:
-Ի՞նչ: Կկոնկրետացնե՞ք:
-Ես հո նրա փոխարեն չե՞մ ասելու: Բայց առկա իրավիճակն ստիպում էր այլ բան ասել:

«ՀԺԿ-ԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՂՆԵՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԻՆՉ-ՈՐ ՁԵՎՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԻՆ»
ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀԺԿ քաղխորհրդի անդամ)
-Այս տարիներին կուսակցությունը «կորուստներ» ունեցե՞լ է:
-Կորուստներ ունեցել է, բայց դրա զգալի մասը պայմանավորված է երկրից արտագաղթածներով: Մի քանի տարի առաջ մենք ունեինք 29 հազար անդամ, բայց վերջին տարիներին մեր կուսակցականների մի մասը երկրից հեռացավ: Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր լքեցին, դավաճանեցին ՀԺԿ-ին, նրանք միշտ էլ ինչ-որ ձևով իշխանության հետ էին: Ես դա կորուստ չեմ համարում:
-ՀԺԿ-ն ՀԱԿ-ի հիմնասյուն կուսակցություններից մեկն է: Որոշ հարցերում չպիտի՞ նրա նկատմամբ ՀԱԿ-ի ղեկավարի վերաբերմունքն ավելի ընդգծված լինի:
-ՀԱԿ-ի ղեկավարի կողմից միշտ էլ դրական վերաբերմունք է եղել մեր կուսակցության ու նրա անդամների հանդեպ: Այնպես որ, ջերմ վերաբերմունքը նաև այս համագումարում նկատվեց:
-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԺԿ-ն միայնա՞կ կմասնակցի, թե՞ դաշինքով:
-Մեր կուսակցությունը 1998-ից սկսած մասնակցել է համապետական բոլոր ընտրություններին: Այս անգամ էլ թե՛ արտահերթ, թե՛ հերթական համապետական ընտրություններին մասնակցելու ենք: Իսկ մասնակցության ձևաչափի մասին վաղ է խոսել: Ամեն դեպքում, այսօր մենք մեր պայքարը կոնգրեսի ձևաչափում ենք իրականացնում, սակայն կոնգրեսը, որպես այդպիսին, չի կարող մասնակցել ընտրությունների, պիտի դաշինքներ լինեն:
-ՀԺԿ-ն, ինչպես բազմիցս է նշվել, երեք անգամ ընտրություններում հաղթանակ է արձանագրել: Չե՞ք կարծում, որ հաղթած քաղաքական ուժի հետևից մյուսները պիտի գնան, ոչ թե նա գնա նրանց հետևից:
-Մենք որևիցե ուժի հետևից չենք գնում, ու որևէ մեկը մեր հետևից չի գալիս: Մենք միասնական ենք գնում: Պետք չէ միանշանակ ասել՝ ով ում հետևից է գնում: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ինձ օգտագործեք որպես գործիք երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար: Չասաց, չէ՞, եկեք իմ հետևից: Նույնն էլ մենք ենք ասում՝ մեզ օգտագործեք սահմանադրական կարգը հաստատելու համար:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ