ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«...ՈՐՊԵՍԶԻ ԿԱՌՈՒՑՎԻ ՇԻՆԱՐԱՐԻ ՏՈՒՆԸ»

«...ՈՐՊԵՍԶԻ ԿԱՌՈՒՑՎԻ ՇԻՆԱՐԱՐԻ ՏՈՒՆԸ»
17.11.2009 | 00:00

Գլոբալ ճգնաժամը Հայաստան մուտք գործեց-չգործեց, անշարժ գույքի շուկայում և ընդհանրապես շինարարության ոլորտում կտրուկ նվազեցին գործարքներն ու ներդրումները։ Գործնականում ի՞նչ տեղի ունեցավ։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք շինարարների միության նախագահ, «Հորիզոն-95» շինարարական կազմակերպության ղեկավար ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ։
-Կարծում եմ, ճիշտ կլինի խնդիրը դիտարկել համեմատության մեջ,- ասաց պարոն Գալստյանը։- 2005-ից 2009-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գործընթացները կարելի է բնութագրել հետևյալ կերպ. մինչև 2009-ի գարուն Հայաստանում շինարարության ոլորտն աննախադեպ զարգացում ապրեց, 2009-ի գարնանից անկում է նկատվում։ Շինոլորտի ներդրողները, նախագծողները, շինարարները, շինարտադրության և ծառայություններ մատուցող կազմակերպությունները նշված չորս տարիների ընթացքում անցան լուրջ փորձությունների շրջան. շինարարության 35-37 տոկոս տարեկան աճից գրեթե 60 տոկոս նվազում, աշխատանքային ծավալների կտրուկ կրճատում։ Նշված հանգամանքն իր հետ մի շարք խնդիրներ բերեց։ Մասնավորապես, առաջ եկավ աշխատանքային կոլեկտիվների, մասնագետների պահպանման խնդիր։ Բացի դրանից, դեռևս լուծված չեն կիսակառույցների պահպանման հարցերը, մինչդեռ, մի կողմից` կառույցի ավարտը սառեցված է ֆինանսական խնդիրների պատճառով, մյուս կողմից` դրանց պահպանման համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Պետք է ընդգծեմ, որ կիսակառույցների պահպանման խնդիրը խիստ կարևոր նշանակություն ունի հետագայում կառույցի որակն ու շինարարական ամրությունն ապահովելու հարցում։ Այն շինարարական ընկերությունների մոտ, որոնք աշխատում են հիմնականում վարկերով, առաջ է եկել բարձր տոկոսադրույքների խնդիր, այսինքն` բանկերը, ելնելով առկա ֆինանսական պայմաններից, չեն մեղմացնում վարկային պարտավորությունները։ Մյուս կողմից, դժվար իրավիճակները մեզ պարտադրեցին ավելի խոր ուսումնասիրել ոլորտի խնդիրները, ինչը կարող է նպաստել համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուն։ Այժմ մեր խնդիրն է պետության հետ համատեղ լուծել դրանք` վերացնելով բոլոր թույլ օղակները։
-Կառավարությունը վերջին մի քանի ամսում օրենսդրական փոփոխություններ է փորձում կատարել ոլորտում` հարկային օժանդակության և վարկեր հատկացնելու ճանապարհով։ Որքանո՞վ այս գործընթացը կնպաստի ոլորտի աշխուժացմանը։ Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը ձեր ոլորտում։
-Շինարարության ոլորտի հակաճգնաժամային խնդիրների վերաբերյալ ՀՀ վարչապետի մոտ ընթացիկ տարում տեղի ունեցած երկու խորհրդակցություններում իրենց առաջարկությունները ներկայացրին նաև միության անդամ կազմակերպությունների ղեկավարները։ Հարցերը հիմնականում վերաբերում էին անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը խթանող միջոցառումներին, շինարարության ոլորտի նկատմամբ մաքսային և հարկային բեռի թեթևացմանը, երկարաժամկետ վարկերի հատկացմանը, հիփոթեքային շուկայի զարգացմանը, որոնք նպատակաուղղված են անավարտ շինարարության և քաղաքաշինական կարևոր ծրագրերի կատարմանը։ Ինչպես տեսնում եք` նշված խորհրդակցություններում բարձրացված խնդիրները տեղ են գտել կառավարության որոշումներում, և մեզ համար շատ ուրախալի է, որ վարչապետը խորամուխ եղավ ներկայացված խնդիրների և առաջարկվող լուծումների հարցում։ Բնականաբար, հասկանալի է, որ ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարությունները միանգամից չեն լուծվի։ Բայց այն փաստը, որ պետությունը ձեռք է մեկնում շինարարներին, հուսադրող է և վստահություն է ներշնչում գործարարին։
-Անշարժ գույքի շուկայում գործարքների նվազումը պայմանավորված է, առաջին հերթին, գնողունակության անկմամբ, այսինքն, մարդիկ հետաքրքրված չեն այս պահին անշարժ գույք ձեռք բերելու հարցում։ Այս դեպքում, որքան էլ պետությունը հարկային օժանդակություն կամ երկարաժամկետ վարկեր տրամադրի շինարարներին, ինչպե՞ս պետք է լուծվի շինարարի հիմնական խնդիրը, քանի որ նրա եկամուտն առաջանում է իր արտադրության իրացումից:
-Ինչ խոսք, շատ ուրախալի է, որ կառավարությունը վարկերի ձեռքբերման առումով աջակցեց մի քանի շինարարական կազմակերպությունների, սակայն, կարծում եմ, շինարարության ոլորտի զարգացման համար առավել նպաստավոր կլիներ, եթե վարկային արտոնություններն ու մատչելիությունն առավելապես ուղղված լինեին հիփոթեքային վարկավորմանը։ Այսինքն` ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր տրամադրվեին բնակչությանը` բնակարանային շինարարության հիմնական սպառողին։ Այդ կերպ շինարարը կլուծեր իր արտադրանքի սպառման խնդիրը և ինքը շահագրգռված կլիներ ֆինանսներ հայթայթելու հարցում։
-Համագումարի ժամանակ վարչապետը հորդորեց ավելի սերտացնել համագործակցությունը քաղաքաշինության նախարարության և մյուս համապատասխան կառույցների միջև, բարձրացնել շինարարների կրթական մակարդակը և այլն։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
-Քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության խնդիրը, հատկապես վերջին երկու տարիներին, խիստ կարևորում է նախարարը։ Մեզ համար շատ կարևոր է և ուրախալի, որ ոլորտին առնչվող նախագծերի մշակման փուլում դրանք, նախարարի հանձնարարությամբ, ուղարկվում են շինարարների միություն և անդամ կազմակերպություններին` քննարկելու։ Սա շատ կարևոր քայլ է, որը, բացի համագործակցության սերտացումից, նաև վստահություն է ձևավորում։ Նախարարությունը չի անտեսում շինարարների մասնագիտական տոնը` ամեն տարի բազմաթիվ շինարարների և ճարտարապետների պարգևատրելով պատվոգրերով ու մեդալներով։
Հայաստանի շինարարների, ճարտարապետների միությունների և ճարտարապետաշինարարական պետական համալսարանի միջև կնքվել է փոխհամագործակցության համաձայնագիր, որի շնորհիվ այդ երեք կառույցներն արդյունավետ փոխգործակցում են ոչ միայն օրենս-դրական և իրավական դաշտերում, այլև առանձին մասնագիտական ծրագրերի մշակման գործում։ Բացի այդ, մեծ է ճարտարապետների և շինարարների մասնակցությունը համալսարանի ուսումնական գործընթացի արդիականացման և կրթական բարեփոխումների ծրագրերին։
-Թեև վարչապետը շատ կարևորեց միության դերը ոլորտի զարգացման գործում, այդուհանդերձ, պետք է նկատենք, որ շինարարների միությունն օժտված չէ այնպիսի լիազորություններով, որոնք կարող էին նպաստել կոնկրետ խնդիրների լուծմանը։ Ըստ փորձագետների, դա մեծ բացթողում է, որը պետք է շտկվի։ Համամի՞տ եք այդ կարծիքին։
-Մեր երկրում հասարակական կառույցներն օրենքով ամրագրված լուրջ լիազորություններ չունեն, ինչպես եվրոպական երկրների նմանատիպ կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, մեր միությունը պետք է ունենա իր ուրույն տեղն ու դերը ոլորտի զարգացման գործում։ Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք խոսում ենք գործընթացներում միության ավելի ակտիվ մասնակցության մասին, սակայն դրան պետք է նպաստի նաև պետությունը` բարձրացնելով միության դերը, որպեսզի շինարարներն ավելի ակտիվ ընդգրկվեն միության մեջ։ Պետք է ընդգծեմ, որ ոլորտի զարգացման համար կարգավորող նշանակություն ունի «Քաղաքաշինության մասին» օրենքը, որն առավել կատարյալ դարձնելու անհրաժեշտություն է զգում։ Մասնավորապես, բոլոր ոլորտներում իրականացվող կապիտալ շինարարությունը պետք է կոորդինացվի և իրականացվի քաղաքաշինության նախարարության միջոցով։ Բնականաբար, շինարարության պատվիրատուն կարող է լինել տվյալ ոլորտի ղեկավարությունը, սակայն, ելնելով քաղաքաշինական նորմերի պահանջից, ճիշտ կլիներ, որ նման խնդիրները կարգավորեր քաղաքաշինության նախարարությունը։
-Զրույցի վերջում ուզում եմ տեղեկանալ. ի վերջո, շինարարների միությունը սեփական տանիք ունեցա՞վ, թե՞ ոչ։
-Տարածքի տրամադրման հարցը գրեթե լուծվում է, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին, ի դեմս նախկին և ներկա քաղաքապետերի։ Անհրաժեշտ են բոլորիս բարի կամքն ու ցանկությունը, կազմակերպչական և ֆինանսական աջակցությունը, որպեսզի նախագծվի և կառուցվի մեր «տանիքը»` շինարարի տունը։ Միության անդամ կազմակերպությունների համար այն լինելու է միջոցառումների, հանդիպումների, նոր տեխնոլոգիաների ներկայացման վայր, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ուսումնական կենտրոն։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ