ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԳԼՈԲԱԼ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՅՈՒՐՈՎԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԿԻՐ»

«ԳԼՈԲԱԼ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՈՐՊԵՍ ՅՈՒՐՈՎԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԿԻՐ»
05.03.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի զրուցակիցն է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Տեր-Հարությունյան, սկսենք «հեռվից». ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի բրիտանական այցը, «Չեթթեմ հաուզի» ելույթը։ Արձանագրենք, որ կարծիքներն այցի առնչությամբ խիստ տարբեր էին. փորձագետների մի մասը պնդում էր` առանցքային այց էր, մյուս մասն էլ թե` աննշան, որովհետև ՀՀ նախագահին ոչ ոք չդիմավորեց:
-Այսօր քաղաքականության մեջ առանձնապես էական չէ` ով դիմավորեց, ով ճանապարհեց: Սակայն անգամ այդ չափանիշներով Անգլիայի թագուհու մոտ ընդունելությունը, արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը խոսում են բարձր մակարդակի ընդունելության մասին:
-Ի՞նչ եք կարծում, այդ ընդունելությո՞ւնն էր պատճառը, որ Լորդերի պալատը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թագուհին էլ «պատրաստվում» է այն վավերացնել:
-Խնդիրը փոքր-ինչ այլ է. բրիտանական պառլամենտը ցանկանում է ընդունել ոչ թե Ցեղասպանության մասին բանաձև, այլ ստորին պալատի մեծ մասը, կարծես, ստորագրել է փաստաթուղթ այն մասին, որ իրենք ընդունում են Հայոց ցեղասպանության իրողությունը, ի դեպ, եթե չեմ սխալվում, հույների և ասորիների ցեղասպանության հետ մեկտեղ: Դա ընդամենը տրամադրությունների վկայություն է, ոչ թե պաշտոնական որոշում: Չնայած այդ տրամադրությունները հետագայում կարող են վերածվել բանաձևի: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ընդունման հավանականությունն ավելի մեծ է, քան Բրիտանիայի: Բանն այն է, որ Բրիտանիան մեր տարածաշրջանում ունի հստակ և կարծրացած շահեր` և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին առնչվող: Այո՛, դա նավթն է, առաջին հերթին` «Բրիտիշ պետրոլեումը», իսկ «Բրիտիշ պետրոլեումը» վեր է ամեն ինչից:
-Օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով Ցեղասպանության ճանաչման հարցը հիմնովին փակվեց, և նման խնդիր միջազգային օրակարգում այլևս չկա: Իսկ ահա Լորդերի պալատում և ԱՄՆ-ի Կոնգրեսում առկա գործընթացները, կարծես, այլ բան են ասում:
-Ես զարմանում եմ, թե այդ խնդիրն ինչպես կարող է դառնալ անվերջ քննարկման առարկա: Հայ-թուրքական արձանագրություններում, այո՛, կային ոչ հստակ ձևակերպված մտքեր, որոնք էլ տեղ էին թողնում նման մեկնաբանությունների համար: Սակայն Սահմանադրական դատարանը բավականին խելամիտ ձևով լուծեց խնդիրը: Դա, ի դեպ, խոսում է միջազգային իրավունքի մեր փորձագետների բարձր մակարդակի մասին, որոնք (սա` որպես ինֆորմացիա) այնքան էլ գոհ չէին այդ արձանագրությունների որոշ իրավաբանական ձևակերպումներից:
-Բայց չէ՞ որ նույն «Չեթթեմ հաուզում» Սերժ Սարգսյանը «սևով սպիտակի վրա» ասաց, որ ՀՀ ՍԴ-ի վերապահումները ոչինչ չեն նշանակում, և արձանագրությունները հայոց պառլամենտի կողմից կվավերացվեն այնպես, ինչպես Ցյուրիխում ստորագրվել են:
-Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, որ արձանագրությունները չպետք է հակասեն մեր Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին. այս բնական նախապայմանն է դրվել մեր առաջ, այսինքն` չխախտել երկրի հիմնական օրենքը։ Ընդամենը: Եվ եթե մենք դա ընդունում ենք (իսկ չընդունել չենք կարող), ապա դրանով նախագահն արտահայտվում է տառի, ոչ թե ոգու մասին: Ցեղասպանության հարցում որևէ այլ մեկնաբանություն անհնար է: Ավելին` «Չեթթեմ հաուզի» ելույթի ոգին վկայում է, որ Ցեղասպանությունն ու դրա դրսևորումներն Ադրբեջանի կողմից մենք շատ ռեալ հարթությունում ենք գնահատում: Եվ այդ ամենում ես որևէ հակասություն չեմ տեսնում:
-Պարոն Տեր-Հարությունյան, Սերժ Սարգսյանի Միացյալ Թագավորություն կատարած այցն ինչ-որ բան նշանակո՞ւմ էր, թե այն պարզապես «լավ տոնի» արտահայտություն էր:
-Ըստ իս` առանցքային այց, առանցքային ելույթ էր: Հիշենք, որ նախորդ տարի այնտեղ ելույթ էր ունեցել Իլհամ Ալիևը:
-Իսկ այս տարի «Չեթթեմ հաուզի» պարգևը կհասնի Աբդուլլահ Գյուլին:
-Ոչ մի նշանակություն չունի: Թերևս գիտեք, որ փոխվեց նաև այդ առնչությամբ ձևակերպումը, շեշտվեց, որ «նախագահ Գյուլն իր հայ գործընկերոջ հետ առաջատար դեր է խաղացել»։ Չմոռանանք նաև, որ «Չեթթեմ հաուզը» խիստ քաղաքականացված կառույց է և միշտ անում է այն, ինչ ճիշտ է համարում, ինչը բխում է իր շահերից, ինչի մասին վերևում ես արդեն խոսեցի` նկատառելով «Բրիտիշ պետրոլեումի» հանգամանքը` առաջին հերթին, և վերջին հերթին` Ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Գոյություն ունի տեսակետ, որ մեր տարածաշրջանում «ուղեղային կենտրոնը» Միացյալ Թագավորությունն է, ոչ թե Միացյալ Նահանգները, որովհետև բրիտանացիները լավ գիտեն տարածաշրջանը և «ատլանտյան ընդհանրական շահերին» ադեկվատ քայլեր են անում այստեղ: Կան նաև վարկածներ (ինքս էլ երբեմն այդպես եմ մտածում), որ Հայաստանում երկու տարի առաջ գունավոր հեղափոխության յուրահատուկ փորձը բրիտանացի քաղաքագետների, տեխնոլոգների, վերլուծաբանների մտքի արգասիքն էր: Եվ ընդհանրապես, Բրիտանիան շատ կարևոր երկիր է այդ առումով:
-Դա՞ էր Սերժ Սարգսյանին տարել Բրիտանիա:
-Նաև:
-Գնացել էր ապագա գունավոր հեղափոխության տեխնոլոգիային ծանոթանալո՞ւ, այն ռեգիոն «բերելո՞ւ», մանավանդ եթե հաշվի առնենք, որ մենակ չէր գնացել:
-Չէի կապի այդ այցը հետագա կոնկրետ «հեղափոխությունների» հետ, կարծում եմ` դա մեր նկատմամբ ոչ այնքան միանշանակորեն տրամադրված կենտրոն կատարած այց էր:
-Հաջողե՞ց Սերժ Սարգսյանն այդ այցում:
-Կարծում եմ` այո:
-Խոսեք փաստերով:
-Փաստերով փոքր-ինչ դժվար կլինի, որովհետև չեմ կարող անուններ տալ և կարծիքներ հայտնել, չնայած գիտեմ «Չեթթեմ հաուզի» այդ կարծիքները (հետո էլ ասում են` «փա՜կ ակումբ է, մարդ չի կարող իմանալ, թե ինչ են այնտեղ խոսե՜լ»- Կ. Դ.), գիտեմ Անգլիայում բնակվող և հանդիպմանը ներկա որոշ փորձագետների մոտեցումները: Ասեմ միայն, որ ՀՀ նախագահը բավականին տպավորիչ ելույթ է ունեցել: Եկեք «լավին` լավ» ասենք:
-«Լավին` լավ» մշտապես ասում էր վերջերս Ֆրանսիա մեկնած ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ի դեպ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը շուտով նույնպես կմեկնի եվրոպական այդ կենտրոն` Ֆրանսիա: Բայց դեռևս «մնանք» Անգլիայում. ի՞նչն է այդպես գրավել բրիտանացի փորձագետներին այդ ելույթում:
-Սերժ Սարգսյանը շատ պարզ, շատ հստակ ներկայացրել է բոլոր առումներով հիմնավորված Հայաստանի դիրքորոշումները:
-Որքանո՞վ էր այդ «կենտրոնում» հնչած ելույթը պատասխան Ռուսաստանին, որին առաջարկներ պետք է ներկայացներ Հայաստանը` մադրիդյան նոր «ընթերցման» առնչությամբ: Ընդ որում, այդ ելույթից տպավորությունն այնպիսին էր, որ Հայաստանը չունի առաջարկներ և պնդում է մինչ այդ առաջ քաշած սկզբունքները։ Ասել է` մենք մնում ենք մեր դիրքերում:
-Դժվար է, իհարկե, պատասխանել այդ հարցերին` չիմանալով մանրամասները, և, այնուհանդերձ, տպավորությունն այնպիսին է, որ խիստ հստակ ներկայացվեցին հայկական կողմի մոտեցումները: Գիտե՞ք, մի բան է, երբ դա արվում է փակ ձևաչափում, երբ ընթանում են բանակցություններ, այլ բան է, երբ հանրային ձևաչափով են հնչեցվում այդ տեսակետները: Մեզ թույլ տանք վարկածներ առաջ քաշել և ասել, որ գուցե և Բրիտանիայի վարչապետի հետ Սերժ Սարգսյանի չհանդիպելը մտածված քայլ էր, ինչը Սերժ Սարգսյանին թույլ տվեց լինել առավել անկաշկանդ, առանց քաղաքակական պայմանավորվածությունների և հստակ արտահայտել Հայաստանի մոտեցումները: Եվ ես կարծում եմ, որ դա նրան հաջողվեց:
-Որքան ես եմ տեղեկացված, այդ ամենն այնքան էլ Ռուսաստանի սրտով չէր, և նույն փորձագետները Ռուսաստանում այնքան էլ բարի աչքով չէին նայում բրիտանական այդ պայմանավորվածություն-չպայմանավորվածություններին:
-Ցանկացած հանրապետության, առավել ևս Հայաստանի պարագայում, երբ բազմավեկտոր հարաբերություններ են հաստատվում, «խանդը» միշտ շատ մեծ է լինում բոլոր կողմերից: Օրինակ, Վրաստան կատարած այցը, որին նույն փորձագետները շատ ավելի մեծ «խանդով» վերաբերվեցին: Բոլոր դեպքերում, կարծում եմ, բարձրագույն քաղաքական մակարդակով «բոլորը տեղեկացված են բոլորի մասին»: Այսինքն, այցերն անսպասելի չէին ռուսական քաղաքական ղեկավարության համար, միևնույն ժամանակ Ռուսաստան կատարվող այցերն ու պայմանավորվածություններն էլ մեծ անակնկալ չեն արևմտյան կողմի համար: Ի դեպ, «Նորավանքը» հրապարակել է տարածաշրջանային երկրների անկախության ցուցիչները. կարող է ոմանց զարմանալի թվալ, բայց Հայաստանն ամենամեծ ինքնուրույնությունն ունի, նա ամենաանկախ արտաքին քաղաքականություն վարող երկրներից է, ավելի ինքնուրույն, քան Ադրբեջանը, Վրաստանը, Իրանն ու Թուրքիան։ Գլոբալ առումով Հայաստանը հանդես է գալիս որպես յուրովի ինքնուրույն խաղացող երկիր:
-Հետաքրքիր է` Ռուսաստանի «խանդը» մեծ է «Չեթթեմ հաուզի» ելույթի՞, թե՞ Ֆրանսիայից գնվելիք զենքի առիթով:
-Կարծում եմ` հակառակը. Ֆրանսիայի հետ ռազմական պայմանագիրն ամբողջովին համահունչ է ռուսական այսօրվա մոտեցումներին: Այսինքն` Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան երկու միանգամայն տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող երկրներ են:
-Միևնույն է, Ռուսաստանը «խանդում ու խանդում է»` օթելլոյաբար:
-Չեմ կարծում: Կարող եմ նույնիսկ այլ վարկած առաջ քաշել. Ֆրանսիայի հետ ռազմական պայմանագիրը գործընթաց էր, որով Ռուսաստան-Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական դաշինքը համագործակցության կամուրջ կկառուցի եվրակենտրոն երկրների հետ, ինչն ինքնին շատ հետաքրքիր նախադեպ է:
-Դե, Հայաստանը համարյա «կյանքի է կոչում» Մեդվեդևի` եվրոպական նոր անվտանգության համակարգի «կոնցեպտը»` կատարելով առաջին քայլը: Սա` հենց այնպես: Ի դեպ, խոսվում է Մեդվեդևից հետո Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարելիք այցի մասին:
-Դժվար է խոսել մի բանի մասին, որը, չգիտես` լինելո՞ւ է, թե՞ ոչ: Բայց եթե ենթադրենք, որ իսկապես Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա, ապա դա նույնպես համահունչ է Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության նախարարի` Ֆրանսիա կատարած այցին: Գիտեք` Հայաստանն ավանդական-յուրահատուկ հարաբերություններ է ունեցել մշտապես Ֆրանսիայի հետ:
-Այո՛, Ֆրանսիան անկախության տարիների մեր «կուրատորն» է: Ի դեպ, նույն «Չեթթեմ հաուզի» ելույթում Սերժ Սարգսյանն ասաց` «զենքերը», որ կուտակում է ռազմատենչ Ադրբեջանը, մի օր կրակելու են այնպես, ինչպես Չեխովի` պատից կախված բոլոր հրացանները: Հիմա մենք որ այդ զենքը գնում ենք Ֆրանսիայից, Ռուսաստանից, դրանք մի օր կկրակե՞ն համապատասխան պատերազմում: Պատերազմ կլինի՞, պարոն Տեր-Հարությունյան:
(շարունակելի)
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ