ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԻՆՁ ՎՐԱ ԱԶԴԵԼ ԵՆ ՋՈՆ ՍԻՆԳԵՐ ՍԱՐԺԵՆՏԸ, ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻՆ, ԱՄԵՆ ՄԻ ՄԱՆՈՒԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԻՆՁ ՎՐԱ ԱԶԴԵԼ ԵՆ ՋՈՆ ՍԻՆԳԵՐ ՍԱՐԺԵՆՏԸ, ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻՆ, ԱՄԵՆ ՄԻ ՄԱՆՈՒԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»
21.01.2011 | 00:00

ՖԻԼԻՊ ՀԱԿՈԲՅԱՆ. գեղանկարիչ` ոչ սովորական ճակատագրով։ Ծնվել է 1959-ին` Մասաչուսեթս նահանգի Իստ Լոնգ Միդո քաղաքում։ Ծնվել է ոչ այնքան ավանդական ընտանիքում։ Մոր երակներով եվրոպական մի քանի ազգությունների և հնդկացու արյուն էր հոսում։ Հայրը զտարյուն հայ է, Մեծ եղեռնի տարագիրներից, ծնված Խարբերդում, 1913-ին։ Ի դեպ, նա այսօր էլ ապրում է և Հայաստան չի գալիս միայն երկարատև օդային ճամփորդության դժվարություններից երկնչելով։ Ամերիկյան նշանավոր արվեստաբան և կոլեկցիոներ Բոբի Գոշն այսպես է բնութագրում Ֆիլիպ Հակոբյանին. «Նրա նկարները պայմանականորեն կարելի է բաժանել երկու ուղղությունների` սոցիալական ռեալիզմ և բնապատկերներ։ Նա հաստատուն ձևով մեզ է ներկայացնում այս երկու աշխարհները, որոնցում մենք ապրում ենք, այնպես, ինչպես ինքն է տեսնում։ Առաջինն անընդունելի աշխարհն է, որտեղ մենք շարունակաբար ստեղծագործում ենք` վնաս պատճառելով շրջակա միջավայրին այն որոշակի գործողություններով, որոնք, ըստ Ֆիլիպի, կհանգեցնեն մեր տեսակի վերջնական ոչնչացման։ Ֆիլիպը հարց է բարձրացնում` մարդկանց պատասխանատվության կոչելով, և նրա աշխատանքները մեզ ցույց են տալիս, թե ինչ ենք անում բնության հետ»։
-Ֆիլիպ, քո ստեղծագործական ճակատագիրը «թերթիր» այսօր։
-Դեր խաղացին ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելն ու անհրաժեշտ մարդուն հանդիպելը։ Բարեբախտաբար, ձեռքիս որակյալ աշխատանքներ կային։ Դեռ շատ երիտասարդ էի, երբ աշխատանքս ԱՄՆ-ում ճանաչում գտավ։ Բոստոնում ցուցադրվեց գործս, ընկերոջս աջակցությամբ, որն իմ կողքին էր անհրաժեշտ պահին։ Նա պատկերասրահում էր աշխատում։ Ես նկարում էի, նա զբաղվում էր դրանց հանրահռչակմամբ։ ԱՄՆ-ում նկարիչը (նաև ես) որևէ հանրահռչակման գործունեության, առավել ևս ստեղծագործությունների իրացման չի մասնակցում։ Համապատասխան մասնագետները, նկարների վաճառքից իրենց մասնաբաժինն ունենալով, ապահովում են նկարչի հանրաճանաչությունը։ Դու կարող ես անսպասելի հրավիրվել հարցազրույցի, քեզ կարող են նկարահանել քո արվեստանոցում, նյութեր հրապարակել հեղինակավոր թերթերում և ամսագրերում։ Սա է ամերիկյան արտ-շուկայի առանձնահատկությունը։
-Հայկական միջավայրը, հայկական արտ-շուկան` քո աչքերով։
-Միանգամայն այլ իրավիճակ է։ Նկարիչը հաճախ ինքն է զբաղվում իր արվեստի հանրահռչակմամբ և վաճառքով։ Այսինքն, Հայաստանում ճիշտ պահին, ճիշտ տեղում լինելն այնքան էլ կարևոր հանգամանք չէ։ Բայց սա իր ժամանակին, հուսամ, կկարգավորվի։ Այսօր արտ-բիզնեսը կերպարվեստի բիզնեսի համաշխարհային կենտրոններից` Նյու Յորքից, Լոս Անջելեսից և Բոստոնից Մոսկվա է փոխադրվում։ Այնպես որ, ոչինչ մշտական չէ այս լուսնի տակ։
-Քո վերադարձը արմատներիդ։
-Հայրս` Հակոբ Հակոբյանը, Խարբերդի ծնունդ է, մայրս` եվրոպական էթնիկ խմբերի խառնուրդ։ Այսինքն, զտարյուն հայ չեմ։ Բայց ի սկզբանե ուսումնասիրել եմ նախնիներիս, ծանոթացել հայոց պատմությանը։ Ես վաղուց եմ զգացել իմ օտարվածությունն ամերիկյան միջավայրից և հոգեմտակերպից։ Գուցե հայկական գենն է իմ մեջ ավելի զորեղ։ Հորս ծնողները մահացել են Նահանգներ փոխադրվելուց անմիջապես հետո, հայրս մանկուց որբացել է, հետո սկսվել է ԱՄՆ-ի մեծ ճգնաժամը, նա սկսել է ճամփորդել աշխատանքի փնտրտուքով և կտրվել, առանձնացել է հայկական համայնքից։ Բայց նրա քույրերն ու եղբայրները սերտորեն կապված են հայկական կյանքին, հայ համայնքին։
-Դու Հայաստան եկար ինչ-ինչ երազանքներով և հույսերով։ Ինչպե՞ս քեզ դիմավորեց Ավետյաց երկիրը։
-Շատ եմ կարդացել, ուսումնասիրել Հայաստանը, հայ մշակույթն ու արվեստը։ Սակայն ժամանակակից Հայաստանի և հայերի մասին անտեղյակ էի։ Այստեղ հասկացա, որ խորհրդային ժամանակաշրջանն արմատապես փոխել է հայի կերպարը, և այն բավականին տարբեր է հորս ներկայացրածից։ Մի խոսքով, Հայաստան ժամանեցի, արժանացա ջերմ, սիրալիր ընդունելության, և շատ զարմացա։ Ինձ թվում էր, Հայաստանում ամենուր կհանդիպեմ մինչքրիստոնեական շրջանի մշակույթի, ճարտարապետության և կոթողների։
-Հասկանալի է, սակայն դրանք խորհրդային շրջանում չեն ավերվել, դա շատ ավելի վաղ է կատարվել։ Բայց հարցս այլ է. ինչպե՞ս ես փորձում կայանալ հայկական շուկայում, ուր նկարիչների ու քանդակագործների «հրավառություն» է։
-Այն, ինչին հասել եմ ԱՄՆ-ում, այստեղ որևէ դեր չունի։ Ամեն բան պետք է սկսել մեկնարկային կետից։ Հինգ անհատական ցուցահանդես եմ ունեցել, անդամագրվել Հայաստանի նկարիչների միությանը։ Աշխատում եմ ողջ փորձս և վարպետությունս գործի դնել հայկական կերպարվեստի շատ պատասխանատու միջավայրում։ Վերջերս 72 աշխատանքով հանդես եկա Մոսկվայի տանը կազմակերպված իմ անհատական ցուցահանդեսով։ Շատ այցելուներ եղան, կերպարվեստի նուրբ գիտակներ։ Արձագանքեցին լրատվամիջոցները. շնորհակալ եմ, դա շատ կարևոր է նկարչի համար։ Համացանցային Gaasinto.am կայքում «Էսքիզ» ստեղծագործական խումբը տեղակայել է իր նկարահանած հաղորդումը։ Նկարներ էլ վաճառվեցին։ Մի խոսքով, ապրում եմ լիարժեք, հայ նկարչի կյանքով, բոլոր դժվարություններով և հաջողություններով։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. Ամերիկան իմ հայրենիքը չէ, չնայած այնտեղ շատ ավելի դյուրին է նկարչի կյանքը, գուցե շատ ավելի ապահով։
Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ