ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԱՐԴՆ ԻՐ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԱՊԱԳԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՃԱՌԻ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ»

«ՄԱՐԴՆ ԻՐ ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԱՊԱԳԱՆ ՉՊԵՏՔ Է ՎԱՃԱՌԻ ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ»
29.10.2010 | 00:00

Ընտրություններից առաջ կրկին Ընտրական օրենսգրքի (ԸՕ) բարեփոխումներ են նախատեսվում։ Ամեն անգամ այս գործընթացը սկսելիս իշխանությունները հայտարարում են, թե ամեն ինչ արվում է ընտրություններն արդար, թափանցիկ անցկացնելու համար, սակայն հերթական անգամ բախվում ենք դեռևս նախորդ ընտրություններից «ժառանգած» կեղծիքներին։ Փաստորեն, իրականում այդ բարեփոխումները ոչ մի արդյունք չեն տալիս։ «Ամեն անգամ ԸՕ-ն կատարելագործման կարիք ունի։ Փոխվում են իրադրությունները, քաղաքական ուժերը, մոտեցումները, ընդդիմությունը նոր հարցեր է առաջ քաշում։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը երիտասարդ պետություն է ու իրական ընտրություններ կազմակերպում է վերջին քսանամյակում, հարկ է նկատել, որ դեռևս կազմակերպական խնդիրներ ունենք։ Ավելին, հետագայում ևս ԸՕ-ի բարեփոխումների կարիք կլինի»,- մեզ հետ զրույցում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն այսպես մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։
-Ընդդիմությունը մշտապես դժգոհում է, որ իր առաջարկները դուրս են մնում ԸՕ-ի բարեփոխված տարբերակից։ Այս անգա՞մ էլ պատմությունը կրկնվելու է։
-Ընդդիմությունը նման բողոքներ հնչեցնելու իրավունք չունի, որովհետև մինչև հիմա նրանց բազմաթիվ առաջարկներ ընդունվել են։ Իհարկե, որոշ առաջարկություններ էլ դուրս են մնացել։ Օրինակ, ընդդիմությունն առաջարկում է լիովին անցնել համամասնական ընտրակարգին, ինչը դեռևս հնարավոր չէ, քանի որ Հայաստանում կուսակցությունները դեռ այնքան կայացած չեն, որ կարողանան հարյուրտոկոսանոց ընտրություններ ապահովել։ Կուսակցությունների անդամ է Հայաստանի բնակչության ընդամենը հինգ-վեց տոկոսը, և մնացած 95 տոկոսին թույլ չտալ ազատորեն թեկնածուներ առաջադրել ու քվեարկել, նշանակում է` այդ 5 տոկոսին ստորադասել հանրապետության ողջ բնակչությանն ու հաշվի չառնել հանրության կամքը։ Հենց այդ պատճառով էլ պետք է պահպանել ոչ միայն համամասնական, այլև մեծամասնական ընտրակարգը։ Գուցե գնալով պակասի մեծամասնականը, ինչպես նախորդ անգամ եղավ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ժողովրդի սոցիալական կարիքներն ավելի լավ են հոգում, քան համամասնական ցուցակով ընտրվածները։ Կամ ընդդիմությունն ասում է, որ արտասահմանում Հայաստանի քաղաքացիների համար պետք է բացվեն ընտրատեղամասեր, մինչդեռ օրենքն առաջադրում է պայմաններ. քաղաքացին պիտի կապ ունենա երկրի հետ, եթե Հայաստանի քաղաքացին ապրում է արտասահմանում ու Հայաստանի հետ կապ չունի, հաշվառված չէ, որևէ հարցի լուծմանը մասնակից չի դառնում և փորձում է միայն ընտրություններին մասնակցել, մնացած բոլոր հարցերում ինքն իր գլխի տերն է, Հայաստանի Հանրապետության այդպիսի քաղաքացուն չենք կարող թույլ տալ մասնակցել ընտրությունների։ Ավելի քան 6 միլիոն հայ ապրում է դրսում, թույլ տալ վերջիններիս այնտեղ ընտրելու, կնշանակի` նրանք են ղեկավարում մեր երկիրը, իրենց կամքը թելադրում, այն դեպքում, երբ 3 միլիոն հայ այստեղ աշխատում, չարչարվում, երկիր է պահում։
-Նշեցիք, որ ավելի լավ աշխատում են մեծամասնական կարգով ընտրված պատգամավորները, քան համամասնական։ Այսօրվա խորհրդարանի պատկերը հաշվի առնելո՞վ եք նման եզրակացության հանգել։
-Այո, դա են վկայում նաև բնակչության հետ հանդիպումները։ Մեծամասնական կարգով ընտրվածները քիչ թե շատ պատասխանատու են իրենց ընտրողների առաջ ու նրանց բարձրացրած հարցերով զբաղվում են։
-Մեծամասնական ընտրակարգով ընտրվածների մեջ կան նաև գործարարներ, այնինչ խոսակցություններ կան, թե հաջորդ խորհրդարանում նրանց թիվը կրճատվելու է։ Ասել է` սա վա՞տ մոտեցում է։
-Նրանց թիվը կարելի է նվազեցնել զուտ քաղաքական ճանապարհով, որովհետև Սահմանադրությունն արգելք չի դնում այդ հարցում։ Որպեսզի գործարար պատգամավորները քիչ լինեն ԱԺ-ում, նախ պետք է որոշակիորեն վերացնել պատգամավորի անձեռնմխելիությունը։ Եթե պատգամավորը դրսում հանցագործություն է կատարում, պահանջվում է ԱԺ-ի համաձայնությունը նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ինչը, կարծում եմ, սխալ է։ Մեզանում պատգամավորական մանդատը դարձել է «տանիք», որ եթե քրեական պատասխանատվության ենթարկելու լինեն, ԱԺ-ն իր համաձայնությունը չտա։ Դժբախտաբար, Սահմանադրությունն այս առումով թերի է, բայց ավելի քան տասը տարի կպահանջվի, որպեսզի երկրի հիմնական օրենքը կրկին հանրաքվեի դրվի։
-Ստացվում է` այսօր վերստին կարիք կա Սահմանադրությունը հանրաքվեի՞ դնելու։
-Այսօր` ոչ, բայց նման անհրաժեշտություն կառաջանա տասը տարվա ընթացքում։ Նախորդը 15 տարի «դիմացավ», կարծում եմ, սա էլ կարող է այդքան «դիմանալ»։
-ԸՕ-ի փոփոխություններից հետո ընտրակեղծիքների թիվը կնվազի՞, թե՞ կրկին կլինեն լցոնումներ, կարուսելներ և այլն։
-Վենետիկի հանձնաժողովը նախորդ փոփոխություններից առաջ շատ ճիշտ արձանագրել էր, որ փոփոխությունները դրական են, բայց, եթե երկրի նախագահից, կուսակցության ղեկավարներից, ընտրական հանձնաժողովի անդամներից սկսած քաղաքական կամք չդրսևորվի, ինչպիսին էլ լինի ԸՕ-ն, միևնույն է, կեղծիքներ լինելու են։
-Եթե քաղաքական կամք դրսևորվի, այս խորհրդարանի զգալի հատվածը նորից կընտրվի՞։
-Կարծում եմ` 50 տոկոսից ոչ պակասը, Ձեր լեզվով ասած, կվերարտադրվի։
-Փաստորեն, կեսից ավելին այնպես է աշխատել, որ հասարակության վստահությունը 100 տոկոսով արդացրե՞լ է։
-Կան աշխատողներ։ Կեսից ավելին չէ, բայց մեկ երրորդը նորմալ աշխատում է։ Երկրորդեմ` մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած պատգամավորներից ժողովուրդը գոհ է ու նորից կընտրի նրանց։ Շատ բան կախված է նաև կուսակցությունների ռեյտինգից, այսինքն` կուսակցությունը պետք է մեծ ժողովրդականություն վայելի և ունենա բազմաթիվ անդամներ, ինչպես ՀՀԿ-ն, որը 120 հազարից ավելի իրական անդամ ունի։ Սա նշանակում է, որ «Հանրապետականը» կարողանալու է մեծ դերակատարություն ունենալ խորհրդարանում։ Ասում են` փորձված թանը անփորձ մածնի հետ չեն փոխի։ «Փորձված» պատգամավորները, որոնք ունեն օրենսդրական աշխատանքի «ստաժ», նորից ցուցակում կլինեն։ Սա է հիմք տալիս ասելու, որ այսօրվա 50-ից ավելի պատգամավոր կլինի խորհրդարանում։
-Խորհրդարանն «անփորձ», բայց խելացի ու ժողովրդականություն վայելող գործիչների տեղը չէ՞։
-Մինչև մեծամասնականով ընտրված անփորձները կարողանան պատգամավորի պարտականությունները, գործառույթները կատարել, անցնելու է երկու-երեք տարի, իսկ հինգ տարի շարունակ պատգամավորի աշխատանք իրականացրած անձը, որքան էլ ինտելեկտուալ բարձր մակարդակ չունենա, այնուամենայնիվ, սովորել է ու գիտի իր անելիքը։ Հատկապես հիմա, երբ օգնականներ ունեն, գրագետ օրենքներ գրողը։ Այլ բան է, որ Հայաստանի ԱԺ-ն դեռևս չունի փորձագետների ինստիտուտ։ Ավելին, վերլուծական բաժինների աշխատողների աշխատավարձն այնքան ցածր է` 60-70 հազար, որ ոչ մի իրավաբան, տնտեսագետ չի համաձայնի աշխատել այդպիսի պայմաններում։
-Այսուամենայնիվ, չե՞ք կարծում, որ նույնիսկ անկատար ԸՕ-ի պայմաններում հնարավոր է արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, եթե իշխանությունը նման ցանկություն ունի։
-Լիարժեք ընտրություններ նույնիսկ ամենաժողովրդավար երկրում հնարավոր չէ կազմակերպել։ Բայց խախտումներին չափ ու սահման պիտի լինի, իսկ դա, ինչպես ասացի, կախված է քաղաքական կամքից։ Բոլորը պիտի իմանան, որ ընտրությունները չպետք է կեղծեն, այլապես իշխանությունը հանձնում են նրան, ով հետագայում շահագործելու է իրենց։ Կարևոր հանգամանք է նաև հասարակության իրավագիտակցության բարձրացումը, որ մարդն իր հինգ տարվա ապագան չվաճառի հինգ հազար դրամով։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1126

Մեկնաբանություններ