ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԱՅՐԻԿԻՆ ՉԼՍԵԼՆ Է ԻՄ ԱՄԵՆԱՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

«ՄԱՅՐԻԿԻՆ ՉԼՍԵԼՆ Է ԻՄ ԱՄԵՆԱՎԱՏ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
30.11.2010 | 00:00

Միջազգային մրցույթներում որոշակի հաջողություններ ձեռք բերած, ծնունդով արցախցի տասներկուամյա ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ վստահ քայլերով ներկայացավ «Մանկական Եվրատեսիլ-2010»-ին` բերելով աննախադեպ հաղթանակ: Քաղաքական շունչ ստացած այս մրցույթում չենք կարող բացառել հանրության համակրանքը: Հաղթանակից հետո առաջին անգամ ներկայանալով Հանրային հեռուստատեսության եթերում` Վլադիմիրը հանդես եկավ Արցախին նվիրված հուզիչ ու անուշ երգով, մեղմելով նաև ոչ պակաս քաղաքականացված մեր ներերկրային կրքերը: Ինչ որ է:
Հայաստանն առաջին անգամ էր հաղթում «Մանկական Եվրատեսիլում»: Մասնակցում ենք 2007-ից: Մինչ այս մեր երեխաների գրաված ամենաբարձր տեղը երկրորդն էր: Վլադիմիրը հանդես եկավ իր հեղինակած «Մամա» երգով: «Մաման» թարգմանության կարիք չուներ, երգը հմայիչ էր, տղան` նույնպես, սիրո մասին խոստովանությունը` անկեղծ ու հետաքրքիր: Վլադիմիրը ծնվել է Ստեփանակերտում: Երաժիշտ-մանկավարժների ընտանիքից է: Հաղթանակն աննախադեպ ճանաչում է բերել տղային, ստեղծել հաճելի ու 12-ամյա տղայի համար փոքր-ինչ հոգնեցուցիչ մթնոլորտ, բայց Վլադիմիրն արդեն ասել է իր խոսքը. «Ես աստղ չեմ, աստղերը միայն երկնքում են լինում»: 2010 թվականի մանկական մրցույթի կարգախոսն էր` «Զգա կախարդանքը»: Իսկ կախարդանքը տղան արդեն իսկ զգացել էր մրցույթի նախօրեին տեսած երազում: Նա գիտեր` օրը լարված է լինելու, բայց հաղթական…
-Հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», բնականաբար, ամենամեծ անակնկալն էր, որ հենց ինքդ էլ մատուցեցիր քեզ և մեզ: Այս օրերին շատ անակնկալներ ես ստացել, շատ նվերներ ու ջերմ խոսքեր, բայց ո՞րն է ամենամեծ անակնկալը քեզ համար:
-Ամենամեծ անակնկալն ինձ համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնած շնորհակալագիրն է (նախագահը նշել է, որ առաջին անգամ է 12 տարեկան երեխայի շնորհակալագիր հանձնում- Ա. Ս.):
-Կարծում եմ, շատերին կհետաքրքրի, հիմա դու սիրում ես երգիդ հերոսուհո՞ւն` դաշնամուր նվագող աղջկան, թե՞ մրցույթում Սերբիան ներկայացնող գեղեցկուհուն:
-Ո՛չ նրան, ո՛չ նրան…
-Սրտիդ գաղտնիքները մի՞շտ ես մայրիկին հայտնում:
-Մինչև հիմա` այո, էլ ոչ մեկի չեմ ասելու, նույնիսկ մայրիկին:
-Ի՞նչն է պատճառը, այն, որ բոլորն ամեն ինչ իմացան և շատ հարցե՞ր են տալիս:
-Այո: Հիմա իմ մեջ եմ փորձում պահել գաղտնիքներս:
-Որքան գիտեմ, քեզ խոստացել են հաղթանակի դեպքում oվչարկա ցեղատեսակի շուն նվիրել: ՈՒժի մե՞ջ է խոստումը: Տանը դեմ եղողներ չե՞ն լինի:
-Մայրիկն ու հայրիկը դեմ են, որովհետև բնակարանը փոքր է: Եթե ունենամ, անունը կդնեմ Եվրո:
-Պատրա՞ստ ես հանուն օվչարկայի մի մրցույթում էլ հաղթել և նորից անցնել նույն դժվարությունների միջով:
-Անպայման: Սիրում եմ մրցույթներ, եթե ծնողներս որոշեն, որ մասնակցեմ, ուրախ կլինեմ: Մայրիկն ասում է, որ ուղղակի շատ պետք է աշխատեմ և համակերպվեմ, որ պիտի զրկվեմ շատ մանկական զվարճություններից:
-Երազո՞ւմ էիր այս օրվա մասին: Գիտեի՞ր, որ կհաղթես:
-Երազում տեսել էի, որ հաղթելու եմ։
-Հիմա՞ ինչի մասին ես երազում:
-Հիմա գլուխս ցավում է, ուզում եմ հանգստանալ։
-Հատկապես ի՞նչն էր դժվար այս օրերին:
-Ձայնս պահելու համար պետք է չխոսեի, առանց այն էլ դժվար էր չխոսելը, բայց խոսեցնում էին, հարցեր տալիս: Ես ասում էի մայրիկին` ինչի՞ չէիք ասում, որ այդքան դժվար է ոչ թե երգելը բեմի վրա, այլ որ զրկվել էի խաղից, կատակներից, խոսելուց:
-Էլի երգեր ունե՞ս գրված: Եվ ինչի՞ մասին են:
-Չունեմ, բայց փորձում եմ հեռախոսով երաժշտություն հավաքել, մեկ-մեկ սիրուն բաներ լինում են: Անհամբեր սպասում եմ սինթեզատորին, որոշ պայմաններ են պետք, որ ուզածիս պես ստեղծագործեմ:
-Ո՞Ւմ հետ ես մտերմացել մրցույթի ընթացքում, հատկապես ո՞ր երկրի ներկայացուցիչների հետ էին ջերմ հարաբերություններդ:
-Բելառուսի, Մոլդովայի, Սերբիայի, շատախոսում էինք վրացիների հետ:
-Իսկ ո՞ր երկրի ներկայացուցչի կատարումը քեզ դուր եկավ:
-Բելառուսի:
-Գիտեմ, որ երազանքներիցդ մեկը Երևանում տուն ունենալն է։
-Մինչև հիմա էլ երազում եմ:
-Իսկ «երազածդ տան» թաղամասն ընտրե՞լ ես:
-Տերյան փողոցն եմ ուզում, որտեղ և հիմա ապրում եմ:
-ՈՒ անպայման պետք է հարմարությո՞ւն լինի շուն պահելու համար:
-Այո:
-Բացի երգելուց, ի՞նչ նախասիրություններ ունես, կամ ինչո՞վ ես սիրում զբաղվել:
-Սիրում եմ ճաշել, թեյել տատիկի, պապիկի հետ, համակարգիչ եմ սիրում և ֆուտբոլ խաղալ:
-Վատ սովորություններ ունե՞ս, որոնց համար հաճախ ես նկատողություն ստանում:
-Այո, շատախոսությունը (Վլադիմիրը երկար մտածեց ու փորձեց համատեղել «վատ սովորությունները»- Ա. Ս.)… Որ չեմ լսում մայրիկին, դա է ամենավատ սովորությունս:
-Ի՞նչ ես դառնալու:
-Երգիչ ու այնքան հարուստ, որ կարողանամ գնել ֆուտբոլային թիմ:
-Ի՞նչ տվեց քեզ այս հաղթանակը, ինչ փոխվեց քո կյանքում: Կամ ի՞նչ ես մտածում հիմա:
-Զարմանում եմ, որ բոլորը ճանաչում են ինձ ու սիրում…
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ