«Պետք է ստեղծել հստակ և հասկանալի օրենսդրական դաշտ և ոչ թե գործել օրենսդրական սողանցքերի տիրույթներում»։ Զրուցակցիս համոզմամբ այս դեպքում միայն լեզուն մեր երկրում իրականում պաշտպանված կլինի։ «Իրատես de facto»-ն խնդրի առնչությամբ իր հարցադրումներն ուղղեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ։
-Պարո՛ն Երիցյան, ի՞նչ է նշանակում լեզվի պետական տեսչության առօրյա գործունեությունը։
-Այն, ինչ սահմանված է մեր կանոնադրությամբ։ Իսկ եթե բացենք փակագծերը` կյանքի տարբեր ոլորտներում ստուգումների միջոցով լեզվի շահերի պաշտպանություն։
-Որքա՞ն են ստուգումների ծավալները։
-Բնական է, որ դրանք ամբողջական լինել չեն կարող, այլ միայն ընտրանքային։ Կարևորը դրանցում տարբեր բնույթի և ուղղվածության կազմակերպությունների ընդգրկումն ու օրենսդրական պահանջների վերահսկողությունն է։ Ստուգումներից բացի, մենք մշտադիտարկումներ ենք կատարում. առնվազն պետք է հասկանալ, թե լեզվական այս կամ այն խնդիրն ինչպիսի դրսևորումներ ունի մեր իրականությունում։ Օրինակ, օտարալեզու հրապարակային գրվածքների թվաքանակի կտրուկ ավելացման հետ կապված մշտադիտարկումներ կատարեցինք Երևան քաղաքի կենտրոնական հատվածում և համոզվեցինք, որ տխուր վիճակ է ստեղծվում։ Մեր մայրաքաղաքում տիրապետող է դառնում օտար լեզուն։
-Ինչպե՞ս հասկանալ. Դուք ստուգումներ եք կատարում, իրավիճակն եք մշտադիտարկում, իսկ իրականում մեզ բոլորիս խեղդում է օտարամոլությունը։
-Իսկապես, այս առումով վաղուց հակասություններ կան անգամ օրենքի միևնույն հոդվածում, բայց լուծումների դժվարությամբ ենք հասնում։ Խոսքը օրենսդրականի մասին է։ Օրինակ բերեմ։ Տվյալ դեպքում «Գովազդի մասին» ՀՀ օրենքը (5-րդ հոդված), մի կողմից, պաշտպանում է լեզուն, բնականաբար` գովազդի լեզուն համարելով հայերենը, մյուս կողմից` հենց նույն հոդվածում բացառություններ է սահմանում, մասնավորապես այն չտարածելով ապրանքային նշանների վրա, որոնցից էլ օգտվում են տնտեսավարող սուբյեկտները։ Խոսքը նախ և առաջ օրենսդրական հակասությունների և սողանցքերի մասին է, որոնք լեզվի օգտին չեն։
-Կարելի՞ է ասել, որ օրը ցերեկով ոտնահարվում են լեզվի շահերը, բայց տեսչությունը չի կարող լիարժեք պայքար մղել։
-Այդպես է ստացվում։ Օր օրի քաղաքում ավելանում են օտարանուն հրապարակային գրվածքները, բայց դրանց դեմ չենք կարող լիարժեք պայքարել, քանի որ այդ ամենը ներկայացվում է որպես ապրանքանիշ, իսկ ապրանքանիշը կարող է լինել ցանկացած լեզվով։ Այսպես է օրենքն այսօր սահմանում։
-Ո՞րն է ելքը, լուծումը։
-Օրենսդրական հստակեցումները, որ այնպես չլինի, ինչպես հիմա։ Օրենքի հիմնական դրույթներին չպետք է գերակայեն բացառությունները, կամ այնպես չպետք է լինի, որ ավելի լայնորեն բացի դռները օտարամոլության առջև, ասելով` ի՞նչ է եղել, որ։
-Ի դեպ, մեր լեզվին առնչվող շատ հասկացություններ անգամ օրենսդրական սահմանումներ չունեն։ Չկա՞ դրա անհրաժեշտությունը։
-Իհարկե, կա, և վաղուց։ Մինչև հիմա սահմանված չէ, թե ի՛նչ են նշանակում պետական լեզվական քաղաքականություն, լեզվական հարաբերություններ, լեզվավիճակ, գրական հայերենի կանոնարկում, հրապարակային գրվածք, ցուցանակ, ազդ, ազդագիր, ցուցապաստառ և այսպես շարունակ։ Իսկ դա պատճառ է դառնում, որ դատական գործընթացների ժամանակ տարընթերցումներ լինեն։ Այսօր այս և նման հասկացությունների սահմանման հետ կապված օրենսդրական նախաձեռնություն կա Ազգային ժողովում, և հուսով ենք, որ դրա ընդունումից հետո կփակվի բացերից մեկը ևս։
-Քանի որ խոսք բացվեց օրենսդրական բացերից, շարունակենք մեր խոսակցությունը հենց դրանց մասին։
-Մենք արդեն խոսեցինք «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հակասությունների մասին։ Ավելացնենք, որ լեզվի պաշտպանության հետ կապված կատարելագործման կարիք ունի նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը, որում, անկասկած, տուգանքների չափերի ավելացումից բացի, պետք է հստակեցումներ կատարել հասկացությունների և ընթացակարգերի կատարելագործման գործում։ Իսկ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում ճշգրտման կարիք ունեն ընթացակարգային մոտեցումները։
-Պարոն Երիցյան, ինչպես է ստացվում, որ, օրինակ, ավտոտեսուչը հենց տեղում խախտումը կարող է արձանագրել և տուգանք նշանակել, իսկ Ձեր բնագավառի տեսուչը, արձանագրելով խախտումը, դիմում է դատարան, որից հետո էլ, որպես կանոն, սկսվում է ոդիսականը։
-Չգիտես ինչու դատարան դիմելուց հետո սկսվում է մի երկար շրջան, երբ ամեն կերպ ձգտում են այնքան ձգձգել, որ լեզվախախտումը, մի վերջին հաշվով, պատասխանատվություն չառաջացնի։ Անկասկած, արդյունավետ կլիներ այն մոտեցումը, երբ, խախտումը արձանագրելով, հնարավոր լիներ տուգանել հենց տեղում։ Իսկ եթե տուգանվողը համոզված է, որ սխալ է կատարվել, ինքը կարող է դիմել դատարան և իր շահերը պաշտպանել։
Հակառակ պարագայում շատ երկար մի շրջան է ստացվում, շատ հաճախ վերածվում շրջապտույտի։ Երբեմն մի քանի տասնյակ հազար դրամ տուգանքի հասնելու համար մեր աշխատակիցները 1-1,5 տարի դատարանի դռներն են մաշում, իսկ այդ ընթացքում, ցավոք, գտնվում են օրենքի սողանցքեր, և մենք, որպես կանոն, չենք շահում դատական գործերը։ Դեռ ավելին, սկզբունքորեն լեզվի նկատմամբ արհամարհանք ունեցող տնտեսավարող սուբյեկտները դատական ծախսերի փոխհատուցում են պահանջում։ Ստացվում է, որ լեզվական խախտումների համար դեռ յուրօրինակ «պարգևատրում» են ստանում։ Աբսուրդի թատրոն։ ՈՒրիշ մեկնաբանություն չես կարող անել։
Եթե չեմ սխալվում, լեզվական առանձին խախտումների դեպքում օրենքը դեռ չի էլ սահմանել որևէ պատասխանատվություն։ Հեռու չգնամ։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով պաշտպանվում են լեզվի շահերը, բայց որևէ հետևանք առաջացնելու մասին օրենսդրությունը լռում է, այն էլ այն դեպքում, երբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը տուգանքների տեսքով որոշակի պատասխանատվություն է առաջացնում ընդհանուր բնույթի խախտումների դեպքում։ Իսկ լեզուն այստեղ մոռացված է։ Հեռուստաեթերում խախտումներ որքան ուզում եք կա և ամեն օր։ Ոչ ոք չի կարող պատժել, քանի որ պատասխանատվության միջոցներ չեն սահմանված։
-Պարոն Երիցյան, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, բացենք «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և փորձենք հասկանալ լեզվի նկատմամբ մոտեցումները և պահանջները։
-«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը կոչվում է «Հեռուստահաղորդումների լեզուն» և ՀՀ տարածքում եթերի լեզու է հռչակում գրական հայերենը։
Բնականաբար, ենթադրվում է, որ օտար լեզուներով հաղորդումները պետք է ներկայացվեն թարգմանաբար ձայնային կատարմամբ կամ լուսագրով։ Նույնն է պահանջը ազգային փոքրամասնությունների լեզուների դեպքում. այս պարագայում նախընտրելին լուսագրով թարգմանությունն է։ Օրենքը պահանջում է հեռուստաընկերություններից` ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը։ Անկասկած, այստեղ որոշակի ճշգրտումների, հստակեցումների, չափորոշիչների կարիք կա։ Համենայն դեպս, առնվազն վերոնշյալ խախտումների դեպքում կոնկրետ պատասխանատվություն չի սահմանված։
-Ո՞րն է ելքը։
-Բնականաբար, դարձյալ օրենսդրական լուծումը։ Արդեն պատրաստել ենք օրենսդրական նախաձեռնություն և հուսով ենք, որ այն ևս բարեհաջող ընթացք կունենա մինչև Ազգային ժողով, հակառակ պարագայում մեր հեռուստառադիոընկերությունները կշարունակեն օտարալեզու հաղորդումները և պատասխանատվություն չեն կրի դրա համար։ Դեռ ավելին, առանձին հեռուստաընկերություններ անարգել օտար լեզուներով հաղորդումներ են ստեղծում։ Եվ ոչ միայն։ Միևնույն հաղորդման մեջ, հայերենից բացի, խոսում են օտար լեզվով։ Ինչ-որ խառը բան է ստացվում։ Ցավալի է, որ նմանօրինակ խախտումներն ամեն օր են, անընդհատ։
-Օրենսդրական կարգավորումները թույլ կտա՞ն հստակություն մտցնել, բարձրացնել պատասխանատվությունը։
-Ամենակարևորը` պետք է ստեղծել հստակ և հասկանալի օրենսդրական դաշտ և ոչ թե գործել օրենսդրական սողանցքերի տիրույթներում։ Լեզուն օրենսդրորեն պետք է պաշտպանված լինի բոլոր կողմերից։ Թե չէ այսօր ի՞նչ է ստացվում. կա ակնհայտ խախտում, բայց ոչինչ անել չես կարող։ Ցավոք, հասարակական պարսավանքը ոչ մի էական ազդեցություն չի ունենում։ Դրանով խնդիրներ լուծել հնարավոր չէ։ Չնայած այս իրավիճակում ոչ մի բան ավելորդ չէ։ Մենք սիրով համագործակցում ենք լրատվամիջոցների հետ։ Դեռ ավելին, հրատարակության ենք պատրաստում մի պարբերական` «Լեզվաշխարհ», որը կդառնա ազատ ամբիոն լեզվական մտահոգությունների համար։
-Մի փոքր ավելի շատ չե՞ք բացի «Լեզվաշխարհի» փակագծերը։
-Այն կլինի որոշակի պարբերականությամբ լույս տեսնող հրատարակություն։ Այսօր մենք բոլորս կարիք ունենք բաց խոսակցության, և նաև քննարկելու ժամանակակից լեզվի, լեզվապահպանության, լեզվաքաղաքականության, լեզվաշինության, լեզվականոնարկման խնդիրները։ Մենք հարյուրավոր նամակ-մտահոգություններ ենք ստանում հասարակության տարբեր շերտերից։ Դրանք ևս տեղ կգտնեն նոր պարբերականի էջերում։ Մենք շատ հաճախ քննադատում ենք այս կամ այն երևույթը, բայց մոռանում ենք լուծումների, իսկական դեղատոմսերի մասին։ Կուզենայինք, որ «Լեզվաշխարհը» հենց նույն հարցերի պատասխանները տար` անկախ նրանից, թե ով կառաջարկի լուծման բանալին։ Մի վերջին հաշվով «Լեզվաշխարհը» պետք է նաև լեզվի զարգացման միտումները ներկայացնի, ինչու չէ, կանխատեսումներ կատարի։
-Պարոն Երիցյան, եթե չենք սխալվում, Դուք մտածում էիք նաև տեսչության գործառույթներում ընդգրկել լեզվական քաղաքականության, լեզվաշինության, լեզվական կանոնարկման խնդիրները։ Այս առումով ի՞նչ առաջընթաց ունի տեսչությունը։
-Մի բան պարզ է, որ որևէ պետական մարմին պետք է զբաղվի այդ խնդիրներով։ Լուծումը կարող է տարբեր ճանապարհներով լինել, բայց, թերևս, ամենաարդյունավետը լեզվի պետական տեսչության կարգավիճակի փոփոխությունն է, գործառույթների տրամաբանական ընդլայնումը։ Նման մի նախագիծ կա ՀՀ կառավարությունում և քննարկման ընթացքում։ Հուսով ենք, որ ճիշտ լուծումներ կգտնվեն։ Այս գործառույթների առկախման պատճառով մենք այսօր չունենք «Լեզվի զարգացման հնգամյա պլան», և չի գործում հայերենի տերմինաբանական խորհուրդը։ Իսկ այս ամենը նշանակում է, որ որևէ հստակ, ծրագրային և հասցեական տեսլական չունենք լեզվի զարգացման հետ կապված։ Դեռ ավելին, համոզված ենք, որ լեզվի զարգացումը առնվազն պետք է ունենա 10-ամյա ծրագիր` կոնկրետ շեշտադրումներով ու լուծումներով, անպայման ժամանակի մարտահրավերների պատասխաններով։
Անընդհատ խոսում ենք տերմինաշինության և դրան առնչվող խնդիրների մասին, բայց այդպես էլ լուծումների չենք հասնում, ամեն անգամ արձանագրելով միայն փաստը։ Վստահ եմ, որ մեր իրավական միտքը ոչ թե պետք է արձանագրի, որ այս կամ այն մարմինը այս կամ այն իրավասությունը չունի, այլ գտնի իրավասությունների այն շրջանակը, որը թույլ կտա մասնագետներին հետևել լեզվի զարգացման ընթացքին, ակտիվ մասնակցություն ունենալ լեզվաշինության և լեզվականոնարկման միջոցով և նաև այդ ամենն արձանագրել պետական փաստաթղթերի տեսքով, ինչն առնվազն արվել է տասնամյակներ շարունակ։ Ես չեմ ուզենա այնպես լինի, որ լեզվին առնչվող չլուծված թնջուկներն անընդհատ փոխադրվեն անորոշ ապագա։
Զրույցը` Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆԻ