ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԽԱՉԸ ԲՌՆԵԼ ԷԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱԽՈՎ. ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ Է ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

«ԽԱՉԸ ԲՌՆԵԼ ԷԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՎԱԽՈՎ. ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ Է ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
26.02.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
-Պարոն նախարար, Ձեզ խաչքավոր ընտրելը պայմանավորված չէր, չէ՞, այն հանգամանքով, որ Հայաստանն այսօր գտնվում է ահավոր ծանր վիճակում, և պատերազմի ուրվականը կրկին ռեալ կերպարանք է ստացել... չկար, չէ՞, նման բան:
-Իհարկե չկար: Ընտրությունը, թերևս, պայմանավորված էր նրանով, որ թե՛ ես, թե՛ բանակային ստորաբաժանումները (գիտեք` զորամասերում քահանաներ ունենք) հավատից հեռու չենք: Զգոնությունը, աստվածապաշտությունը հայ ժողովրդի, հայ բանակի ուղեկից գործոններն են, և 2010-ին բանակին հղած իմ ուղերձում ես մաղթել էի, որ Աստված մեր կարողությունների չափով մեզ փորձություն տա, տա այնքան դժվարություն, որ դրանք հաղթահարելով` մեր զգոն, արթուն վիճակը երբեք չկորցնենք, որովհետև, որպես էթնիկ հանրության, մեզ վիճակված չէ ապրելու հեշտ, անպրոբլեմ կյանքով. այդպիսին է եղել պատմական օրինաչափությունը:
-Պարոն Օհանյան, գիտենք` աշխարհականն իրավունք չունի բարձրանալու եկեղեցու բեմ` Սրբություն սրբոց, և խաչեղբայրը միակ դեպքն է, որի ժամանակ դա թույլատրվում է: Այդ ժամանակ նույն աշխարհականը հագնում է սարկավագի քղամիդ և հոգևորաց դասին խառնվելով` մտնում է խորան: Գիտենք նաև, որ քահանան Պատարագ տալու նախորդ երեք օրը պետք է պասի-ծոմի և ժուժկալության մեջ ապրի: Դուք նո՞ւյնպես այդ կարգը պահեցիք:
-Չէ՛, նման բան ինձ չէր ասվել: Այդ ժամանակ ես պահք չէի պահել, սակայն վերջին տարիներին (մոտ հինգ տարի, ինչպես ասացի` այսօր էլ) ես պահքի մեջ եմ: Խորան բարձրանալիս բոլորովին այլ զգացողություն ես ունենում, ես հայտնվել էի վարագույրի հետևում` մարդկանց շրջապատում, որոնք բոլորը հոգևոր ծառայողներ էին։ Ես միակ աշխարհականն էի և անհասկանալի, բայց միևնույն ժամանակ քաղցր մի վիճակի մեջ էի. Աստծո մի անբացատրելի ներկայություն կար այնտեղ:
-Գիտե՞ք, այդպիսի մի անբացատրելի բան ես էլ եմ ապրել, այն մշտապես ուղեկցում է ինձ։ 70 տարի անց առաջին անգամ Վեհափառ էր այցելել Արցախ (որպես լրագրող ուղեկցում էի Վեհափառին), 95-ն էր։ Ամարասի վանքում, ուր թաղված են Մաշտոց վարդապետի մասունքները, եկեղեցու ներքնահարկի մութ գավթում, այդ մասունքների վրա կռացած աղոթում էի, մեկ էլ մթության մեջ նշմարեցի Վեհափառին` Գարեգին Ա-ին. գավազանը ձեռքին, գլուխը հետ գցել, լո՜ւռ մրմունջով Հայաստանի, Ղարաբաղի համար ինչ-որ բան էր խնդրում հայր Մաշտոցից։ Գիտե՞ք, Դուք խաչն այդ օրն այնպես էիք բռնել, ասես նորածին գրկած լինեիք:
-Խաչը ես բռնել էի մեծագույն վախով. ես գիտեմ, թե ինչ է խաչի զորությունը։ Փորձում էի հաղորդիչ դարձած այդ զորությունը փոխանցել բանակին, իմ շրջապատին` բոլորին: Գիտեմ, որ խաչը Երրորդությունն է, ու ես մտքումս շշնջում էի` հանուն Հոր, և Որդու, և Սուրբ Հոգու: Նաև կարծում եմ, որ իսկական քրիստոնյա անձնավորությունը, մանավանդ զինվորականը, միշտ պետք է վստահ լինի, որ իր կատարած գործն իրոք աստվածահաճո, ազգանվեր գործ է: Նույն այդ ուղերձում ես զինվորին ասել էի` ձգանը միշտ պատրաստ պահիր և այն սեղմելիս հոգով և խղճով հանգիստ եղիր, որովհետև կատարում ես գործ` ազգիդ, ժողովրդիդ համար:
-Ի դեպ, խաչի մասին. երբ Իջման խորանի (դա այն վայրն է, որտեղ Աստված մուրճով հարվածել և պատվիրել էր Լուսավորչին` Միածնի իջման վայրում կառուցել տաճար) կողքով Դուք խաչը բռնած անցնում էիք, եկեղեցին ահավոր մարդաշատ էր, անցնելու տեղ գրեթե չկար, երբ մի կերպ հաղթահարեցիք այդ միջանցքը, դուրս եկաք դեպ ժողովուրդ, ահավոր անակնկալի եկաք:
-Այո, դա իմ երկրորդ մեծ ապրումն էր: Անակնկալ էր ժողովրդի այդ սպասումը, այդ նվիրումը դեպ խաչը. ժողովուրդը համբուրում էր խաչը, ձեռքս և օրհնում ինձ։ Դա այնպիսի՜ պատասխանատվություն էր... Երեկ, երբ հանձնում էի խաչը, նույն զգացողությունն ապրեցի: Երեկ Վեհափառը պատմեց նաև, որ եկեղեցուց դուրս գալիս ժողովուրդն օրհնել էր իրեն, որ հատկապես իմ թեկնածությունն էր նախընտրվել խաչքավորության համար...
-Օրհնված լինեք, որովհետև Ձեր օրհնությունը բոլորիս օրհնությունն է: Անցնենք առաջ. շատ հետաքրքիր է, հետո ի՞նչ արեցիք խաչը. օրենք է` խաչը խաչքավորը տանում է իրենց տուն, պահում 40 օր, և բոլորը կարող են գնալ նրա տուն, համբուրել, երկրպագել խաչը, բաժնեկցել այդ օրհնությանը:
-Հա, էդպես է, բայց ես մտածեցի, որ իմ տունը` կինս, երեխաները, իմ փոքրիկ տունն են, իմ մեծ տունը բանակն է, և խաչը տարա մեր նախարարության կենտրոնական շենք, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ամբողջությամբ եկավ, համբուրեց այն, օրհնվեց, և խաչն ուղևորվեց մեր զինված ուժերի բոլոր զորամասերը` ընդհուպ մինչև առաջին գիծ: Առաջին գծում ես անձամբ ներկա եղա` խրամատում, բլինդաժում կանգնած, ծառայություն իրականացնող զինվորների մոտ խաչը տարանք, որպեսզի օրհնված լինի մեր զինվորը ևս:
-Արցախ էլ տարա՞ք:
-Հա, իհարկե: Սրբազանը տարավ, ցավոք, ես չկարողացա, շատ զբաղված էի:
-Հետո՞:
-Հետո խաչը վերադարձավ մեր տուն, մի քանի օր մնաց մեր տանը, և 40-րդ օրը մենք այն վերադարձրինք կաթողիկոսարան:
-Երբ խաչը Ձեր տանն էր, եկա՞ն համբուրողներ:
-Հա, իհարկե:
-Ովքե՞ր:
-Շատերը, այդ թվում և` կառավարական ամառանոցում ապրողները:
-Նախագա՞հն էլ եկավ:
-Նախագահի ընտանիքն էլ եկավ. կինը, դուստրը: Վարչապետի ընտանիքը եկավ, արտաքին գործերի նախարարը` իր ընտանիքի հետ, շատ շատերը:
-Եվ ուրեմն` քառասուն օր հետո...
-Քառասուն օր հետո, ըստ գործող կարգի, վերցրինք խաչն ու ընտանիքիս` կնոջս և փոքր տղայիս հետ, տարանք կաթողիկոսարան, հանձնեցինք Վեհափառ Հայրապետին: Նստեցինք մի քիչ Վեհափառի հետ ու վերադարձանք տուն:
-Ինչ-որ բան փոխվե՞ց Ձեր կյանքում այդ ընթացքում, երևույթ և աներևույթ «գործընթացներն» այդ ժամանակ շատ խտանում են:
-Ոնց ասեմ` ինքնամաքրման մեծ խորհրդի մեջ էինք ու հավատով ավելի էինք լցված ամեն ինչի նկատմամբ:
-Պարոն Օհանյա՜ն, որ անկեղծ ասեմ, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու էլի շատերն ունեն կառավարողներին հատուկ աշխարհիկ բոլոր թերությունները, մեղքերը, բայց հավատի գծով, կարծես, մի տեսակ ավելի ջերմեռանդ են: Ի դեպ, մինչ վերջերս տպավորություն կար, թե Տիգրան Սարգսյանն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը խիստ պարտաճանաչ մասնակցում է Ճրագալույցի պատարագներին (գիտեք` այդ պատարագին բացառապես մասնակցում է հավատավոր հոտը), բայց էն օրը` Սբ. Ծննդյան պատարագին, մենակ վեր կացել, եկել նստել էր սուրբ Սարգսում` Ճրագալույցի... նախորդ նախագահների ժամանակ նման բան չկար, եթե ավելին չասեմ:
-Գիտե՞ք, փոփոխություն կա ոչ միայն հանրապետության ղեկավարության, այլև ողջ ժողովրդի մոտ: Խորհրդային ժամանակներում բոլորովին այլ էր, այսօր մենք ընդհանրապես այլ բանի ականատեսն ենք. այսօր ժողովուրդը և հավատավոր հոտը բոլորովին այլ կերպ են վերաբերվում հոգևորին, հոգևոր ծիսակարգին և ընդհանրապես` հավատքին: Մենք, ի վերջո, հասկացել ենք, որ, պե՛տք է հավատաս. հավատաս քո Աստծուն, քո ուժերին, քո ընկերներին, քո երկրին:
-Պատերազմ կլինի՞, պարոն նախարար:
-Հավատանք, որ չի լինի: Բայց ես, որպես պաշտպանության նախարար, մշտապես պատրաստ եմ պատերազմի:
-Եվ վերջին մի դիտարկում, պարոն նախարար. այդ նույն քառասուն օրերին, երբ խաչը Ձեր «իրավասության» ներքո էր, Դուք ուր ասես, որ չեղաք` է՛լ Թուրքիա, է՛լ Ֆրանսիա, ասում էին` նաև Իրան կգնաք. չլինի՞ խաչի զորությունն էիք տանում Ձեզ հետ:
-Լավ է ասված: Իրանում, ինչպես գիտեք, չեմ եղել: Այո, այդ ընթացքում եղա Ստամբուլում` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների նիստ էր: Ընդամենը:
-Թաքուն ոչ մի բան չկա՞ր:
-Չկար:
-Բայց միևնույն է` վերջերս շատ եք շրջում:
-Դե, ֆրանսիական այցն էլ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հրավերով էր. այնտեղ երկկողմ համաձայնագիր ստորագրեցինք:
-Եվ, այնուհանդերձ, տարածաշրջանում ինչ-որ բան այն չէ:
-Տարածաշրջանային իրադարձությունները, այո՛, բարդ են, ու կարող են նաև անկանխատեսելի զարգացումներ ունենալ: Այդ առումով մենք մշտապես պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման` թե՛ քաղաքական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տեղայնացած ռազմավարական և, ինչո՞ւ ոչ, նաև հոգևոր առումներով: Բոլոր դեպքերում, պետք է անել ամեն ինչ, որ խնդիրները տարածաշրջանում լուծվեն բացառապես բանակցությունների, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղ ճանապարհով:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ