ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԿԵՂԾ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ

ԿԵՂԾ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ
10.12.2010 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
ԱՂԱՆԴԱՎՈՐ БТР-ՆԵՐԸ
ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ («Ազգային միաբանություն» կուսակցության ԱԺ ներկայացուցիչ)
-Արտախորհրդարանական ընդդիմությունը մշտապես քննադատում է ԱՄ-ին` համարելով իշխանական ուժ։ Ավելին, ընդդիմության ներկայացուցիչները «արտաշեսգեղամյանական տեսակ» որակումը շրջանառության մեջ դրեցին։ Ձեր արձագանքը։
-А судьи кто? Չգիտեմ` ինչից ելնելով են նման գնահատականներ տալիս ու ինչու են իրենց դատավորի տեղ դրել։ Ինչ վերաբերում է նման որակումներ տվողներին, դա խոսում է նրանց բարոյական կերպարի մասին։
-Գուցե հիմնավորումն այն է, որ վերջին շրջանում Ձեր կուսակցության ղեկավարը մշտապես պաշտպանո՞ւմ է իշխանության գործողությունները։
-Արտաշես Գեղամյանը մշտապես եղել է պետականության, դրա կայացման ջատագովը։ Այն աղանդավորներին, ովքեր Գեղամյանին իշխանության կողմնակից են որակում, կարծում եմ, պետք չէ որևէ նշանակություն տալ։
-Արտախորհրդարանական ընդդիմությունն աղանդավո՞ր եք համարում։
-Այդպես ասողներն աղանդավոր են, բա ի՞նչ են։ ըՁՀ-ներ են, որոնք անվանարկելու խնդիր են դրել։ Չկա մի շաբաթ, որ Գեղամյանն իր հրապարակումներով Հայաստանի Հանրապետության դիրքերը չպաշտպանի։
-Այդ հրապարակումներում իշխանության բացթողումների մասին չի խոսվում։
-Բացթողումների մասին խոսվում է։ Սոցիալ-տնտեսական քաղաքականության ամենախիստ քննադատներից մեկը մենք ենք։ Իշխանությանը պետք է պաշտպանել այնքան, որքան արտաքին քաղաքականությունն է պահանջում, եթե անգամ քո երկրի ղեկավարությունն այս դաշտում ինչ-որ բան սխալ է անում։ Քանի որ դիմացդ ոչ թե հակառակորդն է, այլ թշնամին։
-«Ազգային միաբանությունը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է։
-Դեռ տարիուկես ժամանակ կա, և վաղ է այդ մասին հայտարարել։ Բայց «Ազգային միաբանությունը» մշտապես ակտիվ մասնակցել է Հայաստանի քաղաքական կյանքին, որի բաղկացուցիչն են ընտրությունները։ Այսինքն, սա ենթադրում է ընտրություններին մասնակցություն։
«ԻՐԵՆՔ ԱՆՑՅԱԼՆ ԵՆ, ՄԵՆՔ` ԱՊԱԳԱՆ»
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ (ՍԴՀԿ ատենապետ)
-«Այն ուժերը, որոնք միացել են Տեր-Պետրոսյանին, համագործակցո՞ւմ են, թե՞ նրա կողմից կառավարվում։ Նրանք ընդդիմության դաշտում ընդունել են Տեր-Պետրոսյանի իշխանությունը, այնտեղ այլևս չկա ժողովրդավարություն, ի չիք է դարձել կուսակցությունների ինքնուրույնությունն ու արժանապատվությունը։ Այնտեղ կռապաշտություն ու բռնատիրություն է»։ Այս հայտարարությունն արել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը։ Որպես ՀԱԿ-ին անդամակցող կուսակցություն, ՍԴՀԿ-ն կորցրե՞լ է իր ինքնուրույնությունն ու կառավարվում է ՀԱԿ-ի ղեկավարի՞ կողմից։
-Հրանտ Մարգարյանի գնահատականների մեջ կան ընդամենը վիրավորվածություն և չարություն։ ՀՅԴ-ն վերջին տասը տարիներին չկարողացավ հայ ժողովրդին համոզել, որ ազգային շահեր հետապնդող կուսակցություն է և ընդդիմադիր ուժ։ ՈՒստի շատ հասկանալի է դաշնակցության վիրավորված կեցվածքը, իսկ սովորաբար վիրավորվում են թույլ կարգավիճակում գտնվող մարդիկ և կուսակցությունները։ Չնայած շատ հաճախ քաղաքական դաշտում ՀՅԴ-ն բացասական դերակատարում է ունենում, բայց նրա գոյությունը, որպես ավանդական կուսակցության, կարևորում եմ։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին անդամակցող ուժերին, պետք է նախ նկատել, թե ինչպիսի լիդերներ են դրանք ղեկավարում, հետո միայն գնահատականներ տալ` ղեկավարվո՞ւմ են նրանք, թե՞ ոչ։ Ստեփան Դեմիրճյան` հաղթած նախագահ, որը տասը տարուց ավելի ղեկավարում է ՀԺԿ-ն։ Արամ Սարգսյան` նախկին վարչապետ, անհատականություն, որը պայքարի կիզակետում է միշտ եղել։ ՀՀՇ` կազմակերպված, նպատակային կուսակցություն և այլն։ Նույն ՍԴՀԿ-ն, որի ատենապետն եմ ու քաղաքական դաշտում վաղուց հաստատել եմ իմ սկզբունքայնությունը։ Բազմաթիվ այսօրինակ մարդիկ կան կոնգրեսում։
-Ասել է` կուսակցությունները պահե՞լ են իրենց ինքնուրույնությունը և չե՞ն շարժվում միայն ՀԱԿ-ի ղեկավարի պահանջով։
-Այո, մեզնից ամեն մեկն իր դիմագիծը կորցնելու շռայլություն իրեն թույլ տալ չի կարող։ ՀԱԿ-ը կուսակցությունների համատեղ որոշմամբ հռչակագիր է ստորագրել, որ ավելի համակարգված ու նպատակային պայքար տարվի։ Գաղափարախոսություն փնտրել 18 կուսակցություններից ձևավորված դաշինքում, պարզապես ծիծաղելի է, քանի որ առնվազն 4-5 քաղաքական կուսակցություն կա, որոնք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին։ 18 կուսակցությունների միավորումն առանց փոխզիջումների չի կարող որևիցե քայլ կատարել։ Մեր հարաբերությունները կառուցված են փոխզիջումների և փոխհամաձայնության վրա։ Իսկ իշխանությունների հիմնական ցանկությունն այս միասնությունը ջլատելն է։
-ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ համոզված են, թե իրենց հետ համագործակցելու համար ՀԱԿ-ը, նախ, պետք է «քարը փեշից թափի», հետո էլ զարմանում են, թե ինչու են ուզում համագործակցել ՀՅԴ-ի հետ, եթե նա կեղծ ընդդիմություն է։ Արդյոք ժամանակը չէ՞, որ ՀՅԴ-ն իրական ընդդիմություն համարեք։
-Դա պետք է լինի դաշնակցության որոշումը։ Եթե իրական ընդդիմություն են ու գիտակցում են, որ միայնակ չեն կարող հաջողության հասնել, ուրեմն պիտի կոնգրեսին ընդառաջ քայլեր անեն։ Այդ ժամանակ ՀԱԿ-ը կմտածի, եթե համագործակցության եզրեր տեսնի, կհամագործակցի նրանց հետ։ Իսկ եթե միայն հայտարարում են, թե ընդդիմություն են ու չեն համագործակցում ՀԱԿ-ի ուժերի հետ, նշանակում է` մեղադրանքներն արդարացի են։
-Ի դեպ, կոալիցիայի անդամ կուսակցության ներկայացուցիչները ևս կարծում են, որ ՀԱԿ-ը ֆիասկո է ապրում։
-Դա երազանքների ոլորտից է, իշխանության մեծագույն ցանկությունն է։ Կոալիցիան պարզապես չի տեսնում իր իրական ֆիասկոն։ Իրենք անցյալն են, մենք` ապագան։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ