Մայրաքաղաքի «Խնկո Ապեր» գրադարանից գիրք գրվելու համար մարդիկ ստիպված են վճարել 300 դրամ: Առաջին հայացքից թվում է, թե չնչին բան է` եղածը 300 չէ՞, այն էլ ողջ տարվա համար, բայց եթե այդ «չնչին» գումարները փորձենք գումարել միմյանց, կստացվի ահռելի թիվ, մեր երկրի նման երկրում ապրող, սոցիալական ծանր պայմաններում գոյատևող բնակչության համար, որտեղ ամեն ինչ վճարովի է:
«Մեր սեփական երկրում ամեն ինչի համար վճարում ենք։ Ոչ այլազգի ենք, ոչ ժամանակավոր բնակիչ: Այն տպավորությունն է, որ սա ինչ-որ մեկի սեփականությունն է, ոնց ուզեն անեն: Դպրոցները` վճարովի, գրիչները, տետրերը, գրքերը, օրագրերը` վճարովի, դպրոցի պատերի համար նույնպես վճարում ենք, խոսելու համար էլ ենք վճարում շատ թանկ, մի բառ ավելի ասենք կամ բարձրաձայն որևէ բանի մասին արտահայտվենք, դառնում ենք դպրոցի ու դասատուների աչքի փուշը և երեխադ է ստիպված լինում վճարել դրա դիմաց…Հիմա էլ կարդալն են դարձրել վճարովի»,- գանգատվում էին խմբագրություն դիմած քաղաքացիները, ովքեր օգտվում են «Խնկո Ապեր» գրադարանից, որը վերջին տարիներին վճարովի է դարձել:
Վրդովված քաղաքացիներին հուզում է մի հարց` ի՞նչն է հիմք հանդիսացել գրադարանը վճարովի դարձնելու համար, ո՞ւր են գնում իրենց գումարները և ի՞նչ նպատակով:
Քաղաքապետարանին ուղղված այս հարցերը անպատասխան են մնացել, ոչ մի կերպ չենք կարողանում կապ հաստատել կրթության վարչության հետ, իսկ գրավոր նամակները դեռևս անպատասխան են:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ.- Իսկապես, առանց այն էլ այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ընթերցանությունը նահանջ է ապրում, կորցնում իր հետաքրքրությունը: Հարյուրից մեկ-երկուսը հազիվ թե գիրք բացեն, կարդալու ցանկություն ցուցաբերեն: Որոշներն էլ, երբ քայլ են անում դեպի գիրքը, հանդիպում են նման խնդիրների: Եվ փոխանակ դպրոցականներին խրախուսելու, պրոպագանդելու, ավելի մոտեցնելու գրքին, արհեստականորեն հեռացնում են, ստեղծում խոչընդոտներ: