Մայիսին Գաֆեսճեան արվեստի կենտրոնում նախատեսված էր ֆրանսաբնակ դերասանուհի, երաժիշտ ԺԱՆՆԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ հեղինակային համերգը: Աշխարհն իրար խառնած կորոնավիրուսը ի թիվս այլ ծրագրերի, անհնար դարձրեց նաև այս սպասված երեկոն: «Իրատեսի» հետ զրույցում Ժաննա Բլբուլյանը նշեց, որ հայաստանյան համերգները սովորաբար մեծածավալ են լինում՝ սիմֆոնիկ նվագախմբի, երաժիշտների, պարողների, երգիչների մասնակցությամբ: Առաջին անգամ հանդես էր գալու բացառապես դաշնամուրային ստեղծագործություններով: Ընթացքում ընթերցելու էր հատվածներ «Գաղտնիքներիս արահետով» ինքնակենսագրական գրքից: Ժաննա Բլբուլյանը հեղինակել է 200-ից ավելի ստեղծագործություններ՝ երգեր, երաժշտական մանրանվագներ, էտյուդներ, վալսեր, տանգոներ, որոնք կատարվել են Հայաստանում և արտերկրում։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը ձայնագրվել է Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողմից և տեղ գտել ռադիոյի ձայնադարանում։ 1994-ից բնակվում և ստեղծագործում է Փարիզում։ Ֆրանսիայում նրան անվանում են հայկական Միշել Լեգրան:
-Դերասանական կարիերան ինչպե՞ս սկսվեց:
-Ես սովորում էի Ռոմանոս Միլիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, նաև «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայի սան էի: Դա երևույթ էր, ընդունելության քննություններին մասնակցում էին ոչ միայն Հայաստանից, այլև հարևան հանրապետություններից ժամանած դիմորդներ: Հանձնախմբում էին Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Արման Մանարյանը, Հենրիկ Մալյանը և այլ երևելիներ:
Քննության առաջին փուլում պետք է ներկայացնեի առակ ու մնջախաղ: Հանձնեցի, դուրս եկա, դիմորդները հուզված սպասում էին իրենց հերթին, հարցրին՝ ո՞նց անցավ քննությունը: Ինձնից հետո դուրս եկավ Խորեն Բաբկենիչը և ասաց՝ շնորհավորում եմ, Դուք արդեն ընդունվել եք: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ուրախություն: Փայլուն հանձնեցի քննությունները: Ինձ ասացին՝ Տատյանա Սամոյլովա, նմանեցնելով հանրահյատ «Թռչում են կռունկները» ֆիլմի գլխավոր դերասանուհուն:
Կինոստուդիայում սովորելու տարիներին ունեինք կինոդիտման օրեր: Անցկացվում էին թատերական միության դահլիճում: Միության նախագահը Հրաչյա Ղափլանյանն էր, որը նոր-նոր հիմնում էր դրամատիկական թատրոնը: Հերթական դիտման ժամանակ Դավիթ Զալյանն ինձ ասաց, որ մոտենամ Հրաչյա Նիկիտիչին: Ես հարցրի՝ ո՞վ է Հրաչյա Նիկիտիչը... Հանդիպումը կայացավ, Հրաչյա Նիկիտիչը առաջարկեց խաղալ թատրոնում: Այսպես սկսվեց իմ թատերական կարիերան: Հետո խաղացի հեռուստատեսային թատրոնում, Սունդուկյանի թատրոնում... Շատ հուզիչ պատմություն ունեմ: Ֆիլհարմոնիկում, Պավել Լիսիցյանի համերգից հետո կուլիսներում ինձ տեսնում է Վարդուհի Վարդերեսյանը և հարցնում՝ ո՞վ է այս աղջնակը, ի՜նչ հետաքրքիր դեմք ունի: Երբ իմացավ, որ դերասանուհի եմ, երաժիշտ, ասաց, որ ուզում է ինձ ներկայացնել Վարդան Նիկիտիչին:
-Դուք արդեն դրամատիկականում չէի՞ք:
-Ոչ, դասավանդում էի երաժշտական դպրոցում: Ամուսնացել էի, ամուսնուս հետ տեղափոխվել էինք Ապարան, հիմնել տեղի երաժշտական դպրոցը, այնուհետև՝ Եղվարդինը: Ապարանում աշխատելու տարիներին խաղում էի ժողթատրոնում, կապը չէի կտրել թատրոնի հետ։ Երբ Նիկիտիչն ինձ հարցրեց՝ կարո՞ղ ես մի բան խաղալ, մի հատված կարդացի «Սպանված աղավնուց»՝ Սառայի մենախոսությունը: Աճեմյանն ասաց՝ Վարդուհի, որտեղի՞ց ես գտել այս աղջկան, ի՞նչ համով է, ինչ դադարներ է անում, դա էլ երևի նրանից է, որ երաժիշտ է: Եվ ինձ հետ իջավ քարտուղարուհու մոտ, որ թելադրի աշխատանքի ընդունվելու դիմումը: ՈՒրախացած տուն եկա, պատմեցի մորս, մեկ օր անց Իվետա Բաբուրյանը զանգահարեց ու ասաց՝ իմացա՞ր, Նիկիտիչը մահացավ: Ես չհասցրի նրա հետ աշխատել, բայց ի՜նչ սիրով ինձ ընդունեց... Աճեմյանին գլխավոր ռեժիսորի պաշտոնում հաջորդեց Ղափլանյանը: Միառժամանակ խաղացի Սունդուկյանում, որից հետո, մինչև Փարիզ մեկնելս, երկար տարիներ խաղացել եմ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում և խաղացել հիմնականում գլխավոր դերեր:
-Դերասանի մասնագիտությունը ի՞նչ անդրադարձ, ազդեցություն ունեցավ Ձեր երաժշտական կարիերայի վրա:
-Եթե դերասանուհի չլինեի, երևի այսօր այսքան երաժշտական գործեր չէի կարողանա գրել: Որովհետև ամեն օր դու մի ուրիշ կերպար ես, ուրիշ ներաշխարհով ես ապրում, ուրիշ կերպ ես կյանքը տեսնում-ընկալում: Դերասանուհի լինելը նվեր է. նախ՝ ծանոթանում ես համաշխարհային դրամատուրգիային, մարդկային հարարաբերություններին, դա հարստացնող մասնագիտություն է: Եվ, իհարկե, երջանկություն է բեմում լինելը, տալ ու ստանալը այդ էներգիան:
-Երբ բեմում ես՝ խաղու՞մ ես, թե՞ ապրում:
-Ես ապրում էի, չի կարելի խաղալ: Մի օրը Սոֆին էի, մյուս օրը՝ Ստելլան, Լուսին, Էլենը, Վարվառան...
-Կա՞ն դերեր, որ ճնշել են, դժվարությամբ եք ազդեցությունից ազատվել:
-Չի ճնշում, այլ բան ասեմ. այսօրվա խաղը երեկվա նման չէ, նույն դերը ամեն օր խաղում ես նորովի, և դա էլ է շատ հետաքրքիր:
-Ծանո՞թ եք հայաստանյան թատերական կյանքի անցուդարձին, ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչն է փոխվել այս տարիներին:
-Սիրում եմ դրամատիկ թատրոնը: Երբեմն կոմերցիոն ներկայացումներ են լինում, ինչը ես այնքան էլ չեմ հավանում: Այն ժամանակ միայն բարձրակարգ դրամատուրգիա էր: Բայց ստիպված են, թատրոնը պետք է պահել:
-Ձեր երգերը ինչպե՞ս ծնվեցին: Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք հանրայնացնել դրանք:
-Ես մի մեծ սիրո պատմություն եմ ունեցել Փարիզում, որ տխուր դրամատիկ ավարտ ունեցավ: Գրքումս կա այդ մասին, վերնագրված է «Անավարտ մեղեդի»: Նախ գրում էի սիրուց, իսկ երբ նա ինքնասպան եղավ, ու ես տեսա այդ պատկերը, սկսեցի մեղեդիներ գրել: Այդպես էի արտահայտում հոգեվիճակս: Հետո մի օր անվստահ, վախվխելով ստեղծագործություններս ցույց տվեցի եղբորս՝ Լևոն Բլբուլյանին: Նա աշխատում էր Օրբելյանի հետ, Բաբաջանյանի, անվանի երաժիշտները նրան էին դիմում՝ որպես խոսքերի հեղինակի: Կատարեցի մի քանի մեղեդի, Լևոնը ձայնագրեց, հաջորդ օրն ասաց, որ առաջին մեղեդու համար խոսքեր է գրել: Այդ ստեղծագործությունը կոչվում էր «Վերադարձի գարուն»: Այսինքն, իմ երաժշտությունը խոսում է:
-Ձեր գիրքը կուտակումների՞ արդյունք էր, թե՞ ինքնաբուխ ծնվեց:
-ՈՒզում էի՝ պատմությունս թողնել երեխաներիս, թոռներիս, որ իմանան՝ ով է եղել իրենց տատիկը: Սկզբում չգիտեի, որ գիրք է դառնալու: Երբ օրը վերջանում էր, ես գրելու պահանջ էի ունենում: Օրագրային կենսագրական այդ գրվածքները հավաքեցի ու դարձավ գիրք: Ի զարմանս ինձ՝ կարդացողներն ասում էին՝ կում-կում ենք կարդում, որ չավարտվի, հաջորդ օրն էլի կարդանք: Հայաստանում եմ հրատարակել, նախատեսվում է թարգմանել-հրատարակել նաև Փարիզում:
-Փարիզի մասին ի՞նչ կասեք: Հե՞շտ հարմարվեցիք: Ի՞նչ ապրումներ ունեիք:
-Ես մանկուց միշտ ասում էի՝ գիտե՞ք, ես Փարիզում եմ ապրելու: Կարծես զգում էի: Մենք տանը շատ լավ ձայնադարան ունեինք, լսում էի Շառլ, Ադամո, Պիաֆ, Իվ Մոնտան… Բացի այդ, հետաքրքիր մի զուգադիպությամբ, թատրոնում իմ խաղացած բոլոր կերպարները ֆրանսուհիներ էին: Երբ ինձ ցույց էին տալիս Փարիզի տեսարժան վայրերը, հարազատություն էի զգում, ինձ թվում էր՝ ծանոթ են, որովհետև իմ դերերում ես արդեն ապրել, այցելել էի այդ վայրերը: Եվ մեկ ամսում (ոչ մի դասընթացի չեմ մասնակցել) ազատ սկսեցի հաղորդակցվել ֆրանսերեն: Ես պաշտում եմ այդ քաղաքը: Ինչպես որ ծորակը բացում ես, ջուրը հոսում է, այդպես իմ բոլոր մեղեդիները Փարիզում «հոսեցին»:
-Ովքե՞ր են կատարում Ձեր երգերը:
-Այստեղ՝ Սյուզան Մարգարյան, Անահիտ Մանուկյան, Մհեր, Միստր X, Զարուհի Բաբայան, արտերկրում՝ Ջիպսի Քինգս, Էնիկո Սիլագի (կատարել է «Dans Paris» երգս, որը տեղադրված է «Fnac»-ում), Գրեգորի Հյուբեն, Մալյա, Ժերիկա (մի ամբողջ ալբոմ է ձայնագրել իմ երգերով), Նառա Նոյան (դուստրը), Լոալվա Բրազ («Լամբադա» երգի առաջին կատարողը, որ 2004-ին առաջին անգամ հատուկ եկել է Հայաստան և Ժաննա Բլբուլյանի ու Լևոն Բլբուլյանի հեղինակային համերգին կատարել Ժաննա Բլբուլյանի հեղինակային երգերից երեքը- Ա. Ս.) և այլք: Ի՞նչն է հետաքրքիր՝ իրենք են գտնում ինձ: Մի դրվագ պատմեմ: Օրերից մի օր զանգում է Ազնավուրի տղան՝ Միշա Ազնավուրը, ասում է, որ իմ մասին պատմել է ընկերը՝ Ֆրանսուան, ուզում է այցելել: Պայմանավորվում են, Միշան գալիս է մեր տուն իր երկու շնիկների հետ: Ես տոլմա էի եփել, ճաշեցինք, զրուցեցինք՝ մոռանալով անգամ հանդիպման նպատակը: Ի վերջո, նվագեցի մեղեդիներս: Միշան ասաց՝ հետաքրքիր մեղեդիներ են, պապայիս պես ես գրում: Զանգեց ստուդիա, որ գնանք ձայնագրելու: Ես ուրախացել էի: Մինչև հիմա նրա ձեռագրով հասցեն կա: Հետո հարցրի՝ ասենք, ձայնագրեցինք, ե՞րբ ես թողարկելու: Ասաց՝ դե, երբ փող լինի:
-Ազնավուրի տղան գումարի կարի՞ք ուներ:
-Հենց այդ է, հարցրի, պապադ քեզ չի՞ օգնում, ասաց՝ բոլորովին, պապան ասում է՝ դու ինքդ պիտի ստեղծես: Խնդրեցի չեղարկել ժամադրությունը, որովհետև մի ուրիշ հայտնի ստուդիայում ձայնագրել էին ստեղծագործություններս, հետո անհետացան ձայնագրությունները:
-Հայաստանը հեռու՞ է, թե՞ մոտիկ:
-Հայաստանն այնքան եմ սիրում, այնքան հայ եմ, որ, 30 տարի ապրելով Ֆրանսիայում, չդարձա ֆրանսիացի: Ֆրանսիայի իմ տանը նույն հայկական աշխուժությունն է՝ ջերմություն, հյուրասիրություն, ընկերներս կարող են այցելել առանց զանգելու-զգուշացնելու: Անգամ ֆրանսիացի ընկերներս հայ են դարձել: Ոչ մի ազգ չունի հայի արժանիքները՝ հյուրասեր, տաղանդավոր, մարդամոտ: Տաքսի ես նստում, մինչև հասցնում է ուզածդ հասցեն, արդեն հարազատներ եք: Այստեղ ես լիցքեր եմ ստանում, գնում եմ այնտեղ, սկսում եմ գրել:
-Քաղաքը շա՞տ է փոխվել` արտաքին տեսքի առումով:
-Ես ապրել եմ Պուշկինի փողոցում, որտեղ հիմա Հյուսիսային պողոտան է: Դիմացը Խանդիկյանի, Եկարյանի լուսանկարչատներն էին, հրապարակը: Մթնոլորտը լրիվ ուրիշ էր, երեկոյան հավաքվում էին հրապարակում՝ շատրվանի մոտ: Ես տատիկիս հետ գնում էի զբոսնելու, ու տատս հպարտ էր, որովհետև մյուս տատիկները Ժաննայի նման թոռնուհի չունեին: Ասում էր՝ այնքան նվիրված աղջիկ է Ժաննան, գիշերը քանիսին դեղ պետք լինի, առանց վախենալու գնում, հերթապահ դեղատներից դեղ է բերում ինձ համար:
Տատիկիս բակը այնքան էի սիրում, սեփական տներ էին, բոլորս մի ընտանիքի նման էինք ապրում: Բակում օջախի վրա պղնձե կաթսա կար, մեջը տոմատ (լոլիկի մածուկ) էին եփում, մուրաբաներ: Ընկույզի մուրաբա եփելը մի ամբողջ արարողություն էր, հիշում եմ կանանց խոսք ու զրույցը մուրաբա եփելու, կիրը շատ ու քիչ դնելու մասին, ընկույզի կեղևը կճպելուց սևացած նրանց ձեռքերը: Եթե մեկը մուրաբա էր եփում կամ խմորեղեն, բոլորը պետք է համտեսեին: Բակում թթենի կար, տակը հին մահաճակալ էր, դիմացը՝ սեղան: Հերթ կար, ամեն օր մեկը քնում էր այնտեղ, բայց ինձ այնքան էին սիրում, որ մի քանի անգամ էին թողնում քնել: Երջանկություն էր ամռանը դրսում քնելը: Կուզեի գոնե պահպանվեր այդ ջերմությունը, ինչը գնալով վերանում է:
Հիմա մեր բակի տեղում Հյուսիսային պողոտան է: Հին, սիրուն, սև տուֆից չքնաղ կոթողները քանդել են, անճաշակ շենքեր կառուցել: Քայլում ես ու քեզ թվում է՝ շենքերն ընկնում են վրադ, տեսադաշտ չունի այդ պողոտան: Նախ՝ շատ քիչ են բնակիչները, լույս չի վառվում այդ տներում, դա արդեն սիրուն չէ: Հին Երևանը հիշեցնող քիչ բան է մնացել, մաքրում են քաղաքի դիմագիծը, դա է ինձ տխրեցնում:
-Ամիսներ առաջ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում կայացավ Ձեր դստեր՝ Նառա Նոյանի համերգը: Որպես մայր, արվեստագետ ի՞նչ զգացողություններ ունեք:
-Նաիրան դեռ չէր ծնվել, ես նրան պատկերացնում էի հենց այնպիսին, ինչպիսին կա: Ես նրան նկարում էի (նույն դեմքն է), ես նրա համար ամեն օր նվագում էի, նրա հետ խոսում էի, ես գիտեի, որ իմ աղջիկը պետք է լինի արտիստ:
-Որպես տանտիկին՝ ինչպիսի՞ն եք: Սիրու՞մ եք խոհանոցը:
-Պաշտում եմ, շատ հաճելի հարց է, ես սիրում եմ հյուրեր ունենալ ու ի՜նչ մեծ ներշնչանքով եմ պատրաստում ճաշատեսակները: Երբ մտնում եմ խոհանոց՝ ինչ-որ բան պատրաստելու, նույն ապրումներն եմ ունենում, ինչ նվագելուց: Ստեղծագործաբար եմ մոտենում, իմպրովիզներ անում, այնպիսի համեմունքներ, մրգեր եմ խառնում, որ հետո հյուրերս հարցնում են՝ հայկակա՞ն ուտեստ է, թե՞ ֆրանսիական: Ասում եմ՝ ժաննայական:
-Ի՞նչ կասեք մեր ընթերցողին զրույցի վերջում:
-Կասեմ, որ սերն է աշխարհը փրկում, սիրեք իրար, ներեք: Իմ մեջ այնքան սեր կա, ինձ շատ են հուսախաբ արել, երբեք չեմ չարացել, բնույթս չի փոխվել: Եթե բոլորը լինեն անկեղծ ու իրար սիրեն, մենք դրախտում կլինենք, էլ ինչի՞ ենք գնում դրախտ:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ