ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազգային գաղափարը կանխորոշում է այս կամ այն ժողովրդի, էթնոսի և ազգի գոյության իմաստը

Ազգային գաղափարը կանխորոշում է այս կամ այն ժողովրդի, էթնոսի և ազգի գոյության իմաստը
27.09.2016 | 11:36

Իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում միշտ հասարակական քննարկման առարկա է եղել ազգային գաղափարը (национальная идея): Ինքնին հասկանալի է, որ սա քաղաքական, փիլիսոփայական, պատմական, կրոնական և շատ այլ իմաստներ կրող հասկացություն է: Եվ ռուս իրականության մեջ ազգամիավորիչ այս խնդրին նվիրվել են հիմնարար աշխատություններ, ուսումնասիրություններ, հոդվածներ և այլն:


Խնդիր չդնելով խորանալ այս հիրավի խորախորհուրդ պատմագիտական երևույթի մեջ, նշենք, որ Ռուսաստանում ազգային գաղափարը իր բազմակարծության հետ մեկտեղ՝ ինքնակալություն, կայսրապետություն, ուղղափառություն և այլն, հանգել է մեկ ընդհանուր հայտարարի՝ ստեղծել մեծ ու հզոր պետություն: Առանց բարձրագույն նպատակի չեն կարող գոյություն ունենալ ոչ մարդը, ոչ էլ ազգը՝ ասել է մեծն Ֆյոդոր Դոստոևսկին:
Ռուսների, ինչպես ցանկացած այլ ժողովրդի պատմությունը լի է վերելքներով ու անկումներով, սև ու սպիտակ էջերով, և դժվարին պահերին նրանք փորձել են փնտրել ու գտնել այն ազգային գաղափարը, որը կմիավորեր ժողովրդին պատմական տվյալ հատվածում և կմիտեր ապագային: Քանզի, ըստ նրանց, գաղափարազուրկ ազգը կորցնում է դիմադրելու ունակությունը:


Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն ապրեց թերևս իր մեծագույն դեգրադացիան բոլոր առումներով: Հարբեցող Ելցինն ու երկիրը փաստացի կառավարող հրեական օլիգարխիան Ռուսաստանը տանում էին դեպի քայքայում, մասնատում, այլասերում և այլն: Այն ժամանակ խոսել ռուս ժողովրդի շահերն արտահայտող որևէ ազգային գաղափարի մասին ոչ միայն անիմաստ էր, այլև վտանգավոր: Ամեն ինչ փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Վլադիմիր Պուտինը: Եվ իհարկե ոչ անմիջապես, բայց Ռուսաստանը կրկին վերադարձավ իր ավանդական ազգային գաղափարին՝ վերածնել հզոր երկիրն ու կայսրությունը, եթե նույնիսկ ոչ իր նախկին տեսքով, առնվազն՝ ազդեցությամբ:
Ինչու է Արևմուտքը այդքան թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ընդհանրապես ու մեր օրերում մասնավորապես: Բանն այն է, որ ռուսները աշխարհի բնակչության մոտ 5 տոկոսն են, սակայն այդ 5 տոկոսը հասել է նրան, որ տնօրինում է համաշխարհային բնական պաշարների ավելի քան 20 տոկոսը: Հիշո՞ւմ եք ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Օլբրայթի դառնահամ ափսոսանքը այդ «անարդարության» նկատմամբ:

Փաստ է, որ ռուսները, այնուամենայնիվ, ստեղծել են իր տարածքով աշխարհի ամենամեծ տերությունը և չեն հրաժարվում իրենց նախընտրած ազգային գաղափարից: Ահա Պուտինի վերջին հրապարակային հայտարարությունը ռուսաստանցի օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ. «Մինչև մենք չդառնանք ուժեղ, մինչև մենք չդառնանք ինքնաբավ, մեզ կործանելու փորձերը միշտ էլ կլինեն: Միշտ: ՈՒստի մենք պարտավոր են դառնալ ուժեղ»:


Ռուսաստանն իրոք ուժեղ պետություն դարձնելու ազգային գաղափարը Պուտինը ներկայումս իրականացնում է հզոր բանակի վերստեղծման, ռազմարդյունաբերական համալիրի մասշտաբային զարգացման միջոցով, համարելով, որ այդ միտումները կդառնան առհասարակ արդիական էկոնոմիկայի ձևավորման հիմքերը: Եվ սա այնպիսի պայմաններում, երբ, ինչպես ասվեց, Արևմուտքը չի խորշում ոչնչից՝ թուլացնելու և չեզոքացնելու Ռուսաստանը որպես պոտենցիալ մրցակցի: Արևմուտքին խիստ դուր չի գալիս նաև այն պարագան, որ ռուսները չեն էլ ուզում կամազրկորեն ընդօրինակել եվրասոդոմական շատ «արժեքներ», ձգտում են իրենց ազգային գաղափարի շրջանակում լինել ինքնուրույն և ինքնատիպ:
Հազարամյակներ շարունակ պետականությունից զրկված հրեաների ազգային գաղափարը եղել է իրենց բացառիկության, եզակիության, ամենակարողության, համաշխարհային գերազդեցության հասնելու ինչ-որ տեղ ռասիստական նպատակի իրագործումը: Վերստեղծելով Իսրայելը, հրեաները կարողացան իրենց ազգային գաղափարը մարմնավորել հիրավի հզոր ու ազդեցիկ պետության ստեղծման մեջ:


Նույնպես դարեր շարունակ պետականություն չունեցող մեր ժողովրդի համար, բնականաբար, ազգային գաղափարը պիտի լիներ անկախ հայկական պետության ստեղծումը: 25 տարի առաջ այն ձևավորվեց, և սկզբնական շրջանում Ղարաբաղի ազատագրման գործը դարձավ իսկապես համահայկական ազգային գաղափար: Սակայն այդ հաղթանակից հետո ազգը միավորող որևէ այլ գաղափար այդպես էլ չծնվեց. մարդիկ սկսեցին զանգվածաբար լքել հայրենիքը, իսկ երկրի վիճակը, անմոռանալի Գագիկ Ծառուկյանի բնորոշմամբ, դարձավ «անփառունակ»: Անկախության 25-ամյակին հնչած գեղեցկախոս պաթետիկ ճառերը ոչ մի ընդհանուր բան չունեին հայոց աշխարհը համակած անկումային տրամադրությունների հետ: Ավելին, եթե ռուսները, ինչպես ասվեց, որևէ ազգային գաղափարի շուրջ միավորվում են իրենց պատմության դժվարին պահերին, ապա Հայաստանում անկախության ջատագովների հարուցած սոցիալ-տնտեսական բազում անարդարություններն անգամ անզոր եղան ծնելու գոյատևման նոր ազգային գաղափար: Արտագաղթը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է: Եվ իզուր են ոմանք Հայաստանը ամայացնող այդ գործընթացի մեջ մեղադրում սփյուռքին: Ես Մոսկվայում, իհարկե, շատ եմ շփվել Հայաստանից արտագաղթածների հետ: Հավատացեք, շատ քչերն էին ափսոսում, որ հեռացել էին հարազատ վայրերից, այնքան խոր էին նրանց դժգոհությունն ու վիրավորանքը ներհայաստանյան անազնիվ իրողություններից:


Տպավորություն է ստեղծվում, թե այս օրերին Հայաստանում փրկության ազգային գաղափար է դառնում… վարչապետ Կարեն Կարապետյանը: Առանց սարկազմի: Ինչքա՜ն կարելի է հանդուրժել անապահով կյանքն ու համատարած գորշությունը: Կառավարության ղեկավար է դառնում պրոֆեսիոնալ առումով գրագետ ու իրատես անձ՝ տնտեսագիտության դոկտոր, տեխնոկրատ, որը չի կեղծում և հրապարակավ հայտարարում է, որ երկրի տնտեսական վիճակը ոչ թե ծանր է, այլ շատ ծանր: Մնում է հուսալ, որ Կարապետյանը իր գործունեության առանցքը կդարձնի արտագաղթի կանխման ազգային գաղափարը:


Եվ վերջում նորեն կարճատև վերադարձ ռուս իրականություն: Այս երկրում այն կարծիքն է տարածված, որ Բորիս Ելցինի միակ դրական ծառայությունն իր հայրենիքին այն է, որ նա, այնուամենայնիվ, ոչ ալկոհոլային տևական դեգերումներից հետո զարմանալիորեն ընդունակ եղավ ընտրելու արժանի հետնորդ: Արժանի ոչ իրեն, այլ ազգափրկության գաղափարին:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. ԱՄՆ-ում համազգային տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է մեկ շարքով տեսնել պետության գործող և ծերունազարդ նախկին նախագահներին: Անկախ Հայաստանում ո՞վ է տեսել երեք հին ու նոր նախագահներին միասին: Ըստ երևույթին, երեքն էլ տարբեր ազգային գաղափարներ են դավանել:

Դիտվել է՝ 3974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ