ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
21.06.2016 | 10:12

Մեծարգո պարոն նախագահ, հայցում եմ Ձեր ներողամտությունը Ձեր բազմազբաղ առօրյան իմ անձնական խնդիրներով զբաղեցնելու համար։ Սակայն իմ բարձրացրած հարցը, ցավոք, մեր երկրում գրեթե համատարած բնույթ է կրում, մի հարց է, որի ուղտը, վաղ թե ուշ, չոքում է բոլոր նրանց դռանը, ովքեր առանց որևէ մեկի հովանավորության, միայն սեփական աշխատասիրության, գիտելիքների ու նվիրվածության շնորհիվ ինչ-որ դիրքի են հասել: Ավելորդ է ասել, որ տարբերակված վերաբերմունքը յուրայինների ու «օտարների» նկատմամբ մարդկանց մեջ մեռցնում է հավատը պետական որոշ պաշտոնյաների, և, ինչու չէ՝ երկրի ու նրա ղեկավարության նկատմամբ և, չեմ կասկածում, կարժանանա Ձեր միջամտությանն ու կսանձի մեծ ու փոքր իշխանավորներից ոմանց ախորժակը։


1986 թվականից որպես դաստիարակ, իսկ 2003 թվականից որպես տնօրեն աշխատել եմ Երևանի թիվ 117 մանկապարտեզում։ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համայնքային մանկապարտեզ է։ Համապատասխան բարձրագույն կրթությամբ և բազմամյա փորձով մանկավարժ եմ, ունեմ բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր, որոնց թվում՝ նաև Ձեզնից:


Հիմա՝ ըստ էության:
2014 թվականին մանկապարտեզում ստուգում անցկացնելու ժամանակ պարզվել է, որ երկու դաստիարակներ երեխաների գրանցամատյանում վրիպակ են թույլ տվել և յուրաքանչյուրն իր խմբում մեկական բացակա մոռացել է դնել։ Այդ կապակցությամբ վարչական շրջանի ղեկավարն ինձնից պահանջեց բացատրություն և տվեց նկատողություն, միևնույն ժամանակ ինձնից բանավոր պահանջեց և հորդորեց թերացած դաստիարակների հետ խոսել և նրանց համոզել ազատվել աշխատանքից, ինչը կատարել եմ առանց սպառնալիքի և ճնշման։ Հարգելով իմ խոսքը, դաստիարակներն իրենց ձեռքով գրել են աշխատանքից ազատման դիմումներ և ազատվել աշխատանքից։


Դրանից հետո վարչական շրջանի ղեկավարը նորից պահանջեց բացատրություն ներկայացնել` այս անգամ աշխատակիցներին բռնությամբ աշխատանքից ազատելու համար (վերջիններիս վրա, ըստ ինձ հասած լուրերի, ճնշում էր գործադրվել՝ ինձ վրա բողոքներ գրելու համար), առանց բացատրությանը սպասելու՝ շուտափույթ հեռացրել է ինձ աշխատանքից լրիվ կամայական ձևով, չպահպանելով աշխատանքից ազատման ոչ մի օրենսդրական կարգ։
Հասկացա, որ վերոհիշյալն ընդամենը ինձ աշխատանքից հեռացնելու կազմակերպված դավադրություն էր՝ միտված այլ անձի մանկապարտեզի տնօրենի պաշտոնում նշանակելուն։ Ինձ բացեիբաց ասացին, որ ոչնչի չեմ հասնի, որ հարցերը կլուծեն դատարանում, սպառնացին քրեական գործ հարուցել, ահաբեկելով պահանջեցին լռել, ինչին չենթարկվեցի և դիմեցի դատարան։


Ճնշում գործադրելու նպատակով քրեական գործ հարուցվեց՝ իբր յուրացում կատարելու համար: Մանկապարտեզում անցկացված մանրամասն ստուգումներն իրենց համար ցանկալի ոչինչ չբացահայտեցին: Ոստիկանությունում գործը կարճեցին հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանում ժամանակ ձգելու համար ամեն միջոցի դիմեցին, ու արդյունքում գործի քննությունը տևեց ավելի քան մեկուկես տարի։


Հաշվի առնելով, որ կարգապահական տույժը տրվել էր օրենքի խախտմամբ (կարգապահական տույժի կիրառում առանց արարքի, մեկ ենթադրյալ արարքի համար երկու տույժ, երկու տույժի առկայությամբ աշխատանքից ազատում առանց երրորդ՝ կարգապահական խախտման առկայության, աշխատանքից ազատման կարգի խախտում (աշխատանքից հեռացում առանց բացատրության համար գործատուի սահմանած ժամկետի ավարտի), դատարանը հայցս բավարարեց։
Վարչական շրջանի ղեկավարությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց և գործը բեկանեց: Քանի որ գործին խառնվել էին ավելի հզոր կազմակերպություններ ու անձինք, ի զարմանս ինձ, վերաքննիչ դատարանը «կուրորեն» անտեսեց բոլոր խախտումները և ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց։
Ներկայացրի վճռաբեկ բողոք, բայց վճռաբեկ դատարանը չցանկացավ բողոքս վարույթ ընդունել` առանց բողոքի որևէ թերություն մատնանշելու։ Պարզ էր, որ նորից ինչ-որ հզոր ուժի հանձնարարությունն էին կատարում…
Ես հավատում էի արդարադատությանը, բայց եկա այն համոզման, որ դիմացիս կողմը դատարաններում, իրոք, «հարցեր է լուծում»։


Այսօր անընդհատ հայտարարվում է կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարելու մասին, ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքայի խորհուրդ և այլն: Խնդրում եմ իմ դեպքի վրա ուշադրություն դարձնել: Սա կոռուպցիոն ռիսկ չէ, այլ հենց կոռուպցիա է։ Մանրամասների մեջ թույլ տվեք չխորանալ…


Պարոն նախագահ, ժամանակին ես և ընտանիքս անվարան կողմ ենք քվեարկել նոր Սահմանադրությանը, ուր հստակ արձանագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ապրելու և աշխատելու իրավունք: Ես աշխատունակ եմ և ցանկանում եմ շարունակել աշխատել իմ երկրում, իմ մասնագիտությամբ:
Մեծ հավատ ունեմ Ձեր՝ որպես Հայաստանում արդարության երաշխավորի նկատմամբ, և վստահ եմ, որ նախագահն անտարբեր չէ ենթակաների և պաշտոնատար անձանց կողմից իրականացվող անօրինականությունների, անազնիվ գործողությունների նկատմամբ, հավատում եմ, որ հանրապետության նախագահը իսկապես ցանկանում է արմատախիլ անել կոռուպցիան։


Ես, ավելորդ է ասել, չեմ պատրաստվում լքելու իմ երկիրը, բայց մինչև վերջ պայքարելու եմ արդարության հաղթանակի համար և դույզն-ինչ չեմ կասկածում, որ Դուք, պարոն նախագահ, ինչպես միշտ, սատար կկանգնեք արդարությանն ու կհանձնարարեք պատկան կառույցներին՝ լրջագույնս խորանալու կատարվածի մեջ և արդարամիտ կերպով պատժելու պաշտոնական դիրքը հօգուտ անձնական շահերի օգտագործող պաշտոնյաներին, ինձ վերականգնելու իմ սիրելի և հոգեհարազատ աշխատանքում:


Ձեր նկատմամբ հավատով և կանխավ շնորհակալությամբ՝

Վարդուհի ՍԱՐԳՍՅԱՆ
Երևանի թիվ 117 մանկապարտեզի նախկին տնօրեն
Հեռ. 010-66-78-19 055-27-50-44

Դիտվել է՝ 2049

Մեկնաբանություններ