ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մանրամասն «սիրելով» Հայաստանը

Մանրամասն «սիրելով» Հայաստանը
25.09.2015 | 00:52

Գյումրիում կմեկնարկի բողոքի ակցիան` «Ընդդեմ ամեն ինչի» (քանի որ բողոքող կազմակերպություններն այնքան շատ են` «Ո՛չ», «Չեք անցկացնի», «Փրկության ճակատ», «Ոտքի՛, Հայաստան», «Հիմնադիր խորհրդարան», ուստի մեկ բառով նրանց անվանենք «Ամեն ինչ» ու առաջ անցնենք):

Նախ` ինչո՞ւ Գյումրուց: Հաշվարկը պարզ է. Գյումրին ըմբոստ քաղաք է, նախագահական ընտրություններին մշտապես քվեարկում է ընդդեմ գործող իշխանության ու նրա թեկնածուի, ուստի հնարավոր է Երևանում այդպես էլ չհաջողված կայծը բռնկեցնել հենց այնտեղից ու տարածել ողջ հանրապետությունով մեկ:

Կասկածե՞նք հաշվարկի պրագմատիզմի վրա: Այո՛:

ա) «Անալոգիան», երբ նման մի փորձ էլ արվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, տապալվեց: Ոչ միայն սխալ հաշվարկի, այլև «ցանկապատը ջարդելու» պատճառով. Սուրբ գիրքն է ասում` ցանկապատը ջարդողին օձը կծում է: Ցեղասպանությունն այն թեման չէր, որի վրա կարելի էր դիվիդենդներ կորզել, ուստի «քարերն աղաղակեցին», կոնկրետ դեպքում իրենց պարտականություններում խստորեն «ջանացին» ոստիկանները:

բ) Սահմանադրությունը նախագահի ընտրություն չէ, որպեսզի հնարավոր լինի հանրությանը մոբիլիզացնել նրա անընդունելիության շուրջ: Ընդ որում, կա մեկ «բայց» ևս: Պայքարի ելածների մոտիվացիան ոչ թե ինքնին սահմանադրության փոփոխություններն են, այլ «անձի» հետ կապված խնդիրները: Կոնկրետ դեպքում` Սերժ Սարգսյանի, ասել է` նպատակն անձի փոփոխություն է մեկ այլ անձով. հիմնականում` հայտնի: Սա պայքարի ենթագիտակցական մակարդակում պարտության է տանում բողոքի ելածներին այն նույն ձևով, ինչ «Հարյուրամյակը` առանց ռեժիմի» կարգախոսի ժամանակ, որովհետև բարձրն ու ցածրը, գիտակցությունն ու ենթագիտակցությունը, իրական շահն ու շահարկումը փորձ է արվում փաթեթավորել մեկ «ծրարում», ինչն էլ ժողովրդի ենթագիտակցությունն ինքնաբերաբար դուրս է մղում։

Ռեմարկի ոճով մի փոքրիկ օժանդակություն երևալ չուզեցող, «փարդի քամակից» ամեն բան կարգավորող բողոքի մոդերատորներին, կամ մոդերատորին:

-Մինչև դուք ինքներդ չկանգնեք ձեր մահճի գլխին և անմիջականորեն չկանոնակարգեք, ղեկավարեք այդ ամենը` հրապարակային, բաց, մշտապես ֆիասկո եք գրանցելու:

Հասկանում եմ, մտածում եք, որ նախ ժամանակը չէ, և երկրորդ` «երևման» դեպքում «մնացորդային-բացասական» երևույթներն ավելի շատ կլինեն: Սակայն դրանք իրենց հանրագումարում ավելի քիչ վնաս կտան գործին, քան անվերջ այլոց ձեռքերով շագանակներ հանելու այս գործընթացը, որը նույնքան անվերջ պարտություններ է արձանագրում:

գ) Չպարտվելու միակ տարբերակը արտքաղաքական, ավելի ստույգ` ղարաբաղյան խնդրում ֆորս-մաժորի հնարավորությունն է:

ՈՒղտին էլ է, չէ՞, հասկանալի, որ այս պահին նման ֆորս-մաժոր լինել չի կարող, որ մի «թիքա էնիք» ավելացնի Գյումրու ու հետայդու կազմակերպվելիք բողոքի ակցիաների ջրաղացին` այն հրդեհի վերածելով: «Ստրատֆորն» ինչ-ինչ «հետազոտություններ» է կատարում, գրում է, որ ուր որ է ռուսական խաղաղապահներ կտեղակայվեն ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչն էլ կջղայնացնի, հաստատապես, Արևմուտքին ու ԱՄՆ-ին (այս խնդրին կանդրադառնանք առաջիկայում), ինչն էլ, փաստորեն, կօգնի, որ բողոքի ալիք ուժեղագույնս ծավալվի Հայաստանով մե՜կ… Կարծում ենք` մոտ ապագայում բողոքի ակցիաները չեն ունենա այն էներգետիկան ու ադրենալինը, որը կհանգեցնի մոդերատորների կամ մոդերատորի համար ցանկալի արդյունքի: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ մենք չանդրադարձանք Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաներ կազմակերպելու ու դրանք պարելով ցրելու` իշխանությունների հակազդմանը: Չանդրադարձանք նույն այդ բողոքավորների շարքերում տիրող տարաձայնություններին, որպեսզի չասենք.

դ) Դրանք այնքան շատ ու բազմազան են, որ ինչ-որ փուլից հնարավոր է, որ բողոքի բուն նպատակը մոռացած, մասնակիցները բողոքի բուռն ակցիաներ կազմակերպեն միմյանց դեմ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ