Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

«Առանց հավատի բոլոր գործերը մեռած են, իսկ առանց գործերի հավատն է մեռած»

«Առանց հավատի բոլոր գործերը մեռած են, իսկ առանց գործերի հավատն է մեռած»
03.10.2013 | 14:46

Արցախ ասելիս առաջին հերթին պատկերացնում ես կարճ ժամանակահատվածում արդեն իսկ կայացած պետություն, հիասքանչ բնություն, անկոտրում կամքի տեր մարդիկ: Նաև անկրկնելի ճարտարապետական գոհարներ` հնադարյան վանքեր, ու Հայոց աշխարհի այդ հատվածում հավատը մարդկանց մեջ վառ պահող թեմի առաջնորդին` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ով արցախցիների կողքին է եղել պատերազմական օրերին, նրանց հետ է նաև խաղաղ ժամանակներում:
Պարգև սրբազանը Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է, ունի սև գոտի 1-ին դան որակավորում:
«Իրատես de facto»-ի զրույցը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ է։
- Աստված օգնական, Սրբազան հայր:
-Աստված պահապան:
-Հիշենք` Արցախի թեմում՝ գործունեությունը սկսելու առաջին տարիները:
-Ոչինչ չկար, ոչ մի գործող եկեղեցի։ Արցախում 1930 թվականին փակվեցին բոլոր գործող եկեղեցիներն ու վանքերը: Ադրբեջանի իշխանությունը բռնի կերպով փակեց Արցախի ամբողջ պատմական թեմը: Հոգևորականներին աքսորեցին, ձերբակալեցին, գնդակահարեցին: Հազարավոր վանքեր են եղել այս տարածքում: Մեր նախորդ լուսահոգի եպիսկոպոսը` Վրթանեսը, 1929 թվականին վշտացած նամակ է գրում Ամենայն հայոց կաթողիկոսին, թե` Վեհափառ, մի բան արեք, ամեն օր տասնյակ վանքեր, եկեղեցիներ են փակում: Երբ Արցախը կցեցին նորաստեղծ Ադրբեջանին, նա ասաց` Վեհափառ, մնացել են ընդամենը 112 գործող եկեղեցի և 18 վանք, ընդամենը 276 հոգևորական: Մյուս տարի այդ էլ փակվեց: Այնինչ 2 հազար գործող եկեղեցի ու վանք է ունեցել Արցախի կարևոր պատմական թեմը, բայց մտել է Գանձասարի կամ Աղվանից կաթողիկոսության մեջ, իսկ ամբողջ կաթողիկոսությունն ունեցել 4,5-5 հազար վանք և եկեղեցի: Աղվանից կաթողիկոսությունն արևելահայոց եկեղեցիներն են և արևելահայոց թագավորություն է:
ՈՒ թեև տասնամյակներ առաջ այստեղ ոչ մի գործող եկեղեցի չկար, ժողովուրդն իր հոգու մեջ հավատը պահել էր: Մատաղ էին անում, մոմ էին վառում, գաղտնի ուխտի էին գնում, բայց գիր, գրականություն չկար, թերթեր այստեղ չէին հասնում: Ոմանք գնում էին Հայաստան, Էջմիածին, Գեղարդ, այնտեղ էին մկրտվում, պսակվում. դա, անշուշտ, քիչ էր: Իսկ Արցախում այդ ամենն անել ուղղակի հնարավոր չէր, խիստ արգելված էր, հետապնդվում էր: Սրտում ժողովուրդը պահում էր հավատը, բայց ոչ գիտելիքներ: 60 տարի, այսինքն` 2 սերնդից ավելի, մարդիկ ոչինչ չգիտեին: Պապիկ, տատիկներ կային, որ փոքր ժամանակ երգչախմբերում երգել էին «Հայր մեր», «Առավոտ լուսո», նրանք էլ մեծ էին, ու նրանցից էլ շատ քչերը գիտեին որոշ բաներ: Դե, միջին, երիտասարդ սերունդը, Հայաստանի 80 տոկոսը չգիտեր, թեև մենք ունեինք մայր Հայաստանում մի քանի գործող եկեղեցի, վանք: Այդ տեսակետից այստեղ` Արցախում, մի տեսակ կարծես երկրորդ մկրտության փուլ եղավ, չեմ ասում զրոյից սկսվեց, դա սխալ է:
Ժողովրդի մի մասը հավատը պահել էր, քանի որ այդպիսի ահռելի, հզոր հոգևոր հարուստ ժառանգություն ուներ, բայց գիտելիքները պիտի վերադարձնեինք ժողովրդին, ինչն էլ անում ենք ցայսօր: Տարբերությունը մեծ է, իհարկե, հավատացյալներ ունենք, գիտակից հավատացյալներ, ովքեր բազմաթիվ ուխտագնացություններ են կազմակերպում, հոգևոր զրույցներ ունենում, երբեմն աստվածաբանական վեճեր: Առաջ երազել չէինք կարող դրա մասին: Ճիշտ է, տարբերությունը շատ զգալի է, բայց մենք դրանով չպիտի բավարարվենք, որովհետև դեռ մի օվկիանոս աշխատանք ունենք անելու:
-Ինչի՞ց սկսեցիք Ձեր գործունեությունն այստեղ, ի՞նչ է արվում այժմ:
-1989 թվականի մարտին Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի հրահանգով մենք` ես, երկու վարդապետ, երկու քահանա նշանակվեցինք Արցախի թեմ` որ գանք, վերաբացենք Արցախի պատմական թեմը` ժողովրդի խնդրանքով և Մոսկվայի արտոնությամբ: Այն ժամանակ Մոսկվան մեզ արտոնեց 2 վանք, 2 եկեղեցի բացել: Լուսահոգի Արկադի Վոլսկուն, որն այն ժամանակ Մոսկվայի ներկայացուցիչն էր այստեղ, խնդրեցի, և նա 3 եկեղեցի թույլ տվեց բացել: Մենք սկսեցինք մեր ծառայությունը: Առաջինը, որ օծեցինք, պատմական Գանձասարի վանքն էր` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, հետո գնացինք Ներքին Հոռաթաղ, Խնածախ, Ամարասի վանք, հերթով սկսեցինք վերանորոգել, վերաօծել, նորերը կառուցել: Այսօր մենք բանակի համար 12 նոր մատուռ ենք կառուցել, 43 եկեղեցի ենք վերանորոգել, 22 տարվա ընթացքում կառուցել ենք և նորոգել գրեթե 63 եկեղեցի:
Կառուցվել են նաև առաջնորդարան, ենթաառաջնորդարան, հայորդաց տներ, կիրակնօրյա դպրոցներ, «Գանձասար» աստվածաբանական-հրատարակչական կենտրոնը, որտեղ տարիների ընթացքում 78 գիրք է հրատարակվել: Ստեղծվել են «Վեմ» ռադիոկայանը, ՔԴ կենտրոնը, եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպությունը, որը համակարգում է Արցախի բոլոր երիտասարդական կազմակերպությունները:
Հարյուրավոր ավերված եկեղեցիներ ու վանքեր կան Արցախում, դրանց վերականգնման աշխատանքներն են շարունակվում: Ստեփանակերտում այսօր գործում է նորակառույց Ս. Հակոբ եկեղեցին, կառուցվում է քաղաքի «Ս. Աստվածամոր հովանի» մայր տաճարը: Կառուցվել են Վաղուհաս գյուղի Ս. Աստվածածինը, Հաթերք գյուղի Ս. Պետրոս եկեղեցին, ևս նոր 3 եկեղեցի, մատուռներ են կառուցվել և օծվել: Դադիվանքի նորոգման աշխատանքներն են ընթացքի մեջ, այստեղ արդեն չորս եկեղեցի, զանգակատունն ու դամբանատունն են նորոգվել: Այս տարի կավարտվեն Գտչավանքի, Ամարասի վանական համալիրի, Ավետարանոց եկեղեցու նորոգումները, որոնք պետական աջակցությամբ են կատարվում: Վերջերս օծվել է Բերդաձորի Ս. Պանդալիոն եկեղեցին:
Կառուցված են Մարտունու շրջանում Ս. Ներսես Մեծ, Քաշաթաղի շրջանում Սրբոց Նահատակաց եկեղեցիները, Բերձորի Ս. Համբարձման, Զագլիկի Ս. Անտոն եկեղեցիները:
Մենք աշխատում ենք ամեն տարի մի քիչ ավելի խորանալ, ավելի ընդլայնվել, ավելին անել: Ավելի շատ եկեղեցիներ ունենալ, ավելի շատ քահանաներ, ծխեր կազմակերպել գյուղական համայնքներում, որ հոգևոր կյանքը ավելի հստակ կազմակերպված բնույթ ունենա: Մենք 1998 թվականից սկսեցինք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդել Արցախի դպրոցներում, Հայաստանը մեզնից 6-7 տարի հետո անցավ դրան: Հույս ունենք մեր թեմի համար մեր հոգևոր ճեմարանը բացելու, հոգևորականներ պատրաստելու: Միտք ունենք մի օր, Աստված օրհնի, իսկապես, ճշմարիտ գործող վանք ունենալ` վանականներով: Զանազան ծրագրեր ունենք բանակի հետ, աշխատել և այսօր էլ շարունակում ենք և պիտի շարունակենք աշխատել: Բայց ասում եմ շա՜տ-շա՜տ` մի օվկիանոս, 2 օվկիանոս աշխատանք ունենք անելու:
Եվ այսօր արդեն ահագին տարբերություն կա համեմատած 20 տարի առաջվա հետ. պատարագներ, մկրտություններ, պսակներ, ժամերգություններ և այլ հոգևոր բնույթի ծիսակատարություններ են կատարվում:
- Ո՞րն է հոգևորականի դերը եկեղեցի-հասարակություն կապն ամուր պահելու, իսկական արժեքներ քարոզելու հարցում:
- Գիտե՞ք, ձևը մնացել է նույնը` հոգևորականը պիտի Ավետարանը քարոզի: Մեր տոները, մեր ծեսերը բացատրի, որ դրանով մեր բարոյական մակարդակը էլ ավելի բարձրանա, և գիտելիքները խորանան ժողովրդի մեջ: Սա է անելիքը: Որքան շատ անենք, այնքան շատ շահելու ենք:
Երբ փլուզվեց խորհրդային իշխանությունը, եկեղեցին և հոգևորականներն ազատություն ստացան, կարողացան քարոզել, դասավանդել, ուսուցանել և ցանկացած վայրում ծիսակատարություններ կատարել: 70 տարիների այդ անդունդի պատճառով ժողովուրդը, փաստորեն, զրկված էր իր հոգևոր ժառանգության գանձերն օգտագործելուց: Եվ այսօր այդ պատեհ առիթն ունենք: Բարեբախտաբար, հարյուրավոր կրոնական բնույթի գրքեր են հրատարակվում, ունենք հեռուստակայան, ռադիոկայան, հայորդաց տներ, կիրակնօրյա դպրոցներ: Կրոնն ուսուցանվում է որոշ բուհերում, դպրոցներում, ունենք աստվածաբանական ֆակուլտետ, մի շարք հոգևոր ճեմարաններ, գնդերեցներ, հոգևորականներ, որոնք ազգային բանակում հոգևոր ծառայություն են մատուցում զինվորականներին, սպաներին: Փորձում ենք մեր հոգևոր ժառանգությունը վերադարձնել մատաղ սերնդին, այսինքն՝ այն, ինչ պատկանում է նրանց: Անելիքներ դեռ շատ ունենք: Չմոռանանք, որ հայ ազգը քրիստոնյա է եղել իր կենցաղով: Մարդու կենցաղով է բնորոշվում քրիստոնյա լինելը: Ոչ միայն ասելով են քրիստոնյա, մկրտված լինելով կամ եկեղեցում ամուսնանալով, այլև կենցաղով: Դա գիտակցություն է, ապրելաձև է: Հոգևորականները դեռ շատ անելիքներ ունեն այդ հարցում:
Նշեմ նաև, որ մեր թեմում մի քիչ ծանր է հոգևորականի գործը, ֆիզիկապես ծանր է: 10-11 հոգևորականով 270 գյուղ են սպասարկում: Պատկերացրեք մեկ հոգևորականը 25-27 գյուղ պիտի սպասարկի: Ինչքան պիտի շրջագայի քահանան: Մեզ դեռ պետք է 20-30 քահանա:
- Վերջերս նշվեցին Արցախի և Հայաստանի անկախության տոները: Դուք ևս անմասն չեք այն ձեռք բերելու գործում: Ի՞նչ զգացողություններ, ի՞նչ մտորումներ եղան այդ տոները նշելիս:
-Շատ պարզ ասեմ. փոքրուց միշտ երազել եմ անկախ, հզոր, կայուն Հայաստան ունենալ, և, փա՜ռք Աստծո, մասամբ ունենք: Ոչ այն չափերով, որ ես էի երազում, բայց հազա՜ր փառք։ Հայոց հաղթանակը տեսա, որի համար շատ ուրախ եմ, Հայոց անկախությունը տեսա` ի դեմս 2 հանրապետությունների: Իհարկե, դա ինձ համար մեծագույն ուրախություն է, հոգիս ուղղակի ցնծում է, և Աստծուն փառք եմ տալիս. թող Աստված շատ չհամարի:
Ձեռք բերածը կարող ենք պահպանել, երբ որ լինենք սիրով և միաբան, հավատով և մեծ հույսով, և ավելին կստանանք: Ըստ հավատի է տրվում մարդուն, ազգին, պետությանը: Մեզանից է կախված:
- Ի՞նչ հուշեր արթնացան, խոհեր ծնվեցին Ձեր հոգում այդ տոնական օրերին:
- Մեր ժողովուրդը մաքառեց, մեծագույն գին վճարեց: Նայեք, կարծես թե ամբողջ հայ ազգը միաբանվել էր Արցախի շուրջը՝ 10 մլն հայ, կարծես թե 10 միլիոնանոց բանակ ունեինք, բոլորի միտքը, հոգին, երազանքը, ցանկությունը նույնն էին: Ծանր տարիներին լույս չկար, տրանսպորտ չկար, մարդիկ ոտքով 20 և ավելի կիլոմետր աշխատանքի էին գնում հանուն մի նպատակի: Կամավորները` երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ, գալիս էին, ու մի տեսակ բոլորի ուշքն ու միտքը սևեռված էին մի նպատակի: Միաբան էինք, բարդություններով անցանք և հրաշքի նման հաղթանակ ունեցանք: Իհարկե, այդ տեսակետից մեր ազգը կեցցե, Աստված պահի մեր ազգը, համբերատար ձևով հանուն սրբության, հանուն հայրենիքի, հանուն ամենաազնվագույն նպատակի ամեն ինչի գնաց: Մեծ զոհողության գնաց մեր ազգը, մեծ զրկանքների, բայց հաղթահարեց: Նպատակը հստակ էր, սուրբ էր, արդար էր, և մենք միաբան էինք: Բարի, շիտակ ազգ ենք: Եվ ես ասեմ, որ առաջին օրերին` օպերայի այն յոթնօրյա ցույցերի ժամանակ, ես տեսա, որ ազգն իսկապես կերպարանափոխվեց և դարձավ սուրբ: Եվ, իսկապես, սուրբ էր ազգը օպերայի հրապարակում, ուրեմն մեր ազգը կարող է, ու մեր ազգին դա շնորհվեց այդ օրերին: Ես այն ժամանակ ուրախությունից արցունք էի թափում, որ մենք այսպիսի ազգ ենք, իմ` մանկուց երազած ազգն էր, որ ես տեսա: Այսպիսին պետք է լինի հայը` սիրով, միաբան և ազնվագույն, բարի:
ՈՒ թեև այն ժամանակ Սսովետական կայսրությունը կար, միևնույն է, ազգը ցույց տվեց, թե ինքը
ինչպիսին է: Փառք Աստծո, այդպիսին է հայ ազգը:
-Սրբազան, Դուք Ձեր անձնական ներդրումն եք ունեցել անկախ Արցախի կայացման գործում: Ի՞նչ դրվագներ են տպավորվել պատերազմական տարիներից:
- Որը հիշեմ, որը պատմեմ, ամեն մեկը մի հերոսապատում է, ի՞նչ պատմեմ:
Պատերազմի ժամանակ ինձ զարմացրեց 10 տարեկան մի մանչուկ: Ռմբակոծում էին քաղաքը: Արդեն 6-7 ամիս դպրոցները փակ էին: Ներքևից բարձրանում էինք, այդ տղան պայուսակը ձեռքին վերևից իջնում էր: Դիմացի փողոցում կանգնեցրի: «Տղա՛ ջան, էս ո՞ւր ես գնում»,- հարցրի: Բարբառով ասաց. «Շկոլ եմ գնում»: Ասում եմ. «Այ տղա, ռմբակոծում են, դպրոցը փակ է, ո՞ւր ես գնում»: Ասաց. «Չհասկացա, էս կռիվը 10 տարի որ շարունակվի, ես ի՞նչ է, անգրագե՞տ պիտի մեծանամ»: Ա՜յ քեզ բան: Այդ երեխային հետ դարձրինք, տարանք վերև, որ գնա տուն, մտնի նկուղային հարկ, ապահով մնա: Բայց երեխայի այդ միտքը, ցանկությունը, որ ինքը անգրագե՞տ պիտի մեծանա, ապշեցրեց: ՈՒ ռումբերի տակ այդպես խիզախ, մեն-մենակ քայլում էր:
Մի դեպք էլ. դեռ Աղդամը ազատագրված չէր: Մոսկվայից հյուրեր ունեինք, թղթակիցներ և այլք: Եկանք, բարձրացանք Ասկերանի շրջանի ՈՒղտի մեջք կոչվող լեռան գագաթը` մերոնց դիրքերը տեսնելու: Դիրքերից իջել, երևի իր պոստը հանձնել էր 1953 թվի ծնված Սերգեյ անունով մի տղա, որը նիհար էր, մի կոշիկը ամբողջովին պոկված, բինտով կապած, սպիտակ շապիկով, կանաչ գույնի ինչ-որ կիտել էր հագել, մաշված կոշիկներով նստել վառարանի մոտ թեյ էր խմում: Մի սոխ ուներ, մի կտոր պանիր և հաց: Որ տեսավ գալիս ենք, ճանաչեց, բարևեցինք: Մեր արևի տակ արևահարվել էր, մի քիչ մգացել էր գույնը։ Դեռ քաղաքից` Ստեփանակերտից էի իրեն հիշում, ասացի. «Սերգեյ ջան, ո՞նց ես»: Ասաց. «Շատ լավ, փառք Տիրոջը»: Նայեցի իր ավտոմատին, ասացի. «Քանի՞ փամփուշտ ունես»: Ասաց` 45: Էնպես ասաց 45, կարծես թե ատոմային զենք ուներ: Հո ծիծաղելի բան է, սեղմես` 2 վայրկյանում կդատարկվի: ՈՒզեցինք հետը զրուցել: Վեր կացավ, ուզում էր մեզ մի բան հյուրասիրել, չնայած ինքն էլ բան չուներ ուտելու, բայց դե հայի բնավորություն է, պիտի հյուրասիրի: Հարցրի. «Սերգեյ ջան, ինչի՞ կարիք ունես»: Կարող էր ասել` կոշիկի, սննդի, փամփուշտի: Ինքը չծխող էր, բայց ասաց. «Սրբազան ջան, ծխող տղաներ ունենք, խրամատներում սիգարետ չունեք, մեղք են տղաները, եթե կարաք` մեկ- մեկ իրենց օգնեք»:
Ընկերոջ մասին է մտածում, չի ասում` փամփուշտ տվեք, այս տվեք, այն տվեք: Այսպիսին էին երիտասարդ տղայի` Սերգեյի, հայոց լեզվի ուսուցչի մոտեցումը, գիտակցումը, հոգին, վերաբերմունքը: Մնացինք ապշած, հայի տիպար, ուղղակի ապշած էինք, ինքը ոչնչի կարիք չունի, թեև ամեն ինչի կարիք ունի, ու ընկերների մասին է մտածում, որոնք ծխող են, և սիգարետներ չկան:
Էլ չեմ ասում կռվող տղաների` մեր հերոսների` ֆիդայիների մասին: Շատ երկար կարելի է խոսել` ինչ նվիրյալ անձնավորություններ են եղել կամ են: Մինչ այսօր քայլում են, կենդանի լեգենդներ են: Որի՞ մասին պատմեմ: Մեկի մասին պատմեմ, մյուսը կնեղանա, շատ շատերին, գրեթե մեծամասնությանը, ճանաչել եմ անձամբ: Բայց սովորական այդ տղայի կերպարը ապշեցրեց մեզ:
Ես տեսնում էի, որ երբ գյուղացի տղաները սարերից իջնում էին, պիտի հանգստանային, մյուս տղաները տաք ջրով թասը բերում էին, ընկերոջ ոտները լվանում, շուտ-շուտ վերականգնում էին նրանց, իրենք էին գնում փոխարինելու: Արագ-արագ ընկերոջ ֆիզիկականը փորձում էին վերականգնել, խնայում էին իրար, որովհետև մեկից, մյուսից էր կախված հաղթանակը: Այսպիսի վերաբերմունք եղբայրական, ընկերական, և ծնողի վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ, սա մի արտակարգ երևույթ էր:
- Արցախի անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը, Ձեր կարծիքով, ո՞րն է:
-Պետականությունը և նոր սերունդը: Այդ սերունդը, գիտե՞ք ինչ է: Արցախը 60-70 տարի Ադրբեջանի լծի տակ էր, հիմա անկախ է: Մեր ծանոթներից մեկը պատմում է, որ հին ֆիդայիների հետ խոսելիս, երբ ասել են` ազերին եկավ, թուրքը եկավ, խփեցինք, այս նոր սերնդի երեխան ասել է. «Տատիկ, ազերին ի՞նչ է, ո՞վ է»: Արցախում երեխա է մեծանում, որը լուր չունի, թե ազերին ինչ է, թուրքը ինչ է, հասկանում եք, զարմանալի մի նոր սերունդ է մեծանում: Մենք այժմ սերունդ ունենք, որը ո՛չ ադրբեջանցի է տեսել, ո՛չ Սովետական Միություն: Դա անկախության ձեռքբերումն է: Սա մի այլ որակի սերունդ է` անկաշկանդ, մտածող սերունդ է, դա այլ որակ է: Իհարկե, բոլորիս նվաճումը անկախ պետականություն ունենալն է, մեծագույն նվաճում, մեծագույն` առանց հաշվի առնելու մյուս ձեռքբերումները: Էն էլ մեկի դեմ Աստված երկու հանրապետություն տվեց, ավանսով տվեց, թե` լավ պահեք Ձեզ, հայեր, ավելին կտամ:
-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ու Արցախի ապագան, ի՞նչ քայլեր են պետք հասնելու Ձեր պատկերացրած Հայրենիքին:
-Նախ և առաջ` ես իրատես լավատես եմ, հավատում եմ և համոզված եմ, որ մեզ լավ ապագա է սպասում: Ճիշտ է, միշտ օբյեկտիվ, սուբյեկտիվ դժվարություններ կունենանք, պիտի հաղթահարենք: Ժողովրդին շատ բան պետք չէ, ժողովրդին, գիտե՞ք, ինչ է պետք` արդարության զգացում և հույս, ընդամենը: Ժողովուրդը ամեն ինչ հաղթահարելով կգնա: Եթե ժողովրդի մեջ հույսը կամ արդարության զգացումը կոտրվեց, ինքը իր մեջ կխախտվի, դա վտանգավոր է: Մենք բոլորս դրա մասին պիտի մտածենք:
-Ի՞նչ է անհրաժեշտ ազգի երջանկության և հարատևության համար:
-Առաջինը` հավատ և հույս, երկրորդը` ամենակարևորը, ազգային միաբանություն և անկոտրում կամք: Հայտնի է, որ առանց հավատի բոլոր գործերը մեռած են, իսկ առանց գործերի հավատն է մեռած: Իհարկե, այս բոլորի հետ պետք է լինի Աստծո օրհնությունը:
-Ձեր` Հոգևոր հովվի մաղթանքը մեր ժողովրդին:
-Կմաղթեմ մեր ազգին մեծագույն հաջողություն, ամուր հավատ և անսահման հույս:


Զրույցը` Սուսաննա ՆԵՐՍԵՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1954

Մեկնաբանություններ