Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով դիմակայենք այս աշխարհի իշխանի հոգեկործան բոլոր հնարքներին

Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով  դիմակայենք այս աշխարհի իշխանի  հոգեկործան բոլոր հնարքներին
01.10.2013 | 10:38

Հայտնի է ամենքիս, որ հիմա աշխարհում ամենատարածված սարքերը համակարգիչներն են, սկսած գերհզոր «Գազան» կոչվող համակարգչից, որ գտնվում է Բելգիայում, որտեղ հավաքվում է աշխարհի յուրաքանչյուր մարդու վերաբերյալ ցանկացած տվյալ, վերջացրած մեր բնակարաններում ու մարդկանց ձեռքերում գտնվող համակարգիչներով։ Այդ սարքերի մեծ մասն օգտագործվում է միմյանց հետ հաղորդակցվելու և ինտերնետա-արբանյակային կապի միջոցով ցանկացած ինֆորմացիա ստանալու նպատակով։ Եթե մի օր վերանա ինտերնետային այդ կապը, մարդկությունն անմիջապես կդառնա կույր ու անօգնական։
Եվ այս աշխարհի իշխանի՝ Նեռի նպատակն էլ հենց դա է՝ տիրել մի միջոցի, որի շնորհիվ կարողանա իշխել մարդկանց վրա, իր կամքը թելադրել համայն մարդկությանը և կառավարել ինչպես ինքը ցանկանա։ Եվ ժամանակակից գլոբալիզացիայի նպատակը աշխարհի միապետության դիկտատուրայի հաստատումն է, որ բոլորը հնազանդվեն ու կատարեն այդ մեկի՝ Նեռի կամքը՝ ճակատներին ու աջ ձեռքներին կրելով 666-ի կնիքը։ Իսկ թե որն է նրա կամքը, կարող ենք հասկանալ միմիայն ճշմարտության խոսքով՝ Աստվածաշնչով։ Եվ հիմա, ինչ որ կկարդաք Աստծո խոսքից, խորհուրդ ենք տալիս մեծ ուշադրությամբ կարդալ, քանզի այն կարևոր է յուրաքանչյուրիս հոգու փրկության համար։ Հովհաննես առաքյալն իր ուղերձներից մեկում գրում է. «Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է։ Եվ ինչպես լսել եք, Նեռը գալու է, բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է։
Նա՛ է Նեռը, ով ուրանում է թե՛ Հորը և թե՛ Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Քանզի ամեն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մեջ չունի նաև Հորը։ Իսկ ով խոստովանում է Որդուն, իր մեջ նաև ունի Հորը»։
Երբ Հիսուսն Իր աշակերտներին հարցրեց. «Իսկ դուք Իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ Ես», Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դո՛ւ ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: Հիսուս պատասխանեց նրան՝ ասելով. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Եվ Ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն» (Մատթեոսի ավետարան 16. 15-18):
Այսինքն, ըստ Հիսուսի այս խոսքերի, դժոխքի դռները, ասել կուզի` սատանայի զորությունը, չպիտի հաղթի միայն նրանց, ովքեր կհավատան, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, քանզի հենց այդ է մեր Արարիչ Հոր կամքը, որ մենք հավատանք Իր ուղարկածին, ինչպես որ գրված է. «Ա՛յս է Իմ Հոր կամքը. ամեն ոք, ով տեսնի Որդուն և հավատա Նրան, ունենա հավիտենական կյանք. և Ես նրան վերջին օրը հարություն առնել տամ» (Հովհաննես 6.40)։
ՈՒ Նեռի վերջնանպատակն էլ հենց այդ է, ամեն գնով մարդ արարածին խանգարել ու արգելել, որ նա ճանաչի ու հավատա Հիսուս Քրիստոսին, որ ազատվելով չարի կապանքներից՝ կյանք ունենա։
Այս բոլորը թող լինի նախաբան, ինչի մասին որ կուզենայինք հիմա գրել։
Ժամանակակից աշխարհը կարծես մի անտեսանելի ու մահաբեր վիրուսով է վարակվել, ինչպես համակարգիչներն են վարակված տարբեր վտանգավոր վիրուսներով։ Եվ մեր շրջապատի մարդկանցից հաճախ ենք լսում, որ իրենց երեխաները դարձել են անկառավարելի ու անհնազանդ։ Իսկ բազմաթիվ ընտանիքներ էլ քայքայվում են մեր աչքի առաջ, ու շատ ժամանակ անհասկանալի ու չնչին առիթներով բաժանվում են միմյանցից, որպես հետևանք թողնելով որբացած ու խեղված ճակատագրերով դժբախտ երեխաներ։ Այս մասին ևս գրված է Ճշմարտության գրքում. «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը» (Բ Տիմոթ. 3.1-5)։
Պողոս առաքյալի մարգարեացած այս խոսքերում կարող ենք տեսնել ժամանակակից հասարակության իրական պատկերը, մանավանդ ծնողներին անհնազանդ երեխաների ու մարդկանց դաժանության վերաբերյալ։ Հասարակություն, որտեղ պակասել է հնազանդությունը ծնողների ու հարգանքը մեծերի հանդեպ, և գերիշխում են դաժանությունն ու անգթությունը միմյանց նկատմամբ, նույնիսկ հարազատների միջև։ Եթե հասարակությունը վարակված է նման ախտերով, էլ ինչո՞ւ ենք զարմանում, երբ շուրջբոլորը տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք։ Իսկ այս ամենի ուղիղ հետևանքն են համաճարակները, բնական աղետները, անբուժելի հիվանդություններն ու տարաժամ մահերը..., և արդյունքում՝ դժոխք գնացող բազում հոգիների կորուստ։
Հենց այս էլ սատանայի կամքն է, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդուն դժոխքի վիժվածք դարձնելը։ Ինչպես է նա հասնում իր նպատակի՞ն։ Շատ պարզ, մեծ մասամբ հեռուստացույցի ու ինտերնետի միջոցով, որտեղ կան ամենակարևոր այն երկու գործոնները, որոնց միջոցով նա Ադամին ու Եվային խաբեց դրախտում, այսինքն՝ խոսքի ու պատկերի միջոցով։ Ասվածը հաստատելու համար կարդանք Ծննդոցում գրված այս հատվածը. «Օձն ասաց կնոջը. «...այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը»: Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և գրավիչ՝ ըմբռնելու համար: Նա առավ նրա պտղից, կերավ և տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, և նրանք կերան: Երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են»: ՈՒշադիր եղա՞ք մեղքին ուղղորդող ճանապարհը. օձը՝ սատանան, խոսե՛ց, Եվան լսե՛ց, ապա տեսա՛վ, որ գրավիչ էր ու ակնահաճո, գայթակղվեց, կերավ և ամուսնուն էլ տվեց կերան ու դրանով թե՛ իրենց, թե համայն մարդկության մահվան ու դժբախտությունների պատճառը հանդիսացող չարի և բարու գիտության պտուղը ճաշակեցին, քանզի մենք մեռնում ենք դեռ մեր մոր որովայնից մեղքի մահվան վիրուսով վարակված լինելու պատճառով։ Եվ այդ ամենը մեր նախածնողների՝ Ադամի ու Եվայի` Աստծո խոսքին անհնազանդության ուղղակի հետևանքն է։
Եվ հեռուստացույցների ու համակարգիչների ինտերնետային կապի միջոցով սատանան օր ու գիշեր հենց այդ՝ չարի և բարու գիտության մահվան պտղի սերմեր է սերմանում նախ մարդկանց ուղեղներում, իսկ երբ համաձայնվում են, ապա սրտերում են ընդունում ու մեղքով հղանում, իսկ դրանից հետո մահվան գործերը կատարում. և արդյունքում՝ բազում հոգիների կործանում։
Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կհակառակվեն ու կասեն. «Համակարգիչն ու հեռուստացույցը շատ օգտակար ու անհրաժեշտ բաներ են, որոնց միջոցով մարդկությունը մեծ զարգացում է ապրում, և հիմա առանց դրանց ամեն բան քաոսի կվերածվի»։
Որ իսկապես դրանք օգտակար են, դրանում այլ կարծիք լինել չի կարող։ Ինչ խոսք, համակարգչի միջոցով մենք կարողանում ենք մեր ուզած ինֆորմացիան գտնել և օգտագործել։ Բայց հարցն այն է, թե ինչ ենք փնտրում ու ինչպիսի նպատակների ենք ուզում ծառայեցնել։ Հիսուսը մի անգամ ասաց. «Մի՞թե փշերից խաղող և տատասկից թուզ կքաղեն», այսինքն, մի՞թե ապականված ու մեղավոր մարդը կարող է բարուն ծառայեցնել թեկուզ և ունեցածը արժեքավոր բան լինի։ Իմաստուն մարդը կարող է միայն ոսկին ծառայեցնել բարի և օգտակար բաներին, իսկ մեղավորները դրանով և՛ իրենց են վնասում, և՛ ուրիշներին գայթակղում։
Փորձե՞լ եք համակարգչով մի բան փնտրել ու բազմաթիվ գայթակղությունների չհանդիպել. էլ պոռնիկ ու կիսամերկ կանանց նկարներ, էլ զենքերի տարատեսակներ, էլ հեշտ ու արագ «հարստանալու» առաջարկներ, իսկ մնացածներն ինքներդ գիտեք։ Երբ երեխաներն ու պատանիներն են ցանկանում օգտվել համակարգչից, ի՞նչ եք կարծում, ամենաշատը ի՞նչ են ուզում տեսնել. ամեն ինչ, ինչ կապված է այլասերող սեքսի, մահվան դաժանությունների և այլազան մեղքերի հետ։ Դրա հետևանքն էլ ամենաուղղակի կերպով տեսնում ենք «զարգացած» երկրներում, որտեղ արդեն որերորդ դեպքն է, երբ պատանիները տասնյակ մարդկանց են գնդակահարում։ Իսկ մանկապիղծերը, սեքս¬մանյակները բազմաթիվ կանանց ու երեխաների են պղծում, ապա սպանում։ Որտեղի՞ց են նրանք սովորել այդ ամենը. պատասխանեք ինքներդ ձեզ ու խորհեք, թե ինչպես պաշտպանվել մեզ շրջապատող այդ «օգտակար սարքերից»։
Ես ամուսնալուծված բազմաթիվ ընտանիքներ գիտեմ, ոմանք էլ արդեն քայքայման շեմին են ինտերնետային կասկածելի ծանոթությունների պատճառով։ Իսկ շատ ընտանիքների ծնողներ արդեն անկարող են դիմակայել ու վերահսկել իրենց երեխաների վտանգավոր հետաքրքրությունների շրջանակը, քանի որ համակարգչային հնարքներին անծանոթ են։ Այսինքն՝ դրանց միջոցով երեխաները մեծ ազատություն են ստացել իրենց մեղավոր ցանկությունների փնտրտուքի համար։ Սա կոչվում է վիրտուալ կամ ներքին բավարարություն համացանցի միջոցով։ Նույնիսկ արդեն առաջացել է «կիբեռսեքս» տերմինը, այսինքն, ոչ թե մարմնով կատարվող մեղքի բավարարություն, այլ մտային ոլորտում, որը պակաս վտանգավոր չէ, քանի որ այդ ոլորտում մարդը, չունենալով ամուր և հաստատուն գաղափարային հենք, վարակվում է այլասերող մեղքի զանազան վիրուսներով ու ընկնում սատանայի ու իր կամակատարների լարած վտանգավոր ու մահաբեր որոգայթները։
Ասածս հաստատեմ մի օրինակով։ Անցյալ տարի, երբ Հայաստանում պատանիների բազմաթիվ ինքնասպանությունների դեպքեր գրանցվեցին, պարզվեց, որ նրանք «Էմոներ» կոչվող շարժման մեջ են ընդգրկված ինտերնետային համացանցի միջոցով, և ծնողներն էլ անտեղյակ են եղել, թե ինչ է կատարվում իրենց զավակների հետ։ Երբ ոստիկանության քննիչներն այդ ինքնասպաններից մեկի՝ 16-ամյա պատանու համակարգիչը միացրին, տեսան, որ իր ստացած վերջին գրությունն ամենաուղղակի կապ ունի նրա մահվան հետ, քանի որ հետևյալ հաղորդագրությունն էր ստացել. «Դու պրծի՛ր, որովհետև քեզանից հետո էլի մարդիկ կան. հերթագրվածները շատ են», իսկ ինքնասպանի գրպանում մի երկտող են գտել. «Ես չէի ուզում, դո՛ւք ստիպեցիք»։ Այդ պատճառով է Պողոս առաքյալը մեզ զգուշացնում. «Ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք» (Գաղատ. 5.16,17)։ Ահա՛ թե որն է դեղատոմսը. մի՛ արեք այն ինչ, ուզում եք, այլ Աստծո Հոգու զորությամբ սովորե՛ք մարմնի վնասակար ցանկություններին հակառակվել, այլապես մեղավոր ցանկությունները մեզ Աստծո դեմ կապստամբեցնեն, մահվանը կընտելացնեն ու դժոխքին կմոտեցնեն։
Եվ այն ընտանիքներն ու ծնողները, որոնք գիշեր¬ցերեկ մտածում են միայն իրենց ու երեխաների ուտել¬խմելու, հագնվելու ու զվարճանալու և այլ մարմնավոր ցանկությունների բավարարման մասին, մոռանում են, որ մարդը նաև հոգի ունի, որն անհրաժեշտ է եկեղեցու միջոցով Աստծո հանդեպ հավատով, սիրով ու ամենակարևորը՝ երկյուղով դաստիարակել, այդպիսի ընտանիքներն արդեն վարակված են հոգևոր ու մահաբեր վիրուսով։
Հարց. Իսկ ի՞նչ կարող ենք անել։
Պատասխան. Ինչպես բոլոր վիրուսներից են պաշտպանվում համապատասխան հակավիրուսով, այդպես էլ տվյալ դեպքում: Քանի որ այդ վիրուսները բացասական ինֆորմացիա են պարունակում, մենք էլ պետք է հակազդենք դրականով, որ է Աստծո կենդանի խոսքը, որը գործադրվում է հավատով ու Աստծո վախով, որն իմաստության սկիզբն է։ Եթե մեկն իր սրտում ունենա Աստծո խոսքն ու Աստծո երկյուղը, ապա նա աղոթքի զորությամբ հեշտությամբ կհաղթահարի այդ բոլոր որոգայթներն ու գայթակղությունները։
Քանի որ սատանան ստության հայրն է, ապա մենք էլ Ճշմարտության Խոսքով՝ Աստվածաշնչով ու Իր հանդեպ փրկարար երկյուղով դաստիարակենք մեզ ու մեր երեխաներին, և Հիսուս Քրիստոսի հաղթող Անունով դիմակայենք այս աշխարհի իշխանի հոգեկործան բոլոր հնարքներին։
Աստված մեր բոլորի մայր Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությամբ թող պահապան և օգնական լինի բոլորիս ընտանիքներին։ Ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ