Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հոգևոր բերքահավաք Սուրբ Էջմիածնում

Հոգևոր բերքահավաք Սուրբ Էջմիածնում
30.09.2013 | 15:07

Արդեն գրել ենք, որ սեպտեմբերի 24-ին, 572 տարի ընդմիջումից հետո, Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Համայն հայության առաքելական եկեղեցու եպիսկոպոսական ընդհանրական ժողովը: Ընդհանրականը ընդհանրական էր, բացի 13 բացակայող եպիսկոպոսներից, որոնցից առանձնապես աչքի ընկնողը վերջերս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված քննադատական նամակի հեղինակն էր, Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Մենք խորությամբ չգիտենք այդ հոգևոր ճեղքվածքի բուն արմատները, բայց առավել բարձր սկզբունք ունենք, որով պետք էր առաջնորդվել, և դա անձամբ Հիսուս Քրիստոսի խոսքն է. «Եթե մեկի դեմ բան ունես, գնա և նրան ասա այդ մասին»: Ինչևէ, կանգ չառնենք այդ անցանկալի իրողության վրա, քանի որ եպիսկոպոսական ժողովը բացեց մեր եկեղեցու հետագա անելիքների դուռը, որին սպասում էինք այդքան երկար ժամանակ: Հատկապես մկրտության կարգի կանոնավորման և սրբադասման կարգը, այլապես եկեղեցին առանց սրբերի, արդեն չի կարող ինքը սուրբ կոչվել, քանի դեռ իր մեջ սրբեր չի ծնում: Բայց առանց սրբադասման էլ մենք պատմության էջերից գիտենք, որ նրանք քիչ չեն ու սպասում են իրենց սրբադասման հերթին:

Այժմ, քանի որ ավարտվել է այդ եզակի ժողովը, ընթերցողին տեղեկացնենք նաև դրա արդյունքների մասին:
Սրբադասման հանձնախմբի կատարած աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքների մասին զեկույցներ ներկայացրին հանձնախմբի համաատենապետներ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ եպիսկոպոսաց ժողովը որոշեց.
ա. որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը,
բ. հանձնարարել սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար,
գ. հանձնարարել սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար:
Սեպտեմբերի 25-26-ի նիստերին եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության առան Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ ծիսական հանձնախմբի կատարած աշխատանքները: Զեկույցներ ներկայացրին հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը և Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Համակողմանի քննարկման արդյունքում ժողովն ընդունեց Ս. Մկրտության և Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիր: Քննարկման նյութ դարձան Ս. Մկրտության խորհրդի հետ առնչված հարցերի ուղեցույցը և Ս. Մկրտության խորհրդի խրատական-ուսուցողական ձեռնարկը, որոնց առնչությամբ ծիսական հանձախմբին հանձնարարվեց շարունակել լրամշակման աշխատանքները: Կարևորությամբ քննարկվեցին նաև Հայ եկեղեցու ծիսական լեզվի խնդիրը և այլ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն նկատվեց հավելյալ ուսումնասիրությունների:
Սեպտեմբերի 27-ի նիստերը նվիրված էին Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերներին: Այս մասին զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթադաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա եպիսկոպոսաց ժողովներին:
Այս ժողովին չէին կարող ինչ-որ ձևով չանդրադառնալ նաև մեր սիրիահայ համայնքի մտահոգիչ խնդիրներին, այդ պատճառով եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ առաքելական եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ:
Ժողովի ավարտին եպիսկոպոսաց դասը գոհունակությամբ արձանագրեց ժողովի արդյունավետ ընթացքը և երախտագիտություն հայտնեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին` Մայր Աթոռում եպիսկոպոսաց եղբայրական սիրով համախմբման հնարավորության համար: Ժողովականները կարևոր նկատեցին եպիսկոպոսաց ժողովների պարբերաբար գումարումը` Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անդրադառնալու և դրանց առնչությամբ հայ եկեղեցու տեսակետները և մոտեցումները ճշգրտելու նպատակով:
Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը որոշվեց գումարել 2014թվականի աշնանը:
Ժողովը փակվեց Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի օրհնության ու գնահատանքի խոսքով և աղոթքով:
Մենք էլ, որպես այդ եկեղեցու լիիրավ անդամ, աղոթենք ու ցանկանանք համայն հայությանը սեր և միաբանություն՝ երկնքում գտնվող հաղթանակած եկեղեցու սրբերի բարեխոսությամբ:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ