Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը

Հաջորդ Եպիսկոպոսաց ժողովը՝ 2014-ի աշնանը
29.09.2013 | 12:52

Սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի դիվանը ամփոփել է ժողովի աշխատանքները:
«Սեպտեմբերի 24-ի նիստերին եպիսկոպոսաց դասը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:
Զեկույցների քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման գործընթացի առնչությամբ Եպիսկոպոսաց ժողովը որոշել է՝ որդեգրել Հայոց ցեղասպանության նահատակների հավաքական սրբադասման սկզբունքը, հանձնարարել Սրբադասման հանձնախմբին` շարունակել նահատակների անհատական և խմբային սրբադասման ուսումնասիրությունը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովներին ներկայացնելու համար, հանձնարարել Սրբադասման հանձնախմբին մշակել սրբադասման կանոնակարգը և արարողակարգը` Եպիսկոպոսաց առաջիկա ժողովին ներկայացնելու համար:
Սեպտեմբերի 25-26-ի նիստերին Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները քննության են առել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաջին երկու խորհուրդների` Ս. Մկրտության և Դրոշմի առնչությամբ Ծիսական հանձնախմբի կողմից կատարված աշխատանքները:
Սեպտեմբերի 27-ի նիստերը նվիրված էին Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերներին: «Քննարկելով ներկայացված մարտահրավերները, որոնք վերաբերում էին Եկեղեցու ծիսական, քարոզչական կյանքին և կրթա-դաստիարակչական ու սոցիալական առաքելությանը, հայապահպանության խնդիրներին` ժողովականները որոշեցին դրանք առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին», - ասված է հաղորդագրությունում:
«Եպիսկոպոսաց ժողովը արդյունքների ամփոփման հանգրվանին մտահոգությամբ անդրադարձավ նաև մեր ժողովրդի ազգային, եկեղեցական կյանքում առկա ընկերային, տնտեսական, ժողովրդագրական և տարաբնույթ այլ մարտահրավերներին ու դժվարություններին: Նշյալ մարտահրավերներին ու հիմնախնդիրներին ընդառաջ, եպիսկոպոսաց դասը, ելնելով Հայ Առաքելական Եկեղեցու ծառայական ոգուց, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, որոշեց հաստատել հիմնադրամ` Հայաստանի ու Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնադրամի գործունեության մեկնարկի համար հաստատվեց երկու միլիոն ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ, իսկ հիմնադրամի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար ստեղծվեց հատուկ հանձնախումբ», - նշված է հաղորդագրությունում:
Ժողովականները կարևոր են նկատել եպիսկոպոսաց ժողովների պարբերաբար գումարումը` Հայ Առաքելական եկեղեցու առջև ծառացած զանազան մարտահրավերներին ու հայ ժողովրդին հուզող հարցերին անդրադառնալու և դրանց առնչությամբ Հայ Եկեղեցու տեսակետները և մոտեցումները ճշգրտելու նպատակով: Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերները որոշվել է «առաջնահերթության սկզբունքով համապարփակ քննության առարկա դարձնել առաջիկա Եպիսկոպոսաց ժողովներին»: Եպիսկոպոսաց հաջորդ ժողովը որոշվել է գումարել 2014 թվականի աշնանը:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ