«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Համաշխարհային ջրհեղեղն իսկապես եղել է. գիտնականները աստվածաշնչյան տեքստերի սենսացիոն հաստատումներ են գտել

Համաշխարհային ջրհեղեղն իսկապես եղել է. գիտնականները աստվածաշնչյան տեքստերի սենսացիոն հաստատումներ են գտել
22.02.2024 | 19:24

Ըստ թուրք գիտնականների, հայտնաբերել են Նոյյան տապանի մնացորդները

Արարատ լեռան վրա կատարված պեղումները սենսացիոն արդյունքների են հանգեցրել։ Ըստ թուրք գիտնականների, պեղումները կատարել են այն վայրում, որտեղ նստել է Նոյն իր տապանով ու սպասել Համաշխարհային ջրհեղեղի ջրերի իջնելուն:

Կարճ ասած՝ Արարատ լեռան վրա հայտնաբերվել են ծովի ջրի հետքեր, կավ և ծովային օրգանիզմների մնացորդներ, որոնք այնտեղ առանց Համաշխարհային ջրհեղեղի, չէին կարող հասնել, չէին կարող գոյություն ունենալ: Սա հաստատումն է նրա, որ Համաշխարհային ջրհեղեղ, իրոք, եղել է:

Գտածոների մասին հայտարարել են Թուրքիայի Ստամբուլի տեխնիկական համալսարանի, Էնդրյուի համալսարանի և Աղրըի (հայկական պատմական անունը՝ Քարբեր, այնուհետ՝ Բագավան, Կարաքիլիսա) Իբրահիմ Չեչենի համալսարանի գիտնականները, որոնք 2021թ. դեկտեմբերից պեղումներ են իրականացրել, այսպես կոչված, «Արարատյան անոմալիայի» տարածքում: Այս մասին գիտական արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Ֆարուկ Քայայի (Faruk Kaya) խոսքերի մեջբերմամբ անցյալ աշնանը հայտնել են «Arkeonews» կայքը և բրիտանական «Daily Mail»-ը։

Ըստ վերոնշյալ հրապարակումների, թուրք գիտնականներն «անոմալիայի» շրջանում 2022 թ. քարի, հողի մասնիկների և այլնի մի քանի տասնյակ նմուշներ են հավաքել, ուղարկել լաբորատորիա՝ անալիզների, և անցյալ տարվա աշնանը հավաստիացրել, որ նմուշները պարունակում են կավային և ծովային նյութեր, ինչպես նաև ծովային օրգանիզմների մնացորդներ, որոնք մոտավորապես 5 500 տարեկան են։

Այստեղ ընդգծենք, որ Արարատ լեռան, ավելի որոշակի՝ Մեծ Մասիսի վրա ծովի ջրի հետքեր հայտնաբերվել էին դեռ թուրք գիտնականների վերջին հետազոտություններից առաջ: Ահա թե ինչ է այդ մասին գրել բուլղարացի նշանավոր գրող Վրբան Ստամատովն իր «Մակույկով մինչև Արարատ» գրքի (Երևան, «Հայաստան», 1989) 30- րդ էջում.

«Տարօրինակ է, որ Արարատի սառույցներից կատարելապես հղկված կոնի փեշերին, կիլոմետրեր շարունակ, եղեգների մեջ փայլատակում են աղի դաշտեր: Որտեղի՞ց են գոյացել, եթե ոչ երբեմնի ջրհեղեղի hետ քաշվող ջրերից: Բնականաբար, դրանք այսօր ոչ մեկի վրա տպավորություն չեն գործում: Հիմա այդ տեղերից աղ է արդյունահանվում: Երբեմնի չարիքի վաղուց մոռացված այդ վկայությունները վեր են ածվել օգտակար հանածոների, լեգենդները՝ խանութներում վաճառվող աղի բյուրեղիկների…»:

Այսպիսով Թուրքիայի գիտնականների հայտնաբերածում նորությունը միայն կավային նյութերը և ծովային օրգանիզմների մնացորդներն են, եթե, իհարկե, չեն հայտնաբերել նաև Համաշխարհային ջրհեղեղի և Նոյան տապանի հետ կապված այլ նյութեր, որոնց մասին վերոնշյալ պարբերականներին կարող էին չհայտնել:

Հաջորդը, որի վրա հարկ է ուշադրություն հրավիրել, ծովային օրգանիզմների մնացորդների տարիքի (5500) սխալ գնահատումն է, որը կարող է արված լինել ինչպես միտումնավոր՝ ինչ- ինչ նկատառմամբ Համաշխարհային ջրհեղեղն ընդամենը շուրջ 5500 տարվա իրադարձություն ներկայացնելու նպատակով (ցավոք, գիտության ասպարեզում ևս կեղծարարությունը շատ է տարածված), այնպես էլ գիտական խոշոր սխալի արդյունքում:

Հնարավոր է, հաշվի չի առնվել, որ ծովային օրգանիզմների մնացորդներն այդքան թարմ են մնացել Արարատի գագաթից ընդամենը մոտ 750 մետր ներքև հազարամյակներ շարունակ հավերժական սառածության պայմաններում մնալու շնորհիվ, հաշվի չեն առնվել ջրհեղեղից հետո կլիմայական, եղանակային պայմանները: Համենայն դեպս, առկա փաստերը վկայում են, որ Համաշխարհային ջրհեղեղը եղել է մեզանից 10- 12 հազար տարի առաջ:

«Արարատյան անոմալիան» նման է հսկայական նավի կմախքի, ավելի ճիշտ, այն հսկայական նավի տեսքով լեռնային կազմավորում է: Այն գտնվում է Արարատ լեռան հարավ-արևմտյան կողմում, լեռան գագաթից մոտ 2 կմ դեպի արևմուտք հորիզոնական հարթությամբ, մոտ 4420 մ բարձրության վրա։ Ժամանակակից Թուրքիայի Աղրըի մարզի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում գտնվող երկրաբանական կազմավորումը հնագետներին հետաքրքրել է 1959 թվականին հայտնաբերվելուց ի վեր:

Թուրքիայի համալսարանների գիտնականների կարծիքով, «Արարատյան անոմալիան» իրենից ներկայացնում է Նոյան տապանը, ավելի ճիշտ, նրա քարացած մնացորդները։ Այս հարցը շատ հեշտ է պարզել. ընդամենը պետք է «Արարատյան անոմալիա»- ի տարբեր վայրերից փորձանմուշներ վերցնել, դրանք լաբորատոր հետազոտությունների ենթարկել ու պատասխանել հետևյալ հարցին՝ դրանք քարացած փա՞յտ են, թե քարեր:

Կատարվե՞լ են, արդյոք, վերոնշյալ հետազոտությունները: Անհայտ է:

Համենայն դեպս, հիշյալ հրապարակումներում այդ մասին տեղեկություն չկա: Այսինքն՝ կամ չեն կատարվել, կամ Թուրքիայի համալսարանների՝ հետազոտությունները կատարած գիտնականներն այդ մասին չեն հայտնել «Daily Mail» և «Arkeonews» պարբերականներին, կամ հայտնել է, նրանք չեն հրապարակել:

Նկատենք, որ եթե խոսքը տապանի քարացած մնացորդների մասին է, ապա փայտի քարացման համար անհամեմատ մեծ ժամանակ պետք կլիներ, քան 5500 տարին: Ըստ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում առկա տեղեկատվության, քարացած կամ կարծրացած փայտը մեզ է հասել երկրաբանական դարաշրջաններից, իսկ վերջին երկրաբանական դարաշրջանի՝ Հոլոցենի ժամանակաշրջանի սկիզբը սկսվում է մ.թ.ա. 10 000 տարի առաջ, այն համընկնում է վերջին մայրցամաքային սառցապատման ավարտին Եվրոպայի հյուսիսում։ Հավելենք, որ սա համընկնում է նաև Համաշխարհային ջրհեղեղի ժամանակի վերաբերյալ առկա տեղեկություններին:

Տեղեկությունները, թե ով է հայտնաբերել «Արարատյան անոմալիան», տարբեր են։

Ըստ թուրքերի, այն 1959-ին մատնանշել է փորձագետ- քարտեզագիր կապիտան Դուրուպինարը։ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը, որը 1995 թ. հրապարակել է «Արարատյան անոմալիայի» իր լուսանկարները, հայտարարել է, որ դրանք արվել են հետախուզական ինքնաթիռից 1949 թվականին։

Խորհրդավոր վայրը բազմիցս լուսանկարել են ուղեծրից և՛ ամերիկացիները, և՛ եվրոպացիները: Բայց նույնիսկ շատ հստակ լուսանկարները, որոնք արվել են 2003թ. «Quick Bird» արբանյակից մինչև 60 սմ լուծաչափով, չեն հանգեցրել որևէ անվիճելի եզրակացության։

Թուրքիայի գիտնականների մտքի ընթացքը, տրամաբանությունն այսպիսին է. ծովի ջուրը, որը բարձրացել է առնվազն 4420 մետր նշագծին, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ ջրհեղեղ եղել է, հետևաբար Նոյան տապանի վերաբերյալ Աստվածաշնչում նշված տեղեկություններին կարելի է հավատալ, այսինքն՝ այն միտքը, որ «Արարատյան անոմալիան», ամենայն հավանականությամբ, իրենից ներկայացնում է «այն տեղը», որտեղ հանգրվանել է Նոյը, ամենևին էլ խելապակասություն չէ։

Վերոնշյալ վարկածը, ի դեպ, անուղղակիորեն հաստատում են հեղինակավոր գիտնական, Ռիչմոնդի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տապանագետ Պորչեր Թեյլորի խոսքերը։ 2001 թվականին նա «Կոմսոմոլսկայա պրավդա»- ին տված հարցազրույցում հայտնել է, որ 1955 թ. հուլիսին ֆրանսիացի արդյունաբերող և հետազոտող Ֆերնանդ Նավարան «Արարատյան անոմալիայից» ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտել է մարդու ձեռքով մշակված փայտի քարացած մեկ մետրանոց կտոր։

«Արարատյան անոմալիան» իրո՞ք Նոյան տապանի քարացած մնացորդներն է ներկայացնում: Այս կարծիքը հետագա գիտական հաստատման կամ հերքման կարիք ունի: Այս պահին կարելի է ասել, որ բացառված չէ, մանավա՛նդ, որ ըստ աստվածաշնչյան տվյալների, տապանի երկարությունը մոտ 180 մետր էր, լայնությունը՝ մոտ 27 մետր, այսինքն՝ երկարության և լայնության հարաբերակցությունը մոտ 6:1, և նույն համամասնությունները ցույց է տալիս նաև արբանյակներից նկարահանված «անոմալիան»։

Բացառված չէ նաև, որ լուսանկարում պատկերվածը Համաշխարհային ջրհեղեղի ջրերի տակ շուրջ 1 տարի մնալուց հետո խոնավացած տեղանքի վրա նստած հսկայական ու ծանր տապանի թողած հետքն է, իսկ տապանն անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ- ի, Մեծ Բրիտանիայի կամ Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից քանդվել ու մաս- մաս տարվել է գաղտնի պահեստարաններ կամ լաբորատորիաներ՝ ինչ- ինչ նկատառումներով մարդկությունից թաքցնելու կամ հետազոտությունների համար:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ