ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարտությունը Համաժողովրդական շարժման համար կլիներ մարտավարական լուրջ սխալ

Պարտությունը Համաժողովրդական շարժման համար կլիներ մարտավարական լուրջ սխալ
22.08.2008 | 00:00

ԵՎՍ ՄԵԿ «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»
Ինչպես հայտնի է, թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին ԿԸՀ-ն նշանակել է մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ, սակայն ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ այստեղ առաջադրված է պատգամավորության միայն մեկ թեկնածու` Հովիկ Աբրահամյանը, քանի որ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած մյուս երկու թեկնածուները` Հրանտ Խաչատրյանը և Գրիշա Վիրաբյանը, դուրս եկան ընտրապայքարից: Ընդ որում, անկուսակցական Գրիշա Վիրաբյանը, որն առաջադրվել էր այս ընտրատարածքում նաև 2007 թ. խորհրդարանական ընտրություններում, Հովիկ Աբրահամյանի այլընտրանքային թեկնածուն էր, և ընդդիմադիր ճամբարի կողմից աջակցություն ստանալու դեպքում կարելի էր որոշ արդյունքներ ակնկալել` ընտրական պայքարի ակտիվության և «թեժ» լինելու տեսանկյունից։ Այնուամենայնիվ, այս թեկնածուն ևս դուրս եկավ հետագա ընտրապայքարից` չունենալով լուրջ աջակցություն տարբեր քաղաքական ուժերի կողմից: Ընդդիմադիր ուժերի և հատկապես տերպետրոսյանական ընդդիմության կողմից Վիրաբյանին չաջակցելը նախ և առաջ պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված այս թեկնածուն ՀՀԿ թեկնածու Հենրիկ Աբրահամյանի (Հովիկ Աբրահամյանի եղբոր) ստացած 30206 քվեի ֆոնի վրա ստացել էր ընդամենը 7294 քվե: Կարելի է ենթադրել, որ հատկապես Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող ընդդիմությունը բավական լավ ըմբռնել էր, որ ընտրազանգվածի նման սեգմենտացիայի պայմաններում անհնար կլինի այս ընտրատարածքում հաջողության հասնել, իսկ պարտության դեպքում դա ընդդիմության և, մասնավորապես, Համաժողովրդական շարժման համար կլիներ մարտավարական լուրջ սխալ, ուստի այս ուղղությամբ ընդդիմադիր ուժերը որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին (հետաքրքրական է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ևս տերպետրոսյանական ընդդիմությունն այս մարտավարությամբ է առաջնորդվում` գրեթե բացահայտ աջակցություն ցույց չտալով տարբեր ընդդիմադիր թեկնածուների):
Այնուամենայնիվ, ինքնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքների դիտարկումը թիվ 17 ընտրատարածքում, որտեղ գրեթե բոլոր ընտրությունների ընթացքում արձանագրվել է ընտրազանգվածի բավականին հետաքրքիր և ուրույն սեգմենտացիա:
Ընդհանրապես, Արարատի մարզը և, մասնավորապես, նրա կազմում առանձնացված թիվ 17 ընտրատարածքը ՀՀ այն տարածքներից է, որտեղ վերջին տասնամյակի ընտրություններում դիտվել են համապետական միջինին մոտ արդյունքներ: Այսպես, վերջին խորհրդարանական ընտրություններում այս ընտրատարածքում ձայների բաշխումն ունեցել է հետևյալ պատկերը. ՀՀԿ՝ 46,9%, ԲՀԿ՝ 15,8%, ՀՅԴ՝ 14,6%, ՕԵԿ՝ 3,8%, այլ ուժեր` մոտ 17%: Ընդ որում, «Ժառանգություն» կուսակցությունն ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ այս ընտրատարածքում լուրջ հաջողություն է ունեցել միայն քաղաքային տիպի բնակավայրերում, իսկ սույն ընտրատարածքում առկա է միայն մեկ քաղաքային բնակավայր` Արտաշատը:
Այս նույն պատկերն ունենք նաև 2008 թ. նախագահական ընտրությունների դեպքում (տե՛ս նկարը), որտեղ նախագահի հիմնական թեկնածուների օգտին ձայների բաշխումն ունեցել է հետևյալ պատկերը. Սերժ Սարգսյան՝ 62,3%, Լևոն Տեր-Պետրոսյան՝ 15%, Արթուր Բաղդասարյան՝ 11,7%, Վահան Հովհաննիսյան՝ 7,2%:
Ինչպես տեսնում ենք, ներկայիս քաղաքական կոալիցիայի մեջ մտնող ուժերի ստացած քվեների հանրագումարը հարաբերական առումով կազմում է ավելի քան 80 տոկոս, իսկ այդ ուժերը, ինչպես հայտնի է, սատարում են Հովիկ Աբրահամյանին: Սա մեզ հնարավորություն է տալիս արդեն իսկ պատկերացում կազմելու այս ընտրատարածքում այլընտրանքային թեկնածուի բացակայության պայմաններում ընտրությունների ելքի մասին: Եվ այսօր իսկ կարելի է եզրակացնել, որ Հովիկ Աբրահամյանի օգտին կքվեարկի ընտրատեղամասեր այցելող ընտրողների ավելի քան 80 տոկոսը: Ընդ որում, այս մասին կարող ենք վստահաբար պնդել նաև այն պատճառով, որ ցանկացած ընտրության ժամանակ, այլընտրանքային թեկնածուի բացակայության պայմաններում, ավելի են մեծանում ընտրողների վրա ազդելու և ընտրազանգվածը վերահսկելու հնարավորությունները` վարչական ճնշումների կիրառման, ընտրակաշառք բաժանելու և այլ տեսանկյունից, քանի որ այլընտրանքային թեկնածուի առկայության հանգամանքը կարող է փոքր- ինչ խոչընդոտել վերը նշված վարչական ռեսուրսների կիրառման, ընտրակաշառք բաժանելու հանգամանքներին, որոնք այնքան հատուկ են մեր ընտրական համակարգին: Բացի այդ, այլընտրանքային թեկնածուի բացակայության պայմաններում գրեթե չի գործում վստահված անձերի ինստիտուտը, որը ևս ընտրությունների վերահսկման կարևոր մեխանիզմ է:
Սակայն այս մեկնաբանությունները հենված են զուտ պաշտոնական ընտրական վիճակագրության վրա, որն այնքան էլ չի արտահայտում ընտրազանգվածի իրական կողմնորոշումների և նախապատվությունների պատկերը: Այս փաստարկները խոսում են այն մասին, որ վերը նշված ընտրատարածքում ընտրությունից ընտրություն առկա է ընտրազանգվածի սեգմենտացիայի և, հետևաբար, ընտրությունների արդյունքների որոշակի կայունություն, սակայն չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ շատ դեպքերում այդ կայունությունը տվյալ երկրում գործող «ընտրական մեքենայի» գործառնության արդյունք է, որի միջոցով իշխանական ուժերն ընտրությունից ընտրություն ապահովում են իրենց անհրաժեշտ քվեների կայուն մակարդակը:
Հուսիկ ՂՈՒԼՅԱՆ

Դիտվել է՝ 6290

Մեկնաբանություններ