ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հարյուր օրվա «հմայքներն ու թշվառությունը»

Հարյուր օրվա «հմայքներն ու թշվառությունը»
18.07.2008 | 00:00

ԵՐԿԱՐ ՃԱՄՓԻ ԽԱՂԱՑՈ՞Ղ...

Իշխանությունը ծնունդ է առնում հրացանի փողից:
Մաո Ցզեդուն

100 օրը քաղաքագիտության մեջ չգրված ժամանակահատված է, որը պետք է քաղաքա-տնտեսական վեկտորալ նշագրումներ կատարի, մոտավորի տիպաբանական տեսակի շրջանակները:
Անցնող հարյուր օրը վարչապետ Տիգրան Սարգսյանի համար «հետաքրքիր» էր այն առումով, որ նա փորձեց տեղավորվել «գլոբալ» խաղի տրամաբանության մեջ: Իսկ գլոբալ սկզբունքն այսօր (արդեն ասել ենք) քաղաքական արյան երիտասարդացումն է, ինչին էլ միտված են թե պիտերյան, թե հոլիվուդյան «ստիլները»` Մեդվեդև-Օբամա չափաբանությամբ: Հին գվարդիան ասպարեզից հեռանում է, և եթե կիսում է նոր մտածողության դրույթները, հեռանում է առանց ողբերգության` անցումն ապահովելով, ինչի ականատեսն ենք ԱՄՆ-ում, ուր հոլիվուդյան արտիստիկ նրբերանգներով սևամորթ՝ ջահել-սիրուն-բախտավոր աֆրոամերիկացուն ամերիկյան թատրոնը շուտով նախագահ կհռչակի: Ականատեսվեցինք «նույնին» նաև Ռուսիայում, ուր Մեդվեդևին «անթատրոն» բազմեցրին «տրոնին», ու ամեն րոպե «պուտինաբար» հիշում են՝ էդ Դիման «էն վախտ ոնց որ իր հեծանիվը չտվեց քշենք. սենց չի ըլնի»: Համարյա՝ ինչպես Հայաստանում: Բայց հերթով:
Որ Տիգրան Սարգսյանն իրեն վարչապետական «առաքելությանը» պատրաստում էր երկար, անտես, ինկուբացիոն շրջանով, պետք էր հասկանալ, երբ նրա կողմից հեղինակվեցին «Ինչպես անել հեղափոխություն» (ի դեպ, մեր բնաբանն այդ հոդվածից է վերցված) և «Պետության վախճանը» հոդվածները, որոնք բավականին հետաքրքիր էին, և ոչ այն առումով, որ այնտեղ դարակազմիկ մտքեր էին զետեղված. չնայած մտքերն, իհարկե, խիստ կենդանի էին։ Հետաքրքիրն այս դեպքում այն էր, որ դրանց հեղինակը, ոչ այս, ոչ այն, Կենտրոնական բանկի նախագահն էր, այլ կերպ` հայոց չինովնիկը, որը ցայս հասարակությանը ծանոթ էր առնվազն ոսկու, ոչ առնվազն՝ դրամի փոխարժեքի տատանումներից:
Այսպիսով, «հարյուրն» սկսենք հոգևոր-մշակութաբանական բաղկացուցչից, որովհետև այս «կորդոնում» է իրականությունը, նաև՝ պրոգրեսը:
Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն ես ստանում, որ առաջին հայացքից ահավոր անհամատեղելի այդ տանդեմը՝ Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան, մի՞թե վերջին ներկայացուցիչներն են 88-ի շղթայի, որ ֆիզիկական պլանում պատրաստվում են գնալ երկրորդ սերնդի բարեփոխումների: Իսկ «բարձրագույն ոգու» (ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը) մենթալ պլանում՝ մտածողության փոփոխության:
Սկսենք իրենից. Տիգրան Սարգսյանը մենթալ փոփոխությա՞մբ մտավ վարչապետանոց: Չէ՛: Կարծես` չէ, որովհետև նախ` մինչև վերջին վայրկյանը չասաց-չխոստովանեց, որ վարչապետն ինքն է: Մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչու, հասկանում ենք, թե ինչպիսի քաղաքական մթնոլորտում էր այդ ամենը տեղի ունենում: Նախորդ օրն իրեն լսելով (Գևորգ Ալթունյանի հաղորդմանը) նաև համոզվեցինք, որ հոգևոր արժեքների կրումը նրա բնական վիճակն, է, ինչին մինչ այդ մասնակի վերապահումով էինք վերաբերվում:
Բայց միևնույն է, «Ինչպես անել հեղափոխություն»՝ մտքում-հոգում հոդվածի հեղինակը պետք է լավ իմանար, որ բառը կենդանի է, բառը ճակատագիր է բերում, և առաջին իսկ ձեռնարկներում իր տապալումը՝ Սուրիկ Խաչատրյանի «ծառայողական քննության» և ՕԵԿ-ի հերթական «թյուրիմացություն» նախարարի քվեարկության առումով, կարմայական պատասխանն էր իր այդ քայլի: Նաև: Ինչն էլ ազդարարում է, թե պատասխանատվության որ մակարդակում է ինքը խաղում, ապա և՝ պահանջում ընդամենը հինգ-վեց մարդ, որ իրենց գիտակցարանում կրեն ազգի ինքնակազմակերպման նոր որակները, ինչից էլ կսկսվի մեռնող այս վիճակի բեկումը: Ավելին, նախորդ օրը նա գրեթե կիսատ թողեց պետության և հայ ազգի առաքելության մասին իր «խոկումներն» առ այն, որ «պետությունը վախճանվեց» 20-րդ դարում։
Շարունակենք. նշված հոդվածները, հետագա որոշ հարցազրույցներ ևս ասում էին՝ նա պատրաստվում էր ինչ-որ բանի, և այդ «բանին» Սերժ Սարգսյանը տեղյակ էր: Ընդ որում, այս դեպքում ևս գործեցին ֆիզիկական և մենթալ պլանները (Տ. Սարգսյանին «հոգևոր հեղափոխությունն» «ուղեկցում» է նույնիսկ այս դեպքում. ի՞նչ կարող ես անել, ինքն է ընտրել): Այդ «տեղյակությունը» վավերացվեց, և շատերիս ակնառու դարձավ, երբ անցած աշնանը նրանք երկուսով եղան Վաշինգտոնում և ունեցան հանդիպումներ, պայմանավորվածություններ միջազգային ամենակարևոր կառույցների՝ Միջազգային արժութային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ: Սա ֆիզիկական պլանում:
Լինենք մեկընդմիշտ անկեղծ. Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան «համագործակցությունից» կտրուկ փոփոխվեց Սերժ Սարգսյանի մենթալ պլանը. նա սկսեց ճիգեր անել դեպ հոգևորություն. թե որքանով էր դա որակական, դժվար է ասել, բայց նրանք միասին սկսեցին գնալ Ճրագալույցների, իրենց կողքին ունենալ հոգևոր սպասավոր (անկախ նրանից, որպես ատրիբո՞ւտիկա, թե՞…), հոգևոր-կոդ բանալիներ սկսեցին կիրառել իրենց խոսքում, երբեմն ծայրահեղացված, բայց՝ փաստն առկա էր: Այս դինամիկային հետևողների համար մեկ հարց կար. ինչո՞ւ և մինչև ո՞ւր:
«ՈՒրի» և «մինչևի» արանքում դիտենք ևս մեկ անչափ կարևոր դերակատարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, և Տիգրան Սարգսյանի հետ՝ նրա փոխառնչությունը:
Դարձյալ ասենք միանգամից. մարտի մեկից հետո Տիգրանը երկար լուռ մնաց, ու հիմա էլ է «մի քիչ» լուռ՝ քաղբանտարկյալների և «մնացյալի» հաշվով: Նա ջանք չթափեց Տեր-Պետրոսյանի և ընդդիմադիր 360 հազար «քույր-եղբայրների», այն է՝ Աստծո ժողովրդի համար, որն ավելի կաղ, կույր, զոհված էր այն և մասամբ՝ այս օրերին: Համենայն դեպս, գործնական, կոնկրետ քայլեր չեղան նրա կողմից այս առումով: Դե, գոնե՝ տեսանելի մասով: Ինչն առաջին հերթին հենց իրենից պետք է ակնկալվեր, որովհետև ինքն էր հռչակել՝ մտածողության, մոտեցումների փոփոխության, խոր հանդուրժողականության մասին: Այդ նրան ընդդիմությունը պետք է ունենար համախոհ, «սեփական ժողովուրդ»՝ իշխանությունում: Այդ նա պետք է լիներ այն մեկը, որին այնպես որոնում էինք, որ գտնվեր ու «տակից»-կողքից գաղտնի-բաց երկխոսության տաներ, կազմակերպեր Սերժ-Լևոն հանդիպումը: Չարվեց:
Ընդ որում, շղթան կենդանի պահեց էլի առաջին նախագահը, որը մեկ-երկու «մտրակելով» վարչապետին, անցավ նրա միջի համախոհին, «մտածողին» երևացնելու-արժևորելու գործընթացին. համարելով նրան լավ տնտեսագետ, բարևելով նրան՝ որպես հաջորդող սերունդ: Սա մենթալ պլանում:
Ֆիզիկական պլան: Փաստորեն, գլոբալ խաղը, կոնկրետ դեպքում Արևմուտքը, ռելսերի վրա դրեց և օգտագործեց Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսը, նրան առաջ մղեց, որպեսզի հետևից բերի իր կողմից արժևորված առավել նոր ուժին: Եվս մեկ անգամ հիշենք. գլոբալ աշխարհն անցնում է «ուտանչյոննի» էներգետիկայի կիրառմանը, ուր «էմանացիաները՝ վիբրացիաները» ստանում են առավել նուրբ կիրառումներ՝ սկսելով տեղաշարժը մտքից, աշխարհայացքի փոփոխության խորքային խնդիրներից: Տիգրան Սարգսյանն այս դեպքում անվրեպ թիրախ էր Արևմուտքի համար` բոլոր առումներով. կրթության, պահվածքի, երիտասարդության, հետևողականության՝ նոր գենոտիպը զարգացնելու առումով. գաղտնիք չէ, 21-րդ դարի մարդը, որն այլ կերպ անվանվում է վեցերորդ ռասայի մարդ, առավել հոգևոր տիպաժ է, և այս ռասայի մոտ բաց է կամ, ինչպես ասում են գիտնականները, բացվելու է ենթագիտակցությունը:
ՈՒ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որը որոշ կոնյունկտուրային մղումներից ելնելով է համագործակցում «նորարարության» հետ, Լևոնն անչափ արագ «ճանաչեց» այն:
Ինչո՞վ են կարևոր այդ «ճանաչումները»: Նրանք, այս երեքը, պետք է ապահովեն անցումը. նրանցից է կախված՝ փուլը սերնդի կողմից հաղթահարվելու է անցնցո՞ւմ, անկորո՞ւստ, թե՞… Եվ ընդհանրապես, հաղթահարվելո՞ւ է, թե՞ ոչ:
Ահա հասանք Տիգրան Սարգսյանին ոչ մի կերպ ճանաչել «չուզողին», փուլը խանգարողին: Ձևակերպենք գրագետ. նրան, ով ենթագիտակցորեն լավ էլ ճանաչում է դիմացիններին, սակայն ունի առաքելություն՝ նրանց որևէ կերպ առաջ չթողնելու, փուլը խափանելու: Ավաղ: Պատմության անիվը դանդաղում, բայց հետ չի պտտվում երբեք, և հնչած միտքն իր կենդանի գործն է անում:
«Հա». Քոչարյան Ռոբերտ Սեդրակի մասին է խոսքը:
Բայց մինչ կանցնենք այդ ծանր «ի սկզբանե բանին»՝ խոսակցությանը, փոքրիկ ստատիստիկա Տ. Սարգսյանի 100 օրվա մնացած «պրելստների» մասով:
Տիգրան Սարգսյանի կառավարությունը նման է Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը, որովհետև ստիպված է աշխատել կոալիցիոն ուժերով, Արմեն Դարբինյանի կաբինետին՝ ոչ քաղաքական առումով. տեխնոկրատներն աննշան մաս են կազմում «կոալիցվածում». նկատի ունենք պետերբուրգներում կրթված լինելու հանգամանքը և լիբերալ մոտեցումները:
Իսկ ընդհանրապես, Տիգրան Սարգսյանի կառավարությունը մեկ-մեկ այնպիսի տպավորություն է թողնում, «որ վաղուց կորսված որբը մը, որ գտնված է», և նրա հարուստ ազգականները գալիս ու «որբին տիրություն կընեն` նե». այս կառավարությանը հարյուր օրերի ընթացքում փող են տվել Գերմանիան, ԵՄ-ն, Ֆրանսիան, «Համոն»` ԱՄՀ-ը, նույնպես «փողը տվեց»: ԱՄՆ-ն էլ կտա «Հազարամյակը», որովհետև շարունակում է իր դոկտրինի, կուլտուրական ասած` էվոլյուցիոն զարգացման տեմպերը մեզանում. ըստ որի` «իզգոյ պետություններին առաջարկվում է ինտեգրվել գլոբալ աշխարհի տնտեսությանը, փոխարենը՝ պահանջելով արմատապես փոխել դիրքորոշումները և հարաբերությունները, մտածողությունը…»։ Հա, մի հատ դեսանտ էլ ԱՄՀ-ն իջեցրեց՝ Բրանկոյի ղեկավարությամբ. հիշենք՝ սա էլ ասաց` «վերրի հափփի», Հայաստանի կառավարությունը մեծ վճռականություն է հանդես բերում բարեփոխումների գործում, նոր ծրագրերի շուրջ աշունը քննարկումներ կընթանան, վարչապետի կերած հարցը «մի սուբսիդավորվեք», աղքատներինը` խնդրեմ, ԱՄՀ «աշխատանքային» ծրագիրը նախատեսում է կառավարության հետ համատեղ աշխատանք՝ «քաղաքական գործիքների կատարելագործման ուղղությամբ», ասաց Բրանկոն: Հասկացա՞ք: Չէ՞, նորից կարդացեք:
Շատ ավելի կարճ. այս կառավարությունը հարյուր օրվա ընթացքում չգնաց խոր համակարգային փոփոխությունների, բայց՝ մաքսային-հարկային ոլորտներում որոշակի քայլեր կատարեց, աղետի գոտու հայեցակարգը կոնկրետ գործողությունների պլանի վերածեց, գնաց մի օր նստեց աղետի գոտում, մարզերի զարգացման պլաններն առավ ձեռը-գնաց մարզեր, ասաց՝ հիսուն մլն դրամ հասույթ ունեցողներին առանձնահատուկ կվերաբերվեմ, մի քիչ կաշառակերներ բռնեց գերեզմանատներում, էստեղ-էնտեղ մի քիչ կադրային տեղաշարժեր կատարեց, օլիգարխների խանութներում մի քիչ «պակասորդ» գրանցեց, «օբշչի» արդյունքում՝ ոչ մի օլիգարխ «գիծը» լիարժեք էս կողմ չբերեց…. պետք է, չէ՞, «շտամպներից ազատվել, պարոն Սարգսյան»:
Բայց դե՝ Քոչարյանին ու «պապա» Ռուսաստանին այս ամենը, անշուշտ, անհանգստացնում են, որովհետև սա սողացող իրավիճակ է, որով կարող է մշտապես փակվել Քոչարյանի ճամփան, ասել է՝ այն նվիրվածությունը, որով Հայաստանը ծառայում էր Ռուսաստանին:
Հասանք՝ Քոչարյանին: Ոնց երևում է` աշունն իսկապես ծանր է լինելու Տիգրան Սարգսյանի համար. նախ` գների աճի տեսանկյունից: Բայց նաև՝ քաղաքական: Ինֆորմացիա կա, որ աշնանը որոշ իշխանավորներ, որոնք այս ընթացքում անբավարարված մնացին, պատրաստվում են տեղաշարժերի, կոնկրետ դեպքում՝ Քոչարյանով պայմանավորված՝ ԱԺ նախագահի «տեղաշարժի»:
Եթե ավելի կարճ ձևակերպենք սողացող այս պայքարը, ապա այն Քոչարյանի կողմնակիցների և Տիգրան Սարգսյանի կողմնակիցների միջև է: Քոչարյանը ցանկանում է վերադառնալ. նա ամեն ինչ արեց իր վերադարձն ապահովելու համար. տնտեսական-քաղաքական կայունությունը տարավ իր հետ, և ցանկացած մեկը, ով էլ գալու լիներ, ավերակների վրա էր նստելու: Այդ հիմա է հասկանալի, թե ի վերջո ինչու Ռուսաստանն ու Քոչարյանը համաձայնեցին, որ ինովացիային և մնացյալին տիրապետող, իրենց մտածողությունից հիմնարար տարբերվող «նոր սենդի» ներկայացուցիչ Տ. Սարգսյանը նստի վարչապետի աթոռին: Գազի սուբսիդիայի ավարտը, սպասվող նոր թանկացումը, համաշխարհային գների աճը, քաղաքական իրավիճակը հաստատ որևէ մեկին լավ բան խոստանալ չէին կարող: Էլ չենք խոսում մարտի մեկից հետո երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Ու Քոչարյանը հեռացավ՝ իշխանությունում թողնելով իր վիրավոր մերձավորներին, որոնք կապահովեն իր վերադարձը (այս մասին՝ առաջիկայում):
Բայց ոնց ասինք՝ կյանքն ինքը հոգաց, որ գտնվեն այն հինգ-վեցը, որոնք այդ հոգեդարձը կկանխեն, որովհետև այն առաջին հերթին վնաս է ոչ միայն ինքնակազմակերպման փուլի մեջ գտնվող հայ տեսակին, այլև՝ նախ և առաջ՝ «վերադարձողներին», որովհետև երբ «ճիչով» հոգեդարձ է լինում, «գնացածը» կրկնակի դիվայնությամբ է հետ վերադառնում՝ «էն կինքից»:
Եվ վաղը չարժե զարմանալ, որ պարզվի՝ անցումային վարչապետ Տ. Սարգսյանը և մնացած «հինգը» երկար ճամփի «իգրոկներ» են, որովհետև տիեզերակարգով «հանձնարարություն» ունեն կատարելու:
Եթե իշխանական տանդեմը իսկապես այն կարծիքին չէ, որ «իշխանությունը ծնունդ է առնում հրացանի փողից» և անկեղծորեն ցանկանում է կյանքի վերածել՝ «միասնություն հիմնականում» շնորհալիությունը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6934

Մեկնաբանություններ