ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանը կհետևի՞ Մոսկվային...

Հայաստանը կհետևի՞ Մոսկվային...
02.09.2008 | 00:00

ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո ռուսական քաղաքական շրջանակներում և ԶԼՄ-ներով շարունակաբար շրջանառվում է այն տեսակետը, թե Մոսկվայի դաշնակիցները, ի վերջո, նույնպես կդիմեն այդ քայլին։ Այդ կապակցությամբ հատկապես հղում է արվում ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների վերաբերյալ, որոնք, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելով, առանձին ռուսական փորձագետների կարծիքով` նույնիսկ պարտավոր են հետևել Մոսկվային։
Մինչդեռ Հայաստանի համար այս խնդիրը շատ երկակի է։ Մի կողմից առկա են հիմնական ռազմավարական դաշնակցի հետ փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ հարևան Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը։ Հայաստանի նախագահն էլ հրապարակավ արձանագրեց, որ երկրի արտաքին առևտրաշրջանառության 70%-ն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, Մոսկվան արդեն հայտարարել է, որ ցանկացած պարագայում ԼՂՀ-ի անկախությունը ճանաչել չի պատրաստվում, թեպետ մյուս կովկասյան հակամարտությունների և Կոսովոյի հետ զուգահեռներն ակնհայտ են։ Մյուս կողմից էլ, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու համար նույնիսկ Հայաստանի նախագահի դրական դիրքորոշումը բավարար չէ, եթե դրան դեմ հանդես գա քաղաքական վերնախավը։ Այդ իսկ պատճառով փորձեցինք պարզել, թե ինչպես են վերաբերվում առանցքային կուսակցություններն այդ հարցին, և ստացվեց բավական ուշագրավ պատկեր։
ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ պատգամավոր ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ այս կապակցությամբ մասնավորապես նշեց. «Հայաստանն առայսօր նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը չի ճանաչել։ Այդ պայմաններում տրամաբանական չէ Օսիայի և Աբխազիայի խնդրին այդ համատեքստում անդրադառնալը։ Արցախի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ամենահիմնական խնդիրներից մեկն է, և վերջին գործընթացների հետ կապված՝ մենք պիտի առաջնորդվենք այն մոտեցմամբ, որն ավելի կնպաստի առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»։
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ և ԱԺ պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանը պիտի առաջնորդվի միջազգային հանրության դիրքորոշումներից ելնելով։ «Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հետ կապված` Հայաստանը պետք է առաջին հերթին ուսումնասիրի միջազգային արձագանքները, հաշվարկի հնարավոր հետևանքները և հետո միայն դիմի այդ քայլին։ Այսինքն, մենք պետք է հաշվեկշռի մեջ դնենք այդ քայլի հետևանքները՝ միջազգային հանրության հնարավոր արձագանքի առումով, և ապա միայն որոշում ընդունենք»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը։
Գրեթե նույնպիսին էր ՀՀՇ փոխնախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ դիրքորոշումը. «1988-ից սկսած՝ ազգերի ինքնորոշման խնդիրը, ելնելով Արցախի հարցի լուծման անհրաժեշտությունից, եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում։ Սակայն այսօր մենք պետք է առաջին հերթին գնահատենք միջազգային հանրության հնարավոր արձագանքը, որը մեզ համար կարող է ոչ բարենպաստ հետևանքներ ունենալ։ Մինչդեռ այդ իրողությունը կարծես անտեսում են Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերի մեծամասնությունը։ Այս պահին մենք իրավունք չունենք տաքացած որոշումներ կայացնելու, պետք է տեսնել, թե դրանք ինչ հետևանքներ կամ ազդեցություն կարող են ունենալ առաջին հերթին Ղարաբաղի վրա, ինչը մեր արտաքին քաղաքականության օրակարգում այսօր ամենակարևոր խնդիրն է»։
ՀԺԿ քարտուղար ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ խնդրո առարկայի կապակցությամբ բավական լակոնիկ էր. «Եթե Հայաստանն առայսօր չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ապա Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումն, ընդհանրապես անտրամաբանական կլինի, որովհետև դրանք նույնատիպ խնդիրներ են, և միջազգային ասպարեզում մեզ ուղղակի չեն հասկանա»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ կարծիքով. «Այդ հարցին մենք պետք է մոտենանք բացառապես Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման օգտակարության տեսակետից։ Այսինքն՝ մեր ելակետը պետք է լինի այն, թե որքանով այդպիսի քայլը կնպաստի ԼՂՀ անկախության ճանաչմանը նույնպես»։
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ վերոնշյալ հարցի պատասխանը ստանալու համար առաջարկեց ներկա գտնվել սեպտեմբերի 2-ին Մատենադարանի մոտ գումարվող դաշնակցության հանրահավաքին։ «Սեպտեմբերի 2-ին անցկացվող հանրահավաքում մենք կտանք ինչպես այդ հարցի, այնպես էլ հասարակությանը մտահոգող շատ ավելի կարևոր հարցերի պատասխանները, կներկայացվի դաշնակցության հայտարարությունը և՛ տարածաշրջանի զարգացումների, և՛ մեր անելիքների վերաբերյալ»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5251

Մեկնաբանություններ