38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՈՒսուցիչներն են շահել պատերազմը

ՈՒսուցիչներն են շահել պատերազմը
10.10.2017 | 09:17

Հոկտեմբերի 5-ին հանրապետությունում նշվեց ուսուցիչների մասնագիտական տոնը: Հիշենք, որ ՈՒսուցչի օրը նշվում է 1994 թվականից: Այդ օրվա խորհրդի մասին հանրագիտարանում գրված է հետևյալը. «Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՈՒսուցչի օրը խորհրդանշում է կրթության և զարգացման բնագավառում ուսուցչի հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը»: Այդպիսի երախտավորներից էր ՀՀ վաստակավոր մանկավարժ, ջութակահար, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ամենաերկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Տատյանա Բագրատի Հայրապետյանը: Այս մասին վկայեց նաև Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Հնչեղ կին» ֆիլմը՝ նվիրված Տ. Հայրապետյանի կյանքին ու գործունեությանը: Ֆիլմ, որտեղ վերհառնում է նրա կերպարը, որը դիտողի առջև ուրվագծվում է ժամանակակիցների հուշերից և գնահատականներից՝ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Դավթյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թադևոսյանի, Արմեն և Սերգեյ Սմբատյանների և այլոց: Գործիչներից յուրաքանչյուրն անդրադարձել էր Տատյանա Բագրատովնայի բազմերանգ տաղանդի այս կամ այն նրբագծին, սակայն բոլորը միաբան էին մեկ հարցում. նա մեծ կամքի տեր կազմակերպիչ էր, մեծ ուսուցիչ, մանկավարժ, Տ. Հայրապետյանի դասերը շարունակվում են, թեպետ նա այլևս մեզ հետ չէ:


Անգնահատելի է մայր-դպրոցի ավանդը, բավական է նշել, որ այդ կրթօջախը աշխարհին պարգևել է այնպիսի լուսատուների, որպիսիք են միջազգային մրցույթների դափնեկիրներ, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Ռուբեն Ահարոնյանը, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նվագախմբային բաժնի դեկան, Կոմիտասի անվան ազգային քառյակի ղեկավար, Տ. Հայրապետյանի դասարանի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը, Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Սերգեյ Բաբայանը, Նարե Արղամանյանը և այլք: «Հիրավի, տաղանդների դարբնոց»,- այսպես է բնութագրել այս դպրոցը մեծն Արամ Խաչատրյանը, որը ստեղծագործական կապերով սերտորեն կապված էր դպրոցի հետ, իսկ Տ. Հայրապետյանի հետ՝ դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում վերջինիս ուսանելու տարիներից:


ՈՒսուցչի օրը Չայկովսկու անվան դպրոցի համար կրկնակի տոն էր: Նույն օրը տեղի ունեցավ Տ. Հայրապետյանի տան պատին փակցված, նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին Չայկովսկու անվան դպրոցի ուսուցիչները, կոնսերվատորիայի պրոֆեսորները, ռեկտոր Շահեն Շահինյանը, պրոռեկտոր Մհեր Նավոյանը, դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, Տ. Հայրապետյանի որդին՝ կոմպոզիտոր և հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, վերջինիս որդին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և այլք: Բացման խոսքով հանդես եկավ Երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, այնուհետև ելույթ ունեցան հուշատախտակի հեղինակ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը և այլք:


Այսուհետ Չարենցի փողոցի հիշյալ տան ճակատը զարդարող նրբաճաշակ հուշատախտակը կզարդարի նաև մերձակայքը: Ինչպես Գյոթեն էր ասում՝ «Իրեն զարդարելով՝ վարդը զարդարում է նաև շրջապատը»: Բացի այդ, գալիք սերունդները, տեսնելով այն, հետաքրքրվելով, ճանաչելով կրթության, մշակույթի այդ մեծ երախտավորին, պիտի որ լուսավորվեն: Տեղին է հիշել Արամ Խաչատրյանի խոսքը. «Լսելով մեր երաժշտությունը, լսողներն անպայման պետք է որ ասեն. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեց մեզ այդ երկիրը, որն ունի այդպիսի արվեստ»: Ահա կյանքիս երազանքը» (Հայ արվեստ, թիվ 3, 2003, էջ 39):


Իսկ այսօր նայում եմ հուշատախտակին, այն զարդարող ծաղիկներին, հիշում մեր ուսուցչին ու մտաբերում պոետի անթառամ խոսքերը.
Աշխարհում ամեն ինչ տեսել են աչքերս,
Բայց կրկին դառնում են դեպի ձեզ,
Սպիտակ քրիզանթեմներ...

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 17497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ